Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-197-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.20/82(1535) Հոդ.1035
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 170.8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 170.8. 

Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը

 

1. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:

2. Նույն խախտումը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից երկու հարյուր հազար դրամ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. Նույն խախտումը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է երկու հարյուր հազարից հինգ հարյուր հազար դրամ`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:

4. Նույն խախտումը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարերկուհարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված խախտումները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ղեկավարման կամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որը ենթակա է պատասխանատվության նշված հոդվածով նախատեսված արարքների կատարման համար` անկախ խախտման սահմանային չափից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. նոյեմբերի 13

Երևան

ՀՕ-197-Ն