ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 10-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 43.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.4-րդ մասերով.
«2.1. Առանց աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի աղբը տեղափոխելը և հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնելը (թափելը)՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
2.3. Աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից համայնքի ղեկավարին շինություններում (այդ թվում` առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում) և շինություններից դուրս ծառայությունների մատուցման վայրերում գործունեության տեսակի, ինչպես նաև մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ սխալ տեղեկատվություն ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
2.4. Սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. սեպտեմբերի 30 Երևան ՀՕ-166-Ն |