ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 15.1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 213.2. |
Նյութական պահուստի օրենսդրության պահանջների խախտումը |
1. Պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերումը պահպանող կազմակերպության համար՝
առաջացնում է նախազգուշացում:
2. Պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերման պահից 30 օրվա ընթացքում պետական պահուստում պակասորդը չվերականգնելը պահպանող կազմակերպության համար՝
առաջացնում է տուգանք` պակաս կամ ինքնակամ օգտագործված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում պետական պահուստում չվերականգնելը՝ 100 տոկոսի չափով:
3. Պահպանող կազմակերպության կողմից պետական պահուստի նյութական արժեքների փչացումը կազմակերպության համար՝
առաջացնում է նախազգուշացում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, փչացած նյութական արժեքների լրիվ փոխարինումը չկատարելը կազմակերպության համար՝
առաջացնում է տուգանք՝ փչացած ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում փչացած նյութական արժեքների լրիվ փոխարինումը չկատարելը՝ փչացած ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով:
5. Զորահավաքային պահուստ ձևավորելու առաջադրանքը, ինչպես նաև ռազմավարական պաշարների պահուստի կուտակումը սահմանված ժամկետներում չկատարելը կազմակերպության համար՝
առաջացնում է նախազգուշացում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, առաջադրանքը չկատարելը կազմակերպության համար՝
առաջացնում է տուգանք՝ չկուտակված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ չկուտակված ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով:
7. Զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերումը կազմակերպության համար՝
առաջացնում է նախազգուշացում:
8. Նյութական արժեքների ինքնակամ օգտագործման կամ պակասորդի համար ինքնակամ օգտագործման կամ պակասորդի հայտնաբերման օրվանից 30 օրվա ընթացքում դրանք պետական պահուստում չվերականգնելը կազմակերպության համար՝
առաջացնում է տուգանք՝ ինքնակամ օգտագործված կամ պակաս ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում չվերականգնելը՝ 100 տոկոսի չափով:
9. Զորահավաքային պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին և սահմանված որակական հատկանիշներին չհամապատասխանող ապրանքներ ամբարելը և (կամ) պահելը, ինչպես նաև ապրանքների պահպանման ժամկետները գերազանցելը կազմակերպության համար՝
առաջացնում է նախազգուշացում:
10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, համապատասխան նյութական արժեքներ չամբարելը կազմակերպության համար՝
առաջացնում է տուգանք՝ այն ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները, իսկ 60 օրվա ընթացքում համապատասխան նյութական արժեքներ չամբարելը՝ այն ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները:»:
Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի «173.3-րդ հոդվածով» բառերը փոխարինել «173.3-րդ և 213.2-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածի «և 188» բառերը փոխարինել «188-րդ և 213.2-րդ» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածում «և 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով» բառերը փոխարինել «, 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով և 213.2-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 20 Երևան ՀՕ-130-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|