Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-15-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289).1 Հոդ.110
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
31.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունվարի 31
Երևան
ՆԿ-15-Ն

 

Հավելված
ՀՀ Նախագահի
2017թ. հունվարի 31-ի
ՆԿ-15-Ն կարգադրության

 

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման քաղաքականության բաղկացուցիչ մաս հանդիսացող Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականությունը (այսուհետ` ՌԱՌՏՔ) պետության սահմանած պաշտոնական տեսակետը և գործունեությունն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ՝ ԶՈՒ) սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրերով ԶՈՒ-ն և այլ զորքերը ներհանրապետական ռազմական ապրանքով և գույքով ապահովելուն, ինչպես նաև, ելնելով պետության անվտանգության ապահովման, ռազմատնտեսական մրցունակության և սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի (այսուհետ` ՌԱՀ) իրավական ու ռազմատնտեսական միջոցառումների և գործողությունների համակարգ է:

2. ՌԱՀ-ի կայացման և զարգացման կարևորագույն բաղկացուցիչը համապատասխան գիտատեխնիկական բազայի առկայությունն է, որի զարգացումն անմիջականորեն կախված է գիտատեխնիկական համալիրի նկատմամբ տարվող քաղաքականությունից և ռազմատեխնիկական քաղաքականության (այսուհետ` ՌՏՔ) իրականացման հիմնական երաշխիքն է:

3. ՌԱՀ-ի զարգացման պետական քաղաքականության ռազմավարությունը հիմնվում է մինչև 2015 թ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված արդյունքների, ինչպես նաև 2016 թ. ապրիլյան պատերազմի փաստերի վերլուծության վրա:

4. Սույն իրավական ակտում սահմանվում են ՌԱՌՏՔ նպատակները, սկզբունքները, հիմնական խնդիրները, ինչպես նաև դրանց իրականացման մեխանիզմներն ու մինչև 2020 թթ. ՌՏՔ և ռազմարդյունաբերական քաղաքականության (այսուհետ` ՌԱՔ) գերակա ուղղությունները:

5. ՌԱՌՏՔ ռազմավարության իրավական և հայեցակարգային հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրերը, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Պաշտպանության մասին» և «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը, Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման պլանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության տնտեսության զորահավաքային ծրագիրը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության բնագավառներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման փաստաթղթերը:

6. ՌԱՌՏՔ-ը մշակվում է ԶՈՒ-ի զարգացման պլանի և տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկությունները բնութագրող գործոնների վերլուծության հիման վրա: Մասնավորապես, այդ գործոններն են` Հայաստանի ռազմական վտանգների և սպառնալիքի փոփոխվող բնույթը, զինված ուժերի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, տնտեսության կառավարման ապակենտրոնացվածությունը, պետական միջամտությամբ կազմակերպությունների փոխկապվածության բացակայությունը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամերը և ռազմարդյունաբերության ոլորտին հատկացված ֆինանսների իրավիճակային օգտագործումը:

 

II. ՌԱՌՏՔ-ի նպատակները, իրականացման մեխանիզմները և ՌԱՀ-ի զարգացման հիմքերը

 

7. ՌԱՌՏՔ-ի նպատակներն են`

1) պետության աջակցությամբ գիտատեխնիկական և արտադրատեխնոլոգիական ներուժը վերածել համակարգաստեղծ տեխնոլոգիական գործուն ու նորարարական միջոցի, որը կապահովի Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման համապատասխան ՌԱՀ-ի հզորություն, ինչպես նաև տնտեսական զարգացում և կնպաստի հնարավոր ցնցումների դիմակայմանը,

2) ամրապնդել ՌԱՀ-ի դերը Հայաստանի Հանրապետության տնտեսության նորարարական զարգացման մեջ` որպես բարձրտեխնոլոգիական բազմապրոֆիլային համակարգ,

3) հասնել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և արտերկրից ձեռք բերվող սպառազինության և ռազմական տեխնիկայի (այսուհետ` ՍՌՏ), ռազմատեխնիկական ունեցվածքի (այսուհետ` ՌՏՈՒ) և հատուկ տեխնիկայի ծավալների օպտիմալ հարաբերակցությանը,

4) ապահովել ՌԱՀ-ի կազմակերպությունների արտադրանքի մրցունակությունն արտերկրի շուկաներում:

8. ՌԱՌՏՔ-ի իրականացման մեխանիզմներն են`

1) ԶՈՒ-ի պահանջարկին համապատասխան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մարտավարատեխնիկական առաջադրանքների և դրանց իրականացման նպատակով անհրաժեշտ ելակետային տվյալների մշակման, ինչպես նաև ռազմագիտատեխնիկական ուղեկցման համար ռազմական գիտահետազոտական կառույցի (հաստատության) ստեղծումը,

2) պետական, ինչպես նաև ոչ պետական կառույցների կողմից հիմնադրամների ստեղծումը` ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով,

3) ՌՏՔ-ի ուղղություններով պետական, ինչպես նաև ոչ պետական բաժնեմասով կազմակերպությունների ձևավորումը՝ նրանցում պարտադիր ստեղծելով կամ ընդգրկելով համապատասխան գիտատեխնիկական կառույց (կոնստրուկտորական բյուրո կամ գիտահետազոտական ինստիտուտ),

4) համակարգային հիմնախնդիրներ ներառող սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակման համար պետական պատասխանատուների ինստիտուտի ներդրումը:

9. ՌԱՀ-ի զարգացման հիմքերն են`

1) ՍՌՏ-ի, ՌՏՈՒ-ի և հատուկ տեխնիկայի մշակման ու արտադրության, հիմնական նորոգման, արդիականացման և օգտահանման աշխատանքների տնտեսագիտորեն հիմնավորված գնի հաշվարկի իրականացումը՝ հաշվի առնելով շուկայում ձևավորված նմանատիպ աշխատանքների կատարման վարձատրության չափը,

2) բարձրտեխնոլոգիական ապրանքների արտադրության, պետական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ ընկերությունների տեխնիկական վերազինման նպատակով ֆինանսական աջակցության մեխանիզմների կիրառումը,

3) հիմնական արտադրական գործունեության և կապիտալ ներդրումների համար կազմակերպություններին վարկերի ստացման պետական երաշխիքների տրամադրումը,

4) գիտատեխնիկական մշակումների համար դրամաշնորհների ստացման մեխանիզմների ներդրումը,

5) ՍՌՏ-ի, ՌՏՈՒ-ի և հատուկ տեխնիկայի նոր նմուշների մշակման և արտադրության կազմակերպման նպատակով լաբորատոր ու արտադրական հզորությունների ստեղծումը և դրանց զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

6) համակարգաստեղծ տեխնոլոգիաների մշակման կամ ձեռքբերման համար պետական նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը,

7) ռացիոնալ կառուցվածքի ու կազմի ներդրմամբ՝ ռազմական պատվերի կատարման որակի կառավարման համակարգի ռազմական նշանակության ապրանքների որակի բարձրացումը,

8) ՌԱՀ-ի աշխատանքները համակարգող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համապատասխան բազաների ստեղծումը,

9) ՌԱՀ-ի տեխնոլոգիական արդիականացման և աշխատանքի արտադրողականության աճի ապահովման, ինչպես նաև ՌԱՀ-ի կադրային ներուժի զարգացման համար ՌԱՀ-ի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման համակարգի ստեղծումը,

10) ԶՈՒ-ի սպառազինման ծրագրի և պետական պաշտպանական պատվերի ձևավորման ու իրականացման ֆինանսական և տեխնոլոգիական ռիսկերի գնահատման համակարգի ստեղծումը,

11) ՌԱՀ-ի միասնական տեղեկատվավերլուծական համակարգի ստեղծումը,

12) ՌԱՀ-ի կառավարման կազմի և կառուցվածքի օպտիմալացմամբ, համապատասխան կանոնակարգող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ, ՌԱՀ-ի զարգացման ծրագրանպատակային պլանավորման համակարգի ձևավորումը:

 

III. ՌԱՌՏՔ-ի իրականացման հիմնական սկզբունքները

 

10. ՌԱՌՏՔ-ի իրականացման հիմնական սկզբունքներն են`

1) երկրի պաշտպանական կարիքների համար ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ներուժի համապատասխանության ապահովումը,

2) ներհանրապետական գնումների և արտադրության կազմակերպման առաջնայնության ապահովումը,

3) հետզհետե արտերկրից կախվածության կրճատումը` նոր տեխնոլոգիաների մշակման կամ դրանք արտերկրից ձեռքբերման միջոցով,

4) ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական կարիքների համար նյութական միջոցների կիրառման տնտեսապես հիմնավորված և արդյունավետ օգտագործումը,

5) մարդ-մեքենա համակարգի բաղադրամասերի և ՍՌՏ-ի հարմարավետ օգտագործման ապահովումը,

6) ՌԱՔ-ի սուբյեկտների շահերի համակցման և դրանց միջև արդյունավետ համագործակցության ապահովումը,

7) ՌԱՌՏՔ-ի իրականացման կազմակերպական և գործառնական համատեղելիության ապահովումը,

8) գիտատեխնիկական աշխատանքների իրականացման փուլերում առանձին հաշվառվող մոդուլների ստացման ապահովումը:

11. ՌԱՌՏՔ-ի ձևակերպված սկզբունքները կարող են լրացվել այնպիսի կարևոր դրույթներով, որոնք վերաբերում են ՌԱՌՏՔ-ի խնդիրների լուծման համալիրության (համակարգվածության), գիտատեխնիկական և տեխնոլոգիական բազայի զարգացման առաջնայնությանը` պայմանավորված ՍՌՏ-ի նոր նմուշների ստեղծման ժամանակ գիտության նորագույն նվաճումների օգտագործման անհրաժեշտությամբ:

 

 IV. ՌԱՌՏՔ-ի հիմնական խնդիրները

 

12. ՌԱՌՏՔ-ի հիմնական խնդիրներն են՝

1) ՌՏՔ-ի զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի ստեղծումը` ԶՈՒ-ի և այլ զորքերի պահանջմունքի բավարարման համար, որը գիտատեխնիկական զարգացման կանխատեսման հիման վրա կմշակի և կիրականացնի ՌԱՀ-ի զարգացման երկարաժամկետ պլանավորում` հիմնարար հետազոտական և գիտատեխնիկական, ինչպես նաև նորարարական աշխատանքների համար,

2) գոյություն ունեցող արդյունաբերական տեխնոլոգիական հիմքի վրա, ապահովելով տնտեսական աճ, կազմակերպել նոր սերնդի գիտատարողունակ մրցունակ ռազմական և քաղաքացիական արտադրանքի արտադրություն, ինչպես նաև նորարարական կառավարման մոդելների կիրառմամբ նոր որակական մակարդակի բարձրացնել արտադրության կազմակերպումը, գնահատել և իրականացնել ապրանքների արտահանման հնարավորությունը,

3) ապահովել ՌԱՀ-ի կազմակերպությունների կայուն գործունեությունը,

4) ՌԱՀ-ի զարգացման բարձր ցուցանիշներ ապահովելու համար իրականացնել հիմնական արտադրության անցումն ավելի բարձր տեխնոլոգիական մակարդակի,

5) պետական օժանդակությամբ, համապատասխան գիտատեխնիկական և արտադրատեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, համակարգաստեղծ կազմակերպությունների ստեղծումը,

6) ներքին և արտաքին շուկաներում հայրենական արտադրանքի դիրքի ամրապնդման համար համապատասխան միջոցառումների իրականացումը,

7) երկրի արտաքին սպառնալիքներին համապատասխան՝ ՌԱՀ-ի զորահավաքային նախապատրաստության ապահովումը և շարունակական կատարելագործումը,

8) երկարատև ցիկլով ՍՌՏ-ի, ՌՏՈՒ-ի և հատուկ տեխնիկայի ներհանրապետական գնման երկարաժամկետ պետական պաշտպանական պատվերի համակարգի ներդրումը և զարգացումը,

9) ՌԱՀ-ի և այլ պետությունների կազմակերպությունների միջև կոոպերացիոն և ինտեգրացիոն համագործակցության զարգացումը,

10) գիտատեխնիկական ծրագրերում տեխնոլոգիաների հաշվառմամբ, ինչպես նաև փուլային մշակումների ընթացքում արտադրանքի մոդուլների պարտադիր քարտացուցակավորմամբ աշխատանքների կրկնությունների բացառումը,

11) քաղաքացիական և ռազմական սեկտորների փոխգործակցությանը նպաստելը,

12) ՌԱՀ-ի վիճակի վերաբերյալ մշտադիտարկման անցկացումը և համապատասխան միջոցառումների իրականացումը:

 

V. ՌԱՀ-ի գիտատեխնիկական համալիրը և հիմնական խնդիրները

 

13. ՌԱՀ-ի գիտատեխնիկական համալիրը գիտահետազոտական, բուհական, արտադրական և տնտեսության այլ բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտական ու գիտատեխնիկական աշխատանքներ իրականացնող տեխնոլոգիական բազայով կազմակերպությունների համախումբ է, որը կապահովի ՌԱՀ-ի զարգացումը և արդիականացումը` Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունն ապահովելու նպատակով:

14. Գիտատեխնիկական համալիրի հիմնական խնդիրներն են`

1) ՌԱՀ-ի զարգացման և արդիականացման ապահովումը,

2) հետագա նպատակային կիրառման նպատակով գիտահետազոտական աշխատանքների կատարումը,

3) գիտական և ճարտարագիտական կադրերի պատրաստումը,

4) առաջնահերթ կարևորության ուղղություններում առաջանցիկ գիտատեխնոլոգիական պաշարի ձևավորումը:

15. Գիտատեխնիկական համալիրի բազա են հանդիսանում`

1) բարձր որակավորմամբ գիտնականները, ճարտարագետները և գործարարները, որոնք զբաղված են գիտելիքի ստեղծմամբ և այն ապրանքի վերածմամբ,

2) հիմնարար գիտական իմացությունները, ժամանակակից տեխնոլոգիական մշակումները և տեխնիկական որոշումներն ու լուծումները,

3) ժամանակակից հետազոտական, տեխնոլոգիական և փորձարարական լաբորատորիաներն ու փորձնական արտադրությունները:

16. Գիտատեխնիկական համալիրի հիմնական խնդիրների իրականացումը կապահովվի Հայաստանի գիտական և գիտաարտադրական հնարավորությունների գնահատմամբ որոշված առաջնահերթ գերակա ուղղություններին համապատասխան պետական համալիր ծրագրի առկայությամբ, պետական հսկողությամբ և համակարգված կատարմամբ:

17. Պետական համալիր ծրագրի նպատակն է երկրի ռազմական և տնտեսական անվտանգության երաշխավորված ապահովումը` գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների հիմքերի ստեղծմամբ ու զարգացմամբ:

18. Գիտատեխնիկական համալիրի ստեղծման հիմնական միջոցառումներն են`

1) ՌԱՀ-ի ոլորտում աշխատանքների անընդհատությունը և զարգացումն ապահովելու նպատակով մասնագետների` բուհական, հետբուհական, միջին մասնագիտական պատրաստման և վերապատրաստման համապատասխան պետական ծրագրի մշակումը և կենսագործումը,

2) համապատասխան պետական մարմնի (մարմինների) կողմից ազգային ներուժի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշակված կամ ձեռք բերված համակարգաստեղծ տեխնոլոգիաների, եզակի սարքավորումների հաշվառման մեխանիզմների ներդրումը և վարումը,

3) պետական օժանդակությամբ ռազմական արդյունաբերության գերակա ուղղություններով նախատեսված ՌԱՀ-ի ճյուղերի ստեղծման և զարգացման համար գիտատեխնիկական, արտադրատեխնոլոգիական ներուժի, առկա տեխնոլոգիաների պահպանման և զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

 

VI. ՌՏՔ-ի գերակա ուղղությունները

 

19. Մինչև 2020 թ. ՌՏՔ-ի գերակա ուղղություններն են`

1) ԶՈՒ-ի սպառազինությունում գոյություն ունեցող ՍՌՏ-ի, ՌՏՈՒ-ի նորոգումը, արդիականացումը,

2) նոր ՍՌՏ-ների, ՌՏՈՒ-ների ստեղծումը և արտադրումը, որոնք են`

ա. հրաձգային զենքերը, զինամթերքը, ՌՏՈՒ-ն, թեթև սպառազինությունը, հրետանային միջոցները, ՍՌՏ-ի բազային և հատուկ մասերը.

բ. լազերային, օպտիկաէլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային և ռադիոլոկացիոն սպառազինությունը.

գ. անօդաչու թռչող սարքերը, հարվածային անօդաչու թռչող սարքերը և հակառակորդի նմանատիպ սարքերին հակազդման միջոցները.

դ. հետախուզության տեխնիկական միջոցները.

ե. կապի տեխնիկական միջոցները.

զ. նավարկային միջոցները.

է. ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները.

ը. քիմիական և կենսաբանական պաշտպանական միջոցները,

3) հրթիռաշինության զարգացումը.

4) ավտոմատացված կառավարման համակարգերի ստեղծումը:

20. ՌՏՔ-ի գերակա ուղղությունները կարող են փոփոխվել ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով:

 

VII. ՌԱՔ-ի գերակա ուղղությունները

 

21. Մինչև 2020 թ. ՌԱՔ-ի գերակա ուղղություններն են`

1) մետաղամշակող կենտրոնների և ճշգրիտ դետալներ մշակող հաստոցային պարկի ստեղծումը,

2) ռադիոէլեկտրոնային սարքավորումների և դետալների հավաքման արտադրության ստեղծումը,

3) պայթուցիկ նյութերի` հեքսոգենի, օկտոգենի ու վառելիքային նյութերի համաձուլվածքների արտադրության ստեղծում, ինչպես նաև կոմպոզիցիոն նյութերի տեխնոլոգիաների յուրացումը,

4) բարձր, գիտատարողունակ և մրցունակ տեխնոլոգիաների յուրացումը, նոր մշակումների և արտադրությունների կազմակերպումը:

22. ՌԱՔ-ի գերակա ուղղությունները կարող են փոփոխվել ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

 Ա. Գևորգյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան