Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-140-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.08/43(777) Հոդ.977
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
28.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2010 թվականի հուլիսի 17-ի առաջարկությունը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագրի մշակումը և հաստատումը:

3. (կետն ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-48-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 28
Երևան
ՆԿ-140-Ն

 

 

 

 Հավելված
ՀՀ Նախագահի
2010թ. օգոստոսի 28-ի
ՆԿ-140-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի ողջ տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և պարբերաբար ենթակա է մինչև 7,5 մագնիտուդի երկրաշարժերի ազդեցության: Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որի տարածքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի մասին պահպանվել են շուրջ 2000 տարվա պատմական գրավոր տեղեկություններ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ տարածքում 5,5 մագնիտուդից բարձր ուժգնության երկրաշարժերի կրկնման միջին պարբերությունը կազմում է 30-40 տարի, իսկ օջախների միջին խորությունը` 5-10 կմ, որոնք կապված են տեկտոնական ակտիվ բեկվածքների գոտիների առկայության հետ: Կովկասյան տարածաշրջանը ներկայումս գտնվում է սեյսմիկ ակտիվացման փուլում, որի արդյունքում ՀՀ տարածքում հնարավոր ուժեղ երկրաշարժերի հավանականությունը համեմատաբար մեծացել է: Միայն 20-րդ դարում Հայաստանում տեղի են ունեցել 8-10 բալ ուժգնությամբ չորս` 1926թ. Լենինականի, 1931թ. և 1968թ. Զանգեզուրի, 1988թ. Սպիտակի երկրաշարժերը: Սկսած 1962թ-ից, երկրաշարժերի գործիքային գրանցման եղանակի ներդրումից հետո, Հայաստանի տարածքում գրանցվել է տարբեր ուժգնության 24250 երկրաշարժ, այդ թվում` 1991-2008թթ. գրանցվել է 3,5 մագնիտուդից բարձր ուժգնությամբ 453 երկրաշարժ:

Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 15 հազարը դարձավ հաշմանդամ, 500 հազարը մնաց անօթևան, իսկ պատճառված վնասը կազմեց մոտ 12 միլիարդ ԱՄՆ դոլար, վերհանեց Հայաստանի բնակչության և տարածքների սեյսմիկ անվտանգության ոլորտում առկա սխալներն ու բացթողումները, մեր երկրում երկրաշարժից խոցելիության բարձր մակարդակը, ինչը պայմանավորված էր սեյսմիկ վտանգի ոչ ճիշտ գնահատման, քաղաքաշինական նորմերի ոչ պատշաճ կիրառման, սոցիալական, տնտեսական, բնապահպանական և այլ գործոնների հետ, որոնք կտրուկ մեծացնում են երկրաշարժի ռիսկը, ցույց տվեց, որ պետությունն ու բնակչությունն անպատրաստ էին դիմագրավելու ուժեղ երկրաշարժին, որ Հայաստանի բնակչության պաշտպանության հիմնախնդիրը եղել և մնում է ազգային անվտանգության հիմնական գերակայություններից մեկը:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգի (այսուհետ` հայեցակարգ) ընդունումը կարևորվում է նրանով, որ ժամանակակից սեյսմիկ ռիսկի մարտահրավերը պահանջում է միջազգային, տարածաշրջանային և ազգային հնարավորությունների համախմբում, գործողությունների և գերակայությունների սահմանում: Անհրաժեշտ է սեյսմիկ ռիսկի նվազեցումը դարձնել ազգային առաջնահերթություն` ուժեղ և կայուն ինստիտուցիոնալ բազայի հիման վրա, իրականացնել ռիսկի բազմակողմանի բացահայտում և գնահատում, նվազեցնել դրա բաղադրիչներն ու գործոնները, ստեղծել վաղ ահազանգման գործուն համակարգ, ուժեղացնել միջազգային և տարածաշրջանային համագործակցությունն ու աջակցությունը ռիսկերի նվազեցման բնագավառում:

2. Լուծում են պահանջում հետևյալ հիմնախնդիրները`

1) սեյսմիկ պաշտպանության ոլորտի հանրապետական լիազոր մարմնի կառուցվածքային և գործառութային հաճախակի փոփոխությունների և սեյսմիկ ռիսկի կառավարման միասնական պետական մեխանիզմի բացակայության պատճառով ի հայտ են եկել դժվարություններ` կապված կադրային, կազմակերպական և այլ հարցերի հետ, որոնք նվազեցնում են սեյսմիկ անվտանգության համակարգի գործունեության արդյունավետությունը,

2) արդյունավետ չէ սեյսմիկ պաշտպանության համակարգում ներգրավված պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների գործունեությունը Հայաստանի և Երևան քաղաքի տարածքների սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական երկարաժամկետ երկու համալիր ծրագրերի կատարման գործում, քանի որ հստակեցված չէ դրանց իրականացման, համակարգման և վերահսկման կարգը,

3) անհրաժեշտ է բարեփոխել «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և վերանայել Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիրը և «Երևանի տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիրը,

4) անհրաժեշտ է համապատասխան բարեփոխումներ իրականացնել սեյսմիկ անվտանգության բնագավառում վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմիններում, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանել սեյսմակայունության և դրա գնահատման հստակ պայմանները և պահանջները, որոնց կատարումը կվերահսկվի այդ մարմինների կողմից` շինարարության բոլոր փուլերում,

5) անհրաժեշտ է կատարելագործել բնագավառը կարգավորող իրավական դաշտը,

6) օրենսդրությամբ հստակորեն սահմանված չեն պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև լիազորությունների տարանջատման, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը,

7) լիովին ձևավորված չէ սեյսմավտանգ շրջաններում հողօգտագործման, նախագծման, ավարտված շենքերի ընդունման և հետագա շահագործման կարգը որոշող ենթաօրենսդրական դաշտը,

8) քաղաքաշինական փաստաթղթերի ցանկում լիարժեքորեն չեն արտացոլվում և հաշվի չեն առնվում սեյսմիկ ռիսկի և տարածքների սեյսմիկ վտանգի գործոնները,

9) թերի է նախկինում կառուցապատված տարածքների օգտագործման իրավական կարգավորման հարցը` սեյսմիկ անվտանգության տեսանկյունից,

10) անհրաժեշտ է արդիականացնել սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության 150 կայաններից կազմված դիտարկումների ցանցի սարքավորումները, բարձրացնել գրանցումների և չափումների հուսալիության ու հավաստիության մակարդակը, ապահովել նոր դիտակայանների ստեղծումը, ինչը թույլ կտա բարձրացնել սեյսմիկ վտանգի գնահատման արդյունավետությունը,

11) անհրաժեշտ է ապահովել երկրաշարժի հետևանքների նվազեցման ոլորտում հեղինակավոր միջազգային կառույցների հնարավորությունների և խորհրդատվությունների օգտագործումը, նրանց կողմից մշակված տեխնոլոգիաների ներդրումը ՀՀ-ում, դիտարկումների ցանցի սարքավորումների տեղադրման ժամանակ գեոդինամիկական վարժահրապարակներում ստացված գեոդեզիական չափագրումների արդյունքների կիրառումը,

12) անհրաժեշտ է ընդլայնել սեյսմիկ անվտանգության հարցերով միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը, կնքել երկկողմ ու բազմակողմ պայմանագրեր սեյսմոլոգիայի ոլորտում զարգացած երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:

3. Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվել է Հայաստանի սեյսմիկ վտանգի մակարդակը, որի արդյունքում պարզվել է, որ երկրում մինչև 1989թ. կառուցված, հատկապես բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը չի համապատասխանում սեյսմիկ վտանգի առկա մակարդակին:

4. Երկրի կայուն զարգացումը պետք է իրականացվի նաև սեյսմիկ ռիսկի կառավարման համատեքստում` սեյսմիկ ռիսկի նվազեցման, բնակչության և տարածքների, ենթակառուցվածքների և նյութական արժեքների պաշտպանության ճանապարհով: Սեյսմիկ ռիսկի գնահատման և վաղ իրազեկման համակարգերի հիմնումը, բացի կյանքի, գույքի, կենսապահովման միջոցների փրկումն ու պահպանումն ապահովելուց, տնտեսական ու ֆինանսական տեսանկյունից կլինի շատ ավելի արդյունավետ, քան հետաղետային հակազդումը և վերականգնումը:

5. Անհրաժեշտ է կիրառել սեյսմիկ անվտանգության պահանջների իրագործման գործուն մեխանիզմներ, որոնք հիմնված կլինեն աղետների վաղ ազդարարման և հակազդման գործում պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ակտիվ համագործակցության սկզբունքների վրա:

 Սեյսմիկ անվտանգության համակարգում կան սեյսմիկ ռիսկի կառավարման և սեյսմիկ պաշտպանության ոլորտի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց լուծումը պահանջում է սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգային մոտեցումների ընդունում` ապահովելու համար հասարակության կայուն և անվտանգ զարգացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

6. Սպիտակի երկրաշարժն առավել սրեց երկրում արդյունավետ սեյսմիկ անվտանգության համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: Ստեղծվեցին ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (այսուհետ` սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն), որը հետագայում ներառվեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների համակարգերում, և ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, որը հետագայում վերակազմավորվեց ՀՀ փրկարար ծառայության: Ոլորտի հետագա զարգացման և ամրապնդման նպատակով 2008թ. ստեղծվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որի գործառույթներում կարևոր տեղ է զբաղեցնում սեյսմիկ անվտանգության ապահովումը:

7. 1991թ-ից առ այսօր մշակվել և ընդունվել են սեյսմիկ պաշտպանության և սեյսմիկ ռիսկի նվազեցման մասին օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, պետական երկարաժամկետ ծրագրեր, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման քարտեզներ, ստեղծվել են բազմապարամետր դիտարկումների միասնական ցանց, տվյալների հավաքման ու մշակման համակարգեր, սեյսմակայուն շինարարության նախագծման նորմեր, կնքվել են համագործակցության բազմաթիվ համաձայնագրեր:

8. Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները`

1) սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը ներգրավվել է բազմաթիվ միջազգային կառույցներում. կնքվել են ոլորտին առնչվող միջազգային մի շարք համաձայնագրեր,

2) պատրաստվել են ոլորտի մասնագիտացված կադրեր,

3) ստեղծվել են սեյսմիկ պաշտպանության 150 կայաններից կազմված դիտարկումների ցանց, թվային բազաներ և քարտեզներ` սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման համար,

4) գիտական լուրջ ուսումնասիրության է ենթարկվել Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժը` որպես երկրաբանական երևույթ, գնահատվել են դրա դրսևորման հիմնական պատճառներն ու հետևանքները, կուտակվել են հսկայական վիճակագրական տվյալներ երկրաշարժի արդյունքում շինությունների ավերման, մարդկային կորուստների, փրկարարական աշխատանքների, աղետի գոտու վերականգնման ու վերակառուցման, ինչպես նաև թույլ տրված սխալների ու բացթողումների վերաբերյալ:

9. Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից սեյսմիկ վտանգի գնահատման ուղղությամբ իրականացվել են հետևյալ միջոցառումները`

1) ստեղծվել է ՀՀ երկրաշարժերի ազգային կատալոգը, որտեղ ներառված են նախապատմական, պատմական և գործիքային գրանցման ժամանակաշրջանի երկրաշարժերի պարամետրերը,

2) ստեղծվել են Կովկասի տարածաշրջանի, իսկ ավելի մանրամասն` ՀՀ տարածքի ակտիվ տարածաշրջանային բեկվածքների, սեյսմատեկտոնական և երկրադինամիկական մոդելները, սեյսմածին գոտիների և սեյսմիկ շրջանացման հավանականային քարտեզները,

3) կազմվել են ՀՀ բնակավայրերի տարածքների սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզները` գլխավոր հատակագծերի մշակման հիմքում դրվելու համար,

4) ստեղծվել են տվյալների շուրջօրյա հավաքման, մշակման և վերլուծության համակարգեր, այդ թվում` ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման համար,

5) մշակվել է Երևան քաղաքի համար վաղ ազդարարման ավտոմատ համակարգի նախագիծը:

10. Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից սեյսմիկ ռիսկի գնահատման ուղղությամբ իրականացվել են հետևյալ միջոցառումները`

1) մշակվել են բնակավայրերի սեյսմիկ ռիսկի քանակական գնահատման մեթոդներ, որոնք հիմնված են գլխավոր գործոնների` վտանգի մակարդակի, շենքերի և շինությունների ու կենսապահովման համակարգերի խոցելիության, մարդկային կորուստների և հրդեհների առաջացման հաշվառման վրա,

2) կազմվել են սեյսմիկ ռիսկի քարտեզներ, այդ թվում` ՀՀ տարածքի կենսապահովման համակարգերի սեյսմիկ ռիսկի քարտեզը` սոցիալական կարևորության գնահատումներով:

11. Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացվել են հետևյալ միջոցառումները`

1) մշակվել և գործողության մեջ են դրվել Հայաստանի և Երևան քաղաքի տարածքների սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական երկարաժամկետ երկու համալիր ծրագրեր,

2) մշակվել են ՀՀ սեյսմակայուն շինարարության նորմեր,

3) ստեղծվել են ուսուցողական նյութեր, տարվել են աշխատանքներ հասարակության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ,

4) մշակվել են մոտեցումներ` երկրաշարժերի երկրորդային հետևանքների կանխարգելման և նվազեցման ուղղությամբ,

5) ստեղծվել են շինարարության որակի ապահովման նորմատիվ փաստաթղթեր,

6) ներդրվել են վթարային քարե շենքերի նոր վտանգի մակարդակին համապատասխան ուժեղացման մեթոդներ,

7) մշակվել և իրականացվել են բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը բարձրացնող մեթոդներ` ռետինամետաղական բարձիկների և ճկուն վերին հարկի կիրառմամբ:

12. Սեյսմիկ անվտանգության համակարգի կայացման ուղղությամբ ձևավորվել է իրավական դաշտ, ընդունվել են ոլորտը կարգավորող օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, որոնցից են`

1) «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ 2002թ. հուլիսի 6-ի ՀՕ-376 օրենքը,

2) ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիր» N 429 որոշումը,

3) ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիր» N 392 որոշումը,

4) ՀՀ կառավարության 2003թ. մարտի 13-ի «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների ցանկը սահմանելու մասին» N 237-Ն որոշումը,

5) ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 19-ի «Սեյսմամիկրոշրջանացման քարտեզների հաստատման կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշումը,

6) «Սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2007թ. հուլիսի 11-ի N 08-Ն և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2007թ. հունիսի 28-ի N 45 համատեղ հրամանը և այլն:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

13. Հայեցակարգի նպատակներն են սեյսմիկ անվտանգության ապահովումը ՀՀ տարածքում, սեյսմիկ աղետների հնարավոր վնասի իրական նվազեցումն ու կանխարգելումը:

Գոյություն ունեցող սեյսմիկ ռիսկի նվազեցման տեսանկյունից կարևորվում է առավել վտանգավոր շրջանները չբնակեցնելը, շինությունների հարմարեցումը փաստացի պայմաններին, սեյսմիկ անվտանգության չափանիշներին համապատասխան շինարարության իրականացումը, փրկարարավթարային աշխատանքների կազմակերպմանը կառավարման մարմինների նախապատրաստվածության և բնակչության ուսուցման ապահովումը:

14. Հայեցակարգի ռազմավարական նպատակներն ու բաղադրիչներն են`

1) համակարգի ինստիտուտների, մեխանիզմների և կարողությունների զարգացումն ու ամրապնդումը, իրավական, կազմակերպական և տեխնիկական հիմնախնդիրների լուծման ուղիների նախանշումը,

2) սեյսմիկ անվտանգության համակարգում ընդգրկված պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների փոխհամագործակցության հետագա զարգացումը: Այս համատեքստում կարևորվում է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, որը կարող է իրականացնել խորհրդատվություն` սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների, խոցելիության գնահատման, բնակչության ուսուցման, պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստման և այլ հարցերով,

3) ոլորտում գիտության դերի բարձրացումը, ինչը ենթադրում է ակադեմիական, բուհական, գերատեսչական ինստիտուտների, այդ թվում` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (Երկրաֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտ, Երկրաբանական գիտությունների ինստիտուտ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, ՀՀ քաղաքաշինության նախարարության «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանության հայկական ԳՀԻ» ԲԲԸ գործառութային միավորումը մեկ միասնական դաշտում,

4) սեյսմիկ անվտանգության հիմնախնդիրների իրականացմանը գիտական և այլ կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի ընկերության, տարբեր հեռուստաալիքների և ռադիոալիքների, Սեյսմիկ պաշտպանության հիմնադրամի, «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի աջակցման կենտրոնի» և այլ կազմակերպությունների ներգրավումը,

5) պետական հատուկ միջնաժամկետ և հեռանկարային ծրագրերի մշակումը մինչև 1989թ. կառուցված բնակելի, հատկապես բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը սեյսմիկ վտանգի նոր մակարդակին համապատասխանեցնելու նպատակով` հաշվի առնելով դրանց բարձր խոցելիությունը սեյսմիկ վտանգի թերագնահատման և ցածր որակի շինարարության պատճառներով,

6) սեյսմիկ ռիսկի նվազեցման տեսանկյունից նոր շինարարության համար տարածքների հատկացման կազմակերպումն ու իրականացումը,

7) նոր կառուցվող շենքերի սեյսմակայունության ապահովումը ՀՀ-ում գործող նորմերի պահպանման, նախագծերի փորձաքննության, շինարարության որակի հսկողության և այլ գործընթացների կիրառման շնորհիվ,

8) երկրաշարժի ռիսկի նվազեցման հիմնահարցերի ներառումը երկրի զարգացման տարբեր ծրագրերի մեջ` որպես այդ ծրագրերի անբաժանելի մաս և հեռահար նպատակ,

9) երկրաշարժերից բնակչության պաշտպանության միջոցառումների մշակումը, դրանցով նախատեսվող պլանային ուսումնավարժանքների անցկացումը,

10) սեյսմիկ անվտանգության համակարգի կառավարման կազմակերպումը, որը պետք է հաշվի առնի հետևյալը`

ա. սեյսմիկ անվտանգության համակարգի անմիջական կառավարումն իրականացվում է պետական լիազորված մարմնի միջոցով,

բ. պետական լիազորված մարմինը հանդիսանում է սեյսմիկ անվտանգության ծրագրերի պետական պատվիրատուն և կառավարում է դրանց իրականացումը,

գ. պետական լիազորված մարմինը մասնակցում է միջազգային կազմակերպությունների սեյսմիկ անվտանգության ոլորտի նախաձեռնություններին և ներկայացնում է ՀՀ գերակա խնդիրները:

15. Սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղիներն են`

1) տարածաշրջանային սեյսմիկության և սեյսմիկ անվտանգության տվյալների բանկի ստեղծումը (երկրատեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ),

2) սեյսմավտանգ շրջաններում սեյսմիկ վտանգի երկարաժամկետ ճշգրտումը, որը ներառում է տարբեր մասշտաբների սեյսմոգրաֆիկ քարտեզների նախագծումն ու թարմացումը` հիմնված սեյսմիկ իրավիճակի երկարաժամկետ դիտարկման արդյունքների վրա,

3) սեյսմիկ ներգործության հաշվարկների նոր մեթոդաբանության մշակումը` հաշվի առնելով տեղային ու տարածաշրջանային առանձնահատկությունները,

4) երկրաշարժերի ակսելերոգրամների (երկրակեղևի ուժեղ շարժերի գրանցումները) տվյալների բանկի ստեղծումը` ապահովելով սեյսմիկ հաշվարկների մեթոդաբանության ներդրմամբ սեյսմակայուն շինարարության և նախագծման պրակտիկայի կիրառումը, օգտագործելով միջազգային փորձը,

5) ուժեղ երկրաշարժերի հետազոտման և դրանց հետևանքների ուսումնասիրությունների, էպիկենտրոնային գոտիների դիտարկումների և սեյսմիկ ներգործության ինժեներական հետազոտությունների անցկացումը,

6) սեյսմիկ տեսանկյունից անվտանգ գոտիների իրավական կարգավիճակի որոշումը և դրանց ընդգրկումը համապետական իրավական դասակարգչում,

7) սեյսմիկ անվտանգության տեսանկյունից օբյեկտների անձնագրավորման իրականացումը,

8) պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրների հստակ սահմանազատումը սեյսմիկ անվտանգության ապահովման գործում:

16. Սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարությունը ներառում է`

1) սեյսմիկ ռիսկի նվազեցման միասնական պետական քաղաքականության իրականացումը,

2) ուրբանիզացված տարածքների խոցելիության նվազեցումը` ներառելով ներկայումս կառուցվող և գոյություն ունեցող շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացումը,

3) սեյսմակայուն շինարարության նախագծման նորմատիվատեխնիկական դաշտի հետևողական զարգացումն ու դրանց պահանջների կիրառման ապահովումը,

4) պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը, բնակչության իրազեկվածության բարձրացումն ու ուսուցումը,

5) սեյսմիկ ռիսկի կառավարման հարցերով պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը,

6) երկրաշարժի հետևանքների վերացումը և բնակչության հոգեբանական վերականգնումը,

7) սեյսմիկ ռիսկի նվազեցմանն առնչվող հարցերում պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների միջև համագործակցության զարգացումը,

8) միջազգային համագործակցության ընդլայնումը,

9) սեյսմիկ ակտիվ գոտիներում գեոդինամիկական վարժահրապարակների ստեղծումը,

10) արդյունավետ նախապատրաստվածությունն արագ արձագանքման և վթարավերականգնողական աշխատանքներին,

11) ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի 1:500 000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզի կազմումը` Սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի վերամշակված տարբերակի պահանջների համաձայն,

12) շենքերի և շինությունների, այդ թվում` ՀՀ զինված ուժերի հաշվեկշռում գտնվող շենք-շինությունների, տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի վերագնահատումը, քանի որ շենքերն ու շինությունները հիմնականում կառուցված են 7-8 բալ հաշվարկային սեյսմակայունությամբ, որն ավելի ցածր է, քան առկա սեյսմիկ վտանգի մակարդակը,

13) մայրաքաղաքի բազմաբնակարան (հատկապես 5 և ավելի հարկայնությամբ) ավելի քան 3500 բնակելի շենքերի մանրամասն հետազոտումն ու սեյսմիկ խոցելիության գնահատումը,

14) կենսապահովման համակարգերի և բնակավայրերի ենթակառուցվածքների, ջրամբարների, քիմիական և այլ կարևոր ու հատուկ նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջնաժամկետ ծրագրերի մշակումը,

15) սեյսմիկ պաշտպանության բնագավառում նախապատրաստվածության և կանխարգելման գերակայության ապահովումը երկրաշարժերի հետևանքների վերացման նկատմամբ:

17. Սեյսմիկ անվտանգության համակարգի պատրաստականության ապահովմանն ուղղված առաջնահերթ գործողություններն են`

1) ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունների ամրապնդումը միջազգային, տարածաշրջանային, ազգային և տեղական մակարդակներով,

2) վաղ նախազգուշացման, ռիսկերի նվազեցման, աղետների արձագանքման հարցերին առնչվող ինստիտուտների միջև համագործակցության զարգացումը, տեղեկատվության փոխանակումն ու համակարգումը բոլոր մակարդակներում` երկրաշարժի ռիսկերի նվազեցման միասնական համակարգ ստեղծելու նպատակով,

3) երկրաշարժերին արագ և օպերատիվ արձագանքման համակարգի հիմնումը, որն արդյունավետ կգործի նաև այն դեպքում, երբ աղետի հետևանքները կգերազանցեն ազգային կարողությունները,

4) ուժեղ երկրաշարժերից պաշտպանության պլանների մշակումը` հաշվի առնելով երկրաշարժի հնարավոր բոլոր զարգացումները,

5) երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների ապահովման համար անհրաժեշտ պահուստային ֆոնդերի ստեղծումը և առավել արդյունավետ տեղաբաշխումը,

6) կամավորականության սկզբունքով երկրաշարժի հետևանքների արձագանքմանը բնակչության ներգրավման միջազգային փորձի կիրառումը,

7) արագ արձագանքման և վթարավերականգնողական աշխատանքների արդյունավետ նախապատրաստումը:

18. Պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության տեղեկատվության ապահովման նպատակով անհրաժեշտ է՝

1) բնակչությանը տրամադրել սեյսմիկ ռիսկի և սեյսմիկ պաշտպանության գործողությունների վերաբերյալ պարզ և հասկանալի տեղեկատվություն, որը կներառի նաև ավանդական և տեղական փորձը,

2) սեյսմիկ ռիսկի կառավարման մարմինների և կազմակերպությունների միջև ստեղծել սերտ համագործակցություն` ռիսկի նվազեցման ռազմավարության արդյունավետ իրականացման նպատակով,

3) խթանել համագործակցությունն ու գիտելիքների փոխանակումը գիտական հիմնարկների միջև` սեյսմիկ ռիսկի նվազեցման և բնակչության պաշտպանության կազմակերպման հարցերով,

4) լայնորեն ներդնել սեյսմիկ անվտանգության միջազգային ստանդարտները և տերմինաբանությունը զարգացման ծրագրերի, միջոցառումների, հետազոտությունների, վարժանքների, բնակչության ուսուցման և իրազեկման հարցերում,

5) միջնաժամկետ հեռանկարում ստեղծել տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային օգտագործողի համար մատչելի տեղեկատուներ, գույքացուցակներ, ազգային տեղեկատվական համակարգեր ու ծառայություններ` սեյսմիկ ռիսկի նվազեցման լավագույն փորձի, տեխնոլոգիաների մասին տեղեկատվության տրամադրման նպատակով:

19. Բնակչության ուսուցման ապահովման նպատակով անհրաժեշտ է`

ա) խրախուսել սեյսմիկ ռիսկի նվազեցմանը վերաբերող ուսումնական նյութերի ընդգրկումը դպրոցական ուսումնական ծրագրերում, ինչպես նաև այլ հրատարակումների օգտագործումը` երիտասարդներին և երեխաներին այդ նյութերը մատչելի դարձնելու համար,

բ) մշակել սեյսմիկ ռիսկի նվազեցման ուսուցողական ծրագրեր, որոնք նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, մասնագետների` ներառյալ նախագծողների, ինչպես նաև կամավորականների համար։

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

(գլուխն ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-48-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

40. Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման քաղաքականությունը պետք է միտված լինի`

1) սեյսմիկ անվտանգության համակարգի իրավական հիմքերի զարգացմանը և տեխնիկական զինվածության բարձրացմանը,

2) սեյսմիկ ռիսկի նվազեցմանը` շենքերի և կառույցների սեյսմակայունության ապահովման, բնակչության, պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկման ու պատրաստվածության բարձրացման ճանապարհով,

3) երկրաշարժի հնարավոր հետևանքների կանխարգելման ու պատրաստվածության գերակայության ապահովմանը հետևանքների վերացման նկատմամբ,

4) քաղաքների սեյսմոմիկրոշրջանացման աշխատանքների իրականացմանը` ապագա շինարարության առավել բարենպաստ տարածքների և ապագա նախագծման պայմանների որոշման համար,

5) շենքերի և շինությունների անձնագրավորման անցկացմանը` որոշելու համար դրանց սեյսմիկ հուսալիությունը` հակասեյսմիկ և ամրացման աշխատանքների կազմակերպման նպատակով,

6) առավել վտանգավոր տարածքներում հավանական սեյսմիկ ռիսկի հաշվառմանը` արտահայտված տնտեսական կորուստների և վնասների չափանիշներով,

7) հողօգտագործման գլխավոր հատակագծերի մշակմանը` հաշվի առնելով սեյսմիկ ռիսկի մակարդակը, տնտեսության օբյեկտների առավել նպատակահարմար տեղաբաշխման համար,

8) նոր շինարարական քաղաքականության և իրավական բազայի մշակմանը, նախագծման սկզբունքների ճշգրտմանը և վերանայմանը բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում,

9) սեյսմակայուն շինարարության որակի բարձրացմանն ուղղված կազմակերպական և իրավական միջոցառումների մշակմանը,

10) սեյսմիկ դիտարկումների ցանցի տեխնիկական բարեփոխմանը և վերազինմանը` ազդանշանների թվայնացված գրանցման և սեյսմիկ մոնիտորինգի անցկացման ճանապարհով` իրական ժամանակի և կանխատեսման շրջանակներում,

11) ուժեղ երկրաշարժի դեպքում առաջնահերթ միջոցառումների և պաշտպանության պլանների մշակմանը և փոխգործողությունների կազմակերպմանը,

12) հասարակական իրազեկվածության ապահովմանը և քաղաքացիական հասարակության ներգրավմանը երկրաշարժի հետևանքներին դիմակայելու գործընթացներին,

13) ՀՀ միջազգային համագործակցության զարգացմանը սեյսմիկ անվտանգության բնագավառում,

14) ՀՀ անդամակցությանը աղետների նվազեցման ոլորտում գործող հեղինակավոր միջազգային կառույցներին,

15) Հայաստանի ներգրավմանը աղետների նվազեցման և կառավարման տարածաշրջանային, միջազգային ծրագրերում ու նախագծերում,

16) տարածաշրջանի և այլ երկրների հետ սեյսմիկ անվտանգության հարցերով համատեղ նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը,

17) երկրաշարժի վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը, երկրաշարժի վերաբերյալ միջազգային փորձի տարածմանը և տեղայնացմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

41. Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են`

1) ՀՀ պետական բյուջեն,

2) տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները,

3) հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների ֆինանսական միջոցները,

4) միջազգային կառույցների կողմից հատկացված միջոցները` դրամաշնորհների ձևով,

5) զարգացած երկրների հատկացրած միջոցները` դրամաշնորհների ձևով,

6) տարբեր հիմնադրամները և դոնոր կազմակերպությունները:

42. Սեյսմիկ անվտանգության ապահովման գործընթացը, հատկապես սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի կատարման տեսանկյունից, խիստ ֆինանսատար և ժամանակատար է: Այս առումով, անհրաժեշտ է հստակ չափորոշիչներով, ժամկետներով և չափաքանակներով առաջնահերթությունների սահմանում` նախատեսելով դրանց իրականացումը երեք փուլով`

1) ընթացիկ` 1 տարի,

2) միջնաժամկետ` 3 տարի,

3) երկարաժամկետ` 5 տարի:

43. Տնտեսական և ֆինանսական տեսանկյունից անհրաժեշտ է գտնել նաև ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ` ապահովելու համար ռիսկի գոտում գտնվող բնակչության պահանջմունքներն ու տարածքների պաշտպանությունը: Կարևորվում է սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման աշխատանքների իրականացումը միջազգային ծրագրերի շրջանակներում:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

44. Սույն հայեցակարգով սահմանված սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման արդյունքում նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում հիմնականում լուծել սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման հիմնախնդիրները, մշակել ռիսկի նվազեցման պետական ծրագրեր, կանխել ռիսկի աճը, իսկ հետագա 10 տարիների ընթացքում էականորեն նվազեցնել ՀՀ տարածքի սեյսմիկ ռիսկը:

45. Սույն հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից հայեցակարգի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում:

46. Սույն հայեցակարգի դրույթների արդյունավետ իրականացումը ենթադրում է բարեփոխումների իրականացում սեյսմիկ անվտանգության ոլորտի հանրապետական լիազոր մարմնի համակարգում, վերջինիս կառուցվածքի և գործառույթների համապատասխանեցում միջազգային պահանջներին:

47. Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը թույլ է տալիս առավել արդյունավետ և հետևողականորեն կազմակերպել բնակչության կյանքի ու առողջության, տնտեսության և նյութական արժեքների պաշտպանությունը, ներառել երկրաշարժի ռիսկի կառավարումը երկրի տնտեսության պլանավորման և քաղաքաշինական ծրագրավորման բոլոր գործընթացներում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երկրաշարժի հնարավոր հետևանքների մեղմացմանն ու խոցելիության նվազեցմանը:

(հավելվածը փոփ. 05.04.18 ՆԿ-48-Ն)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

 ղեկավար

Կ. Կարապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2018, ՆԿ-48-Ն 09.04.2018, ՆԿ-140-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան