ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
|
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով`
ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 2061 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է.
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.
դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.
ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:
(1-ին հոդվածը փոփ. 19.05.98 ՀՕ-223)
Հոդված 2.
Հոդված 3.
Հոդված 4.
Հոդված 5. Բռնադատվածի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(5-րդ հոդվածը խմբ. 16.03.04 ՀՕ-55-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-102-Ն)
Հոդված 6. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափով հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար՝ այդ նպատակի համար արտոնյալ պայմաններով հատկացնելով երկարաժամկետ վարկ՝
ա) Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին՝ իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.
բ) այլ հանրապետություններից բռնադատվածներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.
գ) պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում բռնադատվածների համար պետական բյուջեի միջոցների հաշվին չծանրաբեռնված հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերջին երեք տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում։
Բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում անհատական բնակելի տան շինարարություն իրականացնելու կամ անավարտ անհատական բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար (այդ թվում՝ Երևան քաղաքում) սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարիք ունեցող բռնադատվածներին տրամադրվում է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ։
(6-րդ հոդվածը փոփ. 19.05.98 ՀՕ-223, խմբ. 04.12.01 ՀՕ-271, խմբ., լրաց. 28.02.05 ՀՕ-76-Ն, 23.05.06 ՀՕ-96-Ն, փոփ. 10.09.08 ՀՕ-161-Ն)
Հոդված 7. Յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ծախսային մասում միջոցներ նախատեսել բռնադատվածներին բնակարանային անհատական շինարարության համար արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար` ըստ նախորդ տարվա ներկայացրած հայտերի: Բնակարանային անհատական շինարարության համար ներկայացրած հայտերի քննարկման, ինչպես նաև վարկեր տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյա ժամկետում:
(7-րդ հոդվածը խմբ. 12.10.99 ՀՕ-12)
Հոդված 8. Բռնադատվածն ազատվում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձից:
Բնակարանների անվճար սեփականաշնորհման համար սահմանված երկամյա ժամկետը չի տարածվում բռնադատվածների վրա:
(հոդվածի համարակալումը փոփ. 12.10.99 ՀՕ-12)
Հոդված 9.
Հոդված 10.
Հոդված 11.
Հոդված 12. Բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց տրվում է միանվագ դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկ չափով:
(հոդվածի համարակալումը փոփ. 12.10.99 ՀՕ-12)
Հոդված 13.
(հոդվածի համարակալումը փոփ. 12.10.99 ՀՕ-12)
Հոդված 14. Բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կողմից օրենքով նախատեսված իրավունքների իրականացման և արտոնություններից օգտվելու հիմք է համապատասխանաբար բռնադատվածին կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգին տրված վկայականը:
Բռնադատվածի առաջին հերթի ժառանգին վկայական տրվում է այն դեպքում, երբ բռնադատվածը դատապարտված է եղել մահապատժի, մահացել է ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո:
Վկայականը տրվում է բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի՝ վկայական տալու մասին դիմումի հիման վրա, որին կցվում են՝
ա) արդարացման վերաբերյալ որոշումը կամ բռնադատման փաստը հաստատող այլ փաստաթղթեր.
բ) բռնադատվածի մահվան վկայականը, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգին.
գ) բռնադատվածի առաջին հերթի ժառանգ լինելը հաստատող փաստաթուղթ, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգին.
դ) անձը հաստատող փաստաթուղթ.
ե) լուսանկար՝ 35 x 45 մմ չափսի:
Բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին համապատասխան վկայական տալու կամ վկայական տալը մերժելու մասին որոշումն ընդունում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը՝ հաշվի առնելով բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) եզրակացությունը, որի կազմում ընդգրկվում է արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունների, դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և Դատական դեպարտամենտի մեկական ներկայացուցիչ:
Հանձնաժողովի անհատական կազմը, աշխատակարգը, ինչպես նաև բռնադատվածին և նրա առաջին հերթի ժառանգին տրվող վկայականների ձևերը և վկայականների հաշվառման կարգը հաստատում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը:
(14-րդ հոդվածը լրաց. 24.06.19 ՀՕ-97-Ն)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
14 հունիսի 1994 ՀՕ-106 |