Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-474-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.02.2020-28.06.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.07/1(236) Հոդ.5
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին

 

ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով կարգավորվում են մարդու վերարտադրողական առողջության պահպանման, վերարտադրողական իրավունքի ապահովման, վերարտադրողականության ոլորտում տեխնոլոգիաների կիրառման կարգի ու պայմանների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները
 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) վերարտադրողական առողջություն՝ մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական լիակատար բարեկեցության վիճակ՝ կապված վերարտադրողական համակարգի, դրա գործառույթների ու կենսընթացների հետ.

2) հղիության արհեստական ընդհատում (աբորտ)՝ բժշկական միջամտություն, որը կատարվում է հղիության ընդհատման նպատակով.

3) կամավոր բժշկական ամլացում՝ վիրաբուժական միջամտություն, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության հիման վրա.

4) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ՝ բժշկական տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են անպտղության խնդրի լուծման նպատակով.

5) արհեստական սերմնավորում՝ տղամարդու սերմի (սպերմայի) արհեստական ճանապարհով ներմուծում կնոջ օրգանիզմ.

6) արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում և սաղմի ներպատվաստում՝ կնոջ օրգանիզմից դուրս արհեստական եղանակով սպերմատոզոիդի և ձվաբջջի կորիզանյութերի միավորում. արդյունքում՝ առաջացած սաղմի (դոնորական սաղմի) փորձանոթային զարգացում և ներպատվաստում արգանդի խոռոչ կամ արգանդափող.

7) դեռահասներ` բժշկակենսաբանական (ֆիզիոլոգիական) հասկացություն, որը ներառում է 10-18 տարեկան անձանց տարիքային խումբը և բնորոշում է մանկությունից լրիվ չափահասության անցումային շրջանը.

8) փոխնակ (սուրոգատ) մայր՝ դոնորական սաղմը իր արգանդում կրած կին, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը.

9) դոնորական սաղմ՝ կենսաբանական ծնողի (ծնողների) և (կամ) դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմ, որը պետք է կրի կամ արդեն կրում է փոխնակ մայրը կամ կինը.

10) վերարտադրողականության (սեռաբջջի) դոնոր (այսուհետ՝ դոնոր)՝ իր բեղմնունակ սերմը տրամադրող տղամարդ կամ իր բեղմնունակ ձվաբջիջը տրամադրող կին.

11) կենսաբանական ծնող՝ տղամարդ կամ կին, որի սեռաբջջից է ձևավորվել սաղմը, և որի գենոտիպի կրողը նրա ապագա երեխան է

12) բեղմնականխում` անցանկալի հղիության կանխում տարբեր միջոցների և (կամ) մեթոդների կիրառմամբ.

13) անպտղություն` զույգի մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու և բեղմնականխման միջոցներ և (կամ) մեթոդներ չօգտագործելու դեպքում կնոջ հղիության բացակայություն, բացառությամբ կրծքով կերակրման կամ դաշտանադադարով պայմանավորված դեպքերի.

14) հարազատ` արյունակցական 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի կապ ունեցող անձ:

(2-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-85-Ն, լրաց. 30.04.15 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակվող կամ գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա և կիրառվում է այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կապված է մարդու վերարտադրողականության հետ:

(3-րդ հոդվածը փոփ. 29.09.16 ՀՕ-140-Ն)

 

Հոդված 4. Վերարտադրողականության հետ կապված մարդու իրավունքները

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ յուրաքանչյուր ոք ունի կենսական անհրաժեշտության սեռական և վերարտադրողական հետևյալ իրավունքները.

1) ինքնուրույն տնօրինել իր սեռական ու վերարտադրողական կյանքը, եթե դա չի վտանգում այլոց առողջությանը.

2) ընտանիք կազմել, ինքնուրույն որոշել իր երեխաների թիվն ու նրանց ծնվելու ժամկետները և այդ նպատակով ունենալ պտղաբերության կարգավորման ապահով ու արդյունավետ ծառայություններից օգտվելու հնարավորություն.

3) պաշտպանված լինել ճնշման բոլոր ձևերից, այդ թվում՝ սեռական շահագործումից և բռնությունից, հարկադրական հղիությունից, աբորտից, ամլացումից և վերարտադրողականության իրավունքների այլ խախտումներից.

4) ստանալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ, այդ թվում՝ պտղաբերության կարգավորման առկա միջոցների և մեթոդների առավելությունների, արդյունավետության և հնարավոր վտանգների վերաբերյալ.

5) ստանալ բժշկական խորհրդատվություն և ծառայություններ սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ՝ մեկուսի ու գաղտնի պայմաններում.

6) օգտվել բարձրորակ բուժկանխարգելիչ ծառայություններից և պաշտպանված լինել առողջության համար վտանգ ներկայացնող մեթոդների, այդ թվում՝ գիտական փորձերի կիրառումից.

7) ինքնուրույն որոշումներ կայացնել սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված բժշկական միջամտություններ ստանալիս, բացառությամբ կյանքին սպառնացող շտապ միջամտություն պահանջող իրավիճակների և օրենքով նախատեսված այլ դեպքերի.

8) օգտվել վերարտադրողականության նոր տեխնոլոգիաներից, ներառյալ` պտղաբերության կարգավորման ապահով և արդյունավետ միջոցներից և (կամ) մեթոդներից, ինչպես նաև անպտղության բուժման համար կիրառվող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից:

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Յուրաքանչյուր ոք ունի սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կենսական անհրաժեշտության սեռական և վերարտադրողական այլ իրավունքներ:

2. Հասարակական անվտանգության, հանրային առողջության և բարքերի, այլոց իրավունքի պաշտպանության նպատակով վերարտադրողականության հետ կապված մարդու իրավունքները կարող են սահմանափակվել սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:

(4-րդ հոդվածը խմբ. 10.09.13 ՀՕ-97-Ն, փոփ. 30.04.15 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 5. Դեռահասների վերարտադրողական առողջության պահպանումը

 

1. Դեռահասներն իրավունք ունեն`

1) սեռական դաստիարակության, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության պահպանման.

2) իրազեկ լինել սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ հղիության արհեստական ընդհատման, սեռավարակների, այդ թվում՝ մարդու իմունային անբավարարության վարակի (ՄԻԱՎ) կանխարգելման ժամանակակից միջոցների վերաբերյալ.

3) բարյացակամ և մեկուսի պայմաններում ստանալ մատչելի ու լիարժեք բժշկական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ նաև բուժօգնություն` սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջության հարցերի հետ կապված:

2. Դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում և կրթական այլ հաստատություններում իրականացնում են մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձինք՝ ընտանիքի, առողջապահական ծառայությունների, հասարակական կազմակերպությունների, հանրության հետ սերտ համագործակցությամբ։

3. Դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման հետ կապված կրթական ծրագրերը մշակվում և իրականացնում են կրթության ու առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինները՝ շահագրգիռ հասարակական և այլ կազմակերպությունների, համայնքների, ինչպես նաև իրենց՝ երիտասարդ մարդկանց գործուն մասնակցությամբ՝ հաշվի առնելով ազգային ավանդույթները, բարոյական արժեքներն ու միջազգային փորձը, ելնելով դեռահասների տարիքային, հոգեբանական և ֆիզիկական զարգացման առանձնահատկություններից:

(5-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 6. Անվտանգ մայրությունը

 

1. Մայրությունը և մանկությունը գտնվում են պետության և հասարակության հովանավորության ու պաշտպանության ներքո և աջակցություն ստանալու իրավունք ունեն:

2. Կինն ունի անվտանգ մայրության, այն է՝ հղիության ընթացքում առողջության պահպանման, ծննդաբերության և հետծննդյան ժամանակաշրջանում իր, պտղի առողջությանը և նորածնին նվազագույն ռիսկ պատճառող մեթոդների կիրառմամբ օգնություն ստանալու իրավունք: Կինն իրավունք ունի տեղեկություն ստանալու կրծքով կերակրման առավելությունների, ինչպես նաև մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցման վերաբերյալ:

3. Հղիության ընթացքում ցանկացած բժշկական միջամտություն կատարվում է կնոջ համաձայնությամբ: Կինն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն:

4. Առանց հղի կնոջ համաձայնության, բժշկական հանձնաժողովի որոշմամբ, դրա անհնարինության դեպքում՝ բժշկի որոշմամբ, թույլատրվում է իրականացնել բժշկական միջամտություն հղի կնոջ կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը՝ հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում և գրավոր հավաստվում հղի կնոջ, դրա անհնարինության դեպքում՝ նրա ամուսնու կամ հարազատների, իսկ վերջինիս անհնարինության դեպքում՝ բուժանձնակազմի կազմած արձանագրությամբ:

6. Կինն իրավունք ունի հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ պետության երաշխավորած առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

(6-րդ հոդվածը լրաց. 25.10.10 ՀՕ-157-Ն, 20.11.14 ՀՕ-181-Ն)

 

Հոդված 7. Սեռաբջիջների և սաղմի պահպանումը

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամուսնական տարիքի արական և իգական սեռի անձինք իրավունք ունեն իրենց սեռաբջիջները և սաղմը վերարտադրողական նպատակով հանձնել համապատասխան առողջապահական հաստատություններ:

2. Պետությունը երաշխավորում է քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների և սաղմի պահպանությունը նրանց կյանքը վտանգող իրավիճակներում կամ սերնդարարման ունակությունը կորցնելու ռիսկի (առողջությանը վտանգ ներկայացնող մասնագիտական գործունեություն, զինվորական պարտականությունների կատարում, ինչպես նաև այլ բժշկասոցիալական ցուցումներ) դեպքում։

3. Քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8. Բեղմնականխման միջոցների և (կամ) մեթոդների օգտագործումը

(վերնագիրը փոփ. 30.04.15 ՀՕ-24-Ն)

 

1. Յուրաքանչյուր կին ունի անվտանգ մայրության և անցանկալի հղիությունից ու հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով բեղմնականխման արդյունավետ միջոցներից և (կամ) մեթոդներից օգտվելու իրավունք:

2. Առողջապահական ծառայությունները հավաստի տեղեկատվություն են տրամադրում բեղմնականխման առկա միջոցների և մեթոդների ապահովության, արդյունավետության և անվտանգության վերաբերյալ՝ պտղաբերության կարգավորման իրազեկված ընտրություն կատարելու նպատակով:

3. Առողջապահական ծառայություններում պտղաբերության կարգավորման միջոցների և (կամ) մեթոդների ընտրությունը հիմնվում է ամուսինների (կնոջ կամ տղամարդու) վերարտադրողական պատմության, առողջական վիճակի, տարիքի, անհատական առանձնահատկությունների ու նախապատվությունների վրա, իսկ կիրառումն իրականացվում է միայն նրանց լիակատար, ազատ և գիտակցված համաձայնությամբ:

4. Պտղաբերության կարգավորման և բեղմնականխման միջոցները և մեթոդները կիրառվում են որպես անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու միջոց:

(8-րդ հոդվածը փոփ. 30.04.15 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 9. Կամավոր բժշկական ամլացումը

 

1. Չափահաս կանայք և տղամարդիկ իրավունք ունեն դիմելու կամավոր բժշկական ամլացման՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու նպատակով։

2. Կամավոր բժշկական ամլացումն իրականացվում է բուժհաստատություններում միայն չափահաս անձանց նկատմամբ՝ նրանց իրազեկված համաձայնության դեպքում:

3. Կամավոր բժշկական ամլացում կատարելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10. Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը)

 

1. Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք: Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) (այսուհետ` ընդհատում)`

1) մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ.

2) 12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ՝ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ:

2. Բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների` սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է:

3. Ընդհատումը անչափահասի (օրենքով նախատեսված լրիվ գործունակություն ձեռք չբերելու դեպքերում) դիմումով կատարվում է նրա օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առողջապահական հաստատության գործադիր մարմնի ղեկավարի համապատասխան ակտով ստեղծված մշտապես գործող բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ընդհատումից առաջ բժիշկը իրեն դիմած հղի կնոջը պարտավոր է տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված` երեք օրացուցային օր ժամկետով (իսկ եթե երրորդ օրացուցային օրը համընկնում է հղիության 12-րդ շաբաթը լրանալու օրվան, ապա մինչև այդ ժամկետը լրանալը), որը հաշվվում է կնոջ` ընդհատման համար բժշկին առաջին անգամ դիմելու պահից:

5. Ընդհատումը կարող է իրականացվել միայն մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող հիվանդանոցային առողջապահական հաստատություններում:

6. Ընդհատման բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տրամադրել անվճար խորհրդատվություն, որի մասին բժիշկը գրառում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում, և որը հաստատվում է կնոջ ստորագրությամբ:

7. Ընդհատման բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես հետո բժիշկը պարտավոր է կնոջը անցանկալի հղիությունը կանխելու միջոցների և (կամ) մեթոդների ընտրության վերաբերյալ տրամադրել անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն, որի մասին բժիշկը գրառում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում, և որը հաստատվում է կնոջ ստորագրությամբ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները, ներառյալ`

1) ընդհատման հակացուցումները և անհրաժեշտ հետազոտությունների ցանկը.

2) ընդհատման բժշկական և սոցիալական ցուցումների ցանկը.

3) մինչև 12 շաբաթական ընդհատման համար հղի կնոջ կողմից ներկայացվող գրավոր դիմումի ձևը.

4) բժշկական կամ սոցիալական ցուցումներից ելնելով՝ ընդհատման համար հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվող գրավոր համաձայնության ձևը.

5) անչափահասի (օրենքով նախատեսված լրիվ գործունակություն ձեռք չբերելու դեպքերում) հղիության ընդհատման համար նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից գրավոր համաձայնության ձևը:

9. Սույն հոդվածով սահմանված պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

(10-րդ հոդվածը փոփ. 30.04.15 ՀՕ-24-Ն, խմբ. 29.06.16 ՀՕ-134-Ն)

 

Հոդված 11. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է կիրառել վերարտադրողականության հետևյալ օժանդակ տեխնոլոգիաները.

1) արհեստական սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով.

2) արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով և սաղմի ներպատվաստում.

3) դոնորական սաղմի ներպատվաստում փոխնակ մոր արգանդում։

2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաները կիրառվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած բժշկասոցիալական ցուցումների հիման վրա:

3. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագա երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն:

4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(11-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-85-Ն)

 

Հոդված 12. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված իրավական հարաբերությունները

 

1. Մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինը (կինը)` միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը` իր ցանկությամբ: Սույն իրավունքը` փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների նկատմամբ:

2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող ամուսինները կամ նրանցից առնվազն մեկը, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը պետք է լինեն ապագա երեխայի կենսաբանական ծնողը:

3. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք իրավունք ունեն առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով նախապես իրազեկվել՝

1) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ժառանգաբանական, բժշկագիտական և իրավական հարցերի մասին.

2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման գործելակարգի մասին.

3) դոնորի կամ փոխնակ մոր արտաքին տվյալների, ազգային պատկանելության, ֆենոտիպի և բժշկագենետիկական հետազոտությունների արդյունքների մասին:

4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք (ամուսինները) իրավունք ունեն ընտրել սեռաբջջի դոնորին և (կամ) փոխնակ մորը:

5. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ իրականացնելիս հաշվառվում են միայն այն դոնորների և փոխնակ մայրերի վերաբերյալ տեղեկությունները, ովքեր բժշկագենետիկական հետազոտության են ենթարկվել համապատասխան առողջապահական հաստատություններում և չունեն դոնոր կամ փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց՝ որպես ծնողների և այդ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում ծնված երեխայի (երեխաների) միջև իրավական փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(12-րդ հոդվածը լրաց., խմբ. 29.09.16 ՀՕ-140-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 13. Մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված պայմանագրերը

 

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց և փոխնակ մոր կամ հայտնի դոնորի դեպքում փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:

 

Հոդված 14. Վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորությունը

 

1. Դոնոր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն տղամարդիկ և կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:

2. Ժամանակավոր դոնոր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) այն տղամարդիկ և կանայք, ովքեր ցանկանում են իրենց սեռաբջիջը կամ սաղմը տրամադրել հարազատներին, ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ։

3. Վերարտադրողականության դոնոր լինելու բժշկական հակացուցումների ցանկը սահմանում է առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը:

4. Դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման և դրանց պահպանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Դոնորն իր բեղմնունակ սերմը կամ ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում համապատասխան առողջապահական հաստատության կամ սեռաբջիջն օգտագործող անձի կամ զույգի կողմից՝ նախապես կնքված և սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն:

6. Դոնորը չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում իրենից սերված երեխայի նկատմամբ։

(14-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 15. Փոխնակ մայրությունը

 

1. Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

2. Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի (նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20 տարեկանից սկսած) այն կանայք, ովքեր ցանկանում են կրել հարազատների կողմից տրամադրված սաղմով հղիությունը, ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել ամուսնու համաձայնությամբ:

4. Կինը չի կարող հանդես գալ որպես փոխնակ մայր, եթե`

1) առկա է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած բժշկական հակացուցումներից որևիցե մեկը կամ

2) նախկինում առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես փոխնակ մայր:

5. Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր:

6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և փոխնակ մոր միջև փոխհարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:

7. Փոխնակ մայրը պարտավոր է բժշկական հաշվառման կանգնել հղիության վաղ ժամկետներում (մինչև հղիության 12 շաբաթը), մշտապես գտնվել բժշկի հսկողության տակ, խստորեն կատարել նրա խորհուրդները և հետևել իր առողջությանը:

8. Փոխնակ մայրը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձից կամ ամուսիններից առանձին ապրելու դեպքում պարտավոր է վերջիններիս տեղեկացնել հղիության ընթացքի մասին:

9. Փոխնակ մայրն իրավունք չունի հրաժարվել իրենից ծնված երեխային հանձնել սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած անձանց՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին կամ ամուսիններին:

10. Փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն երեխային սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից:

11. Փոխնակ մայրը հղիություն կրելու և ծննդաբերելու համար կարող է ստանալ դրամական հատուցում՝ համապատասխան առողջապահական հաստատության կամ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձի կամ ամուսինների և փոխնակ մոր կողմից նախապես կնքված պայմանագրով սահմանված կարգով:

12. Փոխնակ մոր հետ պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձը (ամուսինները) կրում է (են) բոլոր այն ծախսերը, որոնք կապված են հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաև բժշկական փաստաթղթերով հաստատված բարդությունների վերացման հետ:

13. (մասն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-85-Ն)

14. Փոխնակ մորից ծնված երեխան սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին է հանձնվում, եթե ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման արդյունքում հաստատվում է, որ՝

1) ամուսիններից առնվազն մեկը կամ ամուսնության մեջ չգտնվող անձը հանդիսանում է երեխայի կենսաբանական ծնողը, և

2) փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը:

15. ԴՆԹ-ի որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(15-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.03.12 ՀՕ-85-Ն, փոփ. 30.04.15 ՀՕ-24-Ն, խմբ., լրաց. 29.09.16 ՀՕ-140-Ն)

 

Հոդված 16. Կենսաբանական ծնողը

 

1. Կենսաբանական ծնողն իր բեղմնունակ սերմը կամ բեղմնունակ ձվաբջիջը տրամադրելու համար դրամական հատուցում չի ստանում:

2. Կենսաբանական ծնողը համարվում է ապագա երեխայի ծնողը և նրա նկատմամբ ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:

 

Հոդված 17. Դոնորի և (կամ) փոխնակ մոր մասին տեղեկությունները

 

1. Որպես դոնոր և (կամ) փոխնակ մայր հանդես գալու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համապատասխան առողջապահական հաստատություններ:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձինք կարող են առողջապահական հաստատություն ներկայացնել դոնորի և (կամ) փոխնակ մոր թեկնածուներ:

2. Դոնորի և փոխնակ մոր մասին տեղեկությունները հաշվառվում են համապատասխան առողջապահական հաստատություններում` առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով հաշվառվում են այն դոնորի կամ փոխնակ մոր մասին տեղեկությունները, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր և (կամ) փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

4. Դոնորի և փոխնակ մոր մասին տեղեկությունները տրամադրվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկությամբ:

(17-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 18. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված տեղեկությունների գաղտնիության պահպանումը

 

1. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների՝ արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման և փոխնակ մայրության կիրառման հետ կապված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են միայն դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննության մարմինների հարուցած քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ, ինչպես նաև այլ իրավասու մարմինների պահանջով՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

 

Հոդված 19. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ծառայությունները

 

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ծառայությունները մատուցում են առողջապահական այն հաստատությունները, որոնք օրենքով սահմանված կարգով ունեն բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիա, ինչպես նաև պահպանում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված պայմանները:

 

Հոդված 19.1.

 Վերարտադրողական առողջության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը

 

Մարդու վերարտադրողական առողջության, սեռաբջիջների և սաղմի պահպանման, հղիության արհեստական ընդհատման և կամավոր բժշկական ամլացման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

(19.1-ին հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-167-Ն)

 

Հոդված 20. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 21. Անցումային դրույթ

 

Դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման հետ կապված կրթական ծրագրերն իրականացվում են 2003-2004 ուսումնական տարվանից սկսած:

 

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնում է պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2002 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-474-Ն