Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-204-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.20/82(1535) Հոդ.1042
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«արտաքսում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում իրավասու պետական մարմնի կողմից օտարերկրացու հարկադիր հեռացումը Հայաստանի Հանրապետությունից.»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե նա օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար:

Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը օտարերկրացու ազատազրկման դատապարտման մասին Հայաստանի Հանրապետության դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական մարմնին՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով արտաքսման վերաբերյալ գործ հարուցելու համար:

Օրինական ուժի մեջ մտած դատավճռով օտարերկրացու ազատազրկման դատապարտվելու պատճառով արտաքսման մասին որոշում կայացվելու դեպքում օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե օրինական ուժի մեջ մտած արտաքսման մասին որոշումն ի կատար ածելուց հետո ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարելու դեպքում չի անցել երեք տարի, ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ հինգ տարի, իսկ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ ութ տարի:

Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող մերձավոր ազգականներ (ամուսին, զավակ, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձանց վրա:»:

 

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի «բ» կետում «մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվել» բառերը փոխարինել «առկա են» բառերով, «, 2-րդ» թիվը հանել, իսկ «հիմքերով.» բառը փոխարինել «հիմքերը.» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 31. Օտարերկրացու արտաքսման վերաբերյալ գործի հարուցումը

 

1. Եթե սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրացին կամավոր չի հեռացել Հայաստանի Հանրապետության տարածքից, կամ եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացրել է համապատասխան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը արտաքսման վերաբերյալ գործ է հարուցում և ներկայացնում դատարան:»:

 

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.

«2.1. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում դատավճռով սահմանված ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համաձայնություն է ձեռք բերում դատապարտյալին պատժի մնացած մասը կրելու նպատակով իր քաղաքացիության երկիր փոխանցելու վերաբերյալ, ապա արտաքսման որոշումը համարվում է ի կատար ածված դատապարտյալի փոխանցումն իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմնի ծանուցումն ստանալուց հետո:

2.2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար ածելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը օտարերկրացու՝ ազատազրկման ձևով պատժի կրման ժամկետն ավարտվելուց առնվազն մեկ ամիս առաջ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական մարմնին:

2.3. Այն դեպքերում, երբ օտարերկրացին սահմանված կարգով ապաստանի հայց է ներկայացնում լիազոր մարմին, ապա սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում նրա հայցի վերաբերյալ վերջնական մերժման որոշումն ընդունվելուց հետո՝ ներառյալ դատական կարգով բողոքարկումը:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. նոյեմբերի 13

Երևան

ՀՕ-204-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան