Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները` ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
հիմնվելով Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին 1993 թվականի հունվարի 22-ի Համաձայնագրի վրա,
ցանկություն հայտնելով այսուհետ ավելի ամրապնդել միջպետական համագործակցությունը բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցման, հետևանքների մեղմացման բնագավառում,
համոզված լինելով տեղեկատվական միջավայրի ստեղծման անհրաժեշտության մեջ, որը թույլ կտա նվազագույն ժամկետներում ստանալ բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների անդրսահմանային ներգործության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ ու հավաստի տեղեկությունները,
ընդունելով բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման, տուժած բնակչությանը օգնություն ցույց տալու միջոցառումների իրականացման համար տեղեկատվական ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը,
նշելով այդ բնագավառում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ երկկողմ և բազմակողմ պայմանավորվածությունների օգտակարությունը,
համաձայնեցին ներքոշարադրյալի մասին.
Հոդված 1
Կողմերը լիազորված մարմինների, ինչպես նաև ազգային տեղեկատվական գործակալությունների (Կողմերի կենտրոնական պետական տեղեկատվական գործակալություններ) միջոցով իրականացնում են իրենց պետությունների տարածքներում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների, փոխադարձ օգնության մասին Կողմերի հարցումների և առաջարկությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից օգնության վերաբերյալ տեղեկատվության համակողմանի փոխանակում:
Հոդված 2
Կողմերը, օգտագործելով ազգային տեղեկատվական ռեսուրսները, միջոցներ են ձեռնարկում տեղեկատվության միջպետական փոխանակման արդյունավետ համակարգի ստեղծման, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման ոլորտում տվյալների միասնական բանկի կազմակերպման համար:
Հոդված 3
Կողմերը, սույն Համաձայնագրին և այլ միջազգային պայմանագրերին համապատասխան, որի մասնակիցներ են իրենք, ինչպես նաև ազգային օրենսդրության համապատասխան, զարգացնում են համագործակցությունը բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության միջպետական փոխանակության նորմատիվ իրավական ու մեթոդական բազա ստեղծելու, դրանց հետևանքները վերացնելու և տուժած բնակչությանն օգնություն ցույց տալու ժամանակ տեղեկատվական փոխգործակցության ոլորտում:
Հոդված 4
Կողմերը տեղեկատվությունը փոխանակում են Անկախ Պետությունների Համագործակցության աշխատանքային լեզվով` պահպանելով միջազգային ստանդարտներով սահմանված` հաղորդագրություններ փոխանցելու եղանակները` օգտագործելով Կողմերի գործող տեղեկատվական-հեռահաղորդակցային ռեսուրսները, ինչպես նաև նոր ստեղծվող կապի համակարգերը:
Կողմերը պատասխանատվություն են կրում արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության ամբողջականության և հավաստիության համար:
Հոդված 5
Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակները կանխելու և հետևանքները վերացնելու, տուժած բնակչությանն օգնություն ցույց տալու և շրջակա միջավայրի աղտոտվածությունը կանխելու բնագավառում արդյունավետ փոխգործակցելու նպատակով Կողմերն իրականացնում են միջոցառումներ արտակարգ իրավիճակների ռիսկի կառավարման ազգային համակարգերի զարգացման համար` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, կառավարման ավտոմատացված համակարգերի, կապի ու ազդարարման համակարգերի կատարելագործման բազայի վրա:
Հոդված 6
Կողմերը բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության փոխանակման, դրանց կանխման և հետևանքների վերացման և տուժած բնակչությանն օգնություն ցույց տալու համար տեղեկատվական փոխգործակցության բնագավառում իրականացնում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախագծեր: Կողմերի համագործակցությունը համատեղ նախագծերի նախապատրաստման և իրականացման գործում իրականացվում է առանձին համաձայնագրեր կնքելու միջոցով:
Հոդված 7
Կողմերի ազգային տեղեկատվական գործակալությունները փոխանակում են միայն այն տեղեկությունները, որոնք տրամադրվում են արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում Կողմերի լիազորված մարմինների կողմից:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործունեության արդյունքում ստացված տեղեկությունը, բացառությամբ այն տեղեկության, որը, Կողմերի օրենսդրության համաձայն, ենթակա չէ հրապարակման, հրապարակվում է սահմանված կարգով:
Հոդված 9
Կողմերի իրավասու մարմինները և ազգային տեղեկատվական գործակալությունները անմիջական կապ են հաստատում սույն Համաձայնագիրն իրականացնելու նպատակով:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի կիրառման ու մեկնաբանման հետ կապված վեճերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը այն ստորագրած Կողմերի կողմից կատարելու մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին հանձնելու օրվանից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան ծանուցումը հանձնելու օրվանից:
Հոդված 12
Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ ու լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրը միանալու համար բաց է դրա դրույթներն ընդունող և սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համար: Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին միանալու վերաբերյալ փաստաթուղթը հանձնելու օրվանից:
Այն պետությունների համար, որոնք չեն մտնում Անկախ Պետությունների Համագործակցության մեջ, բայց ընդունում են սույն Համաձայնագրի դրույթները, միացումն իրականացվում է բոլոր Կողմերի համաձայնությամբ` միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած միանալու համաձայնության վերաբերյալ վերջին հայտարարությունը ավանդապահին հանձնելու օրվանից:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից` հինգ տարի ժամկետով: Այս ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է, յուրաքանչյուր անգամ` հնգամյա ժամկետով, եթե Կողմերը այլ որոշում չեն ընդունում:
Հոդված 15
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Կատարված է Յալթա քաղաքում 2003 թվականի սեպտեմբերի 18-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի սեպտեմբերի 7-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|