Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-237-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.07/48(1603) Հոդ.560
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի ապրիլի 29-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 230.1-ին հոդվածով.

 

«Հոդված 230.1. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

 

1․Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.6-րդ, 96.1-ին հոդվածներով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 169.5-րդ հոդվածով (իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում), 169.8-րդ, 198-րդ հոդվածներով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը և նշանակում վարչական տույժեր։»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մայիսի 5

Երևան

ՀՕ-237-Ն