Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-294-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.26/100(1553) Հոդ.1242
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «արժեթղթավորման հիմնադրամների» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4.

Սնանկության գործերի ենթակայությունը

 

1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ` դատարան): Սնանկության գործը վարվում է դատավորի կողմից միանձնյա:

2. Վերաբաշխման արդյունքում սնանկության գործն այլ դատավորի հանձնվելու դեպքում սնանկության գործի վարումը շարունակվում է ընդհատման պահից:

3. Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր):

4. Առանձին քաղաքացիական գործերը հարուցվում, քննվում և լուծվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնների խախտմամբ դատարանի կողմից վարույթ ընդունված գործերը դատարանն իր որոշմամբ հանձնում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` ընդհանուր իրավասության դատարան) քննությանը:

6. Ընդհանուր իրավասության դատարանից քաղաքացիական գործ ստանալու դեպքում դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Վճռաբեկ դատարանի նախագահը հնգօրյա ժամկետում որոշում է գործի ենթակայությունը: Վճռաբեկ դատարանի նախագահի որոշած դատարանը համարվում է իրավասու դատարան:

7. Սնանկության գործն ավարտվելու դեպքում առանձին քաղաքացիական գործերի քննությունը շարունակվում է, եթե առկա չեն այդ գործերի վարույթը կարճելու կամ այդ գործերով հայցը առանց քննության թողնելու հիմքեր:

8. Սնանկության գործը վարող դատավորի` առանձին քաղաքացիական գործով ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում առանձին քաղաքացիական գործը քննում է դատարանի այլ դատավորը:

9. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո սնանկության գործով կայացված դատական ակտը բեկանվելու (վերացվելու) և նոր քննության ուղարկվելու դեպքում գործը (հարցը) քննում է դատարանի նույն դատավորը, եթե առկա չեն ինքնաբացարկի հիմքեր:

10. Առանձին քաղաքացիական գործով կայացված` դատարանի դատական ակտը բեկանվելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում գործն ուղարկվում է դատարան և քննվում է դատարանի այլ դատավորի կողմից:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ կամ 2.1-ին կետերով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքում «դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում «հայց» բառը փոխարինել «դիմում» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կամավոր սնանկության դիմումը կարող է հետ վերցվել դիմումը դատարան մուտքագրվելուց հետո` եռօրյա ժամկետում: Հարկադրված սնանկության դիմումը կարող է հետ վերցվել դիմումը դատարան մուտքագրվելուց հետո` 15-օրյա ժամկետում, իսկ դիմումի քննությունը դատական նիստում իրականացվելու դեպքում այն կարող է հետ վերցվել մինչև դատական նիստն սկսելը:».

2) 4-րդ մասի «գործը» բառը փոխարինել «գործի վարույթը» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) դիմումում ժամանակավոր կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում` այդ թեկնածուի գրավոր համաձայնությունը` որպես ժամանակավոր կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Հարկադրված սնանկության դիմում ներկայացնելիս դիմումին կցվում են դիմումի օրինակը և դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի պատճենները` պարտապանների թվին համապատասխան: Մինչև հարկադրված սնանկության դիմում ներկայացնելը դիմումը և կից փաստաթղթերը դիմողը չի ուղարկում պարտապանին:

8. Հարկադրված սնանկության դիմում ներկայացնելիս պարտատերը կարող է միջնորդել դատարան` պարտապանին սնանկ ճանաչելուց հետո դիմումը դիտարկել նաև որպես պահանջ, եթե դիմումը համապատասխանում է նաև սույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին: Նման միջնորդություն ներկայացվելու դեպքում ներկայացվում է դիմումի և կից փաստաթղթերի ևս երկու օրինակ, իսկ սույն պահանջը չպահպանելու դեպքում միջնորդությունը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: Միջնորդություն ներկայացնելը չի սահմանափակում դիմողի` սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջ ներկայացնելու իրավունքը:»:

 

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը «սնանկության վտանգի մասին» բառերից առաջ լրացնել «կամավոր սնանկության կամ» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «և ենթակա է կարճման, եթե նախորդ վարույթի գործով պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ է օրինական ուժի մեջ մտնում» բառերը.

2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դատարանը սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ:».

3) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Դատարանը հարկադրված սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտատիրոջ (մի քանի պարտատերերի դեպքում` բոլոր պարտատերերի), իսկ կամավոր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտապանի ներկայացրած ժամանակավոր կառավարչի թեկնածուին դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ նշանակում է որպես ժամանակավոր կառավարիչ` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Եթե թեկնածու ներկայացված չէ, կամ նա չի համապատասխանում սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Դատարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու սնանկության կառավարչի միջև փաստաթղթաշրջանառությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, որի կարգը սահմանում է կառավարությունը:»:

 

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետի «անվճարունակ» բառը փոխարինել «սնանկ» բառով.

2) 4-րդ մասի «հայցվորի» բառը փոխարինել «դիմողի» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում «հայցվորի» բառը փոխարինել «դիմողի» բառով:

 

Հոդված 13. Օրենքի 15.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ հրավիրելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կառավարիչ է նշանակում պարտապանի ներկայացրած թեկնածուին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Ներկայացված կառավարչի թեկնածուի` սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված կարգով:»:

 

Հոդված 14. Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «կամ առանձին գերատեսչությունների հետ համաձայնեցված կարգով, այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության միջոցների» բառերը փոխարինել «, իսկ առկայության դեպքում` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) վերնագրի «և հարկադրված սնանկության դիմումների» բառերը փոխարինել «սնանկության դիմումի» բառերով.

2) 1-ին մասի «պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «օրվան հաջորդող եռօրյա ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում» բառերով.

3) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) վերնագրի «պարտատիրոջ (պարտատերերի)» բառերը փոխարինել «հարկադրված սնանկության» բառերով.

2) 1-ին մասում`

ա. առաջին պարբերության «պատճենը» բառը փոխարինել «և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները» բառերով,

բ. երրորդ պարբերության «16-րդ օրը» բառերը փոխարինել «մեկշաբաթյա ժամկետում» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.

«5. Սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

6. Դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե`

1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.

2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.

3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:

7. Սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքում ժամանակավոր կառավարչի (կառավարչի) դիմումի հիման վրա ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության մասով կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:»:

 

Հոդված 17. Օրենքի 17.1-ին հոդվածում`

1) վերնագրի «գործն ըստ էության լուծող» բառերը փոխարինել «գործով կայացված» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատարանի` սնանկության գործով կայացված վճիռներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սնանկության գործն ավարտելու մասին վճռի, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.

«2. Դատարանի` սնանկության գործով առանձին ակտի ձևով կայացված որոշումներն ուժի մեջ են մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու պահից:

3. Դատարանի` սնանկության գործով առանձին ակտի ձևով կայացված դատական ակտերն ուղարկվում են նաև համապատասխանաբար ժամանակավոր կառավարչին կամ կառավարչին:»:

 

Հոդված 18. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կողմերը սնանկության դիմումը հետ վերցնելու համար սահմանված ժամկետում կարող են կնքել հաշտության համաձայնություն: Կողմերի միջնորդությամբ նշված ժամկետը դատարանի որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև երկշաբաթյա ժամկետով: Եթե դատարանը երկարաձգել է կողմերի միջև հաշտության համաձայնություն կնքելու ժամկետը, և այդ ժամկետում հաշտության համաձայնություն չի կնքվել, ապա դատարանի սահմանած ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է վճիռ:»:

 

Հոդված 19. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. «բ» կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշմամբ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կայացնելու օրվանից ոչ ուշ, քան 40 օրվա, և ոչ շուտ, քան 30 օրվա ընթացքում:»,

«բ. «գ» կետի առաջին պարբերությունը «թողնելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գործի վարույթը կարճելու» բառերով, իսկ երկրորդ պարբերության «կամ առանձին գերատեսչությունների հետ համաձայնեցված կարգով, այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության միջոցների» բառերը փոխարինել «, իսկ առկայության դեպքում` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի» բառերով,

գ. «թ» կետն ուժը կորցրած ճանաչել,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) պարտապանին գրավոր պարզաբանում է սույն օրենքով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականության և դրա խախտման հետևանքների մասին` միաժամանակ պարզաբանումը հրապարակելով դատական իշխանության պաշտոնական կայքում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին վճիռ կայացնելու դեպքում նույն պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով այլ դիմումներով դատարանի վարույթում առկա գործերի վարույթը կարճվում է վճռի բողոքարկման ժամկետը լրանալուց, իսկ վճռի բողոքարկված լինելու դեպքում` օրինական ուժի մեջ մնալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:».

3) 5-րդ մասի «պարտատերերը կարող են» բառերը փոխարինել «յուրաքանչյուր պարտատեր կարող է» բառերով, իսկ նույն մասը «նյութերին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կառավարչից պահանջելու տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ» բառերով.

4) 6-րդ մասի «վճիռը» բառը փոխարինել «դատական ակտը» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20.

Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը

 

1. Դատարանի` սնանկության գործով վճիռները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել վճռի հրապարակման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն պարտապանը, պարտատերը (պարտատերերը):

3. Սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ սնանկության գործի վարույթը կարճելու մասին դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի նաև սնանկության ժամանակավոր կառավարիչը (կառավարիչը)` իր վարձատրության մասով:

4. Դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաև դատարանի նշանակած կառավարչի գործողությունները, եթե վերաքննիչ դատարանը չի կասեցրել դատական ակտի կատարումը:

5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելու և նոր քննության ուղարկվելու դեպքում սնանկության վարույթի ընթացքում բոլոր գործողությունները և ժամկետները կասեցվում են և շարունակվում են պարտապանին սնանկ ճանաչելու պահից:

6. Սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: Որոշումների բողոքարկումը չի կասեցնում այդ որոշումներից բխող գործողությունների կատարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի, կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կասեցնում է այդ գործողությունների կատարումը, եթե այդ միջնորդությամբ հիմնավորվում է, որ դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ պարտապանի կամ պարտատիրոջ համար:

7. Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, ինչպես նաև առանձին պահանջները հաստատելու մասին դատարանի որոշումը կարող են բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների կամ դրանց մի մասով: Որոշումը մասնակիորեն բողոքարկվելու դեպքում պահանջների վերջնական ցուցակը, ինչպես նաև առանձին պահանջները հաստատելու մասին դատարանի որոշումը՝ չբողոքարկված պահանջների կամ առանձին պահանջի չբողոքարկված մասով, մնում է ուժի մեջ:

8. Սնանկության գործի ընթացքում կայացվող որոշման դեմ բերված բողոքը քննվում և որոշում է կայացվում միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:

9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված որոշման դեմ բերված բողոքը վերաքննիչ դատարանը քննում և որոշում է կայացնում կոլեգիալ` երեք դատավորի կազմով, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 21. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ նախադասություններով. «Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են սնանկության գործի վարույթը կարճվելու և սնանկության դիմումը մերժվելու դեպքերում: Ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է սնանկ ճանաչված պարտապանի հաշվին:».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաև ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:».

4) 5-րդ մասի «սույն օրենքի 31-32-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «կառավարչի համար» բառերով:

 

Հոդված 22. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22.

Կառավարչի ընտրությունը և նշանակումը

 

1. Սնանկության գործով կառավարիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես կառավարիչ հաշվառված և գործունեությունը չկասեցված անձը:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, գործին որպես դիմող մասնակցած պարտատերը (եթե պարտատերերը մի քանիսն են, ապա բոլոր պարտատերերը միասին), իսկ կամավոր սնանկության դեպքում պարտապանը ժամանակավոր կառավարչին տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակելու դեմ կարող են ներկայացնել առարկություններ` սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքերի առնչությամբ: Առարկություններ ներկայացնելու հետ միաժամանակ համապատասխանաբար պարտատերը կամ պարտապանը կարող է ներկայացնել կառավարչի իր թեկնածուին` կցելով վերջինիս գրավոր համաձայնությունը` որպես կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ:

3. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով չառարկելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում ժամանակավոր կառավարչին կառավարիչ նշանակելու մասին, եթե նա համապատասխանում է սույն հոդվածով սահմանված պահանջներին:

4. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով առարկելու և կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ ներկայացվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում կառավարիչ նշանակելու մասին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն հոդվածով սահմանված պահանջներին:

5. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով առարկելու և կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ ներկայացված թեկնածուի` սույն հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պահանջագիրն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հատուկ համակարգչային ծրագրի միջոցով տարածքային սկզբունքով ընտրում է կառավարչի թեկնածուին` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով կառավարչին, և դատարան է ներկայացնում նրա թեկնածությունը: Կառավարչի կողմից սպասարկման որևէ տարածք ընտրելու դեպքում վերջինս որպես ժամանակավոր կառավարիչ (կառավարիչ) կարող է նշանակվել միայն այդ տարածքում: Կառավարչի ընտրությունը տարածքային սկզբունքով չի կատարվում, եթե տվյալ տարածքն սպասարկող կառավարիչ ընտրել հնարավոր չէ:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից կառավարչի թեկնածությունն ստանալուց հետո դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում կառավարիչ նշանակելու մասին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն հոդվածով սահմանված պահանջներին: Թեկնածուի համար սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքեր հայտնաբերվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 6-րդ և սույն մասերով սահմանված կարգով:

8. Կառավարիչը կարող է առարկել իր թեկնածությունը դատարան ներկայացնելու դեմ միայն այն դեպքում, երբ նրա գործունեությանը խոչընդոտում են անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորային) հանգամանքները, առկա են սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքերը կամ դատարանի կողմից հարգելի ճանաչված այլ դեպքերում: Կառավարչի առարկությունը հիմնավոր համարելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով:

9. Կառավարչի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, իսկ նշանակված լինելու դեպքում վաղաժամկետ դադարեցվում են այն կառավարչի լիազորությունները, որը`

1) փոխկապակցված է պարտատերերի կամ պարտապանի հետ.

2) պարտապանի կամ նրա հետ փոխկապակցված անձի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն:

10. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով:

11. Կառավարչի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

12. Կառավարիչը յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սպասարկման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:»:

 

Հոդված 23. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23.

Կառավարչի որակավորումը

 

1. Որպես կառավարիչ կարող է որակավորվել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:

2. Անձը որպես կառավարիչ չի կարող որակավորվել, եթե`

1) հանրային ծառայող է.

2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) դիմելու օրվան նախորդող վերջին հինգ տարիների ընթացքում ճանաչվել է սնանկ.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

3. Որակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Որակավորումն իրականացվում է որակավորման ստուգման միջոցով, որն անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից խորհրդակցական մարմին հանդիսացող որակավորման հանձնաժողովը:

4. Որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է որակավորման ստուգումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

5. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմումը և պահանջվող փաստաթղթերը, ներառյալ` որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ներկայացվում որակավորման ստուգում անցկացնելու մասին հրապարակված հայտարարության մեջ նշված ժամկետում:

6. Դիմումի մեջ կամ դրան կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում որակավորման ստուգման անցկացման օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ դիմողը տեղեկացվում է այդ մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, շտկելու դրանք:

7. Որակավորման ստուգմանը դիմողի մասնակցության դիմումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մերժում է, եթե`

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) դիմողի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները.

3) դիմողը հայտարարության մեջ նշված ժամկետում կամ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում նույն մասով սահմանված ժամկետում չի ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը:

8. Որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

 

Հոդված 24. Օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «ժամկետներում» բառից հետո լրացնել «, ողջամիտ և նվազ ծախսատարության սկզբունքով` առանց սնանկության վարույթին, պարտապանի և պարտատիրոջ շահերին վնասելու» բառերով:

 

Հոդված 25. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.

 

«Հոդված 24.1.

Կառավարչի հաշվառումը և նրան հաշվառումից հանելը

 

1. Անձը որպես կառավարիչ հաշվառման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականի և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը ներառող դիմում, որին կից ներկայացվում են կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը հավաստող փաստաթուղթը, սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը և այդ պատճենը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ գրավոր թույլտվությունը, ինչպես նաև հաշվառման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը: Անձը չի կարող հաշվառվել որպես կառավարիչ, եթե լրացել է նրա 63 տարին:

2. Որպես կառավարիչ հաշվառվելիս անձը կարող է նշել այն սպասարկման տարածքը (մարզը, Երևան քաղաքը) կամ տարածքները, որոնցում ցանկանում է գործունեություն ծավալել, իսկ սպասարկման տարածք չնշելու դեպքում կառավարչի սպասարկման տարածք է համարվում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հաշվառված կառավարիչների ցանկը, կառավարիչների սպասարկման տարածքների վերաբերյալ տեղեկությունները և յուրաքանչյուր կառավարչի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը հրապարակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

4. Կառավարչի հաշվառված լինելու պահանջը դատարանը ստուգում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքի միջոցով:

5. Կառավարիչը հանվում է հաշվառումից իր դիմումի համաձայն, ինչպես նաև որակավորումը կասեցվելու կամ դադարեցվելու դեպքերում:

6. Կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշումն ուղարկվում է կառավարչին այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

7. Կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

8. Կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

 

Հոդված 26. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 25.

Կառավարչի գույքային պատասխանատվությունը

 

1. Կառավարիչը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում պարտապանին և պարտատիրոջը իր մեղքով պատճառված վնասի համար:

2. Կառավարիչը պարտավոր է առնվազն նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ապահովագրական գումարով ապահովագրել սնանկության գործերին մասնակցող անձանց պատճառված վնասի համար իր քաղաքացիական պատասխանատվությունը: Կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր նոր ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը, ինչպես նաև այդ պատճենը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ գրավոր թույլտվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարչի գործունեությունը սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել է:

3. Առաջին ապահովագրության պայմանագիրը կնքվում է որպես կառավարիչ հաշվառման համար դիմում ներկայացնելուց առնվազն հինգ օր առաջ, իսկ հաջորդ յուրաքանչյուր նոր պայմանագիրը` նախորդ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:

4. Կառավարչի մեղքով վնաս կրած պարտապանը և պարտատերը համարվում են ապահովագրական գումարի շահառու:

5. Կառավարչի մեղքով շահառուներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է ապահովագրական հատուցման հաշվին, իսկ դրա անբավարարության դեպքում` կառավարչի գույքից: Եթե ապահովագրական հատուցման չափը բավարար չէ վնաս կրած բոլոր շահառուների` վնասով պայմանավորված պահանջները բավարարելու համար, ապա պահանջների բավարարումն իրականացվում է հետևյալ կարգով.

1) առաջին փուլում վնասների հատուցումն իրականացվում է ապահովագրական հատուցումից` տվյալ գումարը վնաս կրած բոլոր շահառուների միջև` իրենց կրած վնասով պայմանավորված պահանջներին համամասնորեն բաշխելու միջոցով.

2) երկրորդ փուլում վնասների փոխհատուցումն իրականացվում է կառավարչի կողմից` վնաս կրած բոլոր շահառուների միջև իրենց կրած վնասով պայմանավորված պահանջի ապահովագրական հատուցմամբ չծածկված մասով` իրենց պահանջներին համամասնորեն ապահովագրական հատուցման վճարման օրվանից՝ եռամսյա ժամկետում:»:

 

Հոդված 27. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի համաձայն` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առևտրային իրավաբանական անձը, որի հիմնադիր է հանդիսանում ոչ պակաս, քան 20 կառավարիչ: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետք է մշտապես ունենա կառավարիչ հանդիսացող ոչ պակաս, քան 20 անդամ: Կառավարիչը կարող է լինել միայն մեկ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ:».

2) 3-րդ մասի «դատարան» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերով.

3) 5-րդ մասից հանել «նրանց գործունեության վերահսկողությունը,» բառերը և 2-րդ նախադասությունը.

4) 6-րդ մասի`

ա. «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ներկայացնելու և պաշտպանելու կառավարիչների շահերը.»,

բ. «բ» կետից հանել «` իր անդամների որակավորումը,» բառերը, իսկ նույն կետը «ապահովելու» բառից հետո լրացնել «, կառավարչի դիմումով խորհրդատվական պարզաբանում տալու կառավարիչների վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ» բառերով.

գ. «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) օրենքով սահմանված կարգով իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և տույժեր կիրառելու.»:

 

Հոդված 28. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.

 

«Հոդված 26.1.

Կառավարիչների վերապատրաստումը

 

1. Կառավարիչների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է կառավարչի որակավորում ունեցող անձանց ամենամյա պարտադիր վերապատրաստումներ` նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:

2. Անձը կարող է համարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր վերապատրաստումներն անցած, եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով նախատեսված դեպքերում մասնակցել է այլ համարժեք դասընթացների, կուրսերի կամ վերապատրաստումների:

3. Ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

 

Հոդված 29. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. hանել «, որի չափը որոշվում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովում» բառերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ և վեցերորդ նախադասություններով. «Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն անդամավճարի կամ իր անդամներից գանձվող ցանկացած այլ վճարի չափը սահմանում է` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ և ներկայացնելով վճարի չափի սահմանումը հիմնավորող համապատասխան հաշվարկներ, եթե միանվագ վճարի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը, իսկ պարբերական վճարի դեպքում ամսական վճարի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մերժում է այն, եթե հիմնավորված չէ առաջարկվող չափով վճարի սահմանումը:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Կարգապահական հանձնաժողովը սույն օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայության դեպքում կառավարչի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ և կիրառում կարգապահական տույժեր: Կարգապահական հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի անդամ, գործադիր տնօրեն կամ վարչության անդամ կամ գործադիր մարմնի աշխատակից:»:

 

Հոդված 30. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.

 

«Հոդված 27.1.

Կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության վերահսկողությունը

 

1. Կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. Կառավարիչը և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրենց գործունեության վերաբերյալ վիճակագրական բնույթի տարեկան հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը:

3. Կառավարչի կողմից ներկայացվող վիճակագրական հաշվետվությունը ներառում է տեղեկություններ կառավարչի կողմից վարվող գործերի, դրանց քանակի, այդ թվում` ֆինանսական առողջացման դեպքերի, ֆինանսական վերլուծությամբ իր կողմից հայտնաբերված կեղծ և կանխամտածված սնանկության հատկանիշների, իր աշխատավայրի և աշխատակիցների վերաբերյալ և այլ վիճակագրական տեղեկատվություն:

4. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է տեղեկություններ կազմակերպության կողմից հարուցված կարգապահական վարույթների, անցկացվող վերապատրաստումների, անդամների թվի և անդամների տվյալների վերաբերյալ:

5. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

 

Հոդված 31. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 27.2.

Կառավարչի կարգապահական պատասխանատվությունը

 

1. Կառավարչի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման հիմքերն են`

1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների ակնհայտ խախտում թույլ տալը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) կառավարիչների մասնագիտական վարքագծի կանոնները խախտելը:

2. Սույն հոդվածի իմաստով`

1) ակնհայտ է կառավարչի կողմից իր գործունեությունն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով.

2) խախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե կառավարիչը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը.

3) խախտումը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե կառավարիչը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը:

5. Կառավարչին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը:»:

 

Հոդված 32. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 27.3.

Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը

 

1. Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են`

1) վարույթ հարուցող անձանց կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտման հայտնաբերումը.

2) կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիմումը.

3) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը:

2. Անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:

3. Կարգապահական վարույթը կարող է հարուցվել`

1) կառավարչի` իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների ակնհայտ խախտում թույլ տալու հիմքով` ենթադրյալ խախտման մասին վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալուց հետո` մեկ տարվա ժամկետում: Եթե ենթադրյալ խախտումը հայտնաբերվել է մինչև սնանկության գործի ավարտը, ապա սույն կետով նախատեսված եռամսյա ժամկետը հաշվարկվում է սնանկության գործն ավարտվելու պահից.

2) մասնագիտական վարքագծի կանոնները խախտելու հիմքով` ենթադրյալ խախտման մասին վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ենթադրյալ խախտման, իսկ եթե խախտումը տեղի է ունեցել մինչև սնանկության գործի ավարտը` սնանկության գործն ավարտվելու պահից անցել է երկու տարի:

5. Մինչև կարգապահական վարույթի ավարտը կառավարիչը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի ծանոթանալու վարույթի նյութերին, ներկայացնելու բացատրություններ, հարուցելու միջնորդություն՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար:

6. Հարուցված վարույթի ընթացքում կարգապահական վարույթ հարուցողը կառավարչից պահանջում է կարգապահական վարույթի համար անհրաժեշտ նյութեր, որոնք պետք է տրամադրվեն մեկ շաբաթվա ընթացքում: Կառավարչի միջնորդությամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով:

7. Կարգապահական վարույթն իրականացվում է եռամսյա ժամկետում:

8. Բացառիկ դեպքերում կարգապահական վարույթի ժամկետը կարգապահական վարույթ հարուցած մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երեք ամսով, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում` փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

9. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման դեպքում վարույթի հարուցման, ինչպես նաև դրա արդյունքների մասին կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:»:

 

Հոդված 33. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.4-րդ հոդվածով.

 

«Հոդված 27.4.

Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթը բացառող հանգամանքները

 

1. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը չի հարուցում կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ, իսկ հարուցված վարույթը կարճում է, եթե`

1) բացակայում են կարգապահական խախտման հիմքերը և հատկանիշները.

2) լրացել են սույն օրենքի 27.3-րդ հոդվածով սահմանված ժամկետները, եթե կառավարիչը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով.

3) կառավարչի որակավորումը դադարեցվել է.

4) սնանկության գործը դեռևս ավարտված չէ, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է սույն օրենքի 27.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը, ինչպես նաև այն դեպքերի, երբ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են.

5) դատարանը սնանկության գործի շրջանակում, անդրադառնալով կարգապահական պատասխանատվության կիրառման հիմք հանդիսացող հանգամանքին, հաստատել է դրա առկայությունը կամ բացակայությունը.

6) առկա է նույն անձի դեմ նույն հիմքով հարուցված կարգապահական վարույթ կամ կարգապահական վարույթ չհարուցելու, կարճելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ սնանկության գործն ավարտված չլինելու պատճառով կարգապահական վարույթ չի հարուցվել, կամ հարուցված վարույթը կարճվել է.

7) մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելը կառավարիչը վերացրել է կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսացած հանգամանքները:

2. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելու հիմքերին վերաբերող համապատասխան նյութերը փոխանցում է կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմին, եթե գտնում է, որ առկա են այդ մարմնի իրավասությանը վերաբերող հիմքեր:

3. Եթե կարգապահական վարույթ չի հարուցվում կամ կարգապահական վարույթը կարճվում է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, ապա կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելու հիմքերին վերաբերող համապատասխան նյութերը փոխանցում է դատարան:

4. Ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցող մարմինն իր պատասխանում նշում է վարույթ չհարուցելու հիմքերը:»:

 

Հոդված 34. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.5-րդ հոդվածով.

 

«Հոդված 27.5.

Կառավարչի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Սույն օրենքի 27.2-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կառավարչի նկատմամբ կարող է կիրառվել հետևյալ կարգապահական տույժերից մեկը`

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) որակավորման դադարեցում:

2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է կիրառել միայն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կարող է կիրառվել երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող կառավարչի կողմից կարգապահական խախտում կատարվելու դեպքում:

4. Կառավարչի նկատմամբ նախազգուշացում, նկատողություն և խիստ նկատողություն կիրառվելուց հետո համապատասխանաբար երեք ամսվա, վեց ամսվա և մեկ տարվա ընթացքում կարգապահական պատասխանատվության չենթարկվելու դեպքում կառավարիչը համարվում է կարգապահական տույժ չունեցող:

5. Կառավարչի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս հաշվի են առնվում խախտման հետևանքները, կառավարչի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը և կառավարչին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

6. Կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն ուղարկվում է կառավարչին այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

7. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 35. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 28.

Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից կառավարչին հեռացնելը

 

1. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը հեռացնում է կառավարչին կազմակերպությունից, եթե կառավարչի նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ որպես կարգապահական տույժի տեսակ կիրառվել է խիստ նկատողություն:

2. Կառավարչին ինքնակարգավորվող կազմակերպությունից հեռացնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է կառավարչին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Կառավարչին ինքնակարգավորվող կազմակերպությունից հեռացնելուց հետո կարգապահական տույժ չունենալու դեպքում կառավարիչը կարող է դառնալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ:»:

 

Հոդված 36. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. «դ» կետը «ներգրավում է» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական ակտով սահմանված չափանիշներին համապատասխանող պարտապանի դեպքում պարտատերերի ժողովի որոշմամբ պարտավոր է ներգրավել» բառերով, իսկ նույն կետի «վարձատրում է» բառերը փոխարինել «վարձատրել» բառով,

 բ. «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկում պարտապանի անունով բացում է սնանկության հատուկ հաշիվ և դրան է հաշվեգրում պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.»,

գ. «ժա.2» կետը «պարտապանի կամ պարտատերերի» բառերից առաջ լրացնել «պատասխանում է պարտապանի կամ պարտատիրոջ դիմումներին և հարցումներին դիմումը կամ հարցումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ, ինչպես նաև» բառերով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա.3» և «ժա.4» կետերով.

«ժա.3) յուրաքանչյուր եռամսյակ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հաշվետվություն է ներկայացնում դատարան սնանկության գործով իր կողմից նախորդ ժամանակահատվածում ձեռնարկված գործողությունների և սնանկության գործի ընթացքի վերաբերյալ` անհրաժեշտության դեպքում կցելով համապատասխան փաստաթղթերը,

ժա.4) պարտատիրոջ պահանջով վերջինիս տրամադրում է տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ.».

2) 3-րդ մասի «սահմանված» բառը փոխարինել «այլ բան սահմանված չլինելու դեպքում իր» բառերով.

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-9-րդ մասերով.

«5. Կառավարիչը սնանկության գործը, այդ թվում` պարտատերերի պահանջների գրանցամատյանը, վարում է նաև էլեկտրոնային եղանակով` ապահովելով սնանկության գործի նյութերի հասանելիությունը պարտապանին, պարտատերերին և դատարանին:

6. Սնանկության գործը կառավարչի կողմից վարելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

7. Կառավարիչն իր լիազորություններն իրականացնելիս միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է տեղեկատվություն ձեռք բերել այլ մարմիններից և անձանցից:

8. Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանում է կառավարությունը:

9. Կառավարիչը պարտապանին և պարտատերերին, ինչպես նաև բոլոր այն անձանց (գրավատու, երաշխավոր, երաշխիք տված անձ և այլն), որոնց իրավունքներին ու օրինական շահերին առնչվում կամ կարող է առնչվել սնանկության վարույթը, սույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում ծանուցումներն ուղարկում է պատվիրված նամակով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով, հանձնում է առձեռն կամ ուղարկում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով: Սույն մասով նախատեսված անձինք կառավարչին կարող են գրավոր ներկայացնել իրենց հաղորդակցության միջոցները, այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն` միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով, և կրում են իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու, կամ անձի հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվելու կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը) չստանալու, կամ անձի հասցեն անհայտ լինելու դեպքում ծանուցումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով: Սույն մասով նախատեսված դրույթները գործում են, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

 

Հոդված 37. Օրենքի 29.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 29.1.

Կառավարչի գործունեության կասեցումը

 

1. Կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը`

1) անցել է հանրային ծառայության` հանրային ծառայության մեջ գտնվելու ժամկետով, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով.

2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետը լրանալը.

3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.

4) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ.

6) սահմանված ժամկետում չի կնքել ապահովագրության պայմանագիրը.

7) իր դիմումի համաձայն դուրս է եկել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից և մեկամսյա ժամկետում չի դարձել կառավարիչների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.

8) կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից.

9) որպես անհատ ձեռնարկատեր հանվել է հաշվառումից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 5-9-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին կառավարիչը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը` կցելով կասեցման հիմքերը հավաստող համապատասխան փաստաթղթերը:

3. Կառավարչի գործունեությունը կասեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է համապատասխան կառավարչին, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն, ինչպես նաև Դատական դեպարտամենտ` դատարաններին ծանուցելու համար և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

4. Կառավարչի գործունեությունը կասեցնելու դեպքում կառավարչի որակավորման վկայականի գործողությունը համարվում է կասեցված:

5. Կառավարչի գործունեության կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո կառավարիչը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն իր գործունեությունը վերականգնելու համար` կցելով համապատասխան փաստաթղթերը: Կառավարչի գործունեությունը վերականգնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 38. Օրենքի 29.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 29.2.

Կառավարչի որակավորումը դադարեցնելը

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը դադարեցնում է կառավարչի որակավորումը, եթե`

1) կառավարիչը դիմել է այդ մասին.

2) լրացել է կառավարչի 65 տարին, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում` նաև կառավարչի գործունեությունը շարունակելու համար տրամադրված լրացուցիչ ժամկետը.

3) կառավարիչը մահացել է, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ մահացած.

4) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, կամ որով նախատեսված է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ.

5) կառավարչի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվել է որակավորման դադարեցումը.

6) կառավարչի պարտականությունների կատարման հետևանքով պարտատիրոջը կամ պարտապանին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ դատական ակտը երեք ամսվա ընթացքում չի կատարվել.

7) վերջին մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կարգով դատարանի կողմից երեք անգամ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` սույն օրենքով սահմանված իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով.

8) վերջին մեկ տարվա ընթացքում կառավարիչ ընտրվելու դեպքում առնվազն երեք անգամ սույն օրենքով չնախատեսված հիմքով հրաժարվել է իր պարտականությունները կատարելուց.

9) սնանկության գործով կառավարչի որակավորումն ստացել է օրենքի պահանջների խախտմամբ.

10) որակավորվելուց հետո երեք տարի անընդմեջ չի հանդիսացել կառավարիչների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.

11) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո սահմանված ժամկետում կասեցման հիմքերը չեն վերացել.

12) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, կառավարչին անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը չի վերացվել.

13) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` երեք տարվա ընթացքում, սնանկության վարույթը չի ավարտվել.

14) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կառավարիչը չի կնքել ապահովագրության պայմանագիր.

15) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կամ 8-րդ կետով նախատեսված հիմքերով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` համապատասխանաբար մեկ տարվա կամ երկու տարվա ընթացքում, կառավարիչը չի դարձել կառավարիչների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.

16) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կառավարիչը չի հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր:

2. Կառավարչի որակավորումը դադարեցվում է`

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-16-րդ կետերով նախատեսված դեպքերում որակավորումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում համապատասխանաբար կառավարչի 65 տարին կամ իր գործունեությունը շարունակելու համար տրամադրված լրացուցիչ ժամկետը լրանալու օրվանից.

3) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխանաբար կառավարչի մահվան կամ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ կառավարչի ներկայացրած դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը թույլատրում է կառավարչին մինչև հինգ տարի ժամկետով շարունակել զբաղվել կառավարչի գործունեությամբ, եթե կառավարիչը մասնակցում է դեռևս չավարտված սնանկության վարույթի: Սույն մասով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի թույլտվությամբ կառավարչի գործունեությունը շարունակելու իրավունք ունեցող անձը նշված թույլտվությունն ստանալուց հետո չի կարող մասնակցել կառավարչի ընտրությանը և նշանակվել սնանկության ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ:

4. Կառավարչի որակավորումը դադարեցնելու դեպքում ուժը կորցրած է ճանաչվում նրան տրամադրված որակավորման վկայականը:

5. Որակավորումը դադարեցված կառավարիչը պարտավոր է տվյալ սնանկության գործով նոր կառավարիչ նշանակվելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում, իր մոտ պահպանվող` ընթացիկ սնանկության գործերով փաստաթղթերը հանձնել նոր կառավարչին:

6. Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին որոշումն ուղարկվում է կառավարչին այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

7. Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 39. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 30.

Կառավարչի վարձատրությունը

 

1. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքումից գոյացած միջոցներից, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ միջոցներից` չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:

2. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում կառավարչի վարձատրության այլ չափ նախատեսված չէ, ապա կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատական ակտով` պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով`

1) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս.

2) 25-50 միլիոն դրամ` 2 500 000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը.

3) 50-100 միլիոն դրամ` 4 500 000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը.

4) 100-500 միլիոն դրամ` 6 000 000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 2 տոկոսը.

5) 500 միլիոն դրամից ավելին` 14 000 000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 1 տոկոսը:

3. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի հինգից տասը տոկոսի չափով, իսկ ֆինանսական առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու և պարտապանի առողջացման դեպքում կառավարչին վճարվում է հինգից տասը տոկոսի չափով պարգևավճար` ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով:

4. Սնանկության գործով վարույթի տևողությունը՝ սկսած պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելու պահից մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճիռ կայացնելը` մինչև վեց ամիս տևելու, իսկ ֆիզիկական անձի սնանկության դեպքում` սկսած պարտատերերի առաջին ժողովի անցկացման օրվանից մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճիռ կայացնելը` մինչև վեց ամիս տևելու դեպքում (չհաշված ֆինանսական առողջացման ծրագրի ժամանակահատվածը) կառավարիչն ստանում է պարգևավճար`

1) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված բավարարման չափի դեպքում` հաշվարկվող վարձատրության 20 տոկոսի չափով.

2) սույն հոդվածի 2-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված բավարարման չափի դեպքում` հաշվարկվող վարձատրության 50 տոկոսի չափով:

5. Վարույթի տևողությունը սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված պարգևավճարի տոկոսադրույքը յուրաքանչյուր հաջորդ վեց ամսվա համար նվազում է 5 տոկոսի չափով, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պարգևավճարի տոկոսադրույքը` 10 տոկոսի չափով:

6. Եթե սնանկության գործն ավարտվում է պարտատերերի պահանջների բավարարմամբ, և կառավարչի կողմից հավաքվել են պարտատերերի պահանջների չափը գերազանցող ակտիվներ, ապա կառավարիչն ստանում է նաև պարգևավճար հավաքված ակտիվների` պարտատերերի գրանցված պահանջների չափը գերազանցող մասի 5 տոկոսի չափով:

7. Սույն օրենքով սահմանված կարգով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու (բացառությամբ եթե կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են կառավարչի կողմից իր լիազորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև սույն օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 5-9-րդ կետերով նախատեսված դեպքերում որակավորման դադարեցման հիմքով), սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու, պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, դրանց կատարման ժամկետը երկարաձգվելու, ինչպես նաև պահանջներ չներկայացվելու դեպքում, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից կամ առկա չէ որևէ պարտավորության գծով 60 օրից ավելի կետանց, կառավարչի աշխատած ժամանակահատվածին համապատասխան վարձատրության տրամադրման և վարձատրության չափին վերաբերող հարցերը որոշում է դատարանը` սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:

8. Եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:

9. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում նրա վարձատրությունը և վարչական ծախսերի փոխհատուցումը կատարվում է, եթե սնանկության վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը հանձնման-ընդունման ակտի հիման վրա հանձնվել են նոր կառավարչին:»:

 

Հոդված 40. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բողոքարկողը բողոքը դատարան ներկայացնելիս ներկայացնում է նաև բողոքի պատճենը կառավարչին ուղարկած լինելու փաստը հավաստող ապացույցը: Կառավարիչը բողոքի պատճենն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է բողոքի կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Բողոքն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, դատարանը քննում է այն և կայացնում որոշում բողոքը մերժելու կամ բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու և կառավարչի գործողությունը (անգործությունը) լրիվ կամ մասնակի ոչ իրավաչափ ճանաչելու մասին: Դատարանը կայացրած որոշման մասին տեղեկացնում է բողոքարկողին և կառավարչին: Դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման բողոքարկողի կամ կառավարչի կողմից:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

«5. Կառավարչի գործողությունների (անգործության) վիճարկման շրջանակներում չի կարող անդրադարձ կատարվել այդ գործողությունների (անգործության) հետևանքների վերացմանը:

6. Կառավարչի գործողությունների (անգործության) հետևանքների վերացման պահանջը կարող է ներկայացնել շահագրգիռ անձը` առանձին հայցի շրջանակներում:»:

 

Հոդված 41. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 32.

Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը

 

1. Դատարանն իր նախաձեռնությամբ պարտատերերի խորհրդի, պարտատերերի ժողովի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները, նրա որակավորումն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է, կամ նրա գործունեությունը կասեցվել է, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Կառավարչի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի մասին որոշում կայացնելուց առաջ դատարանն այդ մասին ծանուցում է կառավարչին` առաջարկելով ծանուցումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնել իր դիրքորոշումը և միաժամանակ այդ խախտումները վերացնելու համար որոշմամբ սահմանված ողջամիտ ժամկետ տրամադրելով, եթե հնարավոր է վերացնել այդ խախտումները: Սահմանված ժամկետում կառավարչի կողմից խախտումները վերացվելու և դրա վերաբերյալ դատարան համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում:

3. Դատարանի կողմից կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում համապատասխան որոշումն անհապաղ ուղարկվում է տվյալ կառավարչին, պարտապանին և պարտատերերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:»:

 

Հոդված 42. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Ժողովը կարող է անցկացվել նաև հեռակա կարգով` տեսակապի կամ էլեկտրոնային այլ միջոցների օգտագործմամբ: Նշված դեպքում ժողովի արձանագրությունը և դրանց կից ներկայացվող փաստաթղթերը կարող են կազմվել և ներկայացվել էլեկտրոնային տարբերակով: Ժողովի մասնակիցների կողմից ստորագրման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային ստորագրության առկայությամբ, իսկ այլ փաստաթղթերը` սկանավորված տարբերակով:»:

 

Հոդված 43. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) պարզաբանում սույն օրենքի 33-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:»:

 

Հոդված 44. Օրենքի 39-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը.».

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» կետերով.

«զ) սույն օրենքի 40-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում պարտապանի ստանձնած պարտավորությունների նկատմամբ.

է) պարտապանի կողմից իր հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի կնքման գործընթացի նկատմամբ, եթե սնանկության վարույթի միակ պարտատերը հարկային մարմինն է:»:

 

Հոդված 45. Օրենքի 39.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի «մինչև պարտատերերի պահանջների ցուցակը դատարանի կողմից հաստատվելը» բառերը փոխարինել «սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում,» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը մերժվելու դեպքում դիմումն ընդունվում է որպես սույն օրենքի 46-րդ հոդվածով ներկայացված պահանջ:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածով սահմանված իրավունքից օգտվում է նաև այն անձը, որի նկատմամբ պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու:»:

 

Հոդված 46. Օրենքի 39.2-րդ հոդվածի 2-րդ մասում «դիմումը ստանալուց հետո` 11-րդ օրը,» բառերը փոխարինել «դիրքորոշում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում,» բառերով:

 

Հոդված 47. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 39.3.

Ապահովված իրավունքի առարկայի իրացումը

 

1. Ապահովված պարտատերը կարող է արտադատական կարգով իրացնել ապահովված իրավունքի առարկան, եթե առկա է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը:

2. Ապահովված իրավունքի առարկան արտադատական կարգով իրացնելու իրավունք ունեցող ապահովված պարտատերը երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկան իրացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, իսկ պարտապանին պատկանող ապահովված իրավունքի առարկան կարող է իրացնել բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձևով ուղարկելուց անմիջապես հետո: Ապահովված պարտատերը բռնագանձման ծանուցման օրինակներն ուղարկում է նաև դատարան և կառավարչին:

3. Ապահովված իրավունքի առարկայի իրացումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ապահովված պարտատերը պատշաճ ձևով ծանուցում է կառավարչին ապահովված իրավունքի առարկայի իրացման օրվա և գնի, ապահովված պարտավորության մարման չափի, ինչպես նաև առկայության դեպքում` ապահովված իրավունքի առարկայի իրացման արժեքի և ապահովված պահանջի տարբերության չափի, իսկ պարտավորությունը լրիվ մարված չլինելու դեպքում` պարտքի մնացորդի մասին:

4. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացման արժեքն ավելի մեծ է ապահովված պարտատիրոջ պահանջից, ապա ապահովված պարտատերն ապահովված իրավունքի առարկան իրացնելուց հետո` 10-օրյա ժամկետում, պարտավոր է իրացման արժեքի և ապահովված պահանջի տարբերության չափով գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվին, իսկ երրորդ անձ գրավատուին պատկանող ապահովված իրավունքի առարկայի իրացման դեպքում` երրորդ անձ գրավատուին:

5. Սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանի կողմից ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում կայացնելուց հետո արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք չունեցող ապահովված պարտատիրոջ կողմից դատական կարգով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջը քննվում է առանձին քաղաքացիական գործի շրջանակում:»:

 

Հոդված 48. Օրենքի 40-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) հաշվանցի արդյունքում կխախտվի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությունը և համամասնությունը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Մինչև պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումը կառավարչի, պարտատիրոջ կամ պարտապանի դիմումով դատարանը կարող է թույլատրել պարտապանին ստանձնելու նոր ֆինանսական պարտավորություններ: Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելուց հետո դատարանը կարող է թույլատրել պարտապանին ստանձնելու նոր ֆինանսական պարտավորություններ պարտատիրոջ (պարտատերերի ժողովի) համաձայնությամբ:».

3) 4-րդ մասի երկրորդ պարբերության «ութերորդ օրը» բառերը փոխարինել «դիմումի վիճարկման ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում,» բառերով:

 

Հոդված 49. Օրենքի 42-րդ հոդվածում «կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով» բառերով:

 

Հոդված 50. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման հաշվին ապահովված պարտատիրոջ բավարարված պահանջը չի հաշվարկվում կառավարչի վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բավարարման չափի մեջ:».

2) 6-րդ մասի`

ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի ընթացիկ արժեքը (գնահատված արժեքը կամ ընթացող աճուրդների մեկնարկային գինը) ավելի է ապահովված պարտատիրոջ պահանջից կամ հավասար է դրան, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի:»,

բ. երկրորդ նախադասության «ապահովված իրավունքի առարկայի արժեքի նվազած չափով» բառերը փոխարինել «ապահովված պահանջի չափի և գույքի արժեքի տարբերության չափով» բառերով.

3) 9-րդ մասի «գրավի» բառը փոխարինել «ապահովված իրավունքի» բառերով, «գույքի» բառը՝ «ապահովված իրավունքի առարկայի» բառերով, «գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով» բառերը՝ «ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գնի երեք տոկոսի, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափով» բառերով.

4) 10-րդ մասի 1-ին կետի «փոխանցման հետ կապված» բառերը փոխարինել «իրացման համար հաշվարկված» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-10.4-րդ մասերով.

«10.1. Պարտատիրոջ և երրորդ անձ գրավատուի կողմից համապատասխանաբար սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով սահմանված իրավունքներից օգտվելու ցանկություն հայտնելու դեպքում առաջնահերթությունը տրվում է երրորդ անձ գրավատուին:

10.2. Եթե պարտապանը և երրորդ անձ գրավատուն ճանաչվել են սնանկ, ապա սույն հոդվածի 10-րդ մասում նշված գույքի իրացումը կատարվում է պարտապանի սնանկության վարույթում, իսկ եթե գույքը ծանրաբեռնված է տարբեր պարտապանների սնանկության վարույթներով ապահովված պահանջներով, ապա այն իրացվում է սնանկության այն վարույթում, որտեղ այդ գույքով ապահովված իրավունքն առաջնային է: Սնանկության որևէ վարույթում գույքի իրացվելուց և ապահովված պահանջները բավարարելուց հետո պահանջների չափի և գույքի իրացման արժեքի տարբերությունը փոխանցվում է երրորդ անձի սնանկության վարույթի հատուկ հաշվին:

10.3. Եթե պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու, ապա կառավարիչը այդ մասին տեղեկանալու օրվանից հնգօրյա ժամկետում ծանուցում է այդ գրավով գրավառուին պարտապանի չմարված պարտավորությունների մասին: Գրավառուի կողմից գրավի առարկան իրացնելու իրավունքից չօգտվելու և գրավի առարկան սնանկության վարույթում իրացվելու դեպքում գրավի առարկան համարվում է գրավառուի պարտավորություններով ծանրաբեռնված նույն պայմաններով, որոնք առկա էին մինչև այդ առարկայի իրացումը:

10.4. Երրորդ անձ գրավատուն, երաշխավորը կամ երաշխիք տվող անձը համապատասխան պահանջի մասով ունեն պարտապանի համար սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները:»:

 

Հոդված 51. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը «չեն կատարվել» բառերից հետո լրացնել «, ներառյալ` պարտապանի գույքի և ակտիվների վրա էականորեն ազդող այն պայմանագրերը, որոնք պարտապանը ստիպված կնքել է ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը» բառերով:

 

Հոդված 52. Օրենքի 46-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված միջնորդության առկայության և պարտատիրոջ կողմից սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով պահանջ ներկայացվելու դեպքում դատարանը դիտարկում է միայն այդ պահանջը:».

3) 2-րդ մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պահանջը ներկայացնելու ժամկետից հետո պահանջը հիմնավորող փաստաթղթեր կարող են ներկայացվել, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում նման փաստաթուղթ ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:».

5) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պահանջը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում գրանցվում է դատարանում:».

5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 8-րդ մասի «Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը» բառերը փոխարինել «Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում,» բառերով.

7) 10-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը:».

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Սույն հոդվածով նախատեսված առարկությունները դրանք ներկայացնելու ժամկետի ավարտից հետո ներկայացվելու և ժամկետի բացթողումը հարգելի ճանաչվելու դեպքերում քննարկվում են դատարանի կողմից: Առարկությունները քննարկելուց հետո դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը` ըստ անհրաժեշտության փոփոխություն կատարելով պահանջի վերաբերյալ կայացված դատական ակտում:»:

 

Հոդված 53. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պարտապանի գույքի կազմում ներառվում են պարտապանին պատկանող ցանկացած գույքը, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ կամ այլ գույքային իրավունքներ, ինչպես նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները: Ապահովված իրավունքի այն առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող), որի վերաբերյալ դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում, չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում ընդգրկվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:»:

 

Հոդված 54. Օրենքի 49-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 49.

Պարտապանի կոմունալ ծառայությունների դիմաց վճարումը և պարտապանի համար կենսական ապրանքների և ծառայությունների մատուցման պայմանագրերի գործողությունը».

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«3. Կառավարչի պահանջով և դատարանի որոշմամբ պարտապանի գործունեությունը շարունակելու համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների մատուցմանն ուղղված պայմանագրերը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով չեն ընդգրկվում սույն օրենքի 15.5-րդ և 39-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումների ներքո, և դրանցից բխող վճարումները կատարում է կառավարիչը` որպես վարչական ծախսեր:

4. Կառավարիչը պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության մեջ ներառում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող պայմանագրերի մասին տեղեկություններ` հիմնավորելով այդ պայմանագրերի` պարտապանի համար կենսական նշանակություն ունենալու հանգամանքը և պայմանագրերի օրինակների հետ միասին ներկայացնում է դատարանի հաստատմանը: Դատարանն իր որոշմամբ կարող է հաստատել յուրաքանչյուր պայմանագրի` սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանությունը: Դատարանի որոշումը հիմք է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի գործողությունը շարունակելու համար:»:

 

Հոդված 55. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 56. Օրենքի 54-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կառավարիչը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմում է դատարան դատական կարգով հետ ստանալու`».

բ. «բ» կետը «փոխանցումները» բառից հետո լրացնել «(այդ թվում` ոչ դրամային)» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Կառավարիչը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջով դիմում է դատարան, եթե առկա չէ կոնկրետ պահանջով դատարան դիմելուց ձեռնպահ մնալու մասին պարտատերերի ժողովի որոշումը: Նման որոշում կարող է կայացվել, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջով դատարան դիմելու արդյունքում կառավարչի կողմից կատարվելիք ծախսերը ողջամտորեն կարող են գերազանցել հետ ստացվող փոխանցման արժեքը (գինը):»:

 

Հոդված 57. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1-ին հոդվածով.

 

«Հոդված 54.1.

Պարտապանի գույքի հայտարարագրումը

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից 20 օրվա ընթացքում պարտապանը պարտավոր է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների, այդ թվում` պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնել կառավարչին: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաև իր դեբիտորական պարտավորությունների, դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների, ինչպես նաև սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների մասին:

2. Պարտապանի կողմից ներկայացվող` գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

 

Հոդված 58. Օրենքի 56-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 56.

Պարտապանի գույքի գույքագրումը

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով: Կառավարչի պահանջով պարտապանը (պարտապանի ներկայացուցիչը) պարտավոր է ներկա լինել և աջակցել գույքագրմանը:

2. Գույքագրումը պետք է ընդգրկի պարտապանին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ` երրորդ անձանց համար կատարված, սակայն չվճարված աշխատանքները և ծառայությունները, ինչպես նաև պարտապանի տիրապետման ներքո գտնվող իրերը: Վերջիններս չեն կարող օտարվել մինչև դրանց սեփականության իրավունքի հարցի պարզումը: Գույքագրման փաստաթղթերում նշվում է գույքագրման պահին գույքի հաշվեկշռային արժեքը (հայտնի լինելու դեպքում):

3. Պարտապանի գույքի գույքագրման ժամանակի և վայրի մասին կառավարիչը ծանուցում է պահանջներ ներկայացրած` առավել մեծ պահանջներ ունեցող հինգ հայտնի պարտատերերին, բացառությամբ այն պարտատերերի, որոնց դիմումով դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին որոշում: Ծանուցված պարտատերերը կարող են ներկա լինել գույքագրման աշխատանքներին, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ գույքագրումն իրականացնելու համար:

4. Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել կառավարչին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն` նշելով համասեփականատերերի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաև համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր:

5. Գույքագրման նպատակով կառավարիչն իրավունք ունի մուտք գործելու պարտապանին պատկանող բնակարան կամ այլ անշարժ գույքի տարածք պարտապանի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի որոշմամբ: Այլ անձանց պատկանող բնակարան կամ այլ անշարժ գույք կառավարիչը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ այլ անշարժ գույքի սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի որոշմամբ, որի հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման:

6. Պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում կառավարիչը անհրաժեշտության դեպքում կարող է հարցում ուղղել անշարժ գույքի պետական ռեգիստրին, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, հարկային և մաքսային մարմիններին, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը և Սոցիալական ապահովության ծառայությանը: Պետական մարմինները պարտավոր են կառավարչի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:

7. Գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որն ստորագրում են կառավարիչը և գույքագրմանը մասնակցած այլ անձինք: Պարտապանի (պարտապանի ներկայացուցչի) ստորագրությունը վկայում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը և երաշխավորում է, որ պարտապանին պատկանող ամբողջ գույքը գույքագրվել է: Գույքագրման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանը (պարտապանի ներկայացուցիչը) ստորագրում է գույքագրման ակտը` կցելով դրան իր գրավոր առարկությունը: Գույքագրման ակտն ստորագրելուց խուսափելու դեպքում կառավարիչն այդ մասին նշում է կատարում գույքագրման ակտում:

8. Գույքագրման ակտի կազմումից հետո պարտապանին պատկանող գույք հայտնաբերվելու դեպքում կառավարիչը համապատասխան փոփոխություններ է կատարում գույքագրման ակտում:»:

 

Հոդված 59. Օրենքի 58-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 58.

Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը: Պարտապանի գործունեությունը բազմաբնույթ լինելու և մեծ ծավալներ ունենալու կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական վիճակի վերլուծությունը ներկայացնելու ժամկետը ողջամիտ ժամկետով:

2. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունն առնվազն պետք է պարունակի`

1) տեղեկություններ`

ա. սնանկության պատճառների մասին,

բ. դատական ծախսերի փոխհատուցման և կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելու մասին,

գ. պարտապանի վճարունակության վերականգնման հնարավորությունների մասին,

դ. պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքման հնարավորության մասին,

ե. սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի մասին,

զ. սույն օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված գործարքների մասին,

է. կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության, ինչպես նաև սնանկության վարույթը ֆինանսական առողջացմամբ ավարտելու հնարավորության մասին:

3. Կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կառավարիչը պարտավոր է անհապաղ հաղորդում ներկայացնել քրեական հետապնդման մարմիններ:

4. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

5. Յուրաքանչյուր պարտատեր իրավունք ունի սնանկության վարույթի ընթացքում ցանկացած պահի ծանոթանալու պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությանը:»:

 

Հոդված 60. Օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հաստատված պահանջներով պարտատերերը, բացառությամբ ապահովված պահանջներով պարտատերերի և սույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետով նախատեսված պահանջներով պարտատերերի: Ֆինանսական առողջացման ծրագիրը քվեարկում են ապահովված պարտատերերը, եթե տվյալ սնանկության գործով բոլոր պարտատերերը հանդիսանում են ապահովված պարտատերեր: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերը կառավարության սահմանած դեպքերում և կարգով կարող են մասնակցել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը: Համայնքային բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերը կարող են մասնակցել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը և կողմ քվեարկել, եթե այդ մասին առկա է համայնքի ավագանու որոշումը:»:

 

Հոդված 61. Օրենքի 75-րդ հոդվածում`

1) 1.1-ին մասը «անհնարինության» բառից հետո լրացնել «(չկայացման)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Եթե սույն օրենքի 39.1-ին հոդվածով սահմանված կարգով ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու և պահանջի չափը հաստատելու մասին որոշման առկայության դեպքում ապահովված պարտատերը դեռևս չի սկսել ապահովված իրավունքի առարկայի իրացման, այդ թվում` դատական բռնագանձման գործընթաց, իսկ պարտապանը չունի գույք, և առկա են դեռևս չբավարարված պահանջներ, ապա կառավարիչը վերջին գույքի իրացումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, դիմում է դատարան` ապահովված իրավունքի առարկան վաճառելու միջնորդությամբ:»:

 

Հոդված 62. Օրենքի 76-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «միջնորդությունն ստանալու ութերորդ օրը» բառերը փոխարինել «միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում,» բառերով.

2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով.

«9. Սնանկության գործով հրապարակային սակարկությունների համար նախատեսված կայքում հրապարակվում է հրապարակային սակարկություններով վաճառքի ենթակա ողջ գույքի ցանկը:

10. Եթե աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացվել է գույք, կամ գույքը օրենքով սահմանված կարգով հանձնվել է պարտատիրոջը, ապա գույքի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը և գույքի առք ու վաճառքի պայմանագիրը հիմք են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:»:

 

Հոդված 63. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 77.1-ին հոդվածով.

 

«Հոդված 77.1.

Կառավարչի կողմից վտարման պահանջ ներկայացնելը

 

1. Պարտապանին պատկանող անշարժ գույքը, ինչպես նաև երրորդ անձանց պատկանող` անշարժ գույք հանդիսացող ապահովված իրավունքի առարկան վաճառելու թույլտվության միջնորդության մեջ կառավարիչը ներառում է պահանջ` վտարելու անշարժ գույքը զբաղեցնող սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով` միջնորդությանը կցելով վտարման պահանջը հիմնավորող, ինչպես նաև միջնորդության պատճենն այդ անձանց ուղարկելու մասին ապացույցներ: Միջնորդության պատճենն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Կառավարչի պահանջը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու` վաճառքի թույլտվության հարցի լուծման որոշմամբ: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:

2. Կառավարիչը միջնորդությամբ կարող է դիմել դատարան նաև իրացված անշարժ գույքն առանց օրինական հիմքերի տիրապետող անձանց վտարելու պահանջով` միջնորդությանը կցելով վտարման պահանջը հիմնավորող, ինչպես նաև միջնորդության պատճենն այդ անձանց ուղարկելու մասին ապացույցներ: Միջնորդության պատճենն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Կառավարչի պահանջը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:»:

 

Հոդված 64. Օրենքի 82-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. «ա» կետը «կառավարչի» բառից հետո լրացնել «(ժամանակավոր կառավարչի)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» կետով.

«ե.1) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանի կողմից սույն օրենքի 40-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում ստանձնած պարտավորությունների նկատմամբ.»:

 

Հոդված 65. Օրենքի 83-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) իրավաբանական անձ պարտապանին իր հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) կողմից տրամադրված վարկերից, փոխառություններից կամ այլ ներդրումներից առաջացած չապահովված պահանջները, եթե այդ վարկերը, փոխառությունները տրամադրվել, կամ այլ ներդրումները կատարվել են դրանք տրամադրելու կամ կատարելու պահին իրավաբանական անձ պարտապանի հիմնադիր (մասնակից, բաժնետեր, անդամ կամ գործընկեր) հանդիսացող անձի կողմից:»:

 

Հոդված 66. Օրենքի 89-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 67. Օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել պարտատերերից անկախ պատճառներով` հարգելի ճանաչված դեպքերում:»:

 

Հոդված 68. Օրենքի 95-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածը չի տարածվում պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա:»:

 

Հոդված 69. Օրենքի 96-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Եթե հարկադիր կատարման օրենսդրության իմաստով` պարտապանի միակ բնակարանն իրացվում է կառավարության սահմանած գումարը գերազանցող գնով, ապա կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին և ենթակա չէ բռնագանձման:»:

 

Հոդված 70. Օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասում «10-րդ օրը» բառերը փոխարինել «վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում,» բառերով:

 

Հոդված 71. Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «գույք» բառից հետո լրացնել «կամ պարտապանի գույքի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել» բառերով:

 

Հոդված 72.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների առնչությամբ կարգապահական վարույթ հարուցելու և տույժեր կիրառելու նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերը:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ժամանակավոր կառավարիչների և կառավարիչների ընտրությունը և նշանակումը իրականացվում են սույն օրենքով սահմանված կարգով:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները և կառավարչի որակավորման կարգը չեն տարածվում այն անձանց վրա, որոնք արդեն իսկ որակավորվել են, ինչպես նաև անցել կամ անցնում են ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում դատարանի որոշմամբ ընդհատվում է պարտապանի միակ բնակարանի իրացումը, եթե միակ բնակարանն իրացվում է կառավարության սահմանած նվազագույն գումարից ցածր գնով:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը երեք ամսվա ընթացքում սահմանված անդամավճարների և այլ վճարների չափերը համապատասխանեցնում է սույն օրենքի պահանջներին:

7. Մինչև 2020 թվականի մարտի 20-ը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում բոլոր կառավարիչների ցուցակը, իսկ կառավարիչները նույն ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ներկայացնում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պայմանագիրը կամ վկայագիրը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կառավարիչների հաշվառումն իրականացնում է մինչև 2020 թվականի ապրիլի 10-ը:

9. Սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան` որպես կառավարիչ հաշվառվելու համար պետական տուրքի վճարում չի կատարվում:

10. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում հարուցված` սույն օրենքի 3-րդ հոդվածին համապատասխանող գործերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, փոխանցվում են դատարան:

11. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնները համապատասխանեցվում են սույն օրենքի 3-րդ հոդվածին:

12. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը`

1) սահմանում է հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով գույքի վաճառքի իրականացման կարգը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը.

2) մինչև համապատասխան կայքի միջոցով գույքի վաճառքի իրականացման կարգը սահմանելը սահմանում է պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը` մինչև 2020 թվականի մարտի 15-ը.

3) սույն օրենքի ընդունումից բխող մյուս ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունում է մինչև 2020 թվականի մարտի 15-ը:

13. Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը Կառավարությունը սահմանում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-294-Ն