Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-141-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2019-28.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.25/49(1502) Հոդ.657
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հուլիսի 10-ին

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով սահմանվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի (այսուհետ՝ Ներկայացուցիչ) կարգավիճակը, լիազորությունների շրջանակը, նշանակման կարգը, Ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) կարգավիճակը, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

 

  Հոդված 2. Ներկայացուցչի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը

 

1. Ներկայացուցչի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիան (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա),

սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության վավերացրած այլ միջազգային պայմանագրեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտեր:

2. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս Ներկայացուցիչն առաջնորդվում է նաև Եվրոպական դատարանի կանոնակարգով և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (այսուհետ՝ Նախարարների կոմիտե) վճիռների և բարեկամական կարգավորումների պայմանների կատարման վերահսկողության վերաբերյալ կանոնակարգով:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 Հոդված 3. Ներկայացուցչի կարգավիճակը

 

1. Ներկայացուցչի պաշտոնը վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկված պետական վարչական պաշտոն է:

2. Ներկայացուցիչը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը Եվրոպական դատարանում, կազմակերպում Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարումը, ինչպես նաև նպաստում Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրմանը:

3. Ներկայացուցիչը համակարգում և վերահսկում է Գրասենյակի գործունեությունը: Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է Ներկայացուցիչը: Այս լիազորությունները Ներկայացուցչի որոշմամբ կարող են պատվիրակվել Գրասենյակի ղեկավարին, ինչպես նաև Գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ նրա համակարգմանը վերապահված բնագավառում:

4. Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ցուցաբերել քաղաքական չեզոքություն:

5. Ներկայացուցիչն իր պաշտոնավարումից հետո չի կարող ներկայացնել կամ խորհրդատվություն տրամադրել որևէ անձի՝ Եվրոպական դատարանում քննության փուլում գտնվող այն գործերի առնչությամբ, որոնք Եվրոպական դատարանից ստացվել են իր պաշտոնավարման ժամանակահատվածում կամ որոնցով Եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շահերը:

6. Ներկայացուցիչը չի կարող Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել այն գործով, որում ունի անձնական շահ կամ Եվրոպական դատարանում եղել է իբրև այդ գործով կողմի ներկայացուցիչ կամ փաստաբան կամ տրամադրել խորհրդատվություն կամ հանդես եկել որևէ այլ կարգավիճակով:

 

 Հոդված 4. Ներկայացուցչին ներկայացվող պահանջները և նշանակման կարգը

 

1. Ներկայացուցիչ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին և անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

2. Ներկայացուցչին նշանակում և ազատում է վարչապետը: Ներկայացուցչի պաշտոնը թափուր մնալու դեպքում վարչապետը երկամսյա ժամկետում նշանակում է նոր Ներկայացուցիչ:

 

 Հոդված 5. Ներկայացուցչի տեղակալը և Ներկայացուցչին փոխարինելը

 

1. Գրասենյակի ղեկավարն ի պաշտոնե Ներկայացուցչի տեղակալն է:

2. Ներկայացուցչի պաշտոնը թափուր մնալու, ինչպես նաև Ներկայացուցչի բացակայության կամ որոշակի գործով շահերի բախման դեպքերում նրան փոխարինում է Գրասենյակի ղեկավարը:

 

 Հոդված 6. Ներկայացուցչի Գրասենյակը

 

1. Սույն օրենքով Ներկայացուցչին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվում է Գրասենյակ:

2. Գրասենյակի ղեկավարը հաշվետու է վարչապետին և Ներկայացուցչին:

3. Գրասենյակը՝

1) օժանդակում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը.

2) օժանդակում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.

3) աջակցում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրմանը:

4. Գրասենյակն աջակցում է Ներկայացուցչին Հայաստանի Հանրապետության շահերը Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային այլ ատյաններում ներկայացնելիս:

5. Գրասենյակի ղեկավարի տեղակալը և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, որոնք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

6. Գրասենյակը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Հոդված 7. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը Եվրոպական դատարանում ներկայացնելիս

 

1. Ներկայացուցիչը՝

1) Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.

2) գանգատ ներկայացրած կողմի հետ վարում է բանակցություններ՝ բարեկամական կարգավորման ձևով խնդրի լուծման նպատակով կամ հանդես գալիս միակողմանի հայտարարությամբ.

3) սեփական նախաձեռնությամբ կամ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո Եվրոպական դատարանում գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ.

4) կազմակերպում է Եվրոպական դատարանի կողմից առանձին գանգատի առնչությամբ կիրառված միջանկյալ միջոցի պայմանների կատարման ընթացքը.

5) Եվրոպական դատարանի Պալատի վճիռը Եվրոպական դատարանի Մեծ պալատի քննությանը հանձնելու միջնորդություն է ներկայացնում:

2. Ներկայացուցիչն իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից ներկայացնելու միջպետական գանգատ միայն Կառավարության որոշման հիման վրա:

 

 Հոդված 8. Ներկայացուցչի լիազորությունները Եվրոպական դատարանի վճռի կամ որոշման կատարման փուլում

 

1. Ներկայացուցիչը՝

1) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման գործընթացը.

2) առաջարկում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարմանն ուղղված միջոցառումներ.

3) Նախարարների կոմիտեի քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման առնչությամբ տեղեկատվություն.

4) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման շրջանակներում Նախարարների կոմիտեից ստացված հարցումներին պատասխանելու գործընթացը.

5) մասնակցում է Նախարարների կոմիտեի նիստերին:

 

 Հոդված 9. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման ոլորտում

 

1. Ներկայացուցիչը կարող է՝

1) իրավասու մարմիններին ներկայացնել մարդու իրավունքների միջազգային և եվրոպական իրավական չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ.

2) մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը դրանց վերաբերյալ իրավասու մարմին ներկայացնել գրավոր կարծիք.

3) ուսումնասիրել համապատասխան ոլորտների պրակտիկան և անհրաժեշտության դեպքում հանդես գալ բարելավման և մարդու իրավունքների միջազգային և եվրոպական իրավական չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ առաջարկություններով:

 

 Հոդված 10. Ներկայացուցչի այլ լիազորությունները

 

1. Ներկայացուցիչն իրավասու է նաև՝

1) իր լիազորություններն իրականացնելիս ներգրավելու փորձագետների և մասնագետների, այդ թվում՝ գիտական կամ այլ հաստատություններից.

2) իր լիազորությունների շրջանակներում համագործակցելու միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև այլ կառույցների հետ.

3) Եվրոպական դատարանին առաջարկելու այն անձանց թեկնածությունները, որոնք, Եվրոպական դատարանի կանոնակարգի համաձայն, կարող են հանդես գալ կոնկրետ գործով (ad hoc) դատավորի կարգավիճակով.

4) վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային այլ ատյաններում.

5) իրականացնելու Եվրոպական դատարանի կանոնակարգով կողմին վերապահված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարումից բխող այլ լիազորություններ:

 

 Հոդված 11. Ներկայացուցչի լիազորությունների իրականացման կարգը

 

1. Ներկայացուցչի լիազորությունների իրականացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

 

 Հոդված 12. Հաշվետվողականությունը

 

1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Ներկայացուցիչը վարչապետին է ներկայացնում հաշվետվություն՝ նախորդ տարվա իր գործունեության մասին:

 

 Հոդված 13. Ներկայացուցչի հարաբերությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ իր լիազորությունների իրականացման ընթացքում

 

1. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս Ներկայացուցիչն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից կամ ներկայացուցիչներից պահանջելու և ստանալու անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ աջակցություն:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավորինս սեղմ ժամկետում, իսկ Եվրոպական դատարանի, Նախարարների կոմիտեի կամ միջազգային այլ ատյանների սահմանած ժամկետներով պայմանավորված՝ Ներկայացուցչի մատնանշած ժամկետում Ներկայացուցչին տրամադրել անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև ցուցաբերել այլ անհրաժեշտ աջակցություն:

 

ԳԼՈՒԽ 4

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  Հոդված 14. Եզրափակիչ մաս

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 Հոդված 15. Անցումային դրույթներ

 

1. Ներկայացուցիչը նշանակվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

2. Ներկայացուցչի լիազորությունների իրականացման կարգը սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

3. Գրասենյակն ստեղծվում և Գրասենյակի կանոնադրությունը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-141-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.04.2023, ՀՕ-142-Ն 12.05.2023, ՀՕ-141-Ն
16.12.2021, ՀՕ-414-Ն 28.12.2021, ՀՕ-141-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան