Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Վրաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
անհրաժեշտ համարելով Կողմերի միջև համագործակցությունը,
հայ և վրացի իրավաբանների միջև փոխըմբռնման և բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը համագործակցություն կիրականացնեն հետևյալ հիմնական ուղղություններով.
1) իրավաբանական գիտության և պրակտիկայի տարբեր խնդիրներով երկկողմ սիմպոզիումների, խորհրդաժողովների և սեմինարների կազմակերպում,
2) օրենսդրության և իրավական կառույցների մասին տեղեկության փոխանակում,
3) միմյանց արդարադատության մարմինների և հիմնարկների կազմակերպման և գործունեության հետ ծանոթանալու համար Կողմերի պատվիրակությունների փոխանակում,
4) իրավաբանական կադրերի պատրաստման, մասնագետների փոխադարձ փոխանակման գործում աջակցություն,
5) Կողմերի արդարադատության մարմինների և հիմնարկների միջև գործընկերային կապերի հաստատում,
6) օրինագծերի իրավական փորձաքննության համար մասնագետների խմբերի ստեղծում հավասարության սկզբունքով,
7) արդարադատության ազգային համակարգերի իրազեկման բնագավառի մասնագետների փոխանակում:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը կարող են ստեղծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերի մշակման հանձնաժողովներ:
Հոդված 3
Սույն Համաձայնագրից բխող պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով Կողմերն ամեն տարի կհամաձայնեցնեն հաջորդ տարվա համագործակցության կոնկրետ ծրագրերը` ելնելով համապատասխան ֆինանսական հնարավորություններից: Այդ ծրագրերը ուժի մեջ կմտնեն Կողմերի համաձայնությամբ կամ ծրագրերով նախատեսված ժամկետներում:
Համագործակցության գծով համատեղ միջոցառումները ֆինանսավորելիս Կողմերը կելնեն այն սկզբունքից, համաձայն որի դրանց կազմակերպման և Կողմերի պատվիրակությունների կեցության ծախսերը, ինչպես նաև հնարավոր բժշկական ծախսերը կրում է ընդունող Կողմը, իսկ մեկնելու և հետդարձի տրանսպորտային ծախսերը` ուղարկող Կողմը:
Հոդված 4
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել գրավոր` Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Բոլոր փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Սույն Համաձայնագրի գործողության ոլորտին առնչվող հարցերով Կողմերի միջև վեճերը և տարաձայնությունները կլուծվեն երկկողմ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցագիրը Կողմերի ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով: Այն կարող է դադարեցվել Կողմերից մեկի կողմից և իր գործողությունը դադարեցնում է դադարեցնելու մասին գրավոր հաղորդումը մյուս Կողմի ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուց հետո:
Կատարված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին, Երևան քաղաքում, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնությունների դեպքում գերակայությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 04.03.2005թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|