Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2000
Ստորագրման ամսաթիվ
31.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Բելառուսի Հանրապետության կառավարության միջԵՎ գիտատեխնիկական համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

համարելով, որ գիտատեխնիկական համագործակցությունը հանդիսանում է  երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի կարևոր բաղկացուցիչ մաս, ընդունելով գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կոոպերացիայի  անհրաժեշտությունը,

հաշվի առնելով պատմականորեն ձևավորված գիտատեխնիկական կապերի և գիտության ու տեխնիկայի զարգացման գործում գերակայությունների ընդհանրությունը,

ընդունելով, որ այդպիսի համագործակցությունը կնպաստի երկու պետությունների և ժողովուրդների միջև երկկողմ փոխշահավետ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը սույն Համաձայնագրին և իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան կնպաստեն իրենց պետությունների միջև գիտատեխնիկական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

 

Հոդված 2

 

Երկկողմ գիտատեխնիկական համագործակցության ուղղությունները կորոշվեն` ելնելով երկու պետություններում գիտության և տեխնիկայի զարգացման շահերից:

 

Հոդված 3

 

Սույն Համաձայնագրով նախատեսված` Կողմերի գիտատեխնիկական համագործակցությունը կիրականացվի երկու պետությունների նախարարությունների, այլ կառավարման մարմինների, գիտությունների ազգային  ակադեմիաների, գիտահետազոտական հիմնարկների և կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, առանձին գիտնականների և մասնագետների կողմից` նրանց իրավասության սահմաններում և ազգային օրենսդրություններին համապատասխան նրանց միջև ուղղակի համաձայնագրերի, պայմանագրերի և կոնտրակտների հիման վրա: 

Համագործակցության ընդհանուր ղեկավարումը և համակարգումն կիրականացվեն  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի կողմից: Համագործակցության իրականացման պայմանները կսահմանվեն պայմանագրերով, որոնք նախատեսում են.

- համագործակցության նպատակները և բովանդակությունը, ակնկալվող արդյունքները, նախագծերի իրականացման ժամկետները և պայմանները,

- աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները, ֆինանսական փոխադարձ պարտավորությունները,

- գիտական օբյեկտների և համագործակցության ընթացքում համատեղ հետազոտությունների արդյունքների  օգտագործման կարգը,

- վիճելի հարցերի լուծման և համագործակցության ընթացքում պատճառված հնարավոր վնասների հատուցման կարգը,

- երրորդ պետությունների կազմակերպությունների, անձանց կամ միջազգային կազմակերպությունների մասնակցությունը համագործակցությանը, այդպիսի մասնակցության ֆինանսավորման և համագործակցության արդյունքների օգտագործման կարգը,

- համագործակցության ընթացքում միմյանց փոխանցվող տեղեկատվության հավաստիության, նյութերի և սարքավորումների որակի համար պատասխանատվությունը,

- համագործակցության արդյունքում ստացված մտավոր սեփականության իրավունքների բաշխման և այդ իրավունքների բաշխման ու պահպանության հարցերի կարգավորման կարգը:

 

Հոդված 4

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով.

- համատեղ գիտական, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական ծրագրերի և նախագծերի, ինչպես նաև Կողմերի պետությունների տնտեսությունների համար առաջնային նշանակություն ունեցող հիմնարար հետազոտությունների իրականացում, դրանց փորձաքննության փոխադարձ անցկացում,

- գիտահետազոտական աշխատանքների արդյունքների համատեղ հրատարակում,

- համատեղ գիտահետազոտական կոլեկտիվների ձևավորում, այդ թվում` դաշտային համատեղ հետազոտություններ  արշավախմբերի, նորարարական և այլ տիպի կազմակերպությունների համար, որոնք կապահովեն նոր տեխնոլոգիաների իրացումը և մշակումը,

- գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության, փաստաթղթերի, գրականության և մատենագիտական հրատարակությունների փոխանակություն,

- գիտական կադրերի նախապատրաստում, գիտնականների և մասնագետների փոխանակություն,

- համատեղ սեմինարների, գիտաժողովների, աշխատանքային հանդիպումների և ստաժավորումների կազմակերպման միջոցով գիտնականների և մասնագետների որակավորման բարձրացում:

Համագործակցությունը կարող է իրականացվել նաև փոխհամաձայնեցված այլ ձևերով, որոնք կապահովեն սույն Համաձայնագրի իրականացումը:

Համագործակցության ձևերը ընտրելիս և սահմանելիս Կողմերը ղեկավարվում են միմիայն գիտության զարգացման, երկու պետությունների ու ժողովուրդների տնտեսական և հասարակական առաջընթացի շահերով:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը կստեղծեն գիտատեխնիկական համագործակցության հարցերի համատեղ Հանձնաժողով:

Իր գործունեությունը կազմակերպելու նպատակով Հանձնաժողովը մշակում և  հաստատում է աշխատանքային կանոնակարգ:

Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները պետք է լինեն գիտության և տեխնիկայի ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջնային ուղղությունների քննարկումը, կոոպերացիայի նոր ոլորտների և ձևերի բացահայտումը, համատեղ ծրագրերի կազմումը և համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը:

 

Հոդված 6

 

Հաշվի առնելով գիտական հետազոտությունների և փորձակոնստրուկտորական մշակումների համաշխարհային մակարդակի պահպանման կարևորությունը, Կողմերը կօժանդակեն նոր տեխնոլոգիաների փոխանակմանը, հատուկ ուշադրություն կդարձնեն երկու պետությունների գիտնականների համար նորագույն և եզակի փորձարարական կայանքներից, սարքերից, սարքավորումից օգտվելու հարցում մատչելիության ապահովմանը, ինչպես նաև դրանց մշակման, արտադրության և ձեռք բերման կոոպերացմանը:

 

Հոդված 7

 

Կողմերը պայմանավորվում են, որ համագործակցության ընթացքում ստացված գիտական և գիտատեխնիկական տեղեկությունը, Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան, բաց հրապարակման տարածման ընդունված եղանակների օգտագործման շրջանակներում մատչելի կլինի համաշխարհային գիտական հասարակությանը:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համատեղ նախագծերին մասնակցած փորձագետների, գիտնականների և այլ մասնագետների փոխանակությունը կատարվում է նախնական պայմանավորվածության համաձայն, իսկ դրա հետ կապված վճարումները՝  հետևյալ կարգով.

- գործուղող Կողմը վճարում է երկու պետությունների` դուրս գալու և նշանակման  կետերի միջև գործուղվող մասնագետի փոխադրածախսը,

- ընդունող Կողմն ամբողջությամբ իր վրա է վերցնում գործուղված մասնագետի բնակության, սննդի, փոխադրության և այլ ծախսերն իր պետության տարածքում, ելնելով ծախսերի չափաբաժիններից, որոնք սահմանված են ընդունող Կողմի համապատասխան կարգի մասնագետների համար,

- գործուղված մասնագետի բժշկական սպասարկումը ընդունող Կողմի պետության տարածքում (ծանր հիվանդությունների կամ դժբախտ պատահարների դեպքում) ապահովվում է ընդունող Կողմի հաշվին` նույն պայմաններով, ինչպիսիք նախատեսված են ընդունող Կողմի աշխատակիցների համար:

Տվյալ կարգը գործում է, եթե համագործակցող Կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որևէ այլ կարգ չեն սահմանել:

 

Հոդված 9

 

Կողմերը, հաշվի առնելով Կողմերի պետությունների ազգային օրենսդրությունը, ապահովում են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, որը կարող է ստեղծվել սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության արդյունքում:

Մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների պաշտպանության և օգտագործման հարցերը կարգավորվում են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված մարմինների և կազմակերպությունների միջև կնքված Համաձայնագրերով՝  ելնելով Կողմերի պետությունների օրենսդրության պահանջներից:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքները և պարտավորությունները, որոնք բխում են նրանց կողմից կնքված միջազգային պայմանագրերից և համաձայնագրերից:

Սույն Համաձայնագրի դրույթներն իրականացվում են Կողմերի պետություններից  յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 11

 

Պայմանավորվող կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կարող են սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարել, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կկազմեն և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման  և կիրառման ընթացքում ծագած վեճերը և տարաձայնությունները կլուծվեն խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 12

 

Սույն  Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ երկու պետությունների ազգային օրենսդրություններով սահմանված ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով փոխադարձ ծանուցման օրվանից և գործում է հինգ տարի ժամկետով: Համաձայնագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ երկամյա ժամանակահատվածի համար, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ գրավոր կարգով մյուս Կողմին չի տեղեկացնում Համաձայնագիրը դադարեցնելու իր ցանկության մասին:

Սույն Համաձայնագրի ոչ մի փոփոխություն կամ գործողության դադարեցում չի կարող փոփոխել Կողմերի ստանձնած իրավունքները և պարտավորությունները, որոնք առաջացել են սույն Համաձայնագրի շրջանակներում մինչև նման փոփոխությունների գործողության մեջ մտնելը կամ Համաձայնագրի գործողության ավարտը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 31-ին,  երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն,  բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մարտի 1-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան