ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է տեղական հանրաքվեի անցկացման սկզբունքները, կարգավորում է տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքի, տեղական հանրաքվեի դրվող հարցերի, նախագիծը կամ համայնքային նշանակության հանրային հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգի, տեղական հանրաքվեի դրվող հարցի հրապարակման, տեղական հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, տեղական հանրաքվեի դրված ակտերի ուժի մեջ մտնելու և հանրաքվեի փաստաթղթերը պահպանման հանձնելու հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. | Տեղական հանրաքվեն և դրա անցկացման սկզբունքները |
1. Տեղական հանրաքվեն համայնքի գործերի կառավարմանն անմիջականորեն մասնակցելու եղանակ է, որն իրականացվում է տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության հանրային հարցերով քվեարկության միջոցով:
2. Տեղական հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
3. Տեղական հանրաքվեին մասնակցող յուրաքանչյուր անձ ունի մեկ ձայնի իրավունք:
4. Տեղական հանրաքվեն անցկացվում է տվյալ համայնքի տարածքում:
Հոդված 3. | Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքը |
1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող անձինք:
2. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
Հոդված 4. | Տեղական հանրաքվեի դրվող հարցերը |
1. Տեղական հանրաքվեի կարող են դրվել տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության հանրային հարցերը, բացառությամբ՝
1) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող հարցերի.
2) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններին առնչվող հարցերի.
3) համայնքի ղեկավարի աշխատակազմի ձևավորմանը վերաբերող հարցերի.
4) համայնքի բյուջեի ընդունման կամ փոփոխման, ինչպես նաև համայնքի ֆինանսական պարտավորությունների կատարման կամ փոփոխման մասին հարցերի.
5) համայնքի սեփականության օտարման մասին հարցերի.
6) բնակչության պաշտպանության, առողջությունն ու անվտանգությունն ապահովող արտակարգ և շտապ միջոցառումներ ձեռնարկելու մասին հարցերի.
7) պատմության, մշակույթի, բնության հուշարձաններին և արգելանոցներին վնաս հասցնող հարցերի.
8) տեղական հարկերին, տուրքերին, վճարներին վերաբերող հարցերի.
9) միջհամայնքային միավորումներ ստեղծելու վերաբերյալ հարցերի.
10) այն հարցերը, որոնք արդեն իսկ դրվել են տեղական հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում և նույնաբովանդակ են:
1.1. Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ:
2. Տեղական հանրաքվեով ընդունված ակտը կարող է փոփոխվել միայն տեղական հանրաքվեով:
3. Տեղական հանրաքվեի դրվող հարցը ձևակերպվում է այնպես, որ հնարավոր լինի դրան տալ միանշանակ պատասխան:
4. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված տեղական հանրաքվեի դրվող հարցը ձևակերպվում է հետևյալ կերպ. «Համաձա՞յն եք …. (նշվում են Կառավարության ներկայացրած նախագծում ներառված բոլոր համայնքների անվանումները) համայնքների միավորմանը (բաժանմանը):
(4-րդ հոդվածը լրաց. 19.12.19 ՀՕ-307-Ն)
(4-րդ հոդվածի 1.1-ին մասն այնքանով, որքանով չի ապահովում համայնքների միավորման կամ բաժանման հարցի վերաբերյալ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ճանաչվել է Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր 14.05.21 ՍԴՈ-1593 որոշմամբ)
Հոդված 5. | Տեղական հանրաքվե անցկացնելու արգելքը |
1. Տեղական հանրաքվե չի կարող անցկացվել Ազգային ժողովի կամ տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը:
2. Տեղական հանրաքվե չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության կամ տվյալ համայնքի տարածքում ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:
3. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված տեղական հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչև համայնքի ղեկավարի կողմից տեղական հանրաքվե նշանակելը, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը սկսված հարցը տեղական հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են և վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՐՑԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼԸ, ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
Հոդված 6. | Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության սուբյեկտները |
1. Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք, տվյալ համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը և համայնքի ղեկավարը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող մինչև նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք:
(6-րդ հոդվածը լրաց. 19.12.19 ՀՕ-307-Ն)
(6-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի ապահովում համայնքների միավորման կամ բաժանման հարցի վերաբերյալ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ճանաչվել է Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր 14.05.21 ՍԴՈ-1593 որոշմամբ)
Հոդված 7. | Համայնքի բնակչության նախաձեռնությամբ հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգը |
1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքի բնակիչների ներկայացրած հարցը համայնքի ավագանու կողմից չընդունվելու դեպքում հարցի ընդունման նախաձեռնությանը տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ևս 10 տոկոսի միանալու դեպքում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցված նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար: Համայնքի բնակիչների ներկայացրած հարցը համարվում է համայնքի ավագանու կողմից չընդունված նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից հարցը չքննարկվելու կամ հարցի վերաբերյալ որոշում չընդունվելու դեպքում:
2. Տեղական հանրաքվեով ընդունված ակտը փոփոխելու նպատակով կամ առանց հարցը համայնքի ավագանուն ներկայացնելու հարցի ընդունման նախաձեռնությանը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված թվից առնվազն 10 տոկոս ավել թվով տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց միանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար:
3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից ստորագրությունների վավերականությունը հաստատվելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը տեղական հանրաքվեի դրվող հարցը ներկայացնում է համայնքի ղեկավարին:
Հոդված 7.1. | Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համայնքի բնակիչների կողմից հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգը |
1. Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում Կառավարության լիազոր պետական մարմինը պաշտոնապես ծանուցում է համապատասխան համայնքների ղեկավարներին:
2. Լիազոր պետական մարմնի ծանուցելուց հետո համայնքների ղեկավարները եռօրյա ժամկետում իրազեկում են համապատասխան համայնքների բնակիչներին համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար (առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր հինգ հարյուր բնակչի համար), ծանուցումը փակցնելու և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով:
3. Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցված նախաձեռնող խումբը դիմում է համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեում տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության կամ օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորության վերաբերյալ հարցմամբ:
4. Հարցումն ստանալուց հետո համայնքի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ոստիկանություն՝ համայնքում տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ հարցմամբ:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված մարմինները երեք աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարին տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվությունը:
6. Տեղեկատվությունն ստանալուց հետո համայնքի ղեկավարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին տրամադրում է տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկանք:
7. Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության վերաբերյալ տեղեկանք ստանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը նախաձեռնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հարցի վերաբերյալ նախաձեռնությանը միանալու ստորագրահավաք:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախաձեռնությանը տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց առնվազն 20 տոկոսի միանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար:
(7.1-ին հոդվածը լրաց. 19.12.19 ՀՕ-307-Ն)
Հոդված 8. | Տեղական հանրաքվեի նշանակումը և անցկացումը, տեղական հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը |
1. Սույն օրենքի 7-րդ, 7.1-ին հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը նշանակում է տեղական հանրաքվե կամ մերժում է տեղական հանրաքվեի նշանակումը, եթե տեղական հանրաքվեի դրվող հարցը հակասում է օրենքին, կամ չեն տրամադրվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Համայնքի ղեկավարի՝ հանրաքվեի նշանակումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
2. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ համայնքի ղեկավարի կողմից տեղական հանրաքվեի անցկացումը նախաձեռնելու դեպքում համայնքի ավագանին մեկամսյա ժամկետում տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունում է իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունելուց կամ նախաձեռնող խմբի կողմից հավաքված և անհրաժեշտ քանակի ստորագրությունների վավերականության հաստատման մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը նշանակում է հանրաքվե:
4. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը և տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը հավաստող փաստաթղթերը համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով: Ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս դրանք լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում փաստաթղթերը չլրացնելու դեպքում ներկայացված փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի գրությամբ վերադարձվում են համայնքի ղեկավարին:
5. (մասն ուժը կորցրել է 19.12.19 ՀՕ-307-Ն)
6. Տեղական հանրաքվե կարող է նշանակվել միայն օրացուցային ոչ աշխատանքային օրը: Տեղական հանրաքվեն անցկացվում է նշանակման օրվանից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո:
7. Նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված տեղական հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Համայնքի ղեկավարը տեղական հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում:
8. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը պաշտոնապես հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
9. Համայնքի ղեկավարի կողմից տեղական հանրաքվե նշանակվելուց հետո այլ տեղական հանրաքվե նշանակելու անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարը այլ տեղական հանրաքվեն նշանակում է արդեն նշանակված տեղական հանրաքվեի հետ նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված տեղական հանրաքվեի օրվանից առնվազն 15 օր հետո:
10. Տեղական հանրաքվեի դրված ակտի նախագիծը հրապարակվում է համայնքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքերում տեղական հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
(8-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 19.12.19 ՀՕ-307-Ն)
(8-րդ հոդվածի 1-ին մասը` նույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո տեղական հանրաքվեի նշանակումն անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության հիմքով համայնքի ղեկավարի կողմից մերժման ենթակա լինելու, ճանաչվել է Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր 14.05.21 ՍԴՈ-1593 որոշմամբ)
(8-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը՝ համայնքի բյուջեում համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ այդ միջոցների անբավարարության դեպքում համապատասխան ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին կատարելը չնախատեսելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր 14.05.21 ՍԴՈ-1593 որոշմամբ)
ԳԼՈՒԽ 3
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎՈՂ ՀԱՐՑԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԻԱՆԱԼԸ
Հոդված 9. | Ստորագրությունների հավաքումը |
1. Տեղական հանրաքվե նախաձեռնելու նպատակով տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող առնվազն 5, իսկ Երևան, Գյումրի, Վանաձոր համայնքներում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող առնվազն 25 անձ կարող է ձևավորել նախաձեռնող խումբ:
2. Նախաձեռնող խումբը գրանցման համար Երևան քաղաքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ մնացած համայնքներում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում նախաձեռնող խմբի բոլոր անդամների ստորագրած՝ նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, որում առկա ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով, իր անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող տեղական ինքնակառավարման մարմնի որոշման նախագիծը՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով, և նախաձեռնող խմբի էլեկտրոնային փոստի հասցեն, որը նախաձեռնող խմբի գրանցումից հետո հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշման ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2.1 Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված հարցի նախաձեռնության դեպքում նախաձեռնող խումբը գրանցման համար կարող է դիմել սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքի ղեկավարի իրազեկելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
3. Համապատասխան ընտրական հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում նախաձեռնող խումբը գրանցելու կամ նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին, եթե պահպանված չեն սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, կամ ներկայացված հարցը, սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, չի կարող դրվել տեղական հանրաքվեի: Համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից և մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
4. Համապատասխան ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խումբը գրանցելու մասին որոշման Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, նախաձեռնող խմբի անդամներին տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևի վկայական:
5. Գրանցումից հետո նախաձեռնող խումբն իրավունք է ստանում ձեռնարկելու տեղական հանրաքվե նշանակելու նախաձեռնությանը համայնքի բնակիչների միացումը՝ ստորագրություններ հավաքելու միջոցով:
6. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցվում է՝
1) նախաձեռնող խմբի որոշման հիման վրա նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումով.
2) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում համապատասխան ընտրական հանձնաժողով չդիմելու դեպքում.
3) սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում տեղական հանրաքվեի դրվող հարցը համայնքի ղեկավարին չներկայացնելու մասին գրությամբ համապատասխան ընտրական հանձնաժողովին իրազեկելու դեպքում.
4) տեղական հանրաքվեի դրված հարցը օրենքին հակասելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելու, իսկ որոշումը բողոքարկելիս՝ այն ուժի մեջ թողնելու դեպքում.
5) տեղական հանրաքվեի դրված հարցի չընդունման դեպքում տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու, իսկ այդ որոշումը բողոքարկելիս՝ ուժի մեջ թողնելու դեպքում.
6) տեղական հանրաքվեի դրված հարցի ընդունման դեպքում:
7. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցնում է համապատասխան ընտրական հանձնաժողովը՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
8. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների միջոցով՝ տեղում ստորագրելու կամ էլեկտրոնային եղանակով:
9. Տեղում ստորագրելու դեպքում ձևաթերթիկում լրացվում են ստորագրողի անձնագրային տվյալները, ձևաթերթիկը ստորագրվում և հանձնվում է ստորագրությունների հավաքումն իրականացնող անձին, իսկ էլեկտրոնային եղանակի դեպքում ձևաթերթիկն ստորագրվում է էլեկտրոնային նույնականացման եղանակով:
10. Տեղում ստորագրությունների հավաքման համար օգտագործվող ձևաթերթիկներ նախաձեռնող խմբի անդամներին չեն տրամադրվում, դրանք ներբեռնում և տպագրում է նախաձեռնող խումբը:
11. Տեղում ստորագրությունների հավաքում կազմակերպվում է համապատասխան համայնքի՝
1) համայնքապետարանում.
2) բազմաբնակավայր համայնքներում՝ նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում.
3) Երևան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում:
12. Տեղում ստորագրությունների հավաքումն իրականացնում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ, ինչպես նաև իրականացնում են նոտարները` նոտարական գրասենյակներում: Տեղում ստորագրությունների հավաքման վայրը տրամադրում են մարմինների ղեկավարները նախաձեռնող խմբի գրավոր դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում:
13. Տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
14. Տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտնած հասցեով՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով:
15. Ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք:
16. Ստորագրությունների հավաքմանը (նախաձեռնել, կազմակերպել, օժանդակել) կարող են ներգրավվել 16 տարին լրացած քաղաքացիները:
17. Նախաձեռնող խումբն ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպում է գրանցվելուց հետո՝
1) 60 օրվա ընթացքում.
2) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ 90 օրվա ընթացքում.
3) սույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված դեպքում՝ 30 օրվա ընթացքում:
18. Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկում ստորագրություններ կարող են հավաքվել միայն տվյալ համայնքի ամբողջ տարածքում՝ առանց որևէ համամասնության սահմանման:
19. Ստորագրությունների հավաքման կարգը սահմանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
20. Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների նմուշները ներբեռնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
(9-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.12.19 ՀՕ-307-Ն)
Հոդված 10. | Ստորագրությունների վավերականության հաստատումը |
1. Օրենքով նախատեսված նվազագույն քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է համապատասխան ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելով ստորագրված ձևաթերթիկները: Նոտարական կարգով տրված ստորագրությունները կարող են ներկայացվել համապատասխան ընտրական հանձնաժողով դրանք տված անձանց կամ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից մինչև սույն մասով սահմանված ժամկետի ավարտը:
2. Համապատասխան ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրությունների հավաքման ձևաթերթիկներն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, իրականացնում է հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում:
3. Ստորագրությունների ստուգումից հետո սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում համապատասխան ընտրական հանձնաժողովն ընդունում է ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին որոշում, եթե առկա են օրենքով պահանջվող անհրաժեշտ քանակի վավեր ստորագրություններ, իսկ հակառակ դեպքում մերժում է ստորագրությունների վավերականության հաստատումը: Հավաքված ստորագրությունները համարվում են վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված են պատշաճ ձևով: Եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական չեն կամ լրացված են ոչ պատշաճ ձևով, ապա ստորագրությունը հանվում է ներկայացված ստորագրությունների խմբաքանակից: Եթե անձի տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ անձի միայն մեկ ստորագրությունը:
4. Համապատասխան ընտրական հանձնաժողովը ստորագրությունների վավերականությունը հաստատելու կամ հաստատումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է նախաձեռնության լիազոր ներկայացուցչին, եթե համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը չի ստացել որոշումը, ինչպես նաև մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
5. Նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, տեղական հանրաքվեի դրվող հարցը ներկայացնում է համայնքի ղեկավարին:
6. Ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու մասին որոշումը նախաձեռնող խումբը կարող է բողոքարկել դատական կարգով:
7. Ստորագրությունների վավերականության հաստատումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 4
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 11. | Տեղական հանրաքվեի հանձնաժողովների համակարգը |
1. Տեղական հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումն ապահովում են Սահմանադրությանը և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն կազմավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տարածքային ընտրական հանձնաժողովները և տեղամասային ընտրական հանձնաժողովները:
2. Երևան քաղաքում տեղական հանրաքվեն կազմակերպում և անցկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ մնացած համայնքներում հանրաքվեն կազմակերպում և անցկացնում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովները:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու իրավունք ունեն «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը՝ յուրաքանչյուրը երկու անդամ, և տարածքային ընտրական հանձնաժողովը՝ երեք անդամ: «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հանրաքվեի քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 35 օր առաջ: Եթե «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերը սահմանված ժամկետում տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացնում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հայտարարություն է հրապարակում իր համացանցային կայքում, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը համալրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
4. Հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումն ապահովելու համար ընտրական հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենքով նախատեսված լիազորությունները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովներին վերապահված այն լիազորությունները, որոնք կիրառելի են և անհրաժեշտ հանրաքվեի կազմակերպման և իրականացման համար:
5. Տեղական հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովների գործունեության կարգը, ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը, ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման կարգը, հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկման և քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը որոշվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:
Հոդված 12. | Տեղական հանրաքվեի հրապարակայնությունը |
1. Տեղական հանրաքվեի հրապարակայնությունը ապահովվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով:
Հոդված 13. | Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները, տեղական հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները և տեղական հանրաքվեի ֆինանսավորումը |
1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները (այսուհետ` ցուցակներ) կազմելու և վարելու, անձանց ցուցակներում ընդգրկելու, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու, ընտրական հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելու կարգը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակները կազմելուն, վարելուն, անձանց ընտրողների ցուցակներում ընդգրկելուն, ընտրողների ցուցակներին առաջադրվող պահանջներին, ցուցակների մատչելիությանը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելուն, ցուցակները ճշտելուն և հրապարակման համար ցուցակները տրամադրելուն վերաբերող դրույթներով սահմանված կարգով:
2. Տեղական հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
3. Տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման (ներառյալ` ցուցակների կազմման) ծախսերը կատարվում են համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
4. Տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար հատկացված համայնքային բյուջեի միջոցների օգտագործման հաշվեքննությունն իրականացնում է Հաշվեքննիչ պալատը՝ օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. | Քարոզչության հիմնական կանոնները |
1. Տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն իրականացնելու իրավունք ունեն տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը և հասարակական կազմակերպությունները: Քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
2. Քարոզչությունն սկսվում է տեղական հանրաքվե նշանակելու մասին համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթերորդ օրը, և ավարտվում է քվեարկությունից մեկ օր առաջ: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:
3. Տեղական հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով կարող է գործել մեկ «ԱՅՈ» և մեկ «ՈՉ» քարոզչության կողմ: Սույն հոդվածի 1-ին մասում նշված քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են քարոզչություն իրականացնել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին միանալու միջոցով կամ առանձին:
4. Քարոզչության իրականացման հանրային միջոցներից (հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի անվճար և վճարովի եթերաժամեր, արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունք, համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար առանձնացված անվճար տեղեր) կարող են օգտվել «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը, իսկ այլ անձինք քարոզչության իրականացման հանրային միջոցներից կարող են օգտվել միայն քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի գրավոր համաձայնության հիման վրա՝ համաձայնության մեջ նշված պայմաններով, որոնք չեն կարող հակասել քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված պահանջներին:
5. Տեղական հանրաքվե նշանակելու մասին համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը համարվում է «ԱՅՈ» քարոզչության կողմ:
6. «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ է համարվում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը՝ համայնքի բնակիչների նախաձեռնության դեպքում, համայնքի ղեկավարը՝ իր նախաձեռնության դեպքում և նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրության մեջ որպես ներկայացուցիչ նշված տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշման նախագծին կողմ քվեարկած համայնքի ավագանու անդամներից մեկը՝ համայնքի ավագանու անդամների նախաձեռնության դեպքում:
7. «ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձևավորել միայն տեղական հանրաքվե անցկացնելու մասին ավագանու որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած ավագանու անդամները: «ՈՉ» քարոզչության կողմը ենթակա է գրանցման Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղական հանրաքվեի նշանակելու մասին համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:
8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված սուբյեկտների կողմից որպես «ՈՉ» քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 25 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբը:
9. «ՈՉ» քարոզչության կողմը ձևավորման պահից եռօրյա ժամկետում գրանցման նպատակով գրություն է ներկայացնում համապատասխան ընտրական հանձնաժողով:
10. Գրության մեջ նշվում է «ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչը, իսկ գրությանը կից ներկայացվում են «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները:
11. Համապատասխան ընտրական հանձնաժողովը գրությունը և փաստաթղթերն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, գրանցում է «ՈՉ» քարոզչության կողմին և նրա լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե չի պահպանվել սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետը:
12. Համապատասխան ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակում է տեղեկատվություն այն մասին, թե ով է հանդիսանում «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմ, ինչպես նաև «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի լիազոր ներկայացուցիչների անունը, ազգանունը և նրանց հետ կապի միջոցները:
13. Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
3) դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին.
4) ընտրական հանձնաժողովների անդամներին.
5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.
6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց.
7) Մարդու իրավունքների պաշտպանին.
8) Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին.
9) Հաշվեքննիչ պալատի անդամներին.
10) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին.
11) ինքնավար մարմինների անդամներին:
12)
14. Արգելվում է՝
1) քարոզչության ժամանակ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ.
2) քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերի հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն դրույթների կատարումն ապահովում է ոստիկանությունը:
(հոդվածը 07.05.21 ՀՕ-211-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(07.05.21 ՀՕ-211-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 15. | Քարոզչության իրականացման եղանակները |
1. Պետությունը երաշխավորում է տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը:
2. Քարոզչության ազատ իրականացումն ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` ժողովներ, հանդիպումներ և տեղական հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով քարոզչության կողմին դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք քարոզչության կողմին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները քարոզչության կողմերին կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին և միայն այն դեպքերում, երբ տվյալ համայնքում (Երևանի վարչական շրջանում) գոյություն չունեն քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ:
3. Հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան յոթ օր հետո մարզպետը, Երևանում Երևանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում տվյալ համայնքում (Երևան քաղաքում) այն դահլիճների և շինությունների ցանկը, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անվճար տրամադրվում են քարոզչության կողմերին ժողովներ, հանդիպումներ և հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Այդ ցանկը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Սույն մասով նախատեսված տարածքները քարոզչության կողմերին տրամադրվում են հավասար պայմաններով:
4. Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձևով հրապարակել և տարածել քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր: Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ: Փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը քվեարկության օրը և դրա նախորդ օրը կարող են մնալ իրենց տեղերում:
5. Համայնքի ղեկավարը հանրաքվե նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել:
6. Քարոզչության կողմերին հատկացված տեղերը պետք է հնարավորին չափ հարմար և մատչելի լինեն քվեարկողների այցելության համար, ապահովեն հավասար մակերես «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության համար:
7. Քվեարկության օրը և դրա նախորդ օրը տեղամասային կենտրոնում չգտնվող պաստառները կարող են մնալ իրենց տեղերում: Համայնքի ղեկավարները հետևում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն:
8. Քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործումը, զանգվածային լրատվության միջոցներով քարոզչությունն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամերի քանակը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Զանգվածային լրատվության միջոցներով տրամադրվող անվճար և վճարովի եթերաժամերի ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ եթերաժամ տրամադրելու համար սահմանված ժամկետից առնվազն հինգ օր առաջ: Եթերաժամերի ժամանակացույցը սահմանվում է այնպես, որ այն քարոզչության կողմերի համար ապահովի հավասար հնարավորություններ, էականորեն չնվազեցնի քարոզչության ներգործությունը հանրության վրա կամ որևէ այլ ձևով հանգեցնի քարոզչության փաստացի արգելմանը կամ նվազեցնի քարոզչության արդյունավետությունը:
9. Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով քարոզչության համար տրամադրվող վճարովի և անվճար ժամերի քանակը պետք է հավասար լինի: Քարոզչության կողմերն իրավունք ունեն`
1) անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 60 րոպե.
2) վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 90 րոպե` քարոզչության հիմնադրամի միջոցների հաշվին:
10. Քարոզչության կողմերին վճարովի և անվճար եթերաժամը տրամադրվում է եթերաժամ տրամադրողին ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա:
11. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:
12. Արգելվում է հանրաքվեի քվեարկության օրը` մինչև ժամը 20:00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին հրապարակել հանրաքվեի մասնակիցների «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկելու արդյունքների մասին:
Հոդված 16. | Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը և հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը |
1. Քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ: Քարոզչության ֆինանսավորման վրա տարածվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչությանը մասնակցող այլ անձինք առանձին հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:
2. Քարոզչության հիմնադրամը բացվում է Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում: Այս բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Քարոզչության հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումների հիման վրա բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:
3. Հիմնադրամը ձևավորվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:
4. Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն`
1) տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձինք.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.
3) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).
3) օտարերկրյա պետությունները և իրավաբանական անձինք.
4) բարեգործական, կրոնական և միջազգային կազմակերպությունները.
5) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները.
6) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները:
5. Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից քարոզչության հիմնադրամում մուծված գումարները և քարոզչության հիմնադրամների հաշվին կատարված անանուն մուծումները փոխանցվում են համայնքային բյուջե: Քարոզչության ավարտից հետո՝ երկու բանկային օրվա ընթացքում, համայնքային բյուջե է փոխանցվում նաև քարոզչության հաշվի մնացորդը:
6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
7. Մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքում հիմնադրամում մուծում կարող է կատարվել նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով, իսկ 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով:
8. Քարոզչության հիմնադրամում մուծում կատարելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կատարել կամավոր մուծում նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար մինչև`
1) 50-ապատիկի չափով` մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.
2) 100-ապատիկի չափով` 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում:
9. Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են համայնքային բյուջե:
10. Արգելվում են քարոզչության ընթացքում հանրային ֆինանսների ու պետական մարմինների միջոցներ ու հնարավորություններ օգտագործելը, ինչպես նաև հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:
11. Քարոզչության հիմնադրամից միջոցների օգտագործումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն:
12. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում քարոզչության հիմնադրամի ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
13. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:
14 . Քարոզչության կողմերի դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո:
15. Քվեարկության օրվանից հետո հիմնադրամում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել հանրաքվեի արդյունքների բողոքարկման, ներառյալ՝ փաստաբանական ծառայություններից օգտվելու նպատակով՝ այդ մասին իրազեկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
16. Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, ինչպես նաև տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփելուց հետո ոչ ուշ, քան 10-րդ օրը, ինչպես նաև տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան երեք օր առաջ: Հայտարարագրին ներկայացվող պահանջները, քարոզչության հիմնադրամի միջոցների օգտագործման կարգը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:
(07.05.21 ՀՕ-211-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-4-րդ, 6-8-րդ և 12-րդ կետերն ուժի մեջ կմտնեն 01.01.22 թվականին, իսկ 5-րդ, 9-11-րդ և 13-րդ կետերը` 01.01.23 թվականին)
(07.05.21 ՀՕ-211-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ԳԼՈՒԽ 6
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ
Հոդված 17. | Դիտորդական առաքելության իրավունքը և վստահված անձը |
1. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները.
2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները տեղական հանրաքվե նշանակելու օրվան նախորդող առնվազն վեց ամսվա ընթացքում ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.
3) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:
2. Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
3. Այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են հանրաքվեի ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել հանրաքվեի գործընթացի դիտարկում: Այցելուներին հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
4. Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
5. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների` տեղական հանրաքվեի վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:
6. Քարոզչության կողմերը կարող են ունենալ վստահված անձինք:
7. Վստահված անձ կարող են լինել միայն տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք: Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմինների ծառայողները, ոստիկանությունում և ազգային անվտանգության մարմիններում, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, պրոբացիայի ծառայության ծառայողները, զինծառայողները, դիտորդները, ընտրական հանձնաժողովի անդամները:
8. Քարոզչության կողմը վստահված անձանց վկայականներ ստանալու համար դիմումը քարոզչության կողմին գրանցած ընտրական հանձնաժողով է ներկայացնում հանրաքվե նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:
9. Դիմումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված տեղական հանրաքվեի տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ, որոնցում նշվում է քարոզչության կողմի անվանումը: Քարոզչության կողմը լրացնում է վկայականները և տրամադրում վստահված անձանց:
Հոդված 18. | Դիտորդների, վստահված անձանց, այցելուների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները |
1. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրումը, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները և գործունեության կարգը և երաշխիքները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը և վկայականների տրամադրումը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և սույն օրենքով:
2. Հանրաքվեի ժամանակ վստահված անձանց, ինչպես նաև այցելուների կարգավիճակը, գրանցումը, իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:
ԳԼՈՒԽ 7
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 19. | Տեղական հանրաքվեի քվեարկության նախապատրաստումը և անցկացումը |
1. Տեղական հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝
1) տեղական հանրաքվեի դրված հարցի տեքստը.
2) տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի բացատրական զեկույցը:
Հոդված 20. | Տեղական հանրաքվեի քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, կնիքները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, քվեատուփը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է քվեաթերթիկի և քվեարկության ծրարի ձևերը, իսկ քվեաթերթիկի նմուշը հաստատում է տարածքային ընտրական հանձնաժողովը: Քվեաթերթիկի նմուշը սահմանվում է այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը: Քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին:
2. Քվեաթերթիկում նշվում են հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը, «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
3. Քվեարկության ժամանակ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր անձ ստանում է մեկական քվեաթերթիկ և քվեարկության ծրար: Միաժամանակ երկու և ավելի հարցի վերաբերյալ տեղական հանրաքվե անցկացնելու դեպքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տրվում են հանրաքվեի դրված հարցերի թվին համապատասխան թվով քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ: Քվեաթերթիկները և ծրարները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:
4. Քվեարկության ծրարը պատրաստվում է անթափանց թղթից: Քվեարկության ծրարի ձևը և չափերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այնպես, որ հնարավորություն ընձեռվի ծրարում գտնվող քվեաթերթիկի վրա փակցնելու ինքնասոսնձվող դրոշմանիշ:
5. Ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են քվեարկության ամսաթիվը և ընտրական տեղամասի համարը: Ինքնասոսնձվող դրոշմանիշը ենթակա է հատուկ հաշվառման:
6. Քվեաթերթիկների, քվեարկության ծրարների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
7. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի՝ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրված տեղեկանքի հիման վրա:
8. Ինքնասոսնձվող դրոշմանիշերը տպագրվում են յուրաքանչյուր տեղամասի համար ընտրական տեղամասում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը կլորացված դեպի վեր՝ մինչև մոտակա հարյուրյակը, այն հաշվարկով, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը համապատասխանի քվեաթերթիկների թվին:
9. Տեղական հանրաքվեի ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեարկության ծրարները հատկացվում են քվեարկության նախորդ օրը` ընտրական տեղամասում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի մինչև 5 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվից 10-ով ավելի: Տվյալ ընտրական տեղամասի համար տպագրված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ամբողջ տպաքանակը քվեարկության նախորդ օրը հատկացվում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովին:
10. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվում են տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց գրանցման տեխնիկական սարքավորումներ: Տեխնիկական սարքավորումը պետք է պարունակի տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց էլեկտրոնային ցուցակը՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան:
11. Տեղական հանրաքվեի ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովներին և տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անհատական կնիքները, քվեատուփերը, տեխնիկական սարքավորումները և մյուս պարագաները հատկացվում և վերադարձվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 21. | Ձերբակալվածների, կալանավորվածների, զինծառայողների, դատապարտյալների քվեարկության նախապատրաստումն ու անցկացումը |
1. Ձերբակալվածների, կալանավորվածների, զինծառայողների, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող դատապարտյալների քվեարկության նախապատրաստման ու անցկացման, այդ թվում` տեղամասային կենտրոն մուտք գործելու, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների գրանցման և քվեարկության նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգավորումները:
Հոդված 22. | Քվեաթերթիկը լրացնելու կարգը |
1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:
2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակիցն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ քվեարկության մասնակցի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակցին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
3. Եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենքով կամ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում:
Հոդված 23. | Քվեաթերթիկների վավերականությունը |
1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`
1) միաժամանակ «ԱՅՈ» և «ՈՉ» բառերի դիմաց նշումներ է ներառում.
2) որևէ նշում չի ներառում.
3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է ավելորդ գրառում.
4) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը:
2. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե քվեարկությանը մասնակցողի մտադրությունը հստակ է և աներկբա:
3. Քվեաթերթիկը վավեր է, եթե առկա չէ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քվեաթերթիկի անվավերության հիմքերից որևէ մեկը:
Հոդված 24. | Սահմանված նմուշի քվեաթերթիկները |
1. Սահմանված նմուշի քվեաթերթիկ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած նմուշի այն քվեաթերթիկը, որը հանվել է ծրարից, և որի վրա փակցված է այդ ընտրական տեղամասի ինքնասոսնձվող դրոշմանիշը:
ԳԼՈՒԽ 8
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 25. | Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը |
1. Տեղամասում տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
Հոդված 26. | Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`
1) ընտրական տեղամասում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված մասնակիցների թվերի գումարին.
2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը (լրացնում է տարածքային հանձնաժողովը).
4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների թիվը (լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովը).
5) քվեարկության մասնակիցներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների թիվը.
6) քվեարկության մասնակիցներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը.
7) քվեարկության մասնակիցներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը (սույն մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված թվերի գումարը).
8) չօգտագործված համարակալված կտրոնների թիվը.
9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը.
10) անվավեր քվեաթերթիկների թիվը.
11) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
12) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը:
2. Արձանագրության կազմումը և ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը, տեղական հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելը իրականացվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:
Հոդված 27. | Անճշտությունները որոշելու կարգը |
1. Անճշտությունների չափը հաշվարկվում և արձանագրվում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
Հոդված 28. | Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունն ստանալուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները |
1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում: Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները:
2. Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները մուտքագրում է համակարգիչ: Տեղական հանրաքվեի քվեարկության արդյունքների աղյուսակավորումն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:
3. Տարածքային հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
4. Երևանի համայնքում տեղական հանրաքվեի ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում և այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հոդված 29. | Տարածքային ընտրական հանձնաժողովում տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփելու կարգը |
1. Տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է տեղական հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:
2. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո՝ 5-րդ օրը, իսկ Գյումրի, Վանաձոր համայնքներում տեղական հանրաքվեների դեպքում՝ 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն՝ համայնքում տեղական հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն՝ Երևան համայնքում տեղական հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ:
4. Համայնքում քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են՝
1) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը, որը հավասար է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձանց թվերի գումարին.
2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.
3) տեղամասային հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.
4) տեղամասային հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.
5) քվեարկության մասնակիցներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը.
6) քվեարկության մասնակիցներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.
7) քվեարկության մասնակիցներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը.
8) չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.
9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.
10) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
11) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
12) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
13) անճշտությունների գումարային չափը:
5. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը:
6. Ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
7. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո՝ 5-րդ օրը, իսկ Գյումրի, Վանաձոր համայնքներում տեղական հանրաքվեների դեպքում՝ 7-րդ օրը, հիմք ընդունելով համայնքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է համայնքում տեղական հանրաքվեի արդյունքները և ընդունում որոշում տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունված որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է տեղական հանրաքվեի արդյունքները և որոշում ընդունում տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:
9. Եթե տեղամասում քվեարկության կտրոնների թիվը պակաս է ինքնասոսնձվող դրոշմանիշը փակցնող քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին հանձնված օգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թվից, ապա հանձնաժողովի պակաս ինքնասոսնձվող դրոշմանիշ հանձնած անդամի (հանձնաժողովի նախագահի) տվյալները և գրանցամատյանի համապատասխան էջի պատճենը տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը որպես հնարավոր իրավախախտման մասին հաղորդում ներկայացնում է իրավապահ մարմիններ:
10. Արձանագրության մեկ օրինակը փակցվում է տարածքային ընտրական հանձնաժողովում՝ տեսանելի տեղում, սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտվելուց հետո:
11. Տարածքային ընտրական հանձնաժողովն արձանագրության և տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որոշման օրինակները հնգօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հոդված 30. | Տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփումը |
1. Տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփող համապատասխան ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է տեղական հանրաքվեի արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) տեղական հանրաքվեի դրված հարցի ընդունման մասին.
2) տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
3) տեղական հանրաքվեի դրված հարցի չընդունման մասին.
4) տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին.
5) իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հարցով անցկացված տեղական հանրաքվեի դեպքում՝ տեղական հանրաքվեն կայացած համարելու մասին:
2. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց մեկ քառորդը:
2.1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հարցով անցկացված տեղական հանրաքվեն համարվում է կայացած, եթե դրան մասնակցել է ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց 50 տոկոսը:
3. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:
4. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել համապատասխան համայնքում տեղական հանրաքվեի արդյունքների վրա, ապա տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին:
5. Եթե տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում կամ տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին կամ ունակ էին ազդել տեղական հանրաքվեի արդյունքների վրա, ապա տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին և համայնքում նշանակում է նոր քվեարկություն:
6. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դիմում վարչական դատարան կարող է ներկայացվել տեղական հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, մինչև ժամը 18:00-ն:
7. Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակվում և անցկացվում է սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում: Նոր քվեարկությունն անցկացվում է տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 30 օր հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով:
(30-րդ հոդվածը լրաց. 19.12.19 ՀՕ-307-Ն)
Հոդված 31. | Տեղական հանրաքվեով ընդունված որոշումների ուժի մեջ մտնելը |
1. Տեղական հանրաքվեով ընդունված համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ է մտնում տեղական հանրաքվեով ընդունված իրավական ակտի նորմատիվ իրավական ակտերի հրապարակման համար օրենքով սահմանված կարգով հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե տեղական հանրաքվեով ընդունված ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
2. Տեղական հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ տեղական հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո՝ ութերորդ օրը, եթե այդ հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան հայցադիմում չի ներկայացվել:
3. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան դիմում ներկայացվելու դեպքում տեղական հանրաքվեով ընդունված համայնքի ավագանու որոշումը հրապարակվում է դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը հրապարակվելուց հետո՝ ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:
Հոդված 32. | Տեղական հանրաքվեի փաստաթղթերը պահպանելու հանձնելը |
1. Տեղական հանրաքվեի արդյունքների մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթնօրյա ժամկետում, իսկ տեղական հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթնօրյա ժամկետում, հանրաքվեի փաստաթղթերը պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:
Հոդված 33. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Ուժը կորցրած ճանաչել «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-304 օրենքը:
Հանրապետության նախագահ 2018 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-347-Ն
Ա. Սարգսյան