ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
(օրենքը խմբ. 23.03.18 ՀՕ-248-Ն)
Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 24-ին
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կազմակերպման կարգը, ծառայության անցնելու և ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց կարգավիճակի, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքների, ինչպես նաև դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. |
Օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների և դրանցում դիվանագիտական պաշտոններ և դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց (այսուհետ` դիվանագետ) վրա:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով վարչատեխնիկական կամ սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց վրա:
3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում օտարերկրյա քաղաքացիների կամ այդ պետության մշտական բնակիչներ համարվող` քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի ընդունելու դեպքում հաշվի են առնվում նաև տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև այդ պետության հետ կնքված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասխան պահանջները:
Հոդված 3. |
Դիվանագիտական ծառայությունը |
1. Դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որը դիվանագիտական ծառայության մարմիններում իրականացնում են դիվանագետները սույն օրենքով և այլ իրավական ակտերով այդ մարմիններին վերապահված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման նպատակով:
2. Դիվանագիտական ծառայությունը պետական ծառայության բաղկացուցիչ մասն է:
Հոդված 4. |
Դիվանագիտական ծառայության խնդիրները |
1. Դիվանագիտական ծառայության խնդիրներն են` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացնելը, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը և իրավունքները պատշաճ ու հետևողական ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելը:
Հոդված 5. |
Դիվանագիտական ծառայության մարմինները |
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն են`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմինը.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ենթակա` օտարերկրյա պետություններում գործող առանձնացված ստորաբաժանումները (այսուհետ՝ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմիններ)`
ա. Հայաստանի Հանրապետության դեսպանությունները,
բ. միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները,
գ. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիվանագիտական ծառայության մարմինները կազմում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգը:
Հոդված 6. |
Դիվանագիտական ծառայության մասին օրենսդրությունը |
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
2. Դիվանագետների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե դիվանագիտական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:
3. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են այդ պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը |
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի լիազոր մարմինն է, որը մշակում և իրականացնում է Կառավարության արտաքին քաղաքականությունը` սույն օրենքով և այլ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
Հոդված 8. |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարումը |
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշանակվում է Կառավարության անդամների նշանակման համար Սահմանադրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով արտաքին քաղաքականության առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա պետական մարմնի գործունեության համակարգումը կարող է վերապահվել նախարարին, ինչպես նաև նախարարի տեղակալին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը նշանակվում է օրենքով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը գործում է պետական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և նրա տեղակալի լիազորությունները սահմանվում են օրենքներով, իսկ դրանց իրականացման հետ առնչվող հարցերը սահմանվում են արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ:
Հոդված 9. |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը |
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը դիվանագիտական ծառայող է, որն ի պաշտոնե ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը, համակարգում է արտաքին գործերի նախարարության ենթակա մարմինների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ պետական մարմնի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում և արտաքին գործերի նախարարությունում առնվազն 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ և բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի՝ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված լիազորությունների իրականացման հետ առնչվող հարցերը սահմանվում են արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ:
Հոդված 10. |
Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները |
1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինն իրականացնում է պաշտոնական հարաբերությունները հավատարմագրման պետության հետ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այդ պետությունում և (կամ) միջազգային կազմակերպությունում:
2. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն իրականացնում է պաշտոնական հարաբերություններ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում: Կախված միջազգային կազմակերպությունում ընդունված կարգից` ներկայացուցչությունը կարող է ունենալ նաև այլ անվանում՝ առաքելություն, պատվիրակություն և այլն:
3. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
4. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի գործառույթները և գործունեության հետ կապված հարցերը սահմանվում են սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կանոնադրությունը հաստատում է արտաքին գործերի նախարարը:
5. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել ռազմական, առևտրական և այլ կցորդներ, մասնագիտացած միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ, որոնք գործում են իրենց նշանակող մարմնի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում:
6. Միջազգային պայմանագրերի առկայության դեպքում օտարերկրյա պետություններում կարող են գործել այլ ներկայացուցչություններ՝ այդ պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով:
7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված կցորդները, ներկայացուցիչները և ներկայացուցչությունները գործում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:
8. Սույն հոդվածում նշված կցորդների և ներկայացուցիչների նշանակման, գործունեության կարգի, կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ:
Հոդված 11. |
Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմինների ստեղծումը և լուծարումը |
1. Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ստեղծվում է Կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կարող է լուծարվել Կառավարության որոշմամբ` տվյալ օտարերկրյա պետության հետ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունները խզելու, ինչպես նաև դեսպանության պահպանումը որևէ պատճառով նպատակահարմար չլինելու դեպքերում:
3. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն ստեղծվում և լուծարվում է Կառավարության որոշմամբ` տվյալ միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ միջազգային կազմակերպությունում ընդունված կարգի համաձայն:
4. Հայաստանի Հանրապետության դեսպանության և միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ստեղծման և լուծարման կազմակերպական հարցերը սահմանում է Կառավարությունը:
5. Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով կարող են միաժամանակ հավատարմագրվել մեկից ավելի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում:
6. Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով անհրաժեշտության դեպքում կարող են որևէ օտարերկրյա պետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում:
7. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության հետ փոխադարձ համաձայնությամբ կարող է Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում` ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
Հոդված 12. |
Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործառույթները |
1. Հայաստանի Հանրապետության դեսպանության գործառույթներն են`
1) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը համապատասխան օտարերկրյա պետությունում (այսուհետ` դեսպանընկալ պետություն) և ապահովել պաշտոնական հարաբերություններն այդ պետության հետ.
2) խրախուսել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության ու դեսպանընկալ պետության միջև բարեկամական հարաբերությունները և նպաստել փոխշահավետ կապերի զարգացմանը քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում.
3) պաշտպանել Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները և օրինական շահերը դեսպանընկալ պետությունում.
4) պարզաբանել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը.
5) նպաստել դեսպանընկալ պետության հետ կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը.
6) վարել բանակցություններ դեսպանընկալ պետության իշխանությունների և այդ պետությունում հավատարմագրված դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ.
7) իրականացնել միջազգային իրավունքի նորմերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հյուպատոսական գործողություններ.
8) օրինական միջոցներով հավաքել, մշակել ու Կառավարությանը տրամադրել տեղեկություններ դեսպանընկալ պետությունում տեղի ունեցող իրադարձությունների, քաղաքական և տնտեսական իրավիճակի մասին.
9) նպաստել Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության հայ համայնքի համակողմանի կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
2. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործառույթներն են`
1) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը համապատասխան միջազգային կազմակերպությունում և ապահովել պաշտոնական հարաբերություններ միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ.
2) պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը տվյալ միջազգային կազմակերպությունում.
3) պարզաբանել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը.
4) նպաստել համապատասխան միջազգային կազմակերպության հետ կամ դրա շրջանակներում կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը.
5) վարել բանակցություններ միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ.
6) օրինական միջոցներով հավաքել, մշակել և Կառավարությանը տրամադրել տեղեկություններ տվյալ միջազգային կազմակերպությունում տեղի ունեցող գործընթացների մասին:
3. Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ) միջազգային պայմանագրերով իրենց վերապահված այլ գործառույթներ:
Հոդված 13. |
Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարումը |
1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը կարող է լինել Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը (այսուհետ` դեսպան) կամ գործերի հավատարմատարը` տվյալ պետության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը (այսուհետ` մշտական ներկայացուցիչ):
2. Դեսպանը և մշտական ներկայացուցիչը (դիվանագիտական ներկայացուցիչներ) նշանակվում և հետ են կանչվում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչև չորս տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչև երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Դիվանագիտական ներկայացուցիչը նշանակումից հետո կարող է հրավիրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով՝ հանդիպման կամ աշխատանքային քննարկման։
5. Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
6. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ պաշտոնի նշանակում և ազատում է դեսպանը կամ մշտական ներկայացուցիչը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ արտաքին գործերի նախարարը՝ տվյալ դիվանագիտական ծառայության մարմնի ամենաբարձր դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետների թվից:
Հոդված 14. |
Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի նշանակումը և հետ կանչումը |
1. Դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
2. Վարչապետի առաջարկությանը կցվում է դեսպան կամ մշտական ներկայացուցիչ նշանակելու կամ հետ կանչելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, նշանակման դեպքում՝ կից հավատարմագրով:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում Հանրապետության նախագահին վարչապետի ներկայացրած առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում դիվանագիտական ներկայացուցիչ նշանակելու կամ հետ կանչելու մասին՝ նշանակման դեպքում ստորագրելով հավատարմագիրը:
6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա, Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն, դիվանագիտական ներկայացուցիչը նշանակված կամ հետ կանչված է համարվում իրավունքի ուժով սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում և ստորագրում է նշանակման հավատարմագիրը: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
7. Դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման և կրճատման ընթացակարգերի վրա տարածվում են սույն հոդվածի դրույթները:
Հոդված 15. |
Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի` իր պարտականությունների կատարմանն անցնելու սկիզբը և ավարտը |
1. Դեսպանն իր պարտականությունների կատարմանն է անցնում դեսպանընկալ պետության ղեկավարին այդ պաշտոնում իր նշանակվելու մասին հավատարմագիրը հանձնելուց կամ այդ պետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարին իր նշանակվելու մասին հավատարմագրի կրկնօրինակը հանձնելուց հետո` դեսպանընկալ պետությունում ընդունված կարգի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարն իր պարտականությունների կատարմանն է անցնում այդ պաշտոնում իր նշանակվելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը դեսպանընկալ պետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարին հանձնելուց անմիջապես հետո կամ այդ պետությունում ընդունված կարգի համաձայն:
3. Մշտական ներկայացուցիչն իր պարտականությունների կատարմանն է անցնում միջազգային կազմակերպության ղեկավարին (գլխավոր քարտուղարին) իր նշանակման մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը հանձնելուց հետո:
4. Դեսպանի և մշտական ներկայացուցչի լիազորությունները դադարեցվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, հետևյալ դեպքերում.
1) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.
2) միջազգային իրավունքով նախատեսված դեպքերում.
3) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-8-րդ, 10-14-րդ կետերում և 2-րդ մասում նշված դեպքերում:
5. Մինչև օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցրած անձը պաշտոնավարության ավարտից հետո թափուր պաշտոնի առկայության դեպքում արտաքին գործերի նախարարությունում նշանակվում է դիվանագիտական ծառայության պաշտոնի առանց մրցույթի:
6. Մինչև օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն չզբաղեցրած անձը պաշտոնավարության ավարտից հետո չի կարող նշանակվել արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական ծառայության պաշտոնի, բացառությամբ արտաքին գործերի նախարարի համապատասխան որոշման:
Հոդված 16. |
Հատուկ հանձնարարություններով դեսպանը և հատուկ առաքելությունները |
1. Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք:
Հոդված 17. |
Հյուպատոսական հիմնարկի ստեղծումը, լուծարումը և գործունեության կարգավորումը |
1. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկն ստեղծվում և լուծարվում է Կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ և պայմաններով:
2. Հյուպատոսական հիմնարկն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Հյուպատոսական հիմնարկը տվյալ օտարերկրյա պետությունում իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դեսպանության անմիջական քաղաքական ղեկավարությամբ:
4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 3
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Հոդված 18. |
Դիվանագիտական պաշտոնները և դիվանագիտական ծառայության պաշտոնները |
1. Արտաքին գործերի նախարարության համակարգի պաշտոնները դասակարգվում են ըստ քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոնների և դիվանագիտական ծառայության պաշտոնների:
2. Քաղաքական պաշտոններն են՝
1) արտաքին գործերի նախարար.
2) արտաքին գործերի նախարարի տեղակալ:
3. Վարչական պաշտոններն են՝
1) արտակարգ և լիազոր դեսպան.
2) միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչ.
3) արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնի ղեկավար.
4) արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ:
4. Հայեցողական պաշտոններն են՝
1) հատուկ հանձնարարություններով դեսպան.
2) արտաքին գործերի նախարարի խորհրդական.
3) արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար.
4) արտաքին գործերի նախարարի օգնական:
5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված պաշտոնները սույն օրենքի իմաստով համարվում են դիվանագիտական պաշտոններ, և այդ պաշտոններում նշանակված անձանց պաշտոնավարման ժամանակահատվածը հավասարեցվում է դիվանագիտական ծառայությանը, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճաններ:
6. Արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական ծառայության պաշտոններն են՝
1) արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար.
2) արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար (վարչության պետ).
3) արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի խորհրդական.
4) արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի բաժնի վարիչ (պետ).
5) արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի բաժնի խորհրդական.
6) առաջին քարտուղար.
7) երկրորդ քարտուղար.
8) երրորդ քարտուղար.
9) կցորդ:
7. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոններն են՝
1) գործերի հավատարմատար
2) դեսպանորդ լիազոր նախարար.
3) գլխավոր հյուպատոս.
4) խորհրդական.
5) հյուպատոս.
6) առաջին քարտուղար.
7) փոխհյուպատոս.
8) երկրորդ քարտուղար.
9) երրորդ քարտուղար.
10) կցորդ:
Հոդված 19. |
Դիվանագիտական աստիճանները |
1. Դիվանագիտական աստիճանները հատուկ դասային աստիճաններ են, որոնք դիվանագետին շնորհվում են դիվանագիտական ծառայության անցնելիս և ծառայության ընթացքում:
2. Դիվանագիտական աստիճանները բնութագրում են մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորումը:
3. Դիվանագիտական աստիճանները լինում են բարձրագույն դիվանագիտական և դիվանագիտական:
4. Բարձրագույն դիվանագիտական աստիճաններն են`
1) արտակարգ և լիազոր դեսպանի աստիճանը.
2) արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանը:
5. Դիվանագիտական աստիճաններն են`
1) առաջին դասի խորհրդականի աստիճանը.
2) երկրորդ դասի խորհրդականի աստիճանը.
3) առաջին դասի առաջին քարտուղարի աստիճանը.
4) երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճանը.
5) առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.
6) երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.
7) երրորդ քարտուղարի աստիճանը.
8) կցորդի աստիճանը:
Հոդված 20. |
Դիվանագիտական ծառայության պաշտոնների և դիվանագիտական աստիճանների հարաբերակցությունը |
1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Հոդված 21. |
Դիվանագիտական աստիճաններ շնորհելու իրավասություն ունեցող անձինք |
1. Բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ:
2. Վարչապետի առաջարկությանը կցվում է համապատասխան կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում Հանրապետության նախագահին վարչապետի ներկայացրած առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում համապատասխան կոչում շնորհելու վերաբերյալ:
6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա, Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն, կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
7. Դիվանագիտական աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Հոդված 22. |
Դիվանագիտական աստիճանի շնորհումը |
1. Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված մրցույթի հիման վրա պաշտոնի նշանակված անձին տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանն անցնելուց հետո:
2. Հերթական դիվանագիտական աստիճանը կարող է շնորհվել համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով հետևյալ ժամկետներում ծառայելու դեպքում.
1) կցորդ, երրորդ քարտուղար` առնվազն երեք տարի.
2) երկրորդ դասի երկրորդ քարտուղար, առաջին դասի երկրորդ քարտուղար, երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի առաջին քարտուղար` առնվազն երկու տարի.
3) երկրորդ դասի խորհրդական` առնվազն երեք տարի:
3. Հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ատեստավորման արդյունքում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ներկայացված դրական եզրակացության հիման վրա:
4. Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ՝ ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ:
5. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:
Հոդված 23. |
Դիվանագիտական աստիճանը պահպանելը և դրանից զրկելը |
1. Դիվանագիտական աստիճանները շնորհվում են ցմահ:
2. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5-րդ, 9-14-րդ կետերով սահմանված հիմքերով դիվանագիտական ծառայությունից ազատվելու դեպքերում Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ, կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող է պաշտոնից ազատված անձանց զրկել իրենց շնորհած դիվանագիտական աստիճանից:
3. Դիվանագիտական աստիճանից զրկելու վերաբերյալ հրամանագիրը Հանրապետության նախագահի կողմից չստորագրվելու դեպքում այն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով՝ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։
Գ Լ ՈՒ Խ 4
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ
Հոդված 24. |
Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք |
1. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը տիրապետում է հայերենին, առնվազն երկու օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն, բավարարում է արտաքին գործերի նախարարության հաստատած` համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները և չկան նրան պաշտոնի նշանակելու համար սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ:
2. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 25. |
Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակման համար սահմանափակումները |
1. Դիվանագիտական ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, որոնք`
1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.
2) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել:
2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակումը սահմանափակող հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը:
Հոդված 26. |
Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը |
1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է արտաքին գործերի նախարարության՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 3-9-րդ կետերում նշված դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով՝ այդ պաշտոնները ներքին մրցույթով կամ արտամրցութային կարգով չհամալրվելու դեպքում:
2. Մրցույթ անցկացնելու մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը, մրցույթի դրվող պաշտոնի նկարագիրը և մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հրապարակվում են մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով և (կամ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում:
3. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի դրված պաշտոնի նկարագրի պահանջներին համապատասխան մասնագիտություն և անհրաժեշտ աշխատանքային ստաժ ունեցողները:
4. Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Հոդված 27. |
Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու այլ կարգը |
1. Դիվանագիտական ծառայության պաշտոնը կարող է համալրվել արտամրցութային կարգով, ռոտացիայի հիման վրա և ներքին մրցույթով:
2. Դիվանագիտական ծառայության պաշտոնն արտամրցութային կարգով համալրվում է հետևյալ դեպքերում.
1) արտաքին գործերի նախարարության միևնույն կառուցվածքային ստորաբաժանումում այլ պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե դիվանագետը բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրի պահանջները և ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը.
2) արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնից կառուցվածքային ստորաբաժանումում, կառուցվածքային ստորաբաժանումից ենթակա մարմնում կամ մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանումում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում.
3) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ընթացքում ավելի բարձր պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե դիվանագետը բավարարում է այդ պաշտոնի նկարագրի պահանջները և ունի անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը.
4) սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-4-րդ կետերում նշված պաշտոններից ազատվելիս արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում և ենթակա մարմնում պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե դիվանագետը բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրի պահանջները և ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը.
5) սույն օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքով ծառայությունը վաղաժամկետ դադարելիս օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնից արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում.
6) սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն գործուղված դիվանագետին արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում գործուղման ժամկետի ավարտից հետո.
7) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար դիվանագիտական դպրոցում պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձանց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում.
8) արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության համար հատկացված քվոտաների շրջանակում օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ ուսումը բարձր ցուցանիշներով ավարտած անձանց պաշտոնի նշանակվելու դեպքում՝ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա.
9) սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասում նշված անձանց պաշտոնի նշանակվելու դեպքում:
3. Դիվանագիտական ծառայության պաշտոնը համալրվում է ռոտացիայի կարգով՝ սույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում:
4. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնը համալրվում է ներքին մրցույթով, եթե այն չի համալրվել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն:
5. Ներքին մրցույթին կարող են մասնակցել այն դիվանագետները, որոնք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճան, ինչպես նաև դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կադրերի ռեզերվում գրանցված անձինք:
6. Ներքին մրցույթը հայտարարվում է մրցույթի անցկացումից առնվազն մեկ ամիս առաջ:
7. Ներքին մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
(27-րդ հոդվածը փոփ. 19.06.19 ՀՕ-80-Ն)
Հոդված 28. |
Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը |
1. Դիվանագիտական ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ:
2. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը կատարվում է արտաքին գործերի նախարարի հրամանով` սույն օրենքով սահմանված դեպքերում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, այդ եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
Հոդված 29. |
Փորձաշրջանը |
1. Առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը պաշտոնի նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով:
2. Փորձաշրջանի ընթացքում ստուգվում է անձի համապատասխանությունը զբաղեցվող պաշտոնին:
3. Փորձաշրջանի ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ եզրակացություն է տալիս համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:
4. Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջան անցնող անձին այդ մասին հայտնվում է գրավոր:
Հոդված 30. |
Դիվանագետի երդումը |
1. Սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանի ավարտից հետո առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը մրցութային-ատեստավորող հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայությամբ տալիս է հետևյալ բովանդակությամբ երդում.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության դիվանագետի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը»:
2. Դիվանագետն ստորագրում է երդման տեքստը, և նրան հանդիսավորությամբ շնորհվում է Հայաստանի Հանրապետության դիվանագետի վկայական, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Գ Լ ՈՒ Խ 5
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ. ՌՈՏԱՑԻԱՆ, ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ
Հոդված 31. |
Դիվանագետի ռոտացիան |
1. Առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետի ծառայությունն սկսվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում:
2. Դիվանագետի ծառայությունն ընթանում է ռոտացիայի սկզբունքով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի և օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում՝ երկու տարի իրար հաջորդող աշխատանքային փուլերով:
3. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
4. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ընթացքում դիվանագետի համաձայնությամբ թույլատրվում է դիվանագետի տեղափոխումն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության այլ մարմին ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով, պայմանով, որ պահպանվեն սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետները:
5. Չի թույլատրվում օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո դիվանագետի նշանակումն օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մեկ այլ մարմնում:
6. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել`
1) անձնական դիմումի համաձայն.
2) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.
3) միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ հանգամանքներ առաջանալու դեպքում.
4) ծառայողական անհրաժեշտության դեպքում:
7. Ռոտացիայի համար հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
8. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-4-րդ կետերում նշված պաշտոններից օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում նշանակում կատարվում է, եթե դիվանագետն ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը:
(31-րդ հոդվածը փոփ. 19.06.19 ՀՕ-80-Ն)
Հոդված 32. |
Գործուղումը |
1. Դիվանագետն իր համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից և ենթակա մարմնից կարող է գործուղվել Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ, վարչապետի աշխատակազմ և պետական կառավարման համակարգի մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և նշված մարմինների միջև պայմանավորվածության դեպքում:
2. Գործուղման ժամանակահատվածում դիվանագետը համարվում է դիվանագիտական ծառայության մեջ, և նրա վրա տարածվում են սույն օրենքով դիվանագետի համար սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները:
3. Վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման համակարգի մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և նշված մարմինների միջև պայմանավորվածության դեպքում:
4. Գործուղման կարգը, պայմանները և դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանում է Կառավարությունը:
5. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերում վարչական պաշտոնում և սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններում հայեցողական պաշտոնում նշանակվելը սույն օրենքի իմաստով հավասարեցվում է գործուղման:
(32-րդ հոդվածը լրաց. 19.06.19 ՀՕ-80-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ
Հոդված 33. |
Դիվանագետի ատեստավորումը |
1. Դիվանագետի ատեստավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովը դիվանագետին դիվանագիտական աստիճան շնորհելու, 18-րդ հոդվածի 6-րդ մասի 3-9-րդ կետերում և 7-րդ մասում նշված պաշտոն զբաղեցնող դիվանագետի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով:
2. Ատեստավորումն իրականացվում է հարցազրույցի միջոցով, եթե մրցութային-ատեստավորող հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում:
3. Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագետի ատեստավորումն իրականացվում է փաստաթղթային ուսումնասիրության միջոցով, եթե մրցութային-ատեստավորող հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում:
4. Դիվանագետի արտահերթ ատեստավորում կարող է իրականացվել դիվանագետի հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արտահերթ կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան շնորհելու դեպքում:
5. Դիվանագետի ատեստավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Հոդված 34. |
Դիվանագետի վերապատրաստումը |
1. Դիվանագետի վերապատրաստումն իրականացվում է դիվանագետի դիմումով կամ սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն իրականացված ատեստավորման արդյունքում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում, օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատությունում կամ միջազգային կազմակերպությունում կազմակերպվող դասընթացներին մասնակցության միջոցով:
2. Դիվանագետի վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` պետական բյուջեով հաստատված միջոցների հաշվին, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին` նրանց հրավերով, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատությունում կամ միջազգային կազմակերպությունում կազմակերպվող դասընթացների ժամկետը վեց ամիսը գերազանցելու դեպքում դիվանագետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կնքվում է պայմանագիր վերապատրաստման պայմանների մասին:
4. Դիվանագետի վերապատրաստման կարգը և սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Հոդված 35. |
Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվը |
1. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են այն դիվանագետները, որոնք ազատվել են զբաղեցրած պաշտոնից հետևյալ հիմքերով.
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ որպես միջազգային ծառայողներ միջազգային կազմակերպություններում աշխատանքի անցնելը.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ մեկ տարուց ավելի ժամկետով ուսանելը կամ գիտական գործունեությամբ զբաղվելը.
3) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
4) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերում սահմանված հիմքով դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքով դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում անձը գրանցվում է մեկ տարի ժամկետով դիվանագիտական ծառայության զբաղեցրած պաշտոնից ազատվելու հիմքերը դադարելու, իսկ 4-րդ մասում նշված հիմքով՝ պաշտոնից ազատվելու օրվանից:
3. Կադրերի ռեզերվում գրանցված անձը կարող է մասնակցել սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ներքին մրցույթին:
4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:
5. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում դիվանագետներին գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Գ Լ ՈՒ Խ 7
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 36. |
Մրցութային-ատեստավորող հանձնաժողովը |
1. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ներքին մրցույթ, ատեստավորում անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է մրցութային-ատեստավորող հանձնաժողով:
2. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Հոդված 37. |
Էթիկայի հանձնաժողովը |
1. Դիվանագիտական ծառայության ընթացքում դիվանագիտական ծառայողի կողմից վարքագծի կանոնների խախտումը ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է էթիկայի հանձնաժողով:
2. Էթիկայի հանձնաժողովը քննում և լուծում է դիվանագետի վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ դիմումները և դրանց առնչությամբ առաջարկություններ ներկայացնում իրավասու մարմին կամ պաշտոնատար անձին։
3. Դիվանագետի վարքագծի կանոնները, էթիկայի հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Գ Լ ՈՒ Խ 8
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 38. |
Դիվանագետների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները |
1. Ծառայողական պարտականությունները, հատուկ առաջադրանքները լավագույնս կատարելու, երկարամյա ծառայության, անբասիր աշխատանքի, ծառայության մեջ ունեցած նվաճումների համար դիվանագետի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) արտաքին գործերի նախարարության հուշամեդալով, մեդալով պարգևատրում.
4) հուշանվերով պարգևատրում.
5) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.
6) կարգապահական տույժի հանում.
7) օրենքով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:
2. Խրախուսանքի միջոցները կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
3. Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ կիրառում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում նշված խրախուսանքի միջոցները:
4. Արտաքին գործերի նախարարության հուշամեդալով, մեդալով պարգևատրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Հոդված 39. |
Դիվանագետների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ անպատշաճ կատարելու, ծառայողական լիազորությունները գերազանցելու, աշխատանքային կարգապահության կանոնները և դիվանագետի էթիկայի կանոնները խախտելու դեպքում դիվանագետի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն:
2. Կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
3. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ:
4. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական խախտում թույլ տված անձից պահանջվում է գրավոր բացատրություն:
5. Կարգապահական տույժը չի կիրառվում, եթե կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից անցել է երեք ամիս, իսկ կարգապահական խախտում կատարելու օրվանից՝ վեց ամիս:
6. Կարգապահական տույժ կիրառելու մասին անձին հաղորդվում է կարգապահական տույժ կիրառելուց հետո` եռօրյա ժամկետում:
7. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
8. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժ չի կիրառվել, ապա անձը համարվում է կարգապահական տույժի չենթարկված:
Հոդված 40. |
Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատման հիմքերը |
1. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատման հիմքերն են.
1) անձնական դիմումը.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
3) քաղաքական, վարչական, ինքնավար կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
4) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.
5) սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.
6) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը (բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդի).
7) ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությամբ տառապելը.
8) հաստիքների կրճատումը և (կամ) դիվանագիտական ծառայության մարմնի լուծարումը.
9) ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշումը.
10) դիվանագետի վարքագծի կանոնները խախտելը.
11) սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները խախտելը.
12) ազատազրկման դատապարտելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը.
13) անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը.
14) դատական կարգով դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
15) դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու` սույն օրենքով սահմանված կարգը խախտելը.
16) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.
17) օրենքով սահմանված այլ հիմքերով:
2. Դիվանագետի պարտականությունները դադարում են նրա մահվան դեպքում:
3. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, բացառությամբ 18-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված պաշտոնի:
Հոդված 41. |
Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը |
1. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:
2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարության առավելագույն տարիքը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով դիվանագետը կարող է մինչև երեք տարի ժամկետով շարունակել պաշտոնավարել:
Գ Լ ՈՒ Խ 9
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 42. |
Դիվանագետի իրավունքները |
1. Դիվանագետի իրավունքներն են`
1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավունքները.
2) իր լիազորությունների շրջանակներում որոշումներ ընդունելը՝ անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով անմիջական ղեկավարի հետ, և հարցերի քննարկումներին մասնակցելը.
3) աշխատանքի, աշխատավարձի, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններով ապահովվածությունը.
4) սոցիալական ապահովությունը.
5) սահմանված կարգով դիվանագիտական աստիճանի բարձրացումը.
6) վերապատրաստումը.
7) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.
8) դիվանագիտական ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը։
Հոդված 43. |
Դիվանագետի պարտականությունները |
1. Դիվանագետի պարտականություններն են`
1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտականությունները.
2) մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները մշտապես կատարելագործելը.
3) իր իրավասությունների շրջանակում մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը.
4) իր լիազորությունների շրջանակներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելն ու օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալը.
5) պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում` դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` օրենքով նախատեսված ժամկետի ընթացքում.
6) դիվանագետի վարքագծի կանոնները պահպանելը:
Հոդված 44. |
Դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումները |
1. Դիվանագետն իրավունք չունի`
1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից.
2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) խախտելու քաղաքական զսպվածության սկզբունքը` զբաղվելու կուսակցական գործունեությամբ կամ իր ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցներն օգտագործելու կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.
4) խախտելու պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում` հրաժարվելու գաղտնիքին առնչվելու թույլտվության ձևակերպման սահմանված ընթացակարգն անցնելը.
5) ստանալու հոնորար իր ծառայողական պարտականությունների կատարումից բխող` իր նախապատրաստած հրապարակումների կամ ելույթների համար.
6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու դիվանագիտական ծառայության մարմնի նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքն ու ծառայողական տեղեկատվությունը.
7) իր ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ընդունելու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
8) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը ծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից:
2. Դիվանագետին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, վերջինիս զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
3. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դիվանագետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման:
4. Դիվանագիտական ծառայողի լիազորությունների իրականացման հետ կապված պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող սույն հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում նշված աշխատանքի հանդեպ:
5. Դիվանագետն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտներ:
Հոդված 45. |
Դիվանագետների սոցիալական երաշխիքները |
1. Պետությունը դիվանագիտական ծառայողի համար երաշխավորում է`
1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.
2) ամենամյա վճարովի արձակուրդ.
3) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայելու ընթացքում բժշկական ապահովագրություն, ներառյալ՝ նրա ընտանիքի անդամների համար, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին` ըստ բժշկական ապահովագրության պայմանագրերի.
4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը, ինչպես նաև երեք ամիսը չգերազանցող ժամկետով վերապատրաստման դեպքում՝ աշխատավարձը.
5) ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ստացած հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան նպաստներով ապահովում` պատճառված վնասի միաժամանակյա փոխհատուցմամբ.
6) կենսաթոշակի անցնելիս, կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու հիմքով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարի պահպանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.
8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը.
9) օրենքով սահմանված այլ երաշխիքներ.
Դիվանագետի վարձատրությունը և դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումը |
1. Դիվանագետների վարձատրության հետ կապված հարաբերությունները և առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին աշխատավարձից բացի, վճարվում է ամսական փոխհատուցում օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար՝ համաձայն տվյալ երկրի կենսամակարդակի հիման վրա հաշվարկված գործակցի՝ Կառավարության սահմանած չափով:
3. Նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսինն ստանում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոխհատուցումը` 50 տոկոսի չափով:
4. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին վճարվում է փոխհատուցում նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար` սույն հոդվածի 2-րդ մասում նշված փոխհատուցման 10 տոկոսի չափով:
5. Դիվանագետի ամուսնու համար սույն հոդվածի 4-րդ մասում նշված փոխհատուցումը չի վճարվում, եթե նա օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, զբաղեցնում է դիվանագիտական ծառայության պաշտոն կամ եթե սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անցնում է աշխատանքի դեսպանընկալ պետությունում:
6. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների` հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվում է փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափով, մինչև երեխայի 18 տարին լրանալը:
7. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին տրամադրվում է նրա դիվանագիտական աստիճանին, զբաղեցրած պաշտոնին և ընտանիքի անդամների թվին համապատասխան բնակարանի համար փոխհատուցում` Կառավարության սահմանած չափով:
8. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը, ներառյալ՝ անձնական օգտագործման ուղեբեռի և տրանսպորտային միջոցի տեղափոխման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարին և նրա ընտանիքի անդամներին՝ ծառայության յուրաքանչյուր տարվա ընթացքում մեկ անգամ, իսկ դիվանագիտական ծառայության մարմնում ծառայություն անցնող դիվանագետին և նրա ընտանիքի անդամներին ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ վճարվում է Հայաստանի Հանրապետությունում արձակուրդն անցկացնելու համար ճանապարհածախսը:
10. Սույն հոդվածի իմաստով օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը և մինչև 18 տարեկան երեխաները:
Հոդված 47. |
Օտարերկրյա պետություն ծառայության մեկնած դիվանագետի ամուսնու իրավունքները |
1. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի ամուսինն օտարերկրյա պետությունից վերադառնալուց հետո պետական հիմնարկներում վերականգնվում է իր զբաղեցրած պաշտոնում կամ այլ հավասարազոր պաշտոնում` մինչև օտարերկրյա պետություն մեկնելն ստացած աշխատավարձից ոչ պակաս աշխատավարձով, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Դիվանագետի ամուսինը կարող է աշխատել դեսպանընկալ պետությունում, որտեղ ծառայում է նրա ամուսինը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ թույլատրվում է տվյալ երկրի օրենսդրությամբ՝ նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
Գ Լ ՈՒ Խ 10
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ
Հոդված 48. |
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը |
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրվող` անձը հաստատող փաստաթուղթ է, որը հաստատում է, որ դրա կրողը դիվանագետ կամ, սույն օրենքի 49-րդ հոդվածի համաձայն, այն կրելու իրավունքն ունեցող անձ է:
Հոդված 49. |
Դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող անձինք |
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր տրվում է՝
1) Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և նրանց ընտանիքների անդամներին.
2) Հանրապետության պաշտոնաթող նախագահին.
3) Ամենայն հայոց կաթողիկոսին.
4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորներին.
5) Կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին.
6) արտաքին գործերի նախարարությունում և դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով.
7) օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին, դիվանագետներին, սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-6-րդ մասերում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն և մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող զավակներին, նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:
2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձանց դիվանագիտական անձնագիր տրվում է վարչապետի թույլտվությամբ:
Հոդված 50. |
Դիվանագիտական անձնագիր տալու և հետ վերցնելու կարգը |
1. Դիվանագիտական անձնագրի վավերականության ժամկետը հինգ տարի է:
2. Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագիրը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
3. Սույն օրենքի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է անվավեր:
4. Դիվանագիտական անձնագիր տալու, հաշվառելու, հետ վերցնելու և անվավեր հայտարարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Գ Լ ՈՒ Խ 11
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 51. |
Դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորումը |
1. Դիվանագիտական ծառայության մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
2. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները պետական բյուջեի միջոցներից բացի, կարող են ֆինանսավորվել նաև այլ աղբյուրներից` Կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 12
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
Հոդված 52. |
Դիվանագիտական դպրոցը |
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (այսուհետ` Դիվանագիտական դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:
2. Դիվանագիտական դպրոցի կառուցվածքը և գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
3. Դիվանագիտական դպրոցը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`
1) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը.
2) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անձանց պատրաստումը.
3) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:
4. Դիվանագիտական դպրոցը ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
5. Դպրոցի տնօրենի պաշտոնում դիվանագետի նշանակման դեպքում այդ պաշտոնում աշխատելու ժամկետը ներառվում է դիվանագիտական ծառայության ստաժում, և նրա վրա տարածվում են սույն օրենքով դիվանագետի համար սահմանված իրավունքները և պարտականությունները:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|