Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-26
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.02.1998-18.11.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/10
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.04.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
1995 թ. դեկտեմբերի 6-ին 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական կենսաթոշակային ապահովության իրավական, տնտեսական և կազմակերպական դրույթները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 33 հոդվածի համաձայն, սույն օրենքը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և այլ դեպքերում նրա սոցիալական ապահովության իրավունքը:

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության իրավունքը

 

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի սույն օրենքով սահմանված կարգով ունի պետական կենսաթոշակային ապահովության իրավունք:

 

Հոդված 2. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կենսաթոշակային ապահովությունը

 

Սույն օրենքը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 4. Պետական կենսաթոշակային ապահովության հիմքերը

 

Պետական կենսաթոշակային ապահովության հիմքերն են` համապատասխան կենսաթոշակային տարիքի հասնելը, հաշմանդամ դառնալը, ընտանիքի անաշխատունակ անդամների համար` կերակրողի մահը, իսկ առանձին մասնագիտությունների աշխատողների համար` որոշակի պայմաններում կատարած աշխատանքային գործունեությունը:

 

Հոդված 5.

Պետական կենսաթոշակների տեսակները

 

Սույն օրենքով սահմանվում են`

ա) աշխատանքային կենսաթոշակներ`

- տարիքային,

- արտոնյալ պայմաններով տարիքային,

- երկարամյա ծառայության,

- հաշմանդամության,

- կերակրողին կորցնելու դեպքում.

բ) սոցիալական կենսաթոշակներ`

- ծերության,

- հաշմանդամության,

- կերակրողին կորցնելու դեպքում:

 

Հոդված 6. Աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք

 

Սույն օրենքով նախատեսված պայմանների բավարարման և սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն`

ա) հիմնարկներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում (այսուհետ` գործատուներ), անկախ սեփականության ձևից, աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող անձինք.

բ) ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, այդ թվում` անհատ ձեռներեցները և գյուղացիական տնտեսությամբ զբաղվողները.

գ) գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք.

դ) քաղաքացիական պարտքը կատարելիս հաշմանդամ դարձած անձինք:

 

Հոդված 7. Կենսաթոշակի ընտրության իրավունքը

 

Սույն օրենքով սահմանված պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` ըստ նրա ընտրության:

 

Հոդված 8. Կենսաթոշակի նշանակման համար դիմելը

 

Քաղաքացին կենսաթոշակի նշանակման համար կարող է դիմել կենսաթոշակի իրավունքն ունենալուց հետո` առանց ժամկետի սահմանափակման:

 

Հոդված 9. Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրները

 

Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրներն են`

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.

բ) քաղաքացիների աշխատավարձից կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.

գ) ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.

դ) պետական բյուջեի միջոցները.

ե) կամավոր ներդրումները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարներ:

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(9-րդ հոդվածը լրաց. 12.05.97 ՀՕ-113, խմբ. 03.02.98 ՀՕ-196)

 

Հոդված 10. Լրացուցիչ կենսաթոշակի իրավունքը

 

Սույն օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովությանը զուգահեռ քաղաքացիներն ունեն պետական և ոչ պետական ապահովագրական մարմինների հետ լրացուցիչ կենսաթոշակային ապահովության համար պայմանագրեր կնքելու իրավունք:

Կենսաթոշակային ապահովության բնագավառում պետական և ոչ պետական ապահովագրական մարմինների գործունեության կարգը և իրավասության շրջանակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 11. Կենսաթոշակի հաշվարկման կարգը

 

Սույն օրենքով նախատեսված կենսաթոշակները հաշվարկվում են բազային (սոցիալական) կենսաթոշակին ավելացնելով յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելումը:

Բազային կենսաթոշակի չափը, ինչպես նաև աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Սոցիալական ապահովագրության վճարումների անհատական հաշվառման անցնելուց հետո աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը որոշվելու է` ելնելով սոցիալական ապահովագրության վճարումներից:

75 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակն ավելացվում է բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով:

(11-րդ հոդվածը լրաց. 12.05.97 ՀՕ-113)

 

ԳԼՈՒԽ 2

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Հոդված 12. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

 

 Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն կանայք` 63, տղամարդիկ` 65 տարին լրանալու և ոչ պակաս 5 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում:

Կանանց և տղամարդկանց տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.

 

տարեթիվ

տղամարդ

կին

տարեթիվ տղամարդ

կին

1996 թ.

60,5

55,5

2004 թ.

64,5

59,5

1997 թ.

61

56

2005 թ.

65

60

1998 թ.

61,5

56,5

2006 թ.

65

60,5

1999 թ.

62

57

2007 թ.

65

61

2000 թ.

62,5

57,5

2008 թ.

65

61,5

2001 թ.

63

58

2009 թ.

65

62

2002 թ.

63,5

58,5

 2010 թ .

65

62,5

2003 թ.

64

59

սկսած 2011 թ.-ից

65

63

 

Հոդված 13. Արտոնյալ պայմաններով տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

 

Արտոնյալ պայմաններով տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն`

ա) առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում առնվազն 15 տարի աշխատած կանայք` 53, տղամարդիկ` 58 տարին լրանալու դեպքում:

Ընդ որում, կանանց և տղամարդկանց համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.

 

տարեթիվ

տղամարդ

կին

տարեթիվ

տղամարդ

կին

1996 թ.

50,5

45,5

2004 թ.

54,5

49,5

1997 թ.

51

46

2005 թ.

55

50

1998 թ.

51,5

46,5

2006 թ.

55,5

50,5

1999 թ.

52

47

2007 թ.

56

51

2000 թ.

52,5

47,5

2008 թ.

56,5

51,5

2001 թ.

53

48

2009 թ.

57

52

2002 թ.

53,5

48,5

2010 թ .

57,5

52,5

2003 թ.

54

49

սկսած 2011 թ.-ից

58

53

 

բ) վնասակար, ծանր պայմաններում առնվազն 20 տարի աշխատած կանայք` 55, տղամարդիկ` 60 տարին լրանալու դեպքում:

Ընդ որում, կանանց և տղամարդկանց համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.

 

տարեթիվ

տղամարդ

կին

տարեթիվ

տղամարդ

կին

1996 թ.

55,5

50,5

2001 թ.

58

53

1997 թ.

56

51

2002 թ.

58,5

53,5

1998 թ.

56,5

51,5

2003 թ.

59

54

1999 թ.

57

52

2004 թ.

59,5

54,5

2000 թ.

57,5

52,5

սկսած 2005 թ.-ից

60

55

 

գ) չորս և ավելի երեխա ծնած և նրանց մինչև ութ տարեկան դառնալը խնամած մայրերը, ինչպես նաև մինչև 16 տարին լրանալը մանկուց հաշմանդամ ճանաչված երեխա խնամած մայրերը` 58 տարին լրանալու և ոչ պակաս 5 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում, որոնց համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.

 

տարեթիվ

 

տարիք

տարեթիվ

տարիք

1996 թ.

50,5

2004 թ.

54,5

1997 թ.

51

2005 թ.

55

1998 թ.

51,5

2006 թ.

55,5

1999 թ.

52

2007 թ.

56

2000 թ.

52,5

2008 թ.

56,5

2001 թ.

53

2009 թ.

57

2002 թ.

53,5

2010 թ .

57,5

2003 թ.

54

սկսած 2011 թ.-ից

58

 

դ) հիպոֆիզարային թզուկությամբ (լիլիպուտներ) հիվանդ քաղաքացիները տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն`

- տղամարդիկ` 45 տարին լրանալու և առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունենալու,

- կանայք` 40 տարին լրանալու և առնվազն 15 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

Սույն հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 14. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակները

 

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, որոնց աշխատանքային գործունեությունը մինչև տարիքային կենսաթոշակի համար պահանջվող տարիքի լրանալը հանգեցրել է մասնագիտական աշխատունակության մասնակի կորստի:

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի համար պահանջվող աշխատանքային գործունեության տեսակների ցանկը, մասնագիտական աշխատանքային ստաժի տևողությունը, տարիքը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:

 

Հոդված 15. Տարիքային արտոնյալ պայմաններով տարիքային և երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակների նշանակումը և վճարումը

 

Տարիքային, արտոնյալ պայմաններով տարիքային և երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակները նշանակվում են սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված կարգով:

Կենսաթոշակառուի աշխատելու դեպքում կենսաթոշակը վճարվում է լրիվ չափով:

 

Հոդված 16. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների նշանակումը

 

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում`

ա) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության դեպքում անկախ աշխատանքային ստաժի տևողությունից.

բ) ընդհանուր հիվանդության (այդ թվում` աշխատանքի հետ չկապված խեղման) հետևանքով` ոչ պակաս 5 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակաշրջանի համար:

 

Հոդված 17. Հաշմանդամության խմբերը

 

Աշխատունակության կորստի աստիճանից ելնելով` սահմանվում են հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր:

Աշխատանքային սովորական պայմաններում տևական մասնագիտական աշխատունակությունը լրիվ կորցրած քաղաքացիների համար մշտական խնամքի կարիք ունենալու դեպքում սահմանվում է հաշմանդամության 1-ին, կողմնակի խնամքի կարիք չունենալու դեպքում` 2-րդ, կանոնավոր մասնագիտական աշխատունակության մասնակի կորստի դեպքում` 3-րդ խումբ:

 

Հոդված 18. Հաշմանդամության խմբերի, պատճառների և առաջացման ժամանակի որոշումը

 

Հաշմանդամության խմբերը, պատճառները, իսկ անհրաժեշտության դեպքում` հաշմանդամության առաջացման ժամանակը սահմանում են բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովները (ԲԱՓՀ), որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ:

Հաշմանդամության խումբը սահմանվում է 16 տարեկանից:

 

Հոդված 19. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով առաջացած հաշմանդամությունը

 

Հաշմանդամությունը համարվում է աշխատանքային խեղման հետևանք, եթե հաշմանդամության պատճառ հանդիսացող դեպքը (բացի հակաիրավական գործողությունների հետևանքով առաջացած հաշմանդամությունից) տեղի է ունեցել`

ա) աշխատանքային պարտականությունները (այդ թվում` գործուղման ժամանակ), ինչպես նաև առանց հանձնարարության հօգուտ գործատուի որևէ գործողություն կատարելիս.

բ) աշխատանքի գնալու կամ աշխատանքից վերադառնալու ճանապարհին.

գ) գործատուի տարածքում կամ աշխատանքի բերումով այլ աշխատավայրում աշխատանքի ժամերին (ներառյալ նաև սահմանված ընդմիջումները), աշխատանքը սկսվելուց առաջ կամ ավարտվելուց հետո արտադրության գործիքները, հագուստը և այլն կարգի բերելու ժամանակամիջոցում.

դ) գործատուի աշխատավայրի մոտակայքում` աշխատանքի ժամերին (ներառյալ նաև սահմանված ընդմիջումները), որտեղ գտնվելը չի հակասել ներքին աշխատանքային կարգապահության կանոններին.

ե) քաղաքացիական պարտքը կատարելիս:

Հաշմանդամությունը համարվում է մասնագիտական հիվանդության հետևանք, եթե այն ձեռք է բերվել տվյալ աշխատանքը կատարելու հետևանքով:

Մասնագիտական հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 20. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների չափերը

 

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակները նշանակվում են`

1-ին խմբի հաշմանդամներին` բազային կենսաթոշակի 120 %-ի,

2-րդ խմբի հաշմանդամներին` բազային կենսաթոշակի 100 %-ի,

3-րդ խմբի հաշմանդամներին` բազային կենսաթոշակի 80 %-ի չափով, որոնց ավելացվում է սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված աշխատանքային ստաժի համար հավելումը:

 

Հոդված 21. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների վճարման ժամկետը հաշմանդամության խմբի փոփոխման կամ աշխատունակության վերականգնման դեպքում

 

Հաշմանդամության խմբի փոփոխման դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է հաջորդ ամսվա 1-ից:

Աշխատունակության վերականգնման դեպքում կենսաթոշակը վճարվում է մինչև հաշմանդամին աշխատունակ ճանաչելու ամսվա վերջը:

 

Հոդված 22. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների վճարման պայմանները հաշմանդամության վերազննության ժամկետը բաց թողնելու դեպքում

 

Մինչև 6 ամիս վերազննման չներկայանալու և այդ ժամանակահատվածում ԲԱՓՀ-ի կողմից հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակի վճարումը շարունակվում է կասեցման օրվանից:

Վերազննմամբ հաշմանդամության այլ խումբ փոխադրվելու դեպքում կենսաթոշակն այդ ժամանակամիջոցի համար վճարվում է ըստ նախկին խմբի:

(22-րդ հոդվածը փոփ. 12.05.97 ՀՕ-113)

 

Հոդված 23. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների վճարումը

 

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակները վճարվում են լրիվ չափով` անկախ աշխատելու հանգամանքից: Ընդ որում, աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամության կենսաթոշակները վճարում են սոցիալական ապահովագրական մարմինները` գործատուի, գործատուի լուծարման դեպքում` նրա իրավահաջորդի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` սեփական միջոցների հաշվին:

(23-րդ հոդվածը փոփ. 12.05.97 ՀՕ-113)

 

Հոդված 24. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունքը

 

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները`

ա) 18 տարին չլրացած երեխաները, հաշմանդամ ճանաչված երեխաները, եղբայրները, քույրերը և թոռները, ընդ որում եղբայրները, քույրերը և թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.

բ) կերակրողի մահվան պահին կենսաթոշակային տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.

գ) ծնողներից կամ ամուսիններից մեկը, պապը, տատը, եղբայրները կամ քույրերը` անկախ տարիքից ու աշխատունակությունից, եթե նրանք զբաղված են մահացած կերակրողի 8 տարին չլրացած երեխաների, եղբայրների, քույրերի կամ թոռների խնամքով և չեն աշխատում.

դ) պապը և տատը, եթե չեն աշխատում և չունեն աշխատունակ զավակներ:

Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված կամ մեռած հայտարարված անձանց ընտանիքների վրա:

 

Հոդված 25. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի նշանակման պայմանները

 

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ է նշանակվում ընտանիքի այն անաշխատունակ անդամներին, որոնք գտնվել են նրա խնամքի տակ:

Կերակրողին կորցրած անչափահաս երեխաներին կենսաթոշակ նշանակվում է անկախ խնամքի տակ գտնվելու հանգամանքից:

Կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ:

Ընտանիքի անդամի պահանջով կենսաթոշակի նրա բաժինը վճարվում է առանձին:

Կենսաթոշակի բաժնի առանձնացումը կատարվում է հաջորդ ամսվա սկզբից:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը սահմանվում է այն ամբողջ ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մահացածի ընտանիքի անդամն անաշխատունակ է համարվել:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիս նրանց կենսաթոշակի բաժնեմասը փոխվում է կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան:

 

Հոդված 26. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափերը

 

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները նշանակվում են`

ա) երեխաներին`

- միակողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային` բազային կենսաթոշակի չափով` ավելացնելով մահացած ծնողի աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելման 50 %-ը,

- երկկողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային` բազային կենսաթոշակի 120 %-ի չափով` ավելացնելով մահացած երկու ծնողների աշխատանքային ստաժների համար հաշվարկվող հավելումների 50 %-ը.

բ) ընտանիքի մյուս անդամներին`

սույն հոդվածի «ա» ենթակետի առաջին մասով նախատեսված չափով:

 

Հոդված 27. Որդեգրողների, որդեգրվածների, խորթ ծնողների և խորթ զավակների կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունքը

 

 Սույն հոդվածով նախատեսված որդեգրողների և որդեգրվածների աշխատանքային կենսաթոշակի իրավունքը և կենսաթոշակի չափերը կարգավորվում են սույն օրենքի 24 և 26 հոդվածներով սահմանված կարգով:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անչափահասներն այդ իրավունքները պահպանում են նաև որդեգրվելու դեպքում:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող որդեգրվածը որդեգրողի մահվան դեպքում իրավունք ունի կենսաթոշակի ընտրության:

Խորթ ծնողները (ծնողը) կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ ծնողներին (ծնողին) հավասար, եթե մահացած խորթ որդուն կամ դստերը անչափահաս տարիքում խնամել են առնվազն 8 տարի:

Խորթ զավակները կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ զավակներին հավասար:

 

Հոդված 28. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի վճարումը

 

Կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակը վճարվում է լրիվ չափով:

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող միակողմանի ծնողազուրկ երեխաներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 %-ը, իսկ երկկողմանի ծնողազուրկներին` 100 %-ը: Այդ գումարները երեխայի անունով հավաքվում են խնայբանկում` մինչև երեխայի չափահաս դառնալը:

Կենսաթոշակի բաժնեմասի փոփոխումը կամ ընտանիքի անդամներին դրա վճարման դադարեցումը կատարվում է այդ հանգամանքների առաջացման հաջորդ ամսվա 1-ից:

 

ԳԼՈՒԽ 3

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 29. Աշխատանքային ստաժի մեջ մտնող գործունեության տեսակները

 

Աշխատանքային ստաժում հաշվառվող կամ այլ բնույթի գործունեության տեսակները, հաշվառման կարգն ու պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 30. Աշխատանքային ստաժի արտոնյալ հաշվարկումը

 

Աշխատանքային ստաժը հաշվարկվում է`

եռակի`

ա) մարտական գործողությունների ընթացքում գործող բանակի կազմում զինվորական ծառայության, պարտիզանական ջոկատներում և այլ միավորումներում գտնվելու ժամանակահատվածը.

բ) բռնադատված, անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձանց կալանքի տակ պահելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածը.

մեկ և կես անգամ`

առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու ժամանակահատվածը:

(30-րդ հոդվածը փոփ. 09.09.97 ՀՕ-142)

 

Հոդված 31. Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը

 

Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է: Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների բացակայության դեպքում առկա աշխատանքային ստաժի հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Հոդված 32. Ծերության (տարիքային) կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

 

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող անձանց նշանակվում է ծերության կենսաթոշակ կանանց` 63, տղամարդկանց` 65 տարին լրանալու դեպքում:

Կանանց և տղամարդկանց ծերության կենսաթոշակ նշանակելու համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.

 

տարեթիվ

տղամարդ

կին

1996 թ.

65

60,5

1997 թ.

65

61

1998 թ.

65

61,5

1999 թ.

65

62

2000 թ.

65

62,5

սկսած 2001 թ.-ից

65

63

 

Հոդված 33. Ծերության կենսաթոշակի չափը և վճարումը

 

Ծերության կենսաթոշակը նշանակվում է սահմանված բազային կենսաթոշակի չափով: Ծերության կենսաթոշակառուի աշխատելու դեպքում կենսաթոշակը վճարվում է լրիվ չափով:

 

Հոդված 34. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք

 

Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն աշխատանքային ստաժ չունեցող հաշմանդամները, ինչպես նաև մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները:

 

Հոդված 35. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների չափերը

 

Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակները նշանակվում են`

- 1-ին խմբի հաշմանդամներին և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամ երեխաներին` բազային կենսաթոշակի 120 %-ի,

- 2-րդ խմբի հաշմանդամներին` բազային կենսաթոշակի 100 %-ի,

- 3-րդ խմբի հաշմանդամներին` բազային կենսաթոշակի 80 %-ի չափով:

 

Հոդված 36. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների վճարումը

 

Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակները վճարվում են սույն օրենքի 21, 22 հոդվածներով նախատեսված կարգով:

Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակները վճարվում են լրիվ չափով` հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

 

Հոդված 37. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների նշանակումը և չափերը

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները նշանակվում են սույն օրենքի 24, 28 հոդվածներով նախատեսած կարգով, հետևյալ չափերով`

ա) երեխաներին`

- միակողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային` բազային կենսաթոշակի չափով.

- երկկողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային` բազային կենսաթոշակի 120 %-ի չափով.

բ) ընտանիքի մյուս անդամներին`

- բազային կենսաթոշակի չափով:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները վճարվում են լրիվ չափով:

 

ԳԼՈՒԽ 5

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Հոդված 38. Կենսաթոշակների նշանակման համար դիմելու կարգը

 

Կենսաթոշակները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակներ նշանակող մարմինները` քաղաքացիների գրավոր դիմումների հիման վրա` ըստ նրանց մշտական բնակության վայրի:

Գործատուները, ինչպես նաև համապատասխան պետական մարմինները, պարտավոր են քաղաքացիներին ապահովել կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կենսաթոշակ նշանակող մարմիններն իրավունք ունեն գործատուներից, պետական մարմիններից կամ առանձին անձանցից պահանջել համապատասխան փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում` ստուգել դրանց հավաստիությունը:

 

Հոդված 39. Կենսաթոշակների նշանակման կարգը

 

Կենսաթոշակների նշանակման հարցը քննարկում և որոշում է կենսաթոշակ նշանակող մարմինը` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում:

Մերժման որոշում ընդունելուց հետո` 5-օրյա ժամկետում, կենսաթոշակ նշանակող մարմինը գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժման պատճառը և գանգատարկման կարգը, միաժամանակ վերադարձնելով բոլոր փաստաթղթերը:

 

Հոդված 40. Կենսաթոշակի նշանակման ժամկետները

 

Կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից, եթե առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Փաստաթղթերի փոստով առաքման դեպքում դիմելու օրը համարվում է դրանց ուղարկման օրը:

Անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում քաղաքացուն հայտնվում է այդ մասին: Դրանք եռամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

 

Հոդված 41. Կենսաթոշակի նշանակումն ավելի վաղ ժամկետում

 

Կենսաթոշակն ավելի վաղ ժամկետում նշանակվում է հետևյալ դեպքերում`

ա) ԲԱՓՀ-ի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակի նշանակման դիմումը տրվել է 6-ամսյա ժամկետում.

բ) կերակրողին կորցնելու դեպքում, եթե դիմումը տրվել է կերակրողի մահվան օրվանից հետո 12-ամսյա ժամկետում:

 

Հոդված 42. Մեկ կենսաթոշակից մյուսին անցնելը

 

Կենսաթոշակառուի ցանկությամբ կենսաթոշակ նշանակող մարմինը կատարում է կենսաթոշակի տեսակի փոփոխություն` դիմումը տալու հաջորդ ամսվա 1-ից:

 

Հոդված 43. Հաշմանդամության կենսաթոշակի վերահաշվարկման իրավունքը

 

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո առնվազն 2 տարի աշխատած կենսաթոշակառուն ունի կենսաթոշակի վերահաշվարկման իրավունք: Վերահաշվարկումը կատարվում է դիմումը տալու հաջորդ ամսվա 1-ից:

Սույն օրենքով նախատեսված բոլոր կենսաթոշակները վերահաշվարկվում են 11 հոդվածում նշված պայմանների փոփոխության դեպքում:

 

Հոդված 44. Նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկման կարգը

 

Նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են սույն օրենքին համապատասխան:

Եթե վերահաշվարկված կենսաթոշակը ցածր է նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

 

Հոդված 45. Կենսաթոշակների վճարման ընդհանուր կարգը

 

Կենսաթոշակները վճարվում են տվյալ ամսվա ընթացքում` ըստ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի:

 

Հոդված 46. Լիազորագրով կենսաթոշակի վճարման և ձևակերպման կարգը

 

Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրով` 3 ամիս: Լիազորագիր տալու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 47. Կենսաթոշակի վճարումն անցած ժամանակահատվածի համար

 

Նշանակված, բայց չպահանջված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար, բայց ոչ ավել 3 տարուց:

Կենսաթոշակ նշանակող կամ վճարող մարմնի մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:

 

Հոդված 48. Կենսաթոշակի վճարումը պետության լրիվ խնամքի տակ գտնվող կենսաթոշակառուներին

 

Այն անձինք, ովքեր գտնվում են պետության լրիվ խնամքի տակ և ապրում են համապատասխան պետական հաստատություններում, ստանում են նշանակված կենսաթոշակի 25 %-ը:

 

Հոդված 49. Կենսաթոշակի վճարման դադարեցումը, կասեցումը և վերսկսումը

 

Կենսաթոշակի վճարումը դադարեցվում է`

ա) կենսաթոշակառուի մահվան դեպքում` հաջորդ ամսվա 1-ից.

բ) կենսաթոշակի նշանակման համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում` հայտնաբերման օրվանից: Այդ դեպքում վճարված գումարները ետ են գանձվում դատական կարգով: Կենսաթոշակ ստանալու հետագա իրավունքի հարցը պարզելուց, չափը ճշտելուց հետո վճարումը վերսկսվում է այն դադարեցնելու օրվանից:

Կենսաթոշակի վճարումը կասեցվում է կենսաթոշակառուի 6 ամսից ավելի բացակայության դեպքում:

 

Հոդված 50. Կենսաթոշակների հարկումը

 

 Կենսաթոշակները հարկման ենթակա չեն:

 

Հոդված 51. Պահումներ կենսաթոշակից

 

Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`

ա) դատական որոշումների, վճիռների, դատավճիռների, հիման վրա.

բ) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ընտանիքի անդամների կազմի փոփոխությունների մասին տեղեկություններ չներկայացնելու և այլ խախտումների հետևանքով կենսաթոշակառուներին ավելի վճարված գումարների բռնագանձմամբ` կենսաթոշակ նշանակող մարմնի որոշման հիման վրա, բայց ոչ ավել նշանակված կենսաթոշակի 20 %-ից:

Կենսաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվելիք ամսական գումարից:

Կենսաթոշակից կատարվող բոլոր պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 50 %-ը:

(51-րդ հոդվածը փոփ. 12.05.97 ՀՕ-113)

 

Հոդված 52. Թաղման ծախսերի հետ կապված մասնակի փոխհատուցումը

 

Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքին կամ հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման ծախսերի մասնակի փոխհատուցում` մեկ տարվա կենսաթոշակի չափով:

Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերով դիմումը տրվել է կենսաթոշակառուի մահվանից հետո ոչ ուշ, քան 6-ամսյա ժամկետում:Փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները ենթակա են ժառանգման:

(52-րդ հոդվածը փոփ. 12.05.97 ՀՕ-113)

 

ԳԼՈՒԽ 6

 

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 53. Պատասխանատվությունը կենսաթոշակների նշանակման և վճարման նպատակով տրված փաստաթղթերի հավաստիության համար

 

Գործատուները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում կենսաթոշակների նշանակման և վճարման նպատակով տրված փաստաթղթերի հավաստիության համար:

Փաստաթղթերում նշված ոչ ճիշտ տեղեկությունների համար վրա կենսաթոշակի վճարման դեպքում մեղավոր անձը փոխհատուցում է պատճառած վնասը:

 

Հոդված 54. Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ որոշումների գանգատարկումը

 

Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ կենսաթոշակ նշանակող մարմնի որոշումները կարող են գանգատարկվել վերադասության, իսկ վերադասի որոշման հետ անհամաձայնության դեպքում` դատական կարգով:

 

ԳԼՈՒԽ 7

 

 ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 55. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

Օրենքի կիրարկման պահից ուժը կորցրած ճանաչել 1992 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
29 դեկտեմբերի 1995 թ.
ՀՕ-26