ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 159-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո` սույն Օրենսգրքի 160.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 160.1-ին հոդվածով.
«Հոդված 160.1. |
Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձը |
1. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:
2. Եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում սույն հոդվածով և Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված արտոնություններից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:
3. Սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից՝
1) կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
2) վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:
4. Սույն հոդվածի նկատմամբ կիրառելի են Օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերը և 5-րդ մասը:
5. Սույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների ցանկը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 23 Երևան ՀՕ-138-Ն |