Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16)2
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2004
Ստորագրման ամսաթիվ
09.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2005

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, սույն Հուշագրի նպատակով հանդիսանալով որպես իրավասու մարմին, այսուհետ՝ հայկական կողմ, և

Դանիայի Կառավարությունը, ի դեմս շրջակա միջավայրի նախարարության, Դանիայի շրջակա միջավայրի պահպանության գործակալության, սույն Հուշագրի նպատակով հանդիսանալով որպես Դանիայի իրավասու մարմին, այսուհետ` դանիական կողմ,

հաշվի առնելով, որ երկու Կողմերն էլ հանդիսանում են «Կլիմայի փոփոխության մասին» Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային Կոնվենցիայի կողմեր (ԿՓՄԱԿՇԿ) և վավերացրել են այդ Կոնվենցիայի Կիոտոյի արձանագրությունը,

նպատակ ունենալով իրականացնել Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի դրույթները և նրա հիմքում ընկած որոշումները՝ ընդունված ԿՓՄԱԿՇԿ կողմեր հանդիսացող կոնֆերանսի կողմից, որը հանդիսանում է Կիոտոյի արձանագրության կողմերի խորհրդակցություն (ԿԿ/ԿԽ)՝ նվիրված նրա իրականացման ուղեցույցներին, որոնք նախատեսում են փոխանցում ԿՓՄԱԿՇԿ-ի 1-ին Հավելվածում չընդգրկված կողմից 1-ին Հավելվածում ընդգրկված կողմին մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) նախագծերի իրականացման արդյունքում առաջացած արտանետումների սերտիֆիկացված կրճատումների ծավալները (ԱՍԿ)՝ նպատակ ունենալով աջակցել, Կիոտոյի արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն, այդ երկրի արտանետումների քանակական սահմանափակման և կրճատման պարտավորությունների մասնակի կատարմանը,

ընդգծելով Կիոտոյի արձանագրությամբ սահմանված պարտավորությունների կատարման համար ներքին քաղաքականության և ձեռնարկված միջոցների կարևորությունը և այդ արձանագրության 12-րդ հոդվածի համաձայն` լրացուցիչ գործունեության դերը,

ընդունելով Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի վերաբերյալ ԿԿ/ԿԽ կողմից հետագա ցանկացած ուղեցույցի մշակումը, ինչպես նաև հաշվի առնելով ԿԿ/ԿԽ ապագա ցանկացած որոշումը, որը կապված կլինի ՄԶՄ-ի հրատապ և արդյունավետ իրականացման հետ,

սպասելով Կիոտոյի արձանագրության ուժի մեջ մտնելուն,

հաշվի առնելով, որ, Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի համաձայն, ՄԶՄ բնագավառում համագործակցությունը կնպաստի կայուն զարգացման գործընթացին և կհանգեցնի ջերմոցային գազերի արտանետումների կրճատման,

ցանկանալով ցուցաբերել քաղաքական կամք՝ սկսելու և իրականացնելու երկարաժամկետ համագործակցություն ՄԶՄ շրջանակներում և աջակցելու ՄԶՄ հրատապ և արդյունավետ իրականացմանը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1. Նպատակը

 

Սույն Հուշագիրը կկիրառվի այն ընթացակարգերի նկատմամբ, որոնք, Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածին համապատասխան, դյուրացնում են Հայաստանի Հանրապետությունում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հետ կապված ծրագրի գործողությունների մշակումը և իրականացումը, ինչպես նաև փոխանցումը Դանիային արտանետումների սերտիֆիկացված կրճատումների համաձայնեցված հատվածը, որը բխում է այդ ծրագրի իրականացումից:

 

Հոդված 2. Իրավասու մարմիններ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Դանիայի Թագավորության շրջակա միջավայրի նախարարությունը և Դանիայի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը ծրագրերի իրականացման վերաբերյալ համաձայնագրերի իրավասու մարմիններն են: ՄԶՄ յուրաքանչյուր ծրագրի համար կնախապատրաստվի ծրագրի վերաբերյալ համաձայնագիր, որը կընդգրկի բոլոր համապատասխան հարցերը առանձին ծրագրերի իրականացումն ապահովելու համար:

 

Հոդված 3. Հայկական կողմի աջակցությունը

 

Հայկական կողմը կաջակցի ծրագրերի մշակմանը և իրականացմանը՝ ՄԶՄ ծրագրերի իրականացման հարցում շահագրգռված հնարավոր շահառուներին աջակցելով տեղեկատվության տրամադրմամբ և, Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածին համապատասխան, պաշտոնապես հաստատելով ծրագրերը որպես ՄԶՄ ծրագրեր, որոնք համապատասխանում են նմանատիպ ծրագրերին ներկայացվող ազգային պահանջներին:

Ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը պետք է պարունակի հայկական կողմի պարտադիր հաստատումը այն մասին, որ նա կփոխանցի, Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածին և ԿԿ/ԿԽ կողմից ընդունված ուղեցույցներին համապատասխան, ծրագրի վերաբերյալ համաձայնագրի արդյունքում մշակած ԱՍԿ-ները դանիական կողմին:

Հայկական կողմը կապահովի համաձայնեցված և նախապես վճարված ԱՍԿ-ների փոխանցումը յուրաքանչյուր ծրագրի համար համաձայնեցված ժամանակահատվածում, ինչպես նշված է ծրագրի վերաբերյալ համաձայնագրում, քանի դեռ ԱՍԿ-ները գոյություն կունենան որպես ՄԶՄ-երի ծրագրերի իրականացման արդյունք, ինչը կարող է ստուգվել անկախ մարմնի կողմից:

Ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը նույնպես կհաստատի, որ փոխանցումը կազատվի ՄԶՄ-ի որևէ հատուկ վճարումից, որը կգերազանցի ԱՍԿ-ների համաձայնեցված վճարումը:

Հայկական կողմը կորոշի և դանիական կողմին կներկայացնի ֆինանսավորման համար ընտրված ծրագրերի ցուցակը: Առաջնային խնդիրները կորոշվեն Կողմերի միջև` բանակցությունների արդյունքում:

 

Հոդված 4. Դանիական կողմի աջակցությունը

 

Դանիական կողմը կաջակցի ԱՍԿ-ների ծրագրերի մշակմանը և իրականացմանը այդ ծրագրերից բխող ԱՍԿ-ների ձեռքբերման միջոցով կամ ընդունելով և գրանցելով ԱՍԿ-ները, որոնք ձեռք են բերվել իրենց ԱՍԿ-ների բաժինների հիմնական սեփականատերեր հանդիսացող հայկական կողմի մասնավոր կառույցների կողմից: Դանիական կողմը, Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածին համապատասխան, կհաստատի ՄԶՄ ծրագրերը՝ ստորագրելով ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:

Դանիական կողմը կտեղեկացնի հայկական կողմին համապատասխան լիազորագրերը մասնավոր ֆիրմաներին տրամադրելու մասին:

Դանիական կողմի աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կոնկրետ ծրագրում կարող է օգտագործվել միայն կոնկրետ ծրագրի համար:

 

Հոդված 5. Վճարման սխեմաներ

 

ՄԶՄ ծրագրերի վճարման սխեմաները կհամաձայնեցվեն յուրաքանչյուր առանձին դեպքի համար և պաշտոնապես կարտացոլվեն ծրագրերի վերաբերյալ համաձայնագրերում:

 

Հոդված 6. Ծրագրերի անկախ հաստատում, ստուգում և սերտիֆիկացում

 

Ծրագրերի հաստատումը, ստուգումը և սերտիֆիկացումը կիրականացվեն անկախ կազմակերպությունների կողմից, որոնք հավատարմագրված են գործադիր մարմնի կողմից` ԿՓՄԱԿՇԿ-ի համաձայն: Երկու Կողմերն էլ կաջակցեն այդ կազմակերպությունների աշխատանքներին:

 

Հոդված 7. Ուժի մեջ մտնելը

 

Սույն Հուշագիրը ուժի մեջ կմտնի դրա համար անհրաժեշտ` Կողմերի կողմից ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցման օրվանից: Հուշագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ևս 5 տարով, եթե դրա գործողության ավարտից առնվազն 6 ամիս առաջ Կողմերից մեկը գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին Հուշագիրը դադարեցնելու մտադրության մասին:

 

Հոդված 8. Փոփոխություններ և գործողության վաղաժամկետ դադարեցում

 

Հայաստանի Հանրապետության կամ Դանիայի Թագավորության ազգային համապատասխան քաղաքականության զգալի փոփոխությունների դեպքում, որոնց արդյունքում կարող են առաջանալ ծրագրի կատարողների և/կամ ներդրողների կողմից ԱՍԿ-ների ընդունման և փոխանցման դժվարություններ, երկու Կողմերն էլ կներդնեն ջանքեր ԱՍԿ-ները, որոնք համաձայնեցված են ծրագրի վերաբերյալ համաձայնագրում, իրականում փոխանցելու համար:

Կողմերը ունեն իրավունք գրավոր տեղեկացնել մյուս Կողմին առաջարկվող փոփոխությունների կամ տվյալ Հուշագրի գործողության դադարեցման մասին: Ծրագրերը, որոնք իրականացվում են սույն Հուշագրի շրջանակներում, ուժի մեջ կլինեն մինչև ծրագրի վերաբերյալ համաձայնագրերով նախատեսված ԱՍԿ-ների փոխանցվելը: Հուշագիրն ուժի մեջ կլինի այդ ծրագրերի համար:

 

Ստորագրված է Երևան քաղաքում 2004 թվականի նոյեմբերի 9-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն: Սույն Հուշագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Փոխըմբռնման հուշագիրը ուժի մեջ է մտել 17.03.2005թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան