Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-278-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.20/95(1548) Հոդ.1209
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) «ավտոմոբիլ» հասկացության առաջին նախադասությունը «մեխանիկական տրանսպորտային միջոց» բառերից հետո լրացնել «(թեթև մարդատար ավտոմոբիլ, ավտոբուս, բեռնատար ավտոմոբիլ, բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, էլեկտրամոբիլ)» բառերով.

2) «կանգառ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կանգառ` մինչև 5 րոպե կամ ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը.».

3) «կայանում» հասկացությունը «անշարժ» բառից առաջ լրացնել «կանխամտածված» բառով.

4) «կցորդ (կիսակցորդ)» հասկացությունը «երթևեկելու համար» բառերից հետո լրացնել «(ներառյալ՝ հատուկ կցորդը)» բառերով.

5) «հարկադրված կանգառ» և «հեծանիվ» հասկացությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անսարքության կամ վարորդի կամ ուղևորի ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով կամ լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկվելու կամ այլ տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու կամ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու կամ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը կատարելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված պահանջը կատարելու նպատակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա.

հեծանիվ` առնվազն երկու անիվ ունեցող և, որպես կանոն, դրա վրա գտնվող անձի մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի, որը կարող է ունենալ նաև երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ը չգերազանցող նոմինալ առավելագույն հզորությամբ` 25 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում ավտոմատ անջատվող էլեկտրական շարժիչ.».

6) «մեխանիկական տրանսպորտային միջոց», «մոպեդ» և «մոտոցիկլ» հասկացությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաև տրոլեյբուսները և էլեկտրամոբիլները.».

«մոպեդ` 50 uմ3 աշխատանքային ծավալը չգերազանցող աշխատանքային ծավալով ներքին այրման շարժիչ կամ երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ից ավելի և 4 կՎտ-ից պակաս նոմինալ առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց, որի առավելագույն կառուցվածքային արագությունը չի գերազանցում 50 կմ/ժ-ը: Մոպեդին են հավասարեցվում համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլերը.

մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ3-ը, կամ առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը: Մոտոցիկլին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, ուղևորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում` նաև առանց մարտկոցների` 400 կգ-ը (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ը) չգերազանցող զանգված և 15 կՎտ-ը չգերազանցող շարժիչի առավելագույն արդյունավետ հզորություն ունեցող տրիցիկլերը, ինչպես նաև մոտոցիկլային նստեցվածքով կամ մոտոցիկլային տեսակի ղեկով քվադրիցիկլերը.».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«բեռնաուղևորատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման, ինչպես նաև ուղևորների համար նախատեսված վեցից ոչ ավելի նuտատեղ ունեցող, ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ (բեռի փոխադրման համար նախատեսված հատվածը ուղևորների և ուղեբեռի փոխադրման սրահից հուսալիորեն առանձնացված) փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

էլեկտրամոբիլ` էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ (բացառությամբ տրոլեյբուսի և տրամվայի).

հատուկ ավտոմոբիլ` իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի և սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված ավտոմոբիլ.

հատուկ կցորդ (կիսակցորդ)` իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի և սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված կցորդ (կիսակցորդ).

տրիցիկլ` տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթության համեմատ համաչափ տեղակայված երեք անիվներով տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ3-ը, և (կամ) առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը.

քվադրիցիկլ` 25 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն կառուցվածքային արագությամբ, 15 կՎտ-ից ոչ ավելի շարժիչի առավելագույն հզորությամբ, լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, ուղևորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում` նաև առանց մարտկոցների զանգվածի` 400 կգ-ից (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ից) ոչ ավելի զանգվածով, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված քառանիվ մոտոտրանսպորտային միջոց.

քվադրոցիկլ` 69 կՊա-ից (0.7 կգուժ/սմ2) ոչ ավելի ներքին ճնշմամբ անվադողերով, մոտոցիկլային նստեցվածքով նստատեղ և մոտոցիկլային տեսակի ղեկ ունեցող, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս միայն մեկ մարդու (վարորդի) փոխադրման (երթևեկության) համար նախատեսված մոտոտրանսպորտային արտաճանապարհային քառանիվ միջոց (մոտոամենագնաց): Քվադրոցիկլերը (մոտոամենագնացները), ինչպես նաև ձյունաճահճագնացները և ձյունագնացներն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով շահագործելն արգելվում է.»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «իբ» և «իդ» կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 8-րդ մասի 1-ին կետը «գործարքով» բառից հետո լրացնել «(հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը կարող են իրականացվել նաև ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում՝ առանց ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայանալու, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով)» բառերով.

2) 9-րդ և 10-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Իրավասու մարմնի թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցի` սույն օրենքով նախատեսված իրավունքների պետական գրանցումը և հաշվառումը, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի, կատարվում են վերասարքավորված վիճակում տեխնիկական զննություն անցնելուց հետո՝ վերասարքավորման ժամանակ կատարված փոփոխությունների մասով տրանսպորտային միջոցը սարքին լինելու վերաբերյալ տեխնիկական զննության արատորոշման քարտում կատարված գրառման (դրական եզրակացության) հիման վրա: Տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելը, ինչպես նաև վերասարքավորման հետևանքով այլ մակնիշի տրանսպորտային միջոց հավաքելը (ստեղծելը) արգելվում են:

10. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվում է, եթե`

1) ներկայացված չեն սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկով նախատեսված փաստաթղթերը.

2) չի պահպանվել սույն հոդվածի 2-րդ մասով` տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի (բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի) գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը (առ ոչինչ գործարք), բացառությամբ այն դեպքերի, երբ ժամկետը չպահպանելը (բաց թողնելը) տեղի է ունեցել առանց անձի մեղքի, որի դեպքում անձը կարող է դիմում ներկայացնել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու համար.

3) տրանսպորտային միջոցը չի ներկայացվել ճանապարհային ոստիկանություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի.

4) առկա է տրանսպորտային միջոցի իրական (փաստացի) և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն.

5) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը հետախուզման մեջ է.

6) oրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված է արգելադրում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1-ին հոդվածով սահմանված դեպքերի.

7) տրանսպորտային միջոցը հավաքված է տարբեր տրանսպորտային միջոցների առանձին մասերից կամ առանձին պահեստամասերից, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների.

8) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին, եթե մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելը դրանք հնարավոր չէ վերացնել:».

3) 11-րդ մասի «իսկ տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը պահվում է գրավառուի մոտ» բառերը փոխարինել «իսկ տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը գրավառուի ցանկությամբ պահվում է գրավառուի մոտ» բառերով.

4) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) ներկայացված չեն սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումը կամ դրան կցվող փաստաթղթերը, կամ չի պահպանվել սույն հոդվածի 11-րդ մասով` տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը.

2) լիզինգի պայմանագրով վարձակալության հանձնվող տրանսպորտային միջոցի նկատմամբ սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կիրառվել է արգելադրում:»:

 

Հոդված 4. Օրենքի 13.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13.1.

Տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման տվյալների փոխանցումը (տրամադրումը)

 

1. Ճանապարհային ոստիկանությունում գրանցված կամ հաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալները առանց տվյալների սուբյեկտի համաձայնության փոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ և փաստաբաններին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պետական կառավարման մարմիններ և իրավաբանական անձանց:»:

 

Հոդված 5. Օրենքի 18.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 18.2.

Տրանսպորտային միջոցների շահագործման արգելումը հաշվառման փաստաթուղթը վերցնելով

 

1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա», «ժբ» կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և վերցնել տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը:

2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր փաստաթուղթ` տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար: Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Տրանսպորտային միջոցների շահագործումը տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելով արգելելու և ժամանակավոր փաստաթուղթ տալու դեպքում իրավասու պաշտոնատար անձը գրառում է կատարում վարչական իրավախախտման արձանագրության մեջ:

4. Տրանսպորտային միջոցի շահագործումը տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելով արգելելու հիմքերը վերացնելուց հետո հաշվառման փաստաթուղթն անմիջապես վերադարձվում է տրանսպորտային միջոցի վարորդին, սեփականատիրոջը կամ սեփականատիրոջ ներկայացուցչին:»:

 

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում անմիջապես կանգնեցնել և (կամ) չտեղաշարժել տրանսպորտային միջոցը, միացնել վթարային լուսային ազդանշանը, տեղադրել «Վթարային կանգառ» ճանաչման նշանը, չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները, առկայության դեպքում` նաև դիերը, չփոփոխել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, չվնասել և չձևափոխել հետքերը, այնուհետև գործել սույն հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով սահմանված նորմերի պահանջներով: Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել կամ վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է`

1) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար, կանչել «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն և ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հայտնել ոստիկանություն.

2) ծայրահեղ դեպքերում տուժածներին համընթաց շարժվող տրանսպորտային միջոցով ուղարկել, իսկ եթե դա անհնար է` իր տրանսպորտային միջոցով տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն, այնտեղ հայտնել իր անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական վկայական և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ) և վերադառնալ պատահարի վայր.

3) ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ.

4) սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն, այնուհետև գործել նրանց հրահանգներով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ մասերով.

«4.1. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառվել է միայն գույքային վնաս, և եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով գույքի վնասման հետ կապված վնասվածքներ հասցնելու հանգամանքները, տրանսպորտային միջոցների տեսանելի վնասների բնույթը և ցանկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների միջև՝

1) առաջացնում են տարաձայնություններ կամ չեն առաջացնում տարաձայնություններ, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) չեն համապատասխանում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն, սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն և մինչև ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալը ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ, իսկ ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների՝ պատահարի վայր ներկայանալուց հետո գործել վերջիններիս հրահանգներով (ցուցումներով)` մասնակցելով պատահարի գրանցման և անհրաժեշտ ստուգումների անցկացման հետ կապված գործողություններին.

2) չեն առաջացնում տարաձայնություններ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն և կարող են՝

ա. ինքնուրույն ձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին համապատասխան, և թողնել պատահարի վայրը, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) համապատասխանում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին,

բ. չձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվել են միայն դրա մասնակիցների տրանսպորտային միջոցները կամ այլ գույքը, և ոչ մի մասնակից չունի նշված փաստաթղթերը ձևակերպելու և (կամ) միմյանց նկատմամբ (այդ թվում` ապահովագրական ընկերությունների միջոցով) պահանջներ ներկայացնելու ցանկություն:

4.2. Սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում վարորդների կողմից նշված պատահարի վերաբերյալ հետագայում ոստիկանություն դիմում կամ հաղորդում ներկայացվելու դեպքում որևէ վարույթ չի իրականացվում, և դիմումը կամ հաղորդումը թողնվում են անհետևանք:

4.3. Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հավաքում է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների, նրանց տրանսպորտային միջոցների և պատահարի հանգամանքների վերաբերյալ տվյալներ` կազմելով պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրություններ` ամրագրելով (այդ թվում` լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, հետքերը, առարկաները, տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասվածքները: Պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունը կարող է չկազմվել, եթե ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ցերեկը` օրվա լուսավոր ժամի, բավարար տեսանելիության պայմաններում, և առկա է դրա տեղի ունենալու պահի և դրան անմիջապես հաջորդող` պատահարի մասնակիցների գործողությունների տեսագրություն: Պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունները, ինչպես նաև տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված յուրաքանչյուր փաստաթուղթ, տեղեկություն, տեսանյութ, լուսանկար կամ այլ նյութ կարող է ցանկացած եղանակով տրամադրվել (հասանելի դարձվել) Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին և (կամ) դրա անդամ ապահովագրական ընկերություններին և (կամ) երրորդ անձանց՝ ճանապարհատրանսպորտային պատահարի գծով իրականացվող հատուցման գործընթացի կարգավորման, ներառյալ՝ փորձաքննությունների իրականացման և ԱՊՊԱ ոլորտում անհրաժեշտ այլ գործողությունների իրականացման համար: Պատահարի մասին արձանագրության ձևը և դրանում պարունակվող տեղեկատվությունը, ինչպես նաև պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմի ու կառուցվածքի նկատմամբ պահանջները հաստատում է ոստիկանության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:».

4) 5-րդ մասի «ա» կետի 1-ին ենթակետը «տվյալ կարգի» բառերից հետո լրացնել «կամ ենթակարգի» բառերով.

5) 5-րդ մասի «գ» կետը «մոտոցիկլով երթևեկելիս» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մոպեդով կամ հեծանիվով երթևեկելի մասով երթևեկելիս» բառերով.

6) 8-12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.2-րդ և 24.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 24.2.

Հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկության լրացուցիչ պահանջները

 

1. 14 տարեկանից բարձր տարիք ունեցող հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով:

2. 14-ից բարձր տարիքի հեծանվորդների երթևեկությունը թույլատրվում է`

1) երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով երթևեկելն անհնար է,

բ. հեծանիվի, հեծանվակցորդի կամ տեղափոխվող բեռի եզրաչափային լայնությունը գերազանցում է 1 մ-ը,

գ. հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է շարասյան մեջ.

2) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով կամ երթևեկելի մասի աջ եզրով երթևեկելն անհնար է.

3) մայթով կամ հետիոտնային արահետով հետևյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով կամ երթևեկելի մասի աջ եզրով կամ կողնակով երթևեկելն անհնար է,

բ. հեծանվորդն ուղեկցում է մինչև 14 տարեկան հեծանվորդի կամ լրացուցիչ նստատեղին, հեծանվասայլակում կամ հեծանվակցորդում տեղափոխում է մինչև 7 տարեկան երեխա:

3. 7-ից մինչև 14 տարեկան հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է միայն մայթերով, հետիոտնային, հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, ինչպես նաև հետիոտնային գոտիների սահմաններում:

4. Մինչև 7 տարեկան հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է միայն մայթերով, հետիոտնային և հեծանվահետիոտնային արահետներով (հետիոտների երթևեկության համար նախատեսված կողմով), ինչպես նաև հետիոտնային գոտիների սահմաններում:

5. Երթևեկելի մասի աջ եզրով հեծանվորդների երթևեկության ժամանակ հեծանվորդները պետք է երթևեկեն միայն մեկ շարքով:

6. Հեծանվորդների շարասյան երթևեկությունը երկու շարքով թույլատրվում է, եթե հեծանիվների եզրաչափային լայնությունը չի գերազանցում 0,75 մ-ը:

7. Մեկ շարքով երթևեկության դեպքում հեծանվորդների շարասյունը բաժանվում է խմբերի` յուրաքանչյուրում 10-ական հեծանվորդ, իսկ երկու շարքով երթևեկության դեպքում` յուրաքանչյուրում 10-ական զույգ հեծանվորդ: Վազանցը հեշտացնելու համար խմբերի միջև տարածությունը պետք է կազմի 80-100 մ:

8. Եթե հեծանվորդի երթևեկությունը մայթով, հետիոտնային արահետով, կողնակով կամ հետիոտնային գոտիների սահմաններում վտանգում կամ խոչընդոտում է այլ անձանց երթևեկությունը, ապա հեծանվորդը պարտավոր է իջնել հեծանիվից և ղեկավարվել հետիոտների երթևեկության համար օրենսդրությամբ նախատեսված պահանջներով:

9. Մոպեդների վարորդները պետք է երթևեկեն երթևեկելի մասի աջ եզրով մեկ շարքով կամ հեծանվորդների համար գոտիով:

10. Մոպեդների վարորդների երթևեկությունը թույլատրվում է կողնակներով, եթե դա չի խոչընդոտում հետիոտներին:

11. Հեծանվորդներին և մոպեդների վարորդներին արգելվում է`

1) վարել հեծանիվը կամ մոպեդը առանց ղեկը բռնելու.

2) փոխադրել բեռ, որը խանգարում է ղեկավարելուն, կամ որը երկարությամբ կամ լայնությամբ ավելի քան 0,5 մ-ով գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը.

3) տեղափոխել ուղևոր, եթե դա նախատեսված չէ տրանսպորտային միջոցի կառուցվածքով.

4) տեղափոխել մինչև 7 տարեկան երեխայի` նրա համար հատուկ կահավորված նստատեղի բացակայության դեպքում կամ այդ նստատեղից դուրս.

5) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին.

6) հատել ճանապարհը հետիոտնային անցումներով:

12. Արգելվում է հեծանիվների և մոպեդների, ինչպես նաև հեծանիվներով և մոպեդներով քարշակումը, բացառությամբ հեծանիվի կամ մոպեդի հետ շահագործման համար նախատեսված հեծանվակցորդի կամ կցորդի քարշակման:

13. Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա հեծանվորդները և մոպեդների վարորդները պետք է զիջեն ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:

 

Հոդված 24.3.

Լծասայլերի (լծասահնակների) երթևեկության, բեռնակիր և հեծկան կենդանիներին, ինչպես նաև անասուններին քշելու լրացուցիչ պահանջները

 

1. Երթևեկելի մասով լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր կամ հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել թույլատրվում է 14 տարեկանը լրացած անձանց:

2. Լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր և հեծկան կենդանիներին քշել մեկ շարքով, երթևեկելի մասի եզրով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա չի խոչընդոտի հետիոտներին:

3. Լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր և հեծկան կենդանիների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում` 10-ական բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ 5-ական լծասայլ (լծասահնակ): Խմբերի վազանցումը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80-100 մ:

4. Լծասայլի (լծասահնակի) վարորդը մերձակա տարածքից կամ երկրորդական ճանապարհից ճանապարհ դուրս գալիս սահմանափակ տեսադաշտով վայրերում կենդանիներին պետք է տանի սանձից բռնած:

5. Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին` հնարավորին չափ ուղղորդելով դեպի ճանապարհի աջ եզրը:

6. Կենդանիներին երկաթուղային գծերն անցկացնելիս դրանք պետք է բաժանել խմբերի այնպես, որ, անասնավարների քանակից ելնելով, հնարավոր լինի ապահովել յուրաքանչյուր խմբի անվտանգ անցումը:

7. Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ և անասուններ քշողներին արգելվում է`

1) կենդանիներին թողնել ճանապարհին առանց հսկողության.

2) կենդանիներին քշել երկաթուղային գծերով և ճանապարհներով` դրա համար նախատեսված տեղերից դուրս, ինչպես նաև օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում (բացի տարբեր մակարդակների վրա անասուններին երկաթուղային գծերը կամ ճանապարհն անցկացնելուց).

3) այլ ուղիների առկայության դեպքում կենդանիներին քշել ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով.

4) կենդանիներին արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100 մ մոտ տարածքներում, ինչպես նաև դրանց կուտակել երթևեկելի մասերում և մայթերին:

8. Արգելվում է վարել լծասայլ, եթե այն`

1) կահավորված չէ կառուցվածքով նախատեսված կայանման արգելակով և հակագլորման հենակներով.

2) առջևի մասում չունի երկու սպիտակ գույնի լուսանդրադարձիչներ կամ լապտերներ (օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար).

3) հետևի մասում չունի երկու կարմիր գույնի լուսանդրադարձիչներ կամ լապտերներ:»:

 

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «AM» ենթակարգ` մոպեդներ և դրանց համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլներ.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով, և ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթև մոտոցիկլեր).».

3) 1-ին մասի 2-րդ կետի ««A1» ենթակարգին» բառերը փոխարինել ««AM» և «A1» ենթակարգերին» բառերով.

4) 1-ին մասի 3-րդ կետի «քվադրոցիկլեր» բառը փոխարինել «քվադրիցիկլեր» բառով.

5) 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «AM» ենթակարգի` 16 տարին լրացած անձանց, իսկ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.».

6) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ, ընդ որում` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող:».

8) 7-րդ մասը «A1» բառից առաջ լրացնել «AM,» բառով.

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-19-րդ մասերով.

«10. «A» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «AM» և «A1» ենթակարգի, ինչպես նաև մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցներ, «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «D» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «CE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «DE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ:

11. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների՝ մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի նոր վարորդական վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:

12. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:

13. Այլ պետություններում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը փոխանակվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:

14. Կորցրած կամ գողացված օտարերկրյա (բացառությամբ ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տրված) ազգային և միջազգային վարորդական վկայականի փոխարեն Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականների հատկացում չի կատարվում:

15. Այլ պետություններում ստացած և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին չհամապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականներով չեն փոխանակվում, և կորած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում:

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային վարորդական վկայականով թույլատրվում է վարել տրանսպորտային միջոցներ միայն ազգային վարորդական վկայականի առկայության դեպքում:

17. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի: Սույն մասով նախատեսված արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ:

18. Այլ երկրում, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետ համատեղ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում միջազգային պայմանագրերի մասնակից, տրված ազգային վարորդական վկայականը փոխադարձության պայմանով համարվում է գործող Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար միայն այն դեպքում, եթե այն ներկայացվում է նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ վարորդական վկայականի բոլոր գրառումները կատարված են կամ կրկնօրինակված են լատիներեն տառերով:

19. Օտարերկրյա ազգային և միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են գործող նշված վարորդական վկայականների համապատասխան կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցների համար` տիրապետողների տարիքը սույն հոդվածով սահմանված տարիքը լրանալու պահից:»:

 

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1.2-րդ մասը «A1» բառից առաջ լրացնել «AM,» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3-1.8-րդ մասերով.

«1.3. «A», «B» և «BE» կարգերի, ինչպես նաև «AM», «A1» և «B1» ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե`

1) վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված՝ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (բացակայում են վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող՝ դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ).

2) առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

1.4. Սույն հոդվածի 1.3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձին ճանապարհային ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագիրը տրվում է վարորդական իրավունքի վկայական ստանալու (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) մասին դիմումը ներկայացնելու պահին:

1.5. Բժշկական հավատարմագրման պահանջագրի և առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագրի ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

1.6. «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է ճանապարհային ոստիկանություն ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք:

1.7. «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված՝ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (ձեռքերի, ոտքերի, ձեռքի մատների շարժումների սահմանափակում կամ ձևախեղումներ կամ դրանց բացակայություն, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ), կամ առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

1.8. Տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական խնդիրներ ունեցող, թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով և վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու) մասին դիմում ներկայացվելու պահին էլեկտրոնային հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում ճանապարհային ոստիկանությանը:».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը, բացառությամբ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուի: «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածու կարող է դառնալ 16 տարին լրացած անձը:».

4) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գործնական վարման ուսուցումը կարող է իրականացվել այն ճանապարհներին, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արգելված չէ դրա իրականացումը:»:

 

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 29.

Վարելու իրավունքը դադարելը և վարորդական վկայականի ուժը կորցնելը

 

1. Անձի վարելու իրավունքը դադարում է, եթե`

1) առկա է նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ.

2) առկա է նրա՝ հոգեկան, թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացություն.

3) առկա է վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտ.

4) նա մահացել է:

2. Անձի վարորդական վկայականն ուժը կորցնում է, եթե`

1) առկա է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը.

2) լրացել է վարորդական վկայականի գործողության ժամկետը.

3) վարորդական վկայականը կորել է, և անձը դիմել է նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով ուժը կորցրած վարորդական վկայական հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը վերցնում է այդ վարորդական վկայականը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցված վարելու իրավունքը վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:»:

 

Հոդված 11. Օրենքի 33.1-ին հոդվածի 2-րդ մասի «ժա» կետը «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցների խոտանված հաշվառման համարանիշների վահանակների» բառերով:

 

Հոդված 12.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ և 8-րդ կետերը, 9-րդ կետը՝ 10-րդ մաս լրացնելու մասով, 9-րդ հոդվածի 1-3-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 1.8-րդ մասով սահմանված էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքներն ավարտվում են մինչև 2021 թվականի հունիսի 1-ը:

4. Մինչև սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 1.8-րդ մասով սահմանված էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքների ավարտը վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձի ներկայացրած՝ առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագրում առողջական խնդիրներ չունենալու մասին նշումն ընդունվում է որպես հիմք, և վարորդական իրավունքի վկայականի հատկացումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ ձեռքերի, ոտքերի, ձեռքի մատների շարժումների սահմանափակումների կամ ձևախեղումների կամ դրանց բացակայության, պարանոցի կամ մեջքի խնդիրների, տեսողության ակնհայտ խանգարումների կամ աչքի բացակայության, լսողության ակնհայտ խանգարումների)։

5. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 19

Երևան

ՀՕ-278-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան