Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-43
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.12.2019-09.09.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/23
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.11.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.12.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է

ՀՀ Գերագույն խորհրդի կողմից

16 նոյեմբերի 1992 թ.

 Հ.Ն-0732-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմքերը, ինչպես նաև պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք բացառում են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը և բարենպաստ պայմաններ ապահովում նրա և ապագա սերունդների կենսունակության համար:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հիմնադրույթները

 

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը իրականացվում է`

բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ.

պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևերից), պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պարտադիր պահպանմամբ, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմամբ.

Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտման համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ կարգապահական, վարչական, նյութական և քրեական պատասխանատվության սահմանմամբ.

բնակչության առողջական վիճակի, հիգիենիկ և համաճարակային իրադրության, իրականացվող սանիտարականխարգելիչ միջոցառումների մասին հավաստի լիարժեք տեղեկատվությամբ.

պետական սանիտարահամաճարակային հսկողության համակարգի, արտադրական և հասարակական վերահսկողության մեխանիզմի արմատավորմամբ:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը կազմված է սույն օրենքից և դրան համապատասխան ընդունված Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերից:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության տարածումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև այլ պետությունների ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների վրա

 

Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ պետությունների ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների վրա:

 

Հոդված 4. Սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները

 

Սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (հետագայում` սանիտարական կանոններ) սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

Սանիտարական կանոնների կատարումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:

Սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սանիտարական կանոնները պարտադիր կարգով հրապարակվում և ազատորեն տարածվում են բնակչության շրջանում:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր իրավասության շրջանակներում`

1) իրականացնում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականություն.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջների կատարումը.

3) մշակում է պետական ծրագրեր` ուղղված հիվանդությունների կանխարգելմանը, վթարների, տարերային աղետների հետևանքների, բնակչության զանգվածային հիվանդությունների վերացմանը և թունավորումների կանխարգելման բնագավառում գիտատեխնիկական նվաճումների ներդրմանը.

4) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության բնակեցման և տնտեսական գործունեության վարման ապահովմանն ուղղված վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմանները և ռեժիմը.

5) կնքում է համապատասխան միջազգային պայմանագրեր.

6) բնակչության շրջանում կազմակերպում է հիգիենիկ դաստիարակությունը և ուսուցումը, սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ ապահովում է անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական մարմինների միջոցով.

7) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության և պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկերը.

8) հաստատում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները.

9) հաստատում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի տրման կարգը, պետական գրանցման վկայականի և դրա հավելվածի ձևերը, ինչպես նաև պետական գրանցման վկայականի ռեեստրի վարման կարգը.

10) հաստատում է սույն օրենքով սահմանված եզրակացությունների տրամադրման կարգերը.

11) սահմանում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին:

(5-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-136-Ն, 21.03.18 ՀՕ-162-Ն, 04.12.19 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

(վերնագիրը խմբ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում իրականացնում է՝

1) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.

2) մարդու և հանրության առողջության պահպանման, բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.

3) սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը.

4) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ դիտարկումների, ուսումնասիրությունների իրականացումը.

5) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական մեթոդական ղեկավարումը.

6) բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին իրազեկումը.

7) իրականացնում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցում:

(6-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-162-Ն, լրաց. 04.12.19 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի լիազորությունները

(վերնագիրը խմբ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացնում է`

Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը.

վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նկատմամբ վերահսկողությունը.

սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության իրականացման մեթոդական ղեկավարումը.

բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության զննումների իրականացումը.

բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին իրազեկումը:

(7-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 8. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում`

1) ապահովում են Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության իրականացումը համապատասխան տարածքում.

2) մշակում և հաստատում են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված տեղական ծրագրերը, վերահսկողություն են սահմանում դրանց կատարման նկատմամբ, իրականացնում են սանիտարահիգիենիկ և այլ հատուկ փորձաքննությունների, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը և դրանց ֆինանսավորումը.

3) կոորդինացնում են իրենց տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ գերատեսչական ենթակայությունից կամ սեփականության ձևերից), քաղաքացիների կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.

4) կազմակերպում են օպերատիվ միջոցառումներ զանգվածային հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների կանխարգելման ու վերացման ուղղությամբ.

5) ընդունում են որոշումներ զանգվածային հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում իրենց տարածքում կարանտին կամ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու և դրանք չեղյալ հայտարարելու մասին.

6) ապահովում են բարենպաստ շրջակա միջավայրի նկատմամբ քաղաքացիների իրավունքների իրացման պայմանները:

(8-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 9. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպություններն իրավունք ունեն`

1) պետական մարմիններից ստանալ տեղեկություններ սանիտարահամաճարակային իրադրության շրջակա միջավայրի, բնակչության առողջական վիճակի և սանիտարական կանոնների մասին.

2) մասնակցել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական մարմինների որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են`

1) կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները և հսկողություն իրականացնել դրա նկատմամբ.

2) մշակել ու իրականացնել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ շրջակա միջավայրի աղտոտման վերացման և կանխման, բնակչության աշխատանքի, կենցաղի, կրթության և հանգստի պայմանների բարելավման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման ուղղությամբ.

3) տեղեկացնել Տեսչական մարմնին, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վթարային իրավիճակների, արտադրության տեխնոլոգիական այն պրոցեսների մասին, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են սանիտարական կանոնների խախտման.

4) կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց որոշումները և կարգադրությունները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը խախտող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կամ դրանց առանձին կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կասեցման վերաբերյալ որոշումները.

5) կազմակերպել իրենց աշխատողների սանիտարական կուլտուրայի բարձրացմանը նպաստող հիգիենիկ ուսուցում և դաստիարակություն:

(9-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 10. Քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

 

Քաղաքացիներն ունեն`

1) բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.

2) շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության և իրազեկման իրավունք.

3) պետական մարմինների` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը, սահմանված կարգով, մասնակցելու և դրանց իրականացումը վերահսկելու իրավունք.

4) սանիտարական կանոնների խախտման հետևանքով իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Քաղաքացիները պարտավոր են`

1) հոգալ իրենց առողջական վիճակի, երեխաների առողջության և հիգիենիկ դաստիարակության մասին.

2) կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները.

3) կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց որոշումներն ու կարգադրությունները.

4) մասնակցել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը:

(10-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 11. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավունքների իրացման երաշխիքները

 

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունը կամ անգործությունը, որը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման, կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

(11-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի հատակագծման և կառուցապատման բնագավառում

 

Բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նախագծերը մշակվում են սանիտարական կանոնների պարտադիր պահպանմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Շինարարության նպատակով հողահատկացումները, նախագծման նորմերի շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային ու նորմատիվային փաստաթղթերի հաստատումը, բնակելի շենքերի, մշակութային-կենցաղային և կոմունալ շինությունների, արդյունաբերական, տրանսպորտային և այլ ձեռնարկությունների շահագործումը թույլատրվում է Տեսչական մարմնի կողմից:

Բնակելի շենքերի շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային և նորմատիվային փաստաթղթերի վերաբերյալ դրական եզրակացություն տրամադրում է լիազորված մարմինը:

(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և պետական վերահսկողության առանձնահատկությունները սննդամթերքի անվտանգության բնագավառում

(հոդվածն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման բնագավառում

 

Վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ օգտագործվող միջոցների, հանքային պարարտանյութերի, բույսերի աճի կարգավորիչների և դրանց պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների, պոլիմերային նյութերի և պլաստմասսաների, օծանելիքային գեղահարդարման արտադրանքի, այլ քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների կիրառումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:

(14-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները նոր հումքի, նյութերի, պատրաստուկների և տեխնոլոգիաների արտադրության մեջ ներդրման և կիրառման, ինչպես նաև այն արտադրատեսակների բնագավառում, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը կարող են անբարենպաստ ազդեցություն գործել մարդու առողջության վրա

 

Այն արտադրատեսակները, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը պահանջում են մարդու անմիջական մասնակցություն և կարող են անբարենպաստ ազդեցություն գործել նրա առողջության վրա, իրենց որակական ցուցանիշներով և հատկություններով պետք է համապատասխանեն սանիտարական կանոններին:

Տնտեսության մեջ և կենցաղում օգտագործելու համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը, նյութերը և պատրաստուկները թույլատրվում է արտադրության մեջ ներդնել և կիրառել միայն լիազոր մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:

Գործող սանիտարական կանոններին չհամապատասխանող արտադրանքի թողարկման համար պատասխանատու ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները Տեսչական մարմնի որոշմամբ պարտավոր են կասեցնել դրա արտադրությունն ու իրացումը:

(15-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման բնագավառում

 

Համայնքն ապահովում է բնակիչների կենցաղային և ֆիզիոլոգիական կարիքների համար խմելու ջրով անհրաժեշտ քանակությամբ` հիգիենիկ նորմատիվների համաձայն:

Խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:

Պետական մարմինները իրականացնում են միջոցառումներ ջրամատակարարման համակարգի պահպանման, զարգացման և բնակչությանը բարձրորակ ջրով ապահովելու ուղղությամբ:

Կենտրոնացված և ոչ կենտրոնացված ջրամատակարարման, լողանալու, սպորտով զբաղվելու և բնակչության հանգստի, բուժական նպատակներով օգտագործվող, ինչպես նաև բնակավայրերի սահմաններում գտնվող ջրամբարների ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:

Բնակչության ջրօգտագործման աղբյուրների աղտոտումը կանխարգելելու և վերացնելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանվում են սանիտարական պահպանման գոտիներ` հատուկ ռեժիմով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Ջրի որակը սանիտարական կանոններին չհամապատասխանելու դեպքում Տեսչական մարմնի որոշմամբ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ջրի աղբյուրների օգտագործումը դադարեցվում է:

(16-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի մթնոլորտային օդի և աշխատատեղերի օդի մաքրության պահպանման բնագավառում

 

Բնակավայրերի մթնոլորտային օդում և աշխատատեղերի օդում, մարդկանց գտնվելու վայրերում աղտոտող նյութերի քանակությունը և վնասակար ֆիզիկական գործոնների մակարդակները պետք է համապատասխանեն սանիտարական կանոններին:

Բնակավայրերի մթնոլորտային օդի արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական, էներգետիկ) արտանետումների աղտոտումից պաշտպանելու համար պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները սահմանում են սանիտարապաշտպանական հատուկ ռեժիմով գործող գոտի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի պահպանման բնագավառում

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության համաձայն, պահպանում են բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակը: Բնակավայրերի սանիտարական վիճակի պահպանման և հսկողության կարգն ու պայմանները սահմանվում և իրականացվում են պետական իշխանության տեղական մարմինների կողմից:

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քաղաքացիները արտադրական և կենցաղային թափոնների հավաքման, վերամշակման, օգտահանման, վարակազերծման և թաղման ժամանակ պետք է պահպանեն սանիտարական կանոնները:

(18-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները շենքերի, կառույցների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների պահպանման ու շահագործման բնագավառում

 

(մասն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-162-Ն)

Արգելվում է բնակեցումը այն բնակելի կառույցներում, որոնք չեն համապատասխանում սանիտարական կանոններին:

Բնակելի, արտադրական և մյուս շենքերը, կառույցները, տեխնոլոգիական և մյուս սարքավորումները, տրանսպորտային միջոցները անհրաժեշտ է պահել և շահագործել սանիտարական կանոններին, ստանդարտներին և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովող այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

(19-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս

 

Ռադիոակտիվ նյութերի և այլ իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս, ինչպես նաև դրանց արտադրության, օգտագործման, մշակման, պահպանման, փոխադրման, վնասազերծման և թաղման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ճառագայթային անվտանգության նորմերը և համապատասխան նորմատիվային փաստաթղթերի, այդ թվում՝ սանիտարական կանոնների պահանջները:

Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 21. Հիգիենիկ ուսուցման կազմակերպումը

 

Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է բնակչության հիգիենիկ կուլտուրայի բարձրացմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանն ու հիվանդությունների կանխարգելմանը նպատակաուղղված ուսուցում` հիգիենիկ գիտելիքների տարածում, որի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 22. Բժշկական պարտադիր զննությունը

 

Առանձին մասնագիտությունների, ինչպես նաև առանձին հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով ենթակա են նախնական և պարբերական բժշկական զննության:

Բժշկական զննությունների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքի։

Այն անձանց, որոնք չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև եթե բժշկական զննությամբ ախտորոշվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հիվանդություններից որևէ մեկը, ապա Տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում մինչև առողջացումը չեն թույլատրում աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(22-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 23. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը

 

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարևորության խնդիրների վերաբերյալ որոշումներ կարող են կայացվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության առկայության դեպքում:

Պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական և կենսաբանական արտանետումներ և հոսքեր ունեցող օբյեկտների, ինչպես նաև էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման և ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում առողջապահության բնագավառում լիազորված մարմնի կամ պետական մարմինների հանձնարարությամբ, տեսչական մարմնի նախաձեռնությամբ, ինչպես նաև հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, բնակչության բարձրացրած սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված հարցերի կապակցությամբ:

Փորձաքննության տվյալների հիման վրա տրված եզրակացությունները պետական մարմինները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս քննարկում և հաշվի են առնում:

(23-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 24. Համաճարակաբանական դիտարկումը, հիվանդությունների կանխարգելումը, պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը

(վերնագիրը խմբ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Համաճարակաբանական դիտարկումը, հիվանդությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գործունեությունն են՝ ուղղված Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է`

համաճարակաբանական դիտարկում` առողջության, հիվանդությունների և դրանց տարածման պատճառների ու պայմանների հետ կապված տվյալների շարունակական և համակարգված հավաքում, վերլուծություն, գնահատում, կանխատեսում և իր իրավասության շրջանակներում որոշումների ընդունում.

հիվանդությունների կանխարգելում` դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորում, համալիր միջոցառումների իրականացում և գնահատում.

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակում.

վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների վարչական վիճակագրական հաշվառում:

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի գործունեությունն է Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման միջոցով:

Տեսչական մարմնի կողմից պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը ներառում է`

վերահսկողությունը հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ.

Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցների կիրառումը, այդ թվում՝ պատասխանատվության.

պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.

վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը.

վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների վիճակագրական տվյալների հավաքումը և վերլուծությունների իրականացումը:

(24-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 25. Հասարակական, հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը

 

Հասարակական ու հասարակական-քաղաքական կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիների առանձին խմբերը իրավասու են, Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, հասարակական վերահսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահպանման և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում` արդյունքների մասին տեղեկացնելով Տեսչական մարմնին:

(25-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 26. Պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների համար

 

Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև պաշտոնատար անձինք և քաղաքացիները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 27. Միջազգային պայմանագրեր

 

Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան սահմանում է սույն օրենքը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերը:

(27-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-231-Ն)


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

12 դեկտեմբերի 1992 թ.

ՀՕ-43



 

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան