Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-163
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.06.2019-15.03.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.25/29
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

(օրենքը խմբ. 29.04.09 ՀՕ-103-Ն)

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
17 նոյեմբերի 1997 թ.

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով սահմանվում են Ոստիկանության զորքերի հասկացությունը, խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները և իրավունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության զորքերի ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման կարգը:

(1-ին հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

 

Հոդված 2. Ոստիկանության զորքերը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

 

1. Ոստիկանության զորքերը (այսուհետ՝ ոստիկանության զորքեր) Ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ է, որը կոչված է օրենքին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները և ազատությունները հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը։

(2-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

Հոդված 3. Ոստիկանության զորքերի խնդիրները

 

1. Ոստիկանության զորքերի խնդիրներն են՝

1) հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելը.

2) հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանումը ու հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը.

3) ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը։

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

Հոդված 4. Ոստիկանության զորքերի գործունեության սկզբունքները

 

1. Ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները հարգելու, միանձնյա ղեկավարման, կենտրոնացված կառավարման սկզբունքների հիման վրա։

2. Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության բացառման սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

3. Ոստիկանության զորքերի հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, համապատասխանի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն օրինական, անհրաժեշտ և չափավոր:

 

Հոդված 5. Ոստիկանության զորքերի թվաքանակը

 

1. Ոստիկանության զորքերի թվաքանակը սահմանում է Կառավարությունը։

(5-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

 

Հոդված 6. Ոստիկանության զորքերի կառուցվածքը

 

1. Ոստիկանության զորքերի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատում է Ոստիկանության պետը:

2. 

(6-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

Հոդված 7. Ոստիկանության զորքերի գործունեության իրավական հիմքերը

 

1. Ոստիկանության զորքերի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով ու իրավական ակտերով:

 

Հոդված 8. Պետական մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունները ոստիկանության զորքերին աջակցելիս

 

1. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ոստիկանության զորքերին իրենց խնդիրներն իրականացնելիս:

2. Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմինն իրականացնում է քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչը և զորահավաքը՝ ոստիկանության զորքերում ծառայելու համար, և օժանդակում է ոստիկանության զորքերի սպայական կազմի պատրաստմանը և վերապատրաստմանը, ինչպես նաև շարքային կազմով համալրմանը։

3. Ոստիկանության զորքերի աջակցմանն ուղղված պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի և ոստիկանության զորքերի հարաբերությունները կարգավորվում են Ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի համատեղ հրամանով:

4. Տրանսպորտի բնագավառի Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք, տրանսպորտի և հատուկ փոխադրամիջոցների գծով Ոստիկանության ներկայացուցիչները ոստիկանության զորքերի զինծառայողների ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ աջակցում են նրանց տեղափոխմանը, իսկ արտակարգ իրավիճակների պայմաններում՝ արտահերթ։

(8-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ

 

Հոդված 9. Ոստիկանության զորքերի անձնակազմը

 

1. Ոստիկանության զորքերի անձնակազմը բաղկացած է զինծառայողներից և քաղաքացիական անձնակազմից։

 

Հոդված 10. Զինվորական ծառայությունը ոստիկանության զորքերում

 

1. Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունն իրականացվում է զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Ոստիկանության զորքերում սպայական, ենթասպայական և շարքային կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) և կոչում է շնորհում, պաշտոնից ազատում (ծառայությունից արձակում), զբաղեցրած պաշտոնից բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի նշանակում է Ոստիկանության պետը կամ նրա լիազորությամբ` ոստիկանության զորքերի հրամանատարը:

(10-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

Հոդված 11. Ոստիկանության զորքերի քաղաքացիական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները

 

1. Ոստիկանության զորքերի քաղաքացիական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ։

 

Հոդված 12. Ոստիկանության զորքերի կադրերի պատրաստումը

 

1. Ոստիկանության զորքերի կադրերի պատրաստումը և վերապատրաստումն անցկացվում են Ոստիկանության և այլ ռազմաուսումնական հաստատություններում։

(12-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 13. Ոստիկանության զորքերի ղեկավարումը

 

1. Ոստիկանության զորքերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ոստիկանության զորքերի հրամանատարը:

2. Ոստիկանության զորքերն ունի դրոշ, որի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատում է վարչապետը:

(13-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-50-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

Հոդված 14. Ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները

 

1. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիրներն իրականացնելիս պարտավոր են՝

1) Ոստիկանության հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ստորաբաժանումների հետ համատեղ մասնակցել պարեկապահակային ծառայությանը.

2) մասնակցել արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, տարհանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնողական միջոցառումներին.

3) իրականացնել Կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հատուկ, կարևոր նշանակության օբյեկտների, հատուկ բեռների, Ոստիկանության և ոստիկանության զորքերի նյութատեխնիկական բազաների և պահեստների, հաղորդակցության կառույցների պահպանությունը.

4) մասնակցել ռազմական կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը.

5) մասնակցել զանգվածային անկարգությունների կանխմանը և խափանմանը:

1.1. Հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս համագործակցում են Ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության զորամասերի ու ստորաբաժանումների հետ:

3. Խաղաղ, առանց զենքի հավաքները կամ հանրային միջոցառումները կանխելու նպատակով ոստիկանության զորքերի միջամտությունն արգելվում է:

(14-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-8-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-96-Ն, 23.03.18 ՀՕ-274-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

Հոդված 15. Ոստիկանության զորքերի զինծառայողների իրավունքները

 

1. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն՝

1) քաղաքացիներից և պաշտոնատար անձանցից պահանջելու պահպանել հասարակական կարգը, դադարեցնել հանցագործությունները, վարչական իրավախախտումները և այն գործողությունները, որոնք խոչընդոտում են իրենց պարտականությունները կատարելուն.

2) ստուգելու քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, եթե նրանց՝ իրավախախտումների կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան.

3) Ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելու իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած անձանց.

3.1)

4) պահպանվող տարածք մուտք գործած անձանց հետապնդելիս, զանգվածային անկարգությունների և հասարակական կարգի խմբակային խախտումները խափանելիս, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելիս ավագ օպերատիվ պետի, իսկ բացառիկ դեպքում՝ զորամասի կամ ստորաբաժանման հրամանատարի հրամանով կատարելու տեղանքի կամ առանձին շինությունների, օբյեկտների շրջափակում, տրանսպորտային միջոցների զննում:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողի անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

(15-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՐԱԶԵՆ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

Հոդված 16. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու հիմքերը, պայմանները և սահմանները

 

1. Ոստիկանության զորքերի զինծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և մարտական տեխնիկա` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և մարտական տեխնիկայի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և մարտական տեխնիկայի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Միայն համապատասխան պատրաստություն անցնելուց հետո ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի պահելու և կրելու, ինչպես նաև գործադրելու (կիրառելու) հրազեն, հատուկ միջոցներ և մարտական տեխնիկա: Ոստիկանության զորքերի զինծառայողների անհատական և կոլեկտիվ հատուկ պատրաստություն անցնելու ծրագիրը հաստատում է ոստիկանության զորքերի հրամանատարը:

2.1. Ֆիզիկական ուժի, հրազենի և հատուկ միջոցների գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության զորքերի զինծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

3. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝

1) դրանք գործադրելու մասին նախազգուշացնել իրավախախտողներին՝ բավարար ժամանակ տալով նրանց իր օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կամ մարտական տեխնիկա գործադրելու հապաղումը անմիջական սպառնալիք է ստեղծում իր, քաղաքացիների, զինծառայողների կամ Ոստիկանության աշխատակիցների կյանքի ու առողջության համար կամ կարող է այլ ծանր հետևանքներ առաջացնել, կամ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնարին է.

1.1) ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.

2) ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն` բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին.

3) վերադասության կարգով անմիջապես զեկուցել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու (օգտագործելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին, ինչպես նաև հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների և ռետինե մահակի), հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու (օգտագործելու) յուրաքանչյուր դեպքի մասին:

4. Ոստիկանության զորքերի հրամանատարը պարտավոր է Ոստիկանության պետին և դատախազին անհապաղ տեղեկացնել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին։

4.1. Ոստիկանության զորքերը պարտավոր են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:

4.2. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 4-րդ մասով և սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի, մարտական տեխնիկայի գործադրման անհրաժեշտությունը փաստող հանգամանքները և իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ գործադրվել են դրանք, գործադրված հատուկ միջոցների, հրազենի և ռազմամթերքի, մարտական տեխնիկայի տեսակը և քանակը, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնասվածքներ ստացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության զորքերի զինծառայողները:

5. Օրենքով չնախատեսված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելը կամ սահմանների անցումով դրանց գործադրելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(16-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-8-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

Հոդված 17. Ֆիզիկական ուժ գործադրելը

 

1. Ոստիկանության զորքերի զինծառայողները իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարած անձանց ձերբակալելու, ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ (այդ թվում` ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության զորքերի վրա դրված պարտականությունների կատարումը:

(17-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-8-Ն)

 

Հոդված 18. Հատուկ միջոցներ գործադրելը

 

1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրելու հետևյալ դեպքերում.

1) քաղաքացիների, զինծառայողների, Ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակումը խափանելիս.

2) ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.

3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց ձերբակալելիս.

4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.

5) իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, երբ նրանք իրենց վարքագծով հիմք են տալիս ենթադրելու, որ կարող են դիմել փախուստի, վնաս հասցնել շրջապատին կամ իրենց կամ դիմադրություն ցույց տալ ոստիկանության զորքերի զինծառայողներին կամ չենթարկվել նրանց օրինական պահանջներին.

6) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, կառույցների և բեռների վրա կատարվող հարձակումները խափանելիս.

7) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց, զավթած կառույցները, շենքերը, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.

8) տրանսպորտի, կապի հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատանքները խանգարող, ինչպես նաև զանգվածային անկարգությունները և խմբակային գործողությունները խափանելիս.

9) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել՝

1) ռետինե մահակներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) ձեռնաշղթաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ կետերով նախատեսված դեպքերում: Ձեռնաշղթաների բացակայության դեպքում ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի կապելու նպատակով օգտագործելու ձեռքի տակ եղած այլ միջոցներ.

4) ուշադրություն շեղող լուսաձայնային միջոցներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) արգելքները քանդելու միջոցներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և կետերով նախատեսված դեպքերում.

6) մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

7) ջրանետեր, զրահամեքենաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում, և միայն ոստիկանության զորքերի հրամանատարի կամ նրա տեղակալի հրամանով՝ դրանց գործադրման պահից 24 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատախազին.

8) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում.

9) ծառայողական շներ (պահնորդական, հետախուզական, պարեկային)՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով նախատեսված դեպքերում.

10) հատուկ ներկող նյութեր` սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում` ջրանետի միջոցով:

3. Հատուկ միջոցները օգտագործելու և ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացնելու կարգը, ինչպես նաև դրանց պահպանման ժամկետները սահմանվում են Ոստիկանության պետի հրամանով:

4. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:

5. Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), իսկ մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:

6. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության զորքերի զինծառայողը հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

(18-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-8-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

Հոդված 19. Հրազենի գործադրումը (կիրառումը) և օգտագործումը

 

1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստորաբաժանման կազմով հրազեն գործադրելու հետևյալ դեպքերում.

1) անձանց՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր ոտնձգություններից պաշտպանելիս.

2) զինծառայողների, Ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակումները հետ մղելիս, երբ վտանգ է սպառնում նրանց կյանքին կամ առողջությանը, ինչպես նաև նրանց զենքին տիրելու փորձերը կանխելիս.

3) պատանդներին, ինչպես նաև զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտները, կառույցները, բեռները, մարտական տեխնիկան ազատելիս.

4) կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու պահին բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

5) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պետական պահպանության ենթակա օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների, կազմակերպությունների վրա կատարվող խմբակային կամ զինված հարձակումները հետ մղելիս.

6) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողի օրինական պահանջները:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն հրազեն օգտագործելու հետևյալ դեպքերում՝

1) տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը ռազմական կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում հրաժարվում է կանգնեցնել այն՝ չկատարելով Ոստիկանության ծառայողի կամ ոստիկանության զորքերի զինծառայողի օրինական պահանջը.

2) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

3) զենք գործադրելու (օգտագործելու) մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապի ազդանշան տալիս կամ օգնության կանչելիս։

3. Հրազեն գործադրելն առանց նախազգուշացման թույլատրվում է զենքով, մարտական տեխնիկայով, տրանսպորտային միջոցներով, թռչող ապարատներով կատարվող հարձակումները հետ մղելիս, զենքով, տրանսպորտի միջոցներով, թռչող ապարատներով փախչելիս:

4. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:

5. Հրազենը ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացնելու կարգը սահմանվում է Ոստիկանության պետի հրամանով:

6. Ոստիկանության զորքերի զինծառայողի կողմից հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության զորքերի հրամանատարը անմիջապես տեղյակ է պահում դատախազին:

(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-8-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

 

Հոդված 20. Մարտական տեխնիկան գործադրելը

 

1. Ոստիկանության զորքերի հաստիքային մարտական տեխնիկան գործադրվում է հետևյալ դեպքերում.

1) պատանդներին, ինչպես նաև զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները, մարտական տեխնիկան ազատելիս.

2) զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

3) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների և կազմակերպությունների վրա խմբակային, զինված կամ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ հարձակումները հետ մղելիս.

4) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջները։

2. Մարտական տեխնիկան գործադրվում է Ոստիկանության պետի հրամանով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում չեն կարող գործադրվել հրետանային զենք, թրթուրավոր մարտական տեխնիկա, ռազմական ավիացիայի օդանավեր:

4. Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ ընդգրկված մարտական տեխնիկայի ցանկը սահմանում է Կառավարությունը:

(20-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-8-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

 

Հոդված 21. Ոստիկանության զորքերի զինծառայողների անձնական անվտանգության երաշխիքները

 

1. Ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի մերկացնելու զենքը և այն բերելու պատրաստ վիճակի, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող են սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան հրազեն գործադրելու հիմքեր ծագել։

1.1. Մերկացրած հրազենով ձերբակալում կատարող ոստիկանության զորքերի զինծառայողներն օգտվում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված` ոստիկանության զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքներից:

2. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ չի թույլատրվում զորամասերի տեղաբաշխման (վերատեղաբաշխման) վայրերի, զինված հանցավոր խմբերի հետ ընդհարումներին մասնակցած ոստիկանության զորքերի զինծառայողների ծառայության և բնակության վայրի մասին տեղեկությունների հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով։

3. Ոստիկանության զորքերի ծառայողական, մարտական գործունեության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն Ոստիկանության պետի կամ ոստիկանության զորքերի հրամանատարի թույլտվությամբ։

(21-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-8-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

 Հոդված 21.1. Ոստիկանության զորքերի զինծառայողի անհատական պաշտպանության միջոցները

 

1. Անձնական անվտանգության ապահովման համար ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:

(21.1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-8-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 22. Ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջների կատարման պարտադիր լինելը

 

1. Ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար։

2. Ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջները չկատարելը, ինչպես նաև այնպիսի գործողություններ կատարելը, որոնք խոչընդոտում են ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունների կատարմանը, առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն։

3. Ոչ ոք իրավասու չէ միջամտելու ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական գործողություններին:

 

Հոդված 23. Ոստիկանության զորքերի զինծառայողների սոցիալական ապահովությունը

 

1. Ոստիկանության զորքերի զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով։

 

Հոդված 24. Ոստիկանության զորքերի զինծառայողների պատասխանատվությունը

 

1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրենց կատարած իրավախախտումների համար կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն։

2. Ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից անձանց և կազմակերպություններին ապօրինի գործողություններով պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով։

3. Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության զորքերի զինծառայողները, ինչպես նաև անօրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով, իսկ ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը:

(24-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-8-Ն)

 

 Հոդված 24.1. Ոստիկանության զորքերի զինծառայողի իրավական ապահովության պետական երաշխիքները

 

1. Ոստիկանության զորքերի զինծառայողի գործունեության վրա տարածվում են օրենքով սահմանված` արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների` անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորված ռիսկի և հրաման կամ կարգադրություն կատարելու կանոնները:

2. Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

(24.1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-8-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 25. Ոստիկանության զորքերի ֆինանսավորումը

 

1. Ոստիկանության զորքերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

 

Հոդված 26. Ոստիկանության զորքերի գույքը

 

1. Ոստիկանության զորքերը տիրապետում են պետական սեփականություն համարվող գույքը։

2. Ոստիկանության զորքերը հողի, ընդերքի, օդային տարածքի և ջրերի օգտագործումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 27. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական ապահովումը

 

1. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանում է Կառավարությունը՝ Ոստիկանության ներկայացմամբ։

2. Ռազմական տեխնիկայի նորոգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի կազմակերպություններում և հիմնարկներում, ինչպես նաև գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Ոստիկանության զորքերի հրամանատարության, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման նպատակով շենքերի և շինությունների տրամադրման, ինչպես նաև դրանց կոմունալ սպասարկման, նորոգման և նոր շենքերի ու շինությունների կառուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համապատասխան հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով։

(27-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

Հոդված 28. Նյութական միջոցների, զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը և պահպանումը

 

1. Նյութական միջոցների, զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը և պահպանումը խաղաղ ժամանակ իրականացնում է Ոստիկանությունը, իսկ պատերազմի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

(28-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

 

Հոդված 29. Անցումային դրույթներ

 

1. Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունը պայմանագրով կազմակերպվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ զուգորդվելով զորակոչային տարիքի քաղաքացիների զորակոչով:

2. Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունը 2012 թվականից բացառապես կազմակերպվելու է պայմանագրով:

(օրենքը խմբ. 29.04.09 ՀՕ-103-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
17 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-163

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան