Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-160-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.04/68(1521) Հոդ.877
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 10-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ-ժը» կետերով.

«ժգ) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի թեկնածու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ տվյալ մարզաձևի առաջատար մարզիկ, որը Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի թեկնածուի կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով.

ժդ) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ տվյալ մարզաձևի գծով աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի կամ շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակից մարզիկ.

ժե) դոպինգի օգտագործում՝ հակադոպինգային կանոնների խախտում.

ժզ) հակադոպինգային ապահովում՝ սպորտում դոպինգի օգտագործման կանխարգելում` սպորտում դոպինգի օգտագործման կանխմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, իրականացում և պայքար սպորտում դոպինգի օգտագործման դեմ.

ժէ) Հայաստանի Հանրապետության պարալիմպիկ պատվիրակություն՝ Հայաստանի Հանրապետության պարալիմպիկ թիմ, ինչպես նաև պարալիմպիկ խաղերին և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հովանու ներքո անցկացվող այլ միջազգային մարզական միջոցառումներին Հայաստանի պարալիմպիկ թիմի անդամների մասնակցությունն ապահովող՝ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Հայաստանի Հանրապետության իշխանության պետական մարմինների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ.

ժը) Հայաստանի պարալիմպիկ թիմ՝ պարալիմպիկ խաղերում և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հովանու ներքո անցկացվող միջազգային այլ մարզական միջոցառումներում Հայաստանի Հանրապետության անունից մասնակցող՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի մարզիկներից (մարզուհիներից), մարզիչներից և այլ մասնագետներից կազմավորված կոլեկտիվ:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի ակտեր, մասնավորապես զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտեր, այդ թվում՝

դ.1) ֆիզիկական կուլտուրայի կամ սպորտի (պրոֆեսիոնալ ու սիրողական) բնագավառի, այդ թվում՝ մարզական մրցումների (մարզային, հանրապետական և միջազգային մրցաշարերի), ուսումնամարզական հավաքների, ֆիզկուլտուրային-առողջարարական, ադապտիվ կամ մարզական զանգվածային միջոցառումների (պետական բյուջեի միջոցներով) կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև ֆինանսատնտեսական հիմքերի (մասնավորապես մարզիկների կամ մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարի, մարզիչների, մրցանակակիրների ու մրցավարների դրամական պարգևատրման չափերի) վերաբերյալ.

դ.2) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչների ու չափերի վերաբերյալ. 

դ.3) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության վերաբերյալ.

դ.4) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմերում աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ և մրցանակակիրներ դարձած մարզիկների պատվովճարի վճարման կարգի վերաբերյալ.

դ.5) բնագավառում մրցանակներ հիմնելու վերաբերյալ.

դ.6) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերի ու շնորհման կարգի վերաբերյալ.

դ.7) Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների ու կարգի վերաբերյալ.

դ.8) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական քաղաքականության հայեցակարգի (ռազմավարության) վերաբերյալ, այդ թվում` մարզաձևերի զարգացման հայեցակարգերի (ռազմավարությունների) հաստատման կամ հավանություն տալու վերաբերյալ.

դ.9) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի, հավելավճարների և լրավճարների հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ.

դ.10) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչների վերաբերյալ.

դ.11) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարներ սահմանելու վերաբերյալ.

դ.12) Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման (այդ թվում` առանձին մարզաձևերի զարգացման) ծրագրերի և ծրագրերի իրականացման միջոցառումների վերաբերյալ.

դ.13) մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման վերաբերյալ.

դ.14) Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն պետական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի շարունակական արդիականացման և մարզագույքի բաշխման վերաբերյալ.

դ.15) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգի սահմանման վերաբերյալ.

դ.16) ուսումնական հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման իրականացման կարգի վերաբերյալ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) սույն հոդվածի «դ» կետով նախատեսված լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վերապահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լիազոր մարմնին:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) «ա» կետը «ռազմավարությունը» բառից հետո լրացնել «, ընդունում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավական ակտեր, մասնավորապես զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտեր» բառերով.

2) «դ» կետի «նորմատիվ ակտերը» բառերը փոխարինել «իրավական ակտերը» բառերով և նույն կետը լրացնել «, մասնավորապես զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտերը, այդ թվում՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետում նշված իրավական ակտերը» բառերով.

3) «ը»  կետի «հանրային» բառը փոխարինել «զանգվածային» բառով.

4) «ժ.2» կետը «անձանց» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այդ ոլորտում ներդրում ունեցած անձանց» բառերով.

5) «ժ.3» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ.3) մարզիկներին շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լավագույն աշխատողներին և կազմակերպություններին, ինչպես նաև այդ ոլորտում ներդրում ունեցած անձանց պարգևատրում է մեդալներով, մրցանակներով, հուշանվերներով և արժեքավոր այլ նվերներով, տալիս է հավաստագրեր.».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ.6» և «ժ.7» կետերով.

«ժ.6) հաստատում է օտարերկրյա պետություններում կազմակերպվող մրցաշարերին և այլ մարզական միջոցառումներին մասնակցող պատվիրակությունների ոչ մարզիկ ներկայացուցիչների կազմը.

ժ.7) հաստատում է հակադոպինգային կանոնները.»:

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«ՀԱՕԿ-ը, համաձայն օլիմպիական խարտիայի, աջակցություն է ցուցաբերում դոպինգի օգտագործման կանխարգելմանը սպորտում և դրա դեմ պայքարին, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերում խտրականության և բռնության ցանկացած ձևի արտահայտման հակազդեցությանը սպորտում:»:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 13. Մարզաձևերի ազգային ֆեդերացիաները

 

Մարզաձևերի ազգային ֆեդերացիաները սպորտի առանձին տեսակը կամ տեսակները զարգացնելու նպատակով ստեղծված կազմակերպություններ են, որոնք կարող են ֆեդերացիա ճանաչվել, եթե՝

ա) մշակում և իրականացնում են մարզաձևերի զարգացման ծրագրեր, կազմակերպում են հանրապետական առաջնություններ, ուսանողական մարզական խաղեր, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերին և մարզիկներին նախապատրաստում են աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար.

բ) քառամյա փուլային ծրագրով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերին նախապատրաստում են օլիմպիական խաղերին մասնակցելու համար.

գ) աջակցություն են ցուցաբերում դոպինգի օգտագործման կանխարգելմանը սպորտում և դրա դեմ պայքարում, ինչպես նաև աջակցություն են ցուցաբերում խտրականության և բռնության ցանկացած ձևի արտահայտման հակազդեցությանը սպորտում:

Ֆեդերացիաները կարող են ընդգրկել մարզական ակումբներ, այլ մարզական հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերություններ ու ակումբներ:

Ֆեդերացիաներում ընդգրկվող մարզական ակումբները կարող են մասնակցել ֆեդերացիաների կողմից կազմակերպվող մրցաշարերին:»:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում «հանրային» բառը փոխարինել «զանգվածային» բառով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  4.1

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

 

 Հոդված 18.1.  Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի ձևավորումը

 

Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը (այսուհետ՝ հավաքական թիմ) ձևավորում են համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաները:

 

 Հոդված 18.2. Հավաքական թիմի հիմնական նպատակները

 

Հավաքական թիմի հիմնական նպատակներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության հեղինակության ամրապնդման համար համաշխարհային մրցասպարեզներում, օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելը  և Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելը.

բ) Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացմանը և օլիմպիական գաղափարների տարածմանը, մարզաձևերի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչությանը նպաստելը.

գ) ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը նպաստելը:

 

 Հոդված 18.3. Հավաքական թիմի հիմնական խնդիրը

 

Հավաքական թիմի հիմնական խնդիրն է առաջատար մարզիկների մարզական վարպետության կատարելագործումը, նրանց համալիր նախապատրաստումը օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:

 

 Հոդված 18.4. Հավաքական թիմի կազմի սահմանումը

 

Հավաքական թիմի թեկնածուների առավելագույն թվակազմը սահմանում է համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիան՝ ելնելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների հաստատած կանոնակարգերից, Հայաստանի Հանրապետությունում տվյալ մարզաձևի զարգացման մակարդակից ու տարվա գլխավոր մրցաշարերում մարզիկների մասնակցության արդյունքներից:

 

 Հոդված 18.5. Օլիմպիական հավաքական թիմի ձևավորումը

 

Օլիմպիական մարզաձևերի մեծահասակների հավաքական թիմի հիմնական կազմի բոլոր անդամները համարվում են օլիմպիական հավաքական թիմի թեկնածուներ (ՕՀԹԹ):

Համապատասխան մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացմամբ օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերած մարզիկների ցանկը և օլիմպիական հավաքական թիմի մարզիչների կազմը հաստատում է ՀԱՕԿ-ը՝ օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

 Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերած մարզիկները համարվում են օլիմպիական հավաքական թիմի անդամներ:

 

 Հոդված 18.6. Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների իրավունքներն ու պարտականությունները

 

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները և սպասարկող անձնակազմը մարզաձևերի համապատասխան ազգային ֆեդերացիաների հետ կարող են կնքել երկկողմ պայմանագրեր։

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկներն իրավունք ունեն՝

ա) ուսումնամարզական հավաքներին և միջազգային միջոցառումներին մասնակցելու ժամանակահատվածում ստանալու օրապահիկ, գիշերավարձ, մարզական համազգեստ և հանդերձանք.

բ) օգտվելու ազգային մարզական կենտրոններ (անկախ դրանց սեփականության ձևից) համարվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցներից.

գ) օգտվելու պետական գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, լաբորատորիաների և ուսումնական հաստատությունների փորձակոնստրուկտորական, տեխնոլոգիական և այլ գիտահետազոտական հաստատությունների գիտական բժշկակենսաբանական ու տեխնիկական նվաճումներից.

դ) օգտվելու բժշկական, հակադոպինգային սպասարկումից, ինչպես նաև հիվանդությունների և վնասվածքների դեպքում բժշկական հաստատություններում, բժշկամարզական դիսպանսերներում ստանալու համապատասխան բուժում.

ե) օգտվելու պետական բյուջեի, ՀԱՕԿ-ի, մարզաձևերի ֆեդերացիաների և օրենքով չարգելված այլ միջոցներով ձեռք բերված ժամանակակից նյութատեխնիկական հանդերձանքից (մարզագույք, մարզահագուստ և այլն).

զ) արժանանալու մարզական կոչումների՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ», ինչպես նաև ներկայացվելու պարգևատրման՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի և ՀԱՕԿ-ի դիպլոմներով ու պատվոգրերով, կառավարական պարգևներով՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մարզական բարձրագույն նվաճումների հասնելու, համապատասխան մարզաձևի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար.

է) մարզումներին, մարզական հավաքներին և միջազգային միջոցառումներին մասնակցելու ժամանակ ապահովագրված լինելու դժբախտ պատահարների պատճառած վնասներից.

ը) մասնակցելու անհատական պլանով նախապատրաստման նախագծերի ծրագրմանը, մշակմանն ու վերլուծությանը:

Սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները պարտավոր են՝

ա) հանդես գալով Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո՝ արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, միջազգային այլ մրցաշարերում և իրենց նվաճումներով ամրապնդել հայրենիքի մարզական փառքը.

բ) դրսևորել քաղաքացիական դիրքորոշում, բարոյակամային բարձր հատկանիշներ, տիրապետել ֆիզկուլտուրային և սպորտին, օլիմպիական և միջազգային մարզական շարժմանը վերաբերող գիտելիքներին.

գ) անձնական օրինակով նպաստել հավաքական թիմում համերաշխության, ընկերական մթնոլորտի, ազնիվ մրցակցության գաղափարների սերմանմանը, հարգալից վերաբերմունքի ձևավորմանը հավաքական թիմի ղեկավարության, սպասարկող անձնակազմի, մրցավարների և երկրպագուների նկատմամբ.

դ) բարեխղճորեն և ստեղծագործաբար կատարել հավաքական թիմի ղեկավարության հրահանգները, մարզչական կազմի պահանջներն ու խորհուրդները.

ե) չխախտել մարզական ռեժիմը, չօգտագործել Միջազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված դեղամիջոցներն ու մեթոդները (թմրադեղեր, խթանիչներ և այլն).

զ) պահպանել համակեցության նորմերը, հասարակական կարգ ու կանոնը.

է) խնամքով վերաբերվել մարզահագուստին, գույքին, հանդերձանքին, սարքավորումներին և մարզական այլ պարագաներին.

ը) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, ՀԱՕԿ-ի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և հովանավոր կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի պահանջները։

Աշխատանքային կարգապահության խախտումների դեպքում հավաքական թիմի մարզիկ-անդամների նկատմամբ կիրառվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգապահական տույժ։

 

 Հոդված 18.7. Հավաքական թիմի մարզիչների և մասնագետների իրավունքներն ու պարտականությունները

 

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պետք է ունենան համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն, հինգ տարուց ոչ պակաս գործնական աշխատանքի փորձ։ Նրանք նշանակվում են համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից։

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները իրավունք ունեն՝

ա) ստանալու աշխատավարձ, դրամական պարգև, պատվովճար, պարգևատրում, թոշակ, խրախուսման այլ ձևեր` օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մարզիկների ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար.

բ) ներկայացվելու պետական պարգևների՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, շախմատի օլիմպիադաներում մարզիկների և նրանց մարզիչների ցուցաբերած բարձր նվաճումների համար, «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ», «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող», «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» կոչումների շնորհման:

Հավաքական թիմի մարզիչների ու մասնագետների՝ սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են՝

ա) ապահովել ուսումնամարզական գործընթացի ժամանակակից մեթոդական և կազմակերպչական մակարդակը, օպերատիվ ու հեռանկարային պլանավորումը՝ միջազգային միջոցառումներին նախապատրաստման և մասնակցության անցած փուլերի վերլուծության հիման վրա.

բ) հավաքական թիմում ստեղծել ընկերական ու գործնական մրցակցության մթնոլորտ, ապահովել հարգալից վերաբերմունքի դրսևորում հավաքական թիմի սպասարկող անձնակազմի, մրցավարների և երկրպագուների նկատմամբ.

գ) հասնել հայկական սպորտի հեղինակության ամրապնդմանը միջազգային մրցասպարեզում.

դ) արժանապատվորեն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և միջազգային այլ միջոցառումներում։

 

 Հոդված 18. 8.  Հավաքական թիմի ղեկավարումը

 

Հավաքական թիմի ղեկավարումը միանձնյա ղեկավարության իրավունքով իրականացնում է գլխավոր (ավագ) մարզիչը` հավաքական թիմի մյուս մարզիչների հետ, որոնք պատասխանատու են թիմի անդամների՝ մրցաշարերին նախապատրաստման մակարդակի և մրցելույթների արդյունքների, համալիր նպատակային ծրագրերի իրագործման, ուսումնամարզական հավաքների անցկացման, դաստիարակչական աշխատանքների և թիմում տիրող հոգեբանական մթնոլորտի համար:

Գլխավոր մարզիչը ղեկավարում է հավաքական թիմի խորհուրդը:

Ըստ մարզաձևի խմբերի և առանձին ենթամարզաձևերի (ճյուղերի) մարզիչները մարզիկների անձնական մարզիչների հետ համատեղ մարզիկների՝ մրցաշարերին նախապատրաստման համալիր նպատակային ծրագրերի հիման վրա մշակում և իրականացնում են մարզիկների անհատական նախապատրաստման պլանները (ծրագրերը), անմիջականորեն մասնակցում են մարզումային գործընթացին:

 

 Հոդված 18.9.  Հավաքական թիմերի մասնագետները

 

Հավաքական թիմի բժիշկները հետևում են մարզիկների առողջությանը, անհրաժեշտության դեպքում իրականացնում են նրանց բուժումն ու վերականգնումը, ինչպես նաև հսկողության տակ են առնում մարզիկների հաշվեկշռված սնունդն ու այն վայրերի սանիտարահիգիենիկ պայմանները, որտեղ ընթանում է ուսումնամարզական գործընթացը:

Հավաքական թիմի մերսողները ենթարկվում են թիմի բժշկին, ապահովում են մարզիկների վերականգնումը, անցկացնում են ֆիզիոթերապևտիկ մեթոդներով պրոցեդուրաներ: Հավաքական թիմերին սպասարկող գիտական խմբերի մասնագետները աշխատում են հավաքական թիմի գլխավոր (ավագ) մարզչի ղեկավարությամբ, իրականացնում են նրանց նախապատրաստվածության ֆունկցիոնալ վիճակի ու տեխնիկական մակարդակի ընթացիկ և համալիր վերահսկողություն, մարզչական կազմի հետ համատեղ մշակում են մարզիկների՝ մրցաշարերին նախապատրաստման  համալիր նպատակային ծրագրերը:

Հավաքական թիմերի մյուս մասնագետները (մեխանիկները, ձիապանները և այլն) իրենց աշխատանքը կատարում են համապատասխան ազգային ֆեդերացիաների հաստատած պաշտոնական հրահանգների համաձայն։

 

 Հոդված 18.10. Հավաքական թիմի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովվածությունը

 

Հավաքական թիմերի նախապատրաստումը և օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, միջազգային այլ մրցաշարերին մասնակցությունը (այդ թվում՝ նրանց նյութատեխնիկական ապահովվածությունը) իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև ՀԱՕԿ-ի, համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. սեպտեմբերի 30

Երևան

ՀՕ-160-Ն