Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-254-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.09/6(1095) Հոդ.1253.43
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմինների (այսուհետ` տեսչական մարմին) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության կազմակերպման առանձնահատկությունները, վերակազմակերպման և գործունեության դադարեցման կարգը, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների վրա, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի:

(1-ին հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 2.

Տեսչական մարմինների մասին օրենսդրությունը

 

1. Տեսչական մարմինների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) տեսչական մարմին` սույն օրենքի համաձայն ստեղծվող վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին․

1.1) լիազոր մարմին՝ համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող գործադիր իշխանության մարմին․

1.2) տեսչական մարմնի վերահսկողության ոլորտ՝ օրենքով սահմանված ոլորտ կամ ոլորտի մաս, որի նկատմամբ տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվում է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին․

1.3) տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագիր` ընթացիկ տարում հաջորդ տարվա համար տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատվող փաստաթուղթ, որն առնվազն ներառում է տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի ընդհանուր իրավիճակը, առկա խնդիրները և բացահայտված ռիսկերը, ինչպես նաև դրանց նվազեցմանն ու վերացմանն ուղղված տարեկան միջոցառումների ժամանակացույցը.

2) շահերի բախում՝ սույն օրենքով սահմանված դեպքեր, երբ տեսչական մարմնում ծառայողի շահերը կարող են հիմք դառնալ իր ծառայողական գործառույթներն իրականացնելիս անկողմնակալության սկզբունքը խախտելու համար.

3) տեսչական մարմնի կառավարման խորհուրդ` տեսչական մարմնի կառավարման համակարգում գործող կոլեգիալ մարմին.

4) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-267-Ն)

5) տնտեսավարող սուբյեկտներ` սույն օրենքի իմաստով տնտեսավարող սուբյեկտներ են համարվում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տնտեսավարող սուբյեկտները.

6) գործունեության արդյունավետության բնորոշում և կատարողականի գնահատում` գործառույթ, որի արդյունքում հավաստվում է, որ տեսչական մարմնի խնդիրներն իրագործվել են, և նպատակներն իրականացվել են արդյունավետ և պատշաճ, կամ վերհանվում են տեսչական մարմնի գործունեության ընթացքում թույլ տրված բացթողումներն ու դրանց պատճառները.

7) ռիսկ՝ տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունը` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը.

8) ռիսկի գնահատում՝ տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը որոշելու, վերլուծելու և գնահատելու ամբողջական գործընթաց՝ հիմնված ռիսկի աստիճանը որոշող չափանիշների և չափորոշիչների վրա:

(3-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 4.

Տեսչական մարմնի գործունեության սկզբունքները

 

1. Տեսչական մարմնի գործունեության սկզբունքներն են՝

1) հրապարակայնության սկզբունք` տեսչական մարմինն իրազեկում է հանրությանը իր գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերված էական վտանգների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին` անձանց, հասարակության և շրջակա միջավայրի անվտանգությունը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց և պետության շահերը պաշտպանելու նպատակով.

2) թափանցիկության սկզբունք` տեսչական մարմինը տնտեսավարող սուբյեկտների համար ապահովում է կանխատեսելի միջավայր` միասնական սկզբունքներով իրականացնելով վերահսկողության գործառույթները և հասանելի դարձնելով դրանք հանրությանը՝ պաշտոնական կայքէջում հրապարակում է իր ընդունած և ուժի մեջ մտած ակտերը: Տեսչական մարմինը տնտեսավարող սուբյեկտներին տրամադրում է անվճար խորհրդատվություն և այլ մեթոդական աջակցություն իր իրավասության բնագավառի հարցերի վերաբերյալ՝ օգնելով վերջինիս հասկանալ, թե օրենսդրությամբ նախատեսված ինչ պահանջների պետք է համապատասխանի և ինչ միջոցներ պետք է ձեռնարկի իր գործունեությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու համար.

3) հաշվետվողականության սկզբունք` տեսչական մարմինն իր գործունեության համար հաշվետու և պատասխանատու է պետության և հանրության առաջ.

4) անկողմնակալության սկզբունք` տեսչական մարմնի ծառայողներն իրենց գործառույթներն իրականացնում են օբյեկտիվ և անկողմնակալ: Արգելվում է տեսչական մարմնի ծառայողի գործառույթների իրականացումը սույն օրենքով նախատեսված շահերի բախման առկայության դեպքում.

5) ամբողջականության սկզբունք` տեսչական մարմնի գործառույթներն իրականացվում են կանխարգելիչ գործունեության, վերահսկողության և հետադարձ կապի միջոցով, որոնք փոխլրացնում են միմյանց` ապահովելով տեսչական մարմնի գործունեության անընդհատությունն ու ամբողջականությունը: Կանխարգելիչ գործունեությունը համարվում է տեսչական մարմնի գործառույթների իրականացման առաջնային միջոց.

6) ըստ ռիսկայնության առաջնորդվելու սկզբունք՝ տեսչական մարմինը ռեսուրսները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և տնտեսավարող սուբյեկտները, որոնք առավել ռիսկային են:

 

Հոդված 5.

Տեսչական մարմինը

 

1. Տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա վերահսկողություն իրականացնող պետական մարմին է։

2. Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Տեսչական մարմինը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ: Տեսչական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

4. (մասն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-248-Ն)

5. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը։

(5-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-267-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 6.

Տեսչական մարմնի նպատակը և լիազորությունները

(վերնագիրը լրաց. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

1. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իր վերահսկողության ոլորտում անվտանգության և (կամ) օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է, որին համապատասխան` տեսչական մարմինն իրականացնում է հետևյալ լիազորությունները. 

1) տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենքների, համապատասխան ոլորտի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

3) համապատասխան ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի ներկայացումը լիցենզավորող մարմիններ.

5) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին սույն օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.

6) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական և հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտներն ու տնտեսավարող սուբյեկտները.

7) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումը այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.

8) այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:

(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 7.

Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը

 

1. Տեսչական մարմնի կառավարմանը ներգրավված են նրա վերահսկողության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարները` կառավարման խորհրդի միջոցով։ Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմված է առնվազն ինն անդամից: Հաշվի առնելով տեսչական մարմնի գործունեության ոլորտի առանձնահատկությունները` տեսչական մարմնի կանոնադրությամբ կարող է սահմանվել Խորհրդի անդամների ավելի մեծ քանակ:

2. Խորհրդի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ղեկավարը, համապատասխան բնագավառի (լիազոր մարմնի բնագավառից տարբերվող) քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը կամ նրա տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, արդարադատության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում համապատասխան գործունեություն իրականացնող գործարար միավորումների ներկայացուցիչը և համապատասխան բնագավառների գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ, որոնք չեն կարող լինել համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից: Խորհրդում տեսչական մարմինը ներկայացնում է տեսչական մարմնի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան տեղակալը, որը Խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:

3. Խորհրդի կազմում համապատասխան ոլորտի հասարակական կազմակերպությունների և գիտական կազմակերպության ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը (այսուհետ նաև` տեսչական մարմինների գրասենյակ) իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հայտարարություն: Հայտարարության հիման վրա դիմած թեկնածուներին ներկայացվող ընդհանուր պահանջները և թեկնածուներից Խորհրդի անդամներ ընտրելու օրինակելի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դիմում չներկայացնելու դեպքում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը (այսուհետ նաև` տեսչական մարմինների գրասենյակ) իր նախաձեռնությամբ է հրավիրում անդամների: Համապատասխան ոլորտի հասարակական կազմակերպությունները և գիտական կազմակերպության ներկայացուցիչները Խորհրդի կազմում ներգրավվում են երկու տարի ժամկետով` նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

3.1. Խորհրդի կազմում անդամ ընտրված հասարակական կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչների անդամությունը խորհրդի առաջարկությամբ կարող է դադարել, երբ`

1) խորհրդի համապատասխան անդամն անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ անընդմեջ չի մասնակցել խորհրդի նիստերին.

2) կասեցվել կամ դադարեցվել է համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպության գործունեությունը.

3) համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպությունը դադարել է համապատասխանել խորհրդի անդամ ընտրվելու չափանիշներին.

4) համապատասխան կազմակերպությունը ներկայացրել է անդամությունը դադարեցնելու մասին դիմում:

4. Խորհուրդը նախագահում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը: Այն դեպքում, երբ տեսչական մարմնի իրավասության շրջանակներում ընդգրկված են մեկից ավելի ոլորտներ, ապա Խորհուրդը ռոտացիոն կարգով կարող են նախագահել այդ ոլորտների քաղաքականությունը մշակող մարմինների ղեկավարները կամ նրանց տեղակալները` վարչապետի որոշմամբ:

5. Խորհրդի նիստերը հրապարակային են և հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր: Նիստերի հրավիրման և անցկացման կարգը սահմանվում է Խորհրդի աշխատակարգով: Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցել է Խորհրդի անդամների 2/3-ից ավելին: Խորհրդի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է: Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հարցերին հավանություն չտալու կամ չհաստատելու դեպքում Խորհուրդը կարող է ընդունել հարցը՝ իր համար ընդունելի տարբերակով, կամ տեսչական մարմնի ղեկավարին տալ հանձնարարականներ` հարցը լրամշակելու և կրկին քննարկման ներկայացնելու վերաբերյալ:

6. Խորհրդի անդամների առաջադրման կարգը, ինչպես նաև տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

7. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը՝

1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

1.1) հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին.

2) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.

3) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

4) քննարկում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և հավանություն է տալիս դրան.

5) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.

6) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

6.1) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.

6.2) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.

7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

8. Խորհրդի նիստերի արձանագրություններն ու Խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում:

(7-րդ հոդվածը լրաց. 07.04.16 ՀՕ-35-Ն, փոփ. 31.05.17 ՀՕ-86-Ն, լրաց., փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 8.

Տեսչական մարմնի ղեկավարությունը

 

1. Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը Խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում է խրախուսման և պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

2. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Խորհրդին:

3. Տեսչական մարմնի ղեկավարության ընտրության չափանիշները սահմանվում են տեսչական մարմնի կանոնադրությամբ:

4. Տեսչական մարմնի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է, ինչպես նաև նրա (նրանց) նկատմամբ խրախուսման և կարգապահական տույժի միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

5. Տեսչական մարմնի ղեկավարը՝

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակները` տարանջատելով վերահսկողական և վերլուծական, պլանավորման գործառույթները.

2.1) Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում Խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.

3) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Խորհրդին, Խորհրդի դրական եզրակացության դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին.

4) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների քանակը.

5) հաստատում է Խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

7) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.

8) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.

11) Խորհրդի հավանությանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

12) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(8-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.04.16 ՀՕ-35-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 9.

Բողոքարկումը

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

1. Տեսչական մարմինների և դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության, այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտը կարող է բողոքարկվել ակտն ընդունած տեսչական մարմին կամ դատարան:

(9-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 10.

Մասնագիտական կարողությունների կառավարումը և վերապատրաստումը տեսչական մարմնում

 

1. Խորհուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ հաստատում է տեսչական մարմնի ծառայողների վերապատրաստման բազմակողմանի, մանրամասն և նպատակաուղղված ռազմավարական տարեկան ծրագիրը՝ համագործակցելով նաև համապատասխան ոլորտների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

2. Մասնագիտական կարողությունները և դրանց շարունակական կատարելագործումը տեսչական մարմինների աշխատանքի հիմքն են: Մասնագիտական կարողությունները ներառում են՝

1) տեսչական մարմնի ծառայողների հիմնական ունակությունները, մասնավորապես ռիսկերի կառավարումը, փոխհարաբերությունները ոլորտի տնտեսավարող սուբյեկտների և հանրության հետ, համապատասխանությունը նշանակված պաշտոններին և շփումները.

2) իր իրավասության ոլորտի հետ կապված հատուկ մասնագիտական կարողությունները:

3. Տեսչական մարմնի նոր նշանակված ծառայողների համար անցկացվում են նախնական դասընթացներ, ինչպես նաև շարունակական վերապատրաստումներ պաշտոնավարման ամբողջ ընթացքում՝ ապահովելու համար նրանց համապատասխանության և մասնագիտական որակավորումների բարձր մակարդակը:

 

Հոդված 11.

Գործունեության կատարողականի գնահատման չափորոշիչները

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է գործունեության կատարողականի գնահատման սկզբունքները, չափորոշիչները և կարգը՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան: Նշված սկզբունքների հիման վրա, հանրային շահերի և հանրային անվտանգության պահպանման նպատակով տեսչական մարմնի կանոնադրությամբ հստակ սահմանվում են յուրաքանչյուր տեսչական մարմնի խնդիրներն ու նպատակները:

2. Տեսչական մարմինը պետք է ունենա գործունեության կատարողականի գնահատման մեթոդոլոգիա՝ որպես կատարողականի գնահատման անբաժանելի մաս:

3. Տեսչական մարմինը առնվազն յուրաքանչյուր եռամսյակ պետք է իրականացնի իր գործունեության կատարողականի գնահատում և ներկայացնի Խորհրդի հաստատմանը:

4. Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքէջում և հանրության համար հասանելի այլ միջոցներով հրապարակում է իր և իր ծառայողների գործունեության կատարողականի գնահատման չափորոշիչները, դրանց կիրառման հիմնավորումները, դրանց նկատմամբ վերահսկողության ձևերը, ինչպես նաև բարելավման ուղիները:

5. Տեսչական մարմնի կողմից իր գործունեության կատարողականի գնահատման առնվազն հետևյալ չափորոշիչները հաշվարկվում և հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում և հանրության համար հասանելի այլ միջոցներով.

1) վերահսկողություն իրականացնող մարմնի գործունեության հիմնական նպատակին հասնելու մակարդակը.

2) ոլորտի առավել ռիսկային բնագավառներում փոփոխությունների առկայությունը.

3) տեսչական մարմնի վերահսկման երեքից հինգ բարձր ռիսկային ոլորտներում իրավիճակի փոփոխությունը.

4) բարձր ռիսկային տնտեսավարող սուբյեկտներում և ստուգման օբյեկտներում ստուգումների քանակը՝ ստուգումների ընդհանուր քանակի համեմատությամբ.

5) ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների քանակական հարաբերակցությունը.

6) ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված ստուգումների միջին տևողությունը.

7) ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների միջին տևողությունը.

8) ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների ընդհանուր քանակի (որոնց շնորհիվ կանխվել է հանրության, շրջակա միջավայրի, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային շահերին, պետությանը սպառնացող էական վնաս կամ ռիսկ) հարաբերությունը ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների ընդհանուր քանակին.

9) ռիսկերի գնահատման, պլանավորման և վերլուծման համար հատկացված ֆինանսական միջոցները և մարդկային ռեսուրսները.

10) խորհրդատվության, մեթոդական աջակցության և կանխարգելման միջոցների համար հատկացված ֆինանսական միջոցները և մարդկային ռեսուրսները.

11) ըստ առանձին ստուգման հատկացված ֆինանսական միջոցները և մարդկային ռեսուրսները.

12) Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ համապատասխան ոլորտների քաղաքականություն մշակող պետական մարմիններին ներկայացված առաջարկությունների քանակը.

13) տեսչական մարմնի, տեսչական մարմնի աշխատակիցների դեմ բերված դիմում-բողոքների քանակը.

14) ստուգման ենթարկված օբյեկտների բավարարվածության աստիճանը տեսչական մարմնի աշխատանքների անաչառության, ընթացակարգերի թափանցիկության, տրամադրված տեղեկատվության որակի և տեսչական մարմնի ծառայողների արհեստավարժության վերաբերյալ:

6. Տեսչական մարմնի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում կիրառված պատասխանատվության միջոցների քանակը, դրանց չափը կամ պատասխանատվության առաջադրման միջոցները չեն կարող դիտարկվել որպես տեսչական մարմնի կամ դրա ծառայողի գործունեության արդյունավետության բնորոշման և կատարողականի գնահատման դրական չափորոշիչ և հիմք դառնալ խրախուսանքի, այդ թվում՝ պարգևատրման համար:

7. Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքէջում պարբերաբար հրապարակում է հետևյալ տեղեկատվությունը.

1) տեսչական մարմնի ծառայողների տրամադրած խորհրդատվության օգտակարության արձագանքների վերլուծություն.

2) ստուգաթերթերի՝ որպես պահանջներին համապատասխանությանը նպաստող գործիքի արդյունավետության վերաբերյալ արձագանքների վերլուծություն:

8. Տեսչական մարմինը կամ դրա ծառայողը չպետք է որևէ առավելություն, խրախուսանք (այդ թվում՝ պարգևատրում) ստանա տնտեսավարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների հաշվին: Պատասխանատվության միջոցների կիրառումից ստացված գումարները չեն կարող որևէ կերպ տրամադրվել տեսչական մարմնին կամ լիազոր մարմնին:

9. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կամ Խորհրդի կողմից կարող են սահմանվել տեսչական մարմնի կամ անձի գործունեության արդյունավետության բնորոշման կամ կատարողականի գնահատման հավելյալ չափորոշիչներ:

 

Հոդված 12.

Տեսչական մարմնի գործունեության որակի ապահովումը

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

1. Որակի ապահովումը համակարգ է, որն ուղղված է տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատմանը, բարձրացմանը, շարունակական կատարելագործմանը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված սկզբունքների ամբողջական իրագործմանն ու տեսչական համակարգի միասնական զարգացմանը:

2. Տեսչական մարմնում գործում է որակի ապահովման ստորաբաժանում, որի գործունեությունն ուղղված է տեսչական մարմնի գործունեության արդյունքի մեծացմանը և շարունակական կատարելագործմանը՝ սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:

3. Տեսչական մարմնի որակի ստորաբաժանման ղեկավարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում, ինչպես նաև նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

4. Տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման գործունեության կարգը, ինչպես նաև որակի ապահովման ստորաբաժանման հաշվետվություններին ներկայացվող ընդհանուր պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հաշվետվությունների բովանդակությանը ներկայացվող հավելյալ պահանջները սահմանվում են Խորհրդի որոշմամբ:

5․ Տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման գործունեության տարեկան ծրագիրը հաստատում է Խորհուրդը:

6. Որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է և հաշվետվություններ է ներկայացնում Խորհուրդ, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և տեսչական մարմինների գրասենյակ:

7. Վարչապետի աշխատակազմում գործում է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ, որի նպատակն է ապահովել տեսչական համակարգի անկախ և միատեսակ զարգացումը, տեսչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, շարունակական կատարելագործումը, ինչպես նաև տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների գործունեության միասնական համակարգումը:

8. Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարը հաշվետու է վարչապետին և վարչապետի աշխատակազմի ղեկավարին:

9. Տեսչական մարմինների գրասենյակը հաջողված փորձի հիման վրա`

1) մշակում է տեսչական համակարգի միասնական զարգացման և արդյունավետ կառավարման, ստուգումների, ինչպես նաև տեսչական մարմնի վերահսկողական քաղաքականությունը.

2) մշակում և կատարելագործում է տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը.

3) մշակում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական ցուցումներ (ուղեցույցներ), ձեռնարկներ` իրականացնելով տեսչական մարմինների մեթոդական ղեկավարումը.

4) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների մոնիտորինգ և կատարում համապատասխան վերլուծություններ.

5) համակարգում է տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների աշխատանքները.

6) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ Կառավարության սահմանած կարգով տեղեկատվության հավաքում, դրանց վերլուծություն, ամփոփում, ինչպես նաև վերհանված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

7) աջակցում է տեսչական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրմանը և շարունակական կատարելագործմանը.

8) աջակցում է տեսչական մարմինների ղեկավարների և աշխատողների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ներդրմանը և դրա հետագա կատարելագործմանը.

9) իր իրավասության շրջանակներում իրականացնում է ծրագրեր, համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ.

10) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական և խորհրդատվական աջակցություն:

(12-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 13.

Տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը

 

1. Տեսչական մարմինն իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով իրականացնում է կանխարգելիչ գործունեություն, որը ներառում է՝

1) տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացման նպատակով դասընթացների, սեմինարների, քննարկումների կազմակերպում, ձեռնարկների թողարկում, բուկլետների, տեղեկանքների հրատարակում, զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվության փոխանցում.

2) տնտեսավարող սուբյեկտների հետ իրավական ակտերով սահմանված պահանջների վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացում, կոնկրետ հարցերով խորհրդատվության մատուցում:

2. Տեսչական մարմինը պարտավոր է իր վերահսկողության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին իր պաշտոնական կայքէջի և զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև հանդիպումների կազմակերպման միջոցով իրազեկել իրենց գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր ընդունված իրավական ակտերի կամ հրապարակված ուղեցույցների, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունների կամ լրացումների վերաբերյալ:

3. Պաշտոնական կայքէջի կամ զանգվածային լրատվության միջոցով հրապարակվող հայտարարության մեջ նշվում են համապատասխան իրավական ակտի լրիվ անվանումը և դրա պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը, տեղեկագրի անվանումն ու համարը, ինչպես նաև ակտի բովանդակությունն ու կիրառման վերաբերյալ մեկնաբանություններ: Նշված իրազեկումը տեսչական մարմինը պարտավոր է իրականացնել ոչ ուշ, քան այդ ակտերի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

4. Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների գործունեությանն առնչվող ուղեցույցների վերաբերյալ իրազեկումն իրականացվում է տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում դրանք հրապարակելու և (կամ) ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների հետ հանդիպումներ, քննարկումներ անցկացնելու և անվճար ձեռնարկներ կամ թերթիկներ տրամադրելու միջոցով:

5. Տեսչական մարմինը մշակում է կանխարգելիչ և իրազեկման միջոցառումների տարեկան ծրագիր, որը հաստատում է Խորհուրդը:

 

Հոդված 14.

Վերահսկողության, տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայության ներքո ստեղծվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (վերահսկողության միասնական էլեկտրոնային շտեմարան և տեղեկատվության փոխանակման համակարգ)՝ վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության ապահովման և վերահսկողության հետ կապված տեղեկատվությունը տնտեսավարող սուբյեկտներին և հանրությանը մեկ տեղում հասանելի դարձնելու նպատակով:

2. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգը յուրաքանչյուր տեսչական մարմնից ներառում է յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի և վերահսկողության օբյեկտի ընդհանուր տվյալները, ինչպես նաև տեղեկատվություն համապատասխան ռիսկի խմբում ընդգրկված լինելու, պլանավորված և անցկացված ստուգումների վերաբերյալ և վերահսկողության հետ կապված (այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտների և սպառողների համար նախատեսված) այլ տեղեկատվություն: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ընդգրկվող տեղեկատվության տեսակները թվարկված են սույն հոդվածի 3-5-րդ մասերում:

3. Հանրության համար բաց է և անվճար հասանելի հետևյալ էլեկտրոնային տեղեկատվությունը.

1) իրականացված վերահսկողության վերաբերյալ ընդունված իրավական ակտերի ցանկը, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվածները.

2) խորհրդատվական նյութեր և մեթոդական ուղեցույցներ տնտեսավարող սուբյեկտների համար.

3) ստուգաթերթերը.

4) ռիսկի չափանիշները.

5) ստուգումների տարեկան ծրագրերը.

6) վերահսկողություն իրականացնող մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կատարողականի և գործունեության արդյունավետության ցուցանիշների չափանիշները և այդ ցուցանիշների ու չափանիշների փաստացի գնահատականները.

7) վերահսկողություն իրականացնող մարմինների ծրագրերն ու հաշվետվությունները.

8) վերահսկողության իրականացման հետ կապված այլ ընդհանուր հարցեր:

4. Վերահսկվող տնտեսավարող սուբյեկտին հասանելի է դարձվում իր ռիսկի մակարդակի, իր մոտ անցկացված ստուգումների պատմության ու ծրագրերի և առնչվող այլ տեղեկատվություն, որը պահպանվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգում:

5. Վերահսկողության հետ կապված տեղեկատվությունը, որն ընդգրկվել է վերահսկողության տեխնիկական կամ կազմակերպական և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև համագործակցության իրականացման նպատակներով և չի առնչվում տնտեսավարող սուբյեկտի իրավունքներին և պարտականություններին, չի կարող բաց լինել հանրության համար: Նշված տեղեկատվության տրամադրումը կարգավորվում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

6. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն հոդվածով նախատեսված էլեկտրոնային տեղեկատվական համակարգի գործարկումից առաջ վերահսկողություն իրականացնող մարմինները կառավարում են իրենց անձնական տեղեկատվական համակարգերում առկա՝ սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը և հրապարակում են իրենց պաշտոնական կայքէջում:

 

Հոդված 15.

Հաշվետվողականությունը

 

1. Տեսչական մարմինները տարեկան հաշվետվություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, որոնք քննարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաշվետվությունները հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում: Տեսչական մարմիները նախորդ տարվա հաշվետվությունները ներկայացնում են մինչև ընթացիկ տարվա փետրվարի 5-ը:

2. Տեսչական մարմինների տարեկան հաշվետվությունները առնվազն ներառում են հետևյալ տեղեկատվությունը.

1) սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված կատարողականի արդյունքների ապահովումը.

1.1) գործունեության տարեկան ծրագրի կատարման ընթացքը.

2) վերահսկողության ոլորտում ռիսկերի առկա իրավիճակի վերլուծությունը.

3) խորհրդատվական գործունեությունը, տնտեսավարող սուբյեկտների կողմից հաճախ տրվող հարցերի վերհանումը և այն իրավական ակտերը, որոնք տալիս են դրանց հստակ պատասխանները.

4) կանխարգելիչ գործողությունները և այն ռիսկերը, որոնց վերհանմանն են ուղղված, և որոնք կանխել են դրանք.

5) ստուգումներ, դրանց քանակը, բնութագրերը, տևողությունը և անցկացված ստուգումների արդյունքները.

6) տնտեսավարող սուբյեկտների կողմից առավել հաճախ կատարվող օրենսդրության խախտումները կամ շեղումները, որոնք վերհանել են տեսչական մարմինները, ինչպես նաև դրանց պատճառները և տարածվածությունը: Տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցները.

7) օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման առաջարկները՝ օրենսդրական բացերը լրացնելու, ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու և տնտեսավարող սուբյեկտների համար վարչական և վերահսկողական բեռը նվազեցնելու նպատակով.

8) տեսչական մարմնի և դրա պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության,այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի դեմ բերված բողոքների քանակը, բովանդակությունը և դրանց վերաբերյալ ընդունված որոշումները։

3. Տեսչական մարմնի տարեկան հաշվետվությունները պետք է արտացոլեն իրավիճակի զարգացումները: Տարեկան հաշվետվության փաստացի տվյալները պետք է համեմատվեն նախորդ երկու տարիների իրավիճակներն արտացոլող տվյալների հետ:

(15-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 16.

Տնտեսավարող սուբյեկտներից և հանրությունից բողոքների ընդունումը և դրանց հետագա ընթացք տալը

 

1. Հանրության ներկայացրած բողոքները ռիսկերի գնահատման և կառավարման կարևոր աղբյուր են: Տնտեսավարող սուբյեկտների բողոքները տեսչական մարմնի աշխատանքի կարևոր ցուցանիշներ են: Հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որի հիման վրա Խորհուրդը սահմանում է բողոքների ընդունման և դրանց հետագա ընթացք տալու կարգը:

2. Հանրության կողմից տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ բողոքների ներկայացումը հիմք չէ ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնելու համար՝ առանց հետագա դիտարկման: Բողոքները վերլուծվում, դիտարկվում և օգտագործվում են ռիսկերի կառավարման համար: Հիմնականում դրանք պետք է ծառայեն համապատասխան տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության գնահատականի փոփոխության համար: Ըստ անհրաժեշտության ստուգումներն անցկացվում են միայն այն դեպքում, երբ սպառնացող վտանգի աստիճանը բարձր է, կամ երբ նույն տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ կարճ ժամանակահատվածում ստացվել են բազմաթիվ բողոքներ: Տնտեսավարող սուբյեկտներից ստացված բողոքները օգտագործվում են տեսչական մարմնի որակի ապահովման և հաշվետվողականության նպատակներով: Բողոք ներկայացրած տնտեսավարող սուբյեկտների անվանումը չի հրապարակվում՝ հետագա բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է տնտեսավարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի և դրան հետևելու կարգը:

 

Հոդված 17.

Շահերի բախումը

 

1. Տեսչական մարմինը պարտավոր է իր գործունեությունը կազմակերպել այնպես, որ բացառվի շահերի բախումը:

2. Տեսչական մարմնի ծառայողին արգելվում է իրականացնել իր լիազորությունները, արգելվում է մասնակցել դիմումի քննարկմանը, երբ՝

1) տեսչական մարմնի ծառայողի շահերը հակասում կամ համընկնում են վերահսկվող կամ դիմում ներկայացրած տնտեսավարող սուբյեկտի շահերին.

2) տեսչական մարմնի և (կամ) ստուգման խմբի անդամը և վերահսկվող կամ դիմում ներկայացրած տնտեսավարող սուբյեկտը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխկապակցված անձինք են.

3) առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության վերաբերյալ.

4) առկա են շահերի բախման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր:

(17-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 18.

Տեսչական մարմնի ֆինանսավորումը

 

1. Տեսչական մարմնի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում՝ առանձին տողով:

2. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:

3. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է Խորհրդի հավանությանը: Խորհրդի հաստատելուց հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է վարչապետի աշխատակազմին՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում ներառելու համար:

4. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-267-Ն)

5. Տեսչական մարմնի բյուջետային հայտը պետք է պարունակի իր բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

6. Պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն Խորհրդի համաձայնությամբ:

(18-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 19.

Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 14-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից հետո՝ երկու տարի անց (14-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետն ուժի մեջ է մտնում օրենքն ուժի մեջ մտնելու պահից):

2. Գործադիր իշխանության համակարգում գործող վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին իրականացվող լիազորությունների իրականացման նպատակով տեսչական մարմիններ կարող են ստեղծվել մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտներում, աշխատակազմերում գործող բոլոր տեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը:

4. Սույն օրենքի հիման վրա համապատասխան բնագավառում տեսչական մարմնի ստեղծումից հետո դադարեցվում է տվյալ բնագավառի քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կազմում գործող տվյալ բնագավառը վերահսկող տեսչության գործունեությունը: Տվյալ բնագավառում վերահսկողություն իրականացնող այլ մարմին գործել չի կարող:

5. Տեսչական մարմնի ստեղծումից հետո տեսչական մարմնում պաշտոններն զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվող Խորհուրդների առաջին կազմում հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության համար հայտարարությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

7. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-267-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-267-Ն)

(19-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-303-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-267-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-254-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան