Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-149-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.02.2020-22.04.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.823
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրությունը և գործածման կարգը:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության դրոշը

 

Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը: Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի: Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:

Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրության գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը

 

1. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, Սահմանադրական դատարանի, դատարանների, դատախազության մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի, պետական կառավարման համակարգի մարմինների, ինքնավար պետական մարմինների, անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի) շենքերի վրա:

2. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների) և օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա՝ միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին և ընդունող պետությունների սովորույթներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպություններում և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային միջոցառումներին՝ այդ կազմակերպություններում ընդունված ընթացակարգերին և գործելակերպին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Հայաստանի Հանրապետության մարզական պաշտոնական առաջնությունների բացման ժամանակ և իջեցվում է փակման արարողությունների ժամանակ:

4. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես տեղադրվում է պաշտոնական, աշխատանքային և հանդիսավոր արարողությունների համար նախատեսված` Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, դատարանների դատական նիստերի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի դահլիճներում:

5. Հայաստանի Հանրապետության դրոշը տեղադրվում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և Ազգային ժողովի այլ մարմինների, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական կառավարման համակարգի մարմինների, պետական այլ մարմինների ղեկավարների, դատավորների և դատախազների, մարզպետների և համայնքների ղեկավարների, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների) ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում:

6. Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է տեղադրվել այլ վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա:

7. Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է ամրացվել Հանրապետության նախագահի փոխադրամիջոցների վրա, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա` միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգին համապատասխան, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների փոխադրամիջոցների վրա` ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:

8. Հայաստանի Հանրապետության սահմանադրական պաշտոններում նշանակվող անձանց կամ օրենքով սահմանված այլ անձանց երդման արարողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:

9. Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշի և դրա պատկերի գործածման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանում է Կառավարությունը:

(3-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-189-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացումը, իջեցումը, փոխանցումը

 

Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ` մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը սգո արարողությունների ժամանակ

 

Հայաստանի Հանրապետության մահացած (զոհված) քաղաքացուն զինվորական հարգանքի տուրք մատուցելու նպատակով կազմակերպված սգո արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում մահացածի դին և դագաղը ծածկվում են Հայաստանի Հանրապետության դրոշով: Աճյունը հողին հանձնելուց առաջ Հայաստանի Հանրապետության դրոշը հանձնվում է մահացածի (զոհվածի) հարազատներին:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը այլ դրոշի հետ

(վերնագիրը խմբ. 03.02.09 ՀՕ-49-Ն)

 

Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշը այլ դրոշի հետ միաժամանակ բարձրացնելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ բարձրացվում են կենտ թվով մի քանի դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի մեջտեղում: Եթե բարձրացվում են զույգ թվով դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի կենտրոնից ձախ:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում այլ դրոշը իր չափերով չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության դրոշի չափերը և բարձրացվել Հայաստանի Հանրապետության դրոշից ավելի բարձր:

(6-րդ հոդվածը խմբ. 03.02.09 ՀՕ-49-Ն)

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները

 

Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:

Դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:

Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:

Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության դրոշի ընդօրինակումը

 

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների դրոշները պետք է տարբերվեն Հայաստանի Հանրապետության դրոշից:

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը զինված ուժերի և այլ զորքերի կողմից

 

Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, զորամասերի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի առանձին ստորաբաժանումների, ինչպես նաև այլ զորքերի մշտական տեղակայման վայրերում` հանդիսությունների և պաշտոնական արարողությունների ժամանակ (զորահանդես, շարային ստուգատես, զինվորական երդում, տոնական միջոցառումներ և այլ հատուկ դեպքեր):

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով նախատեսված դեպքերում զորամասի մարտական դրոշը դուրս բերելիս դուրս է բերվում նաև Հայաստանի Հանրապետության դրոշը:

Հայաստանի Հանրապետության դրոշը զորամասի մարտական դրոշի հետ միաժամանակ դուրս բերելու և տեղադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

 

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հոդված 12. Անցումային դրույթներ

 

1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-39-Ն)

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «ՀՍՍՀ պետական դրոշի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1967 թվականի սեպտեմբերի 30-ի հրամանագիրը և «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության 1990 թվականի օգոստոսի 24-ի ՀՆ-0076-1 օրենքը:

(12-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-39-Ն)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի  4
Երևան
ՀՕ-149-Ն

Հավելված
«Հայաստանի Հանրապետության
դրոշի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի

Պ Ա Տ Կ Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ

Ներմուծեք նկարագրությունը_15305

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան