Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-16-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.66
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

 1. Սույն օրենքը կարգավորում է դատական, վարչական ակտերի, կատարողական մակագրության թերթերի (այսուհետ՝ նաև կատարման ենթակա ակտեր) հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի (այսուհետ` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն)՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը և 4-րդ մասի վեցերորդ և յոթերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության օրենքից» բառերը փոխարինել «օրենքից և «Հանրային ծառայության մասին» օրենքից,» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.

«3. Հարկադիր կատարողների բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են հարկադիր կատարողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

4. Հարկադիր կատարողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 4.   Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները

 

 1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) հարկադիր կատարման ծառայության գլխավոր պաշտոններ.

2) հարկադիր կատարման ծառայության առաջատար պաշտոններ:

3. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է գլխավոր հարկադիր կատարողը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Անվանացանկում չեն ներառվում գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների պաշտոնները:

4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողները համարվում են հարկադիր կատարման ծառայողներ (այսուհետ՝ հարկադիր կատարողներ):

5. Գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկում։

6. Սույն օրենքով հարկադիր կատարողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհվում է գլխավոր հարկադիր կատարողին և նրա տեղակալներին: Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում է վարչապետը:»:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 2-րդ և 3-րդ տողերը հանել:

 

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «համապատասխան կոչում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի» բառերով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը և 5-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․

«3.1. Հարկադիր կատարման ծառայությունում հարկադիր ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում է հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչում: Հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխան սկզբնական կոչումները սահմանում է Կառավարությունը։»․

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 9. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

3. Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

4. Հարկադիր կատարման ծառայությունում հարկադիր կատարման ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո՝ մինչև պաշտոնի նշանակվելը, ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

 

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում՝

 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:».

 2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10 . Օրենքի 12-րդ հոդվածում՝

 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները».

 

2) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1․ Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

2 Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»․

 3) 3-5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3․ Հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն երկու տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի և փորձի:

5. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո:»․

4) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 11. Օրենքի 12.1-ին հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարողները պաշտոնի նշանակվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 9-րդ, 12-րդ և 40-րդ հոդվածների պահանջները:».

2) 3-12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենքի 12.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:».

2) 2-4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ատեստավորման կարգն ու պայմանները» բառերը փոխարինել «կատարողականի գնահատումը» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարողի կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:».

3) 2-11-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարողի վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

2. Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».

2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

 Հոդված 16. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 16. Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը 

 

 1. Հարկադիր կատարողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Հարկադիր կատարողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`

1) կենտրոնական մարմնի բաժինների պետերին, Երևանի քաղաքային բաժինների պետերին, մարզային բաժինների պետերին, բաժինների պետերի տեղակալներին, բաժանմունքների պետերին պարտադիր ռոտացիայի կարգով այլ պաշտոնի փոխադրելով` տվյալ պաշտոնում նվազագույնը երեք և առավելագույնը հինգ տարվա ծառայություն անցնելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ:

3. Հարկադիր կատարողը, իր դիմումի համաձայն, կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր:»:

 

Հոդված 17 . Օրենքի 17-րդ հոդվածից հանել «բարձրագույն,» բառը:

 

Հոդված 18. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, հարկադիր կատարողի հիմնական իրավունքներն են՝.

2) 1-ին մասի 1-7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին մասի 9-րդ կետից հանել «և ատեստավորման» բառերը.

4) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 19. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, հարկադիր կատարողի հիմնական պարտականություններն են՝».

2) 1-ին մասի 1-4-րդ, 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն: Ծառայողական քննություն անցկացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:».

4) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 20. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 2-րդ կետը «այլ» բառից առաջ լրացնել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի,» բառերով,

բ. 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. 12-րդ կետից հանել «մասնագիտական և» բառերը.

2) 3-րդ մասի՝

ա. առաջին նախադասությունը հանել,

բ. երկրորդ նախադասության «նաև» բառը հանել, իսկ «այլ հանձնարարություններ» բառերը փոխարինել «հանձնարարությունները» բառով:

 

Հոդված 21. Օրենքի 8-րդ գլխի վերնագիրը «ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ» բառերով:

 

Հոդված 22. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը «պաշտոններ» բառից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով:

 

Հոդված 23. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 30. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ հարկադիր կատարողն իրավունք չունի լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի:»:

 

 Հոդված 24. Օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «8. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր և առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին արձակուրդ տրամադրում է գլխավոր հարկադիր կատարողը:»:

 

Հոդված 25. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) վերնագրի «խրախուսանքի տեսակները» բառերը փոխարինել «խրախուսանքները» բառով.

2) 1-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկադիր կատարողների նկատմամբ խրախուսանք կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց նշանակած հարկադիր կատարողների նկատմամբ:

2. Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը` համապատասխան նախարարի համաձայնությամբ:

3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար հարկադիր կատարողը կարող է պարգևատրվել մեդալով կամ կրծքանշանով:

4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».

3) 5-7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 26. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 35. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել նաև մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:

3. Մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող հարկադիր կատարողների նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:

4. Ծառայությունից ազատում կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:

5. Կարգապահական տույժերը կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց նշանակած հարկադիր կատարողների նկատմամբ:»:

 

Հոդված 27. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 36. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը

 

 1. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

 

Հոդված 28. Օրենքի 37-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 29. Օրենքի 38-րդ հոդվածում`

1) 1-ին մասի՝

ա. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

8) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.»,

բ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 12-14-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

13) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.

14) երկու տարի անընդմեջ վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:».

2) վերջին պարբերությունը հանել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-4-րդ մասերով.

«2. Հարկադիր կատարողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:

3. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու հարկադիր կատարողի լիազորությունները:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հարկադիր կատարողի լիազորությունները դադարեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:»:

 

Հոդված 30. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 31. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 32. Օրենքի 42-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 33. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին և 52.2-րդ հոդվածներով.

 

 «Հոդված 52.1. Պաշտոնի անձնագիրը

 

1. Հարկադիր կատարման պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր: Պաշտոնի անձնագրի հաստատման և փոփոխման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) հարկադիր կատարման ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող հարկադիր կատարողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:

3. Հարկադիր կատարման ծառայությունում հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է գլխավոր հարկադիր կատարողը:

 

 Հոդված 52.2. Հարկադիր կատարողի անձնական գործը

 

1. Հարկադիր կատարողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Հարկադիր կատարողի անձնական գործը վարում է կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 34.

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված հոդվածների:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը: Հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

3․ Սույն օրենքի 8-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը և 11-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում հարկադիր կատարման ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը: Հարկադիր կատարման ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

4. Սույն օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածները և 18-րդ հոդվածի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-16-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան