ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ստեղծման և գործունեության կարգը:
Հոդված 2. | ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏԸ |
Սույն օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը (այսուհետ` հանրային ծառայությունների ոլորտ) իր մեջ ներառում է`
ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
բ) ջրային ոլորտը.
գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.
դ) փոստային կապի բնագավառը.
ե) երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման և օգտագործման վճարի հաստատման մասով.
զ) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ` միայն սակագների մասով:
(2-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-174-Ն, 28.11.07 ՀՕ-294-Ն, 18.12.07 ՀՕ-299-Ն, խմբ. 23.06.15 ՀՕ-111-Ն)
Հոդված 3. | ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հանրային ծառայությունների ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով (այսուհետ` ճյուղային օրենքներ), այլ օրենքներով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(3-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-174-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2.
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 4. | ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` կարգավորվող անձինք) շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
Հոդված 5. | ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
1. Կարգավորման հիմնական սկզբունքներն են`
ա) կարգավորման իրականացումն ինքնավար պետական մարմնի կողմից` օրենքներով սահմանված իրավասությունների շրջանակում.
բ) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը և անկախությունը.
գ) կարգավորման թափանցիկության ապահովումը հանրության համար.
դ) սպառողների կամ որևէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը.
ե) սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը` սպառողներին որակյալ ծառայությունների մատուցում երաշխավորելու համար անհրաժեշտ իրավատնտեսական նախադրյալների ձևավորման և ծառայությունների հիմնավորված սակագների սահմանման միջոցով, միաժամանակ ապահովելով ներդրողների՝ ռիսկերին համարժեք, ողջամիտ հասույթ ստանալու հնարավորությունը.
զ) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց կարգավորման շրջանակների սահմանափակումը, ինչպես նաև հանրային ծառայությունների ոլորտում ոչ մրցակցային շուկաների առաջացման դեպքում կարգավորման ներդրումը.
է) հանրային ծառայությունների ոլորտում շուկաներ մուտքի խոչընդոտների կրճատումը և կարգավորվող անձանց կողմից մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) հասանելիության կանոնների պահպանման ապահովումը.
ը) հասցեական կարգավորումը.
թ) հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների համապատասխանությունը մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) սպասարկման որակին:
(5-րդ հոդվածը խմբ. 09.06.17 ՀՕ-115-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 6. | ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ |
1. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
2. Հանձնաժողովն ինքնավար մարմին է:
3. Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերը: Հանձնաժողովի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
4. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ գույքը:
(6-րդ հոդվածը խմբ. 09.06.17 ՀՕ-115-Ն)
Հոդված 7. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ կազմավորման կարգը և անդամներին ներկայացվող պահանջները |
(վերնագիրը խմբ. 09.06.17 ՀՕ-115-Ն)
1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` հանձնաժողովի նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները ինքնավար պաշտոններ են:
2. Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝ հինգ տարի ժամկետով, բացառությամբ հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով՝ հանձնաժողովի անդամ:
2.1. Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:
2.2. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարելու մասին սույն օրենքի 7.2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարեցվելուց, ինչպես նաև հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:
2.3. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե hանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է:
3. (մասն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-178-Ն)
4. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից): Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն, իսկ մյուսները՝ կարգավորվող ոլորտներից որևէ մեկում` սույն մասով նախատեսված ժամկետով աշխատանքային ստաժ: Կարգավորվող ոլորտի ստաժ է համարվում նաև այդ ոլորտում պետական կառավարում կամ կարգավորում իրականացնող մարմիններում կամ այդ ոլորտում սպառողների հետ կապերի գծով աշխատանքային ստաժը:
5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:
6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում հանձնաժողովի անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով նշանակվում է հանձնաժողովի նոր անդամ` պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:
7. Այն դեպքում, երբ հանձնաժողովի նախագահ է նշանակվում հանձնաժողովի անդամներից մեկը, ապա նա պաշտոնավարում է մինչև իր՝ որպես հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:
8. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկով նախատեսված դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.02.07 ՀՕ-89-Ն, խմբ. 09.06.17 ՀՕ-115-Ն, փոփ., խմբ., լրաց. 13.09.19 ՀՕ-178-Ն)
Հոդված 7.1. |
Հանձնաժողովի նախագահը և անդամները |
1. Հանձնաժողովի նախագահը՝
ա) համակարգում և ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը.
բ) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում է հանձնաժողովի որոշումները.
գ) իր լիազորությունների շրջանակում ընդունում է հրամաններ, հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր և կնքում պայմանագրեր.
դ) իր իրավասությունների սահմաններում ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, առանց լիազորագրի հանդես է գալիս հանձնաժողովի անունից:
2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում հանձնաժողովի նախագահին փոխարինում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
3. Հանձնաժողովի անդամն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և այլ փաստաթղթեր:
4. Հանձնաժողովի անդամների միջև լիազորությունների և աշխատանքային պարտականությունների բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են հանձնաժողովի որոշմամբ:
(7.1-ին հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-115-Ն, փոփ., խմբ. 13.09.19 ՀՕ-178-Ն)
Հոդված 7.2. |
Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը |
(վերնագիրը փոփ. 13.09.19 ՀՕ-178-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-178-Ն)
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝
ա) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
ա.1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.
բ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
գ) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.
դ) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
ե) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
զ) նա մահացել է:
3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե՝
ա) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.
բ) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.
գ) նա մեկ տարվա ընթացքում ավելի, քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.
դ) նա խախտել է հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.
ե) նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը.
զ) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:
3.1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա՝ որպես հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:
3.2. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
3.3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:
4. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները:
(7.2-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-115-Ն, փոփ., լրաց., խմբ. 13.09.19 ՀՕ-178-Ն)
Հոդված 8. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ |
1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) միջոցով, որի ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը: Աշխատակազմի աշխատանքը կանոնակարգվում է սույն օրենքով և հանձնաժողովի որոշումներով:
2. Աշխատակազմն իր կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիաիրավական հարաբերություններին նրա մասնակցությունը:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավասությունները, բացառությամբ հայցվոր և պատասխանող հանդես գալու իրավունքից, հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պատվիրակվել աշխատակազմին:
4. Աշխատակազմի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը և աշխատակազմի գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով: Աշխատակազմի աշխատակիցների թիվը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
(8-րդ հոդվածը խմբ. 09.06.17 ՀՕ-115-Ն)
Հոդված 9. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ անդամների և աշխատակազմի աշխատակիցների իրավունքների սահմանափակումները և պատասխանատվությունը |
(վերնագիրը խմբ. 09.06.17 ՀՕ-115-Ն)
1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքից, պայմանով, որ այդ աշխատանքները չեն ֆինանսավորվում կարգավորվող անձանց կողմից:
2. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:
3. Հանձնաժողովի անդամները և աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող ունենալ կարգավորվող անձանց արժեթղթեր, բաժնեմաս կամ դրանցում կատարել ներդրումներ:
4. Հանձնաժողովի անդամն իրավունք չունի իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարելու պահից մեկ տարվա ընթացքում զբաղեցնելու հանրային ծառայությունների ոլորտի կարգավորվող ընկերության՝ ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոն:
5. Սույն օրենքի պահանջները խախտելու համար հանձնաժողովի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
(9-րդ հոդվածը խմբ. 09.06.17 ՀՕ-115-Ն)
Հոդված 10. |
ՀաՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 09.06.17 ՀՕ-115-Ն)
Հոդված 11. |
ՀաՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ |
1. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել ենթաօրենսդրական նորմատիվ, անհատական կամ ներքին (լոկալ) իրավական ակտեր:
2. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:
3. Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են ամիսը մեկ: Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, կարող է անցկացնել նաև արտահերթ նիստեր: Հանձնաժողովի հերթական և արտահերթ նիստ հրավիրելու և անցկացնելու կարգը սահմանում է հանձնաժողովը:
4. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված առանձին հարցեր կարող են նշվել որպես քննարկման ոչ ենթակա հարցեր, եթե դրանք ունեն տեխնիկական կամ ներքին կանոնակարգային բնույթ: Եթե քննարկման ոչ ենթակա հարցի մասին հայտարարելուց հետո այդ հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն կամ առաջարկություն, ապա այն պետք է քննարկվի և ընդունվի սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
5. Հանձնաժողովը, իր սահմանած կարգի համաձայն, հայտարարում է հանձնաժողովի նիստերի անցկացման վայրը, օրը և ժամը, հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց ու հասարակության ներկայացուցիչներին մասնակցելու նիստերին՝ հաշվի առնելով իր վարչական շենքի հնարավորությունները, ստանալու օրակարգը և քննարկվող նյութերը, ներկայացնելու տեղեկություններ և հանդես գալու ելույթներով:
6. Եթե հանձնաժողովի նիստում քննարկվում են սպառողների համար սակագների հաշվարկման մեթոդիկաները, բնագավառների (համակարգերի) կառուցվածքին, սպառողների սպասարկման որակին և պայմաններին վերաբերող հարցեր, ապա հանձնաժողովն այդ մասին ողջամիտ ժամկետում իրազեկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, կարգավորվող ոլորտի իրավասու պետական մարմնին և սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին` հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացուցիչներին մասնակցելու նիստերին, հանդես գալու ելույթներով և առաջարկություններով:
7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, և այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ:
7.1. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ: Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամները:
8. Հանձնաժողովի կառուցվածքը, հանձնաժողով դիմումներ ներկայացնելու ու քննարկելու, նիստեր կազմակերպելու և անցկացնելու կարգը, ինչպես նաև հանձնաժողովի լիազորությունների իրականացմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով:
9. Հանձնաժողովն օրենքով նախատեսված դեպքերում ունի կարգավորվող անձանցից տեղեկություններ պահանջելու և իր ներկայացուցիչների միջոցով կարգավորվող անձանց տարածք մուտք գործելու իրավունք:
10. Հանձնաժողովն իր աշխատանքներում իրավասու է վճարովի հիմունքներով ներգրավելու անկախ փորձագետների:
11. Հանձնաժողովն ապահովում է իր և իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի և այլ միջոցներով: Հանձնաժողովն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր ընդունած որոշումները, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների:
(11-րդ հոդվածը խմբ. 09.06.17 ՀՕ-115-Ն, փոփ., լրաց., խմբ. 13.09.19 ՀՕ-178-Ն)
Հոդված 12. | ՀաՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
1. Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով:
2. Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում:
Դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտի գործողությունը:
3. Սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը ստուգում է դրա համապատասխանությունն օրենքներին:
Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը` իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում:
Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը և ընդունում համապատասխան որոշում:
4. Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:
(12-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-89-Ն)
Հոդված 13. | ՊեՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հանձնաժողովն իրավունք ունի դիմել պետական մարմիններ` իր իրավասությունների շրջանակով պայմանավորված տեղեկություններ ստանալու համար:
2. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, դրանց վերաբերյալ տալիս առաջարկություններ:
Հոդված 14. | ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Հանձնաժողովը`
ա) յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային ժողովում հրապարակվելիք հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը.
բ) յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, մամուլում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 15. | ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ |
1. Կարգավորվող անձինք օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են մուծում կարգավորման պարտադիր վճարներ:
2. Կարգավորման պարտադիր վճարները ներառվում են կարգավորվող անձանց սակագներում կամ ծառայությունների մատուցման վճարներում:
3. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան գումարը չի կարող պակաս լինել հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա պահպանման ծախսերի նախահաշվից:
Հոդված 16. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր պահպանման ծախսերի նախահաշիվը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է սույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ձևավորված` հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով 1.75 գործակցով: Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծության և սույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ձևավորված` հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի տարբերությունը ուղղվում է հանձնաժողովի պահպանման և կարողությունների զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների նյութական խրախուսման և զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված՝ հանձնաժողովի այլ ֆոնդերի, որոնց չափերը (մեծությունը) սահմանում է հանձնաժողովը: Նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը:
3. Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ հանձնաժողովի անդամների և աշխատակիցների նյութական խրախուսման և զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված՝ հանձնաժողովի այլ ֆոնդերի ծախսման կարգը սահմանում է հանձնաժողովը:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան հաշվարկված հանձնաժողովի տարեկան բյուջեի մեկ տոկոսի չափով հաշվարկված գումարը, որը ներառվում է հանձնաժողովի պահպանման ծախսերում, ուղղվում է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպություններին՝ կարողությունների զարգացման և նրանց անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով: Յուրաքանչյուր տարի հաշվարկված գումարը հասարակական կազմակերպություններին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պետական լիազոր մարմնի կողմից: Սույն մասում նշված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(16-րդ հոդվածը խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-173-Ն, խմբ. 09.06.17 ՀՕ-115-Ն)
Հոդված 17. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ |
Հանձնաժողովի բյուջեն յուրաքանչյուր տարի հաստատվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:
Հոդված 18. | Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրությունը |
(վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-173-Ն)
1. Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրության, այդ Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(18-րդ հոդվածը խմբ. 12.12.13 ՀՕ-173-Ն)
Հոդված 19. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԸ |
Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին, որն այդ հաշվետվության հավաստիության ճշտման նպատակով կարող է անցկացնել հանձնաժողովի ֆինանսական գործունեության աուդիտ: Հանձնաժողովը պարտավոր է աջակցել աուդիտի անցկացմանը:
Գ Լ ՈՒ Խ 5.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20. | ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը վերանվանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
2. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի իրավահաջորդն է:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի ընդունած որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` կարգավորման պարտադիր վճարների հաշվարկման և գանձման կարգի մասին օրենքի նախագիծ:
5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի «գ» ենթակետն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|