Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-31-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.12/38(1491) Հոդ.375
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի մայիսի 8-ին

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2.

Կառավարության կազմը և կառուցվածքը

 

1. Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:

2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը,

11) էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը:

3. Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «առաջին փոխվարչապետի,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Վարչապետի որոշումներն ստորագրում է վարչապետը: Վարչապետի որոշման հավելվածն ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը վարչապետի ընդունած տարբերակն է:».

2) 12-րդ մասի «առաջին փոխվարչապետի կողմից» բառերը փոխարինել «փոխվարչապետներից մեկի կողմից» բառերով, իսկ «փոխարինող առաջին» բառերը՝ «փոխարինող» բառով.

3) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Փոխվարչապետի որոշումները, ինչպես նաև դրանց հավելվածներն ստորագրում է փոխվարչապետը:»:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 13-րդ մասը «ղեկավարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը» բառերով.

2) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Կառավարության նիստերը դռնբաց են, բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի։»:

 

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կառավարության որոշման հավելվածն ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը Կառավարության նիստում ընդունված տարբերակն է:»:

 

Հոդված 7. Օրենքի հավելվածի 6-րդ կետի ամբողջ տեքստում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի հավելվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի հավելվածի 9-րդ կետում՝

1) «Կրթության և գիտության» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

2) «ոլորտներում» բառից առաջ լրացնել «, մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի բնագավառում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման» բառերով.

3) «քաղաքականությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերի, բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական դաստիարակության համակարգի ստեղծման, մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության, սպորտի բնագավառում գիտամեթոդական ու վերլուծական աշխատանքների իրականացման, ծրագրերի համադասման ապահովման, երիտասարդության ներուժի իրացման և զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակման և կիրառման, երիտասարդների մասնակցային գործընթացների խթանման, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի հավելվածի 11-րդ կետից հանել «ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման,» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի հավելվածի 14-րդ կետում՝

1) «Տարածքային կառավարման և զարգացման» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.

2) «ոլորտներում» բառից առաջ լրացնել «, տրանսպորտի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորման, էներգետիկայի, ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության, միջուկային էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի և էներգասպառման ոլորտում անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության, էներգախնայողության և էներգաարդյունավետության զարգացմանը և ընդերքի ողջամիտ ու համալիր օգտագործմանը նպաստելուն ուղղված, երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման, պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման, ջրային համակարգերի կառավարման, պետական գույքի կառավարման» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առևտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության ապահովման և արտահանման զարգացման, ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պաշտպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման և գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:»:

 

Հոդված 13. Օրենքի հավելվածի 16-րդ կետում՝

1) «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով.

2) «տրանսպորտի,», «տրանսպորտի և», «Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորման,» բառերը հանել.

3) «թվային» բառից առաջ լրացնել «ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, ռազմարդյունաբերական միջազգային համագործակցության իրականացման և զարգացման, ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ օգտագործման և կառավարման, նորարարության ձևավորման խթանման, ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և» բառերով:

 

Հոդված 14. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

3. Մշակույթի նախարարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու կրթության և գիտության նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

4. Գյուղատնտեսության նախարարությունն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով էկոնոմիկայի նախարարություն:

5. Սփյուռքի նախարարությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով վարչապետի աշխատակազմին՝ վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակներն ու խնդիրներն են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը, վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման գործառույթների և դրանց շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքների կատարման աջակցությունը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին վերապահվում է վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը (այդ թվում՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով), որի շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանում է վարչապետը:

6. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն անվանափոխել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության:

7. Բնապահպանության նախարարությունն անվանափոխել շրջակա միջավայրի նախարարության:

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հաստատվում են սույն օրենքով վերակազմակերպված պետական կառավարման համակարգի մարմինների նոր կանոնադրությունները, և կատարվում են սույն օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ:

9. Սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված՝ միաձուլվող և միացվող պետական կառավարման համակարգի մարմինները դադարեցնում են իրենց գործունեությունը, իսկ իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են նոր ստեղծված համապատասխան պետական կառավարման համակարգի մարմիններին և վարչապետի աշխատակազմին՝ համապատասխանաբար վերակազմակերպված պետական կառավարման համակարգի մարմինների և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունները հաստատելու մասին համապատասխան իրավական ակտով սահմանված ժամկետներում:

10. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը վերապահված՝ տրանսպորտի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միասնական երթուղային ցանցի ձևավորման ոլորտները տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահելուց և այդ նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատվելուց հետո տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության այն քաղաքացիական ծառայողները, որոնց գործունեությունը կապված է սույն մասում նշված ոլորտների հետ, առանց մրցույթի և վերջնահաշվարկի նշանակվում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հավասարազոր կամ ավելի ցածր քաղաքացիական ծառայության պաշտոններում՝ իրենց համաձայնությամբ, իսկ մինչև վերակազմակերպումն զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոն զբաղեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:

11. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում պահպանվում և հաշվի են առնվում քաղաքացիական ծառայողների նկատմամբ նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, աշխատանքի չներկայանալու ժամկետները:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

       

2019 թ. մայիսի 16

Երևան

ՀՕ-31-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան