ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ռեկրեացիոն գոտիներ՝ բնակլիմայական պայմանների և պատմամշակութային ներուժի հիման վրա ձևավորվող ու ռեկրեացիայի նպատակով օգտագործվող բացօթյա (ցամաքային կամ ջրային) տարածքներ՝ նախատեսված հանգստի և տուրիզմի կազմակերպման համար, որոնք ներառում են բնական լանդշաֆտներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնության և պատմամշակութային հուշարձաններ և այլն:»:
Հոդված 2. Օրենսգրքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Ռեկրեացիոն նպատակով գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ռեկրեացիոն գոտիներում ապահովում է ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական և ջրաքիմիական պահպանության պահանջներ, որոնք ուղղված են մարդածին բացասական ներգործությունների (այդ թվում` աղտոտվածության) նվազեցմանը, նպաստում են ջրային էկոհամակարգերի ամբողջականության պահպանմանն ու բարելավմանը, չեն սահմանափակում ռեկրեացիոն նպատակով ջրային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների իրավունքները և վնաս չեն պատճառում մարդկանց առողջությանը։
Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը։»։
Հոդված 3. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «հանգստի» բառը փոխարինել «ռեկրեացիայի» բառով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. նոյեմբերի 26 Երևան ՀՕ-209-Ն |