Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2001
Ստորագրման ամսաթիվ
23.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝  Կողմեր,

իրենց երկրների միջև տնտեսական և առևտրական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով,

ցուցաբերելով համագործակցությունը զարգացնելու ձգտում ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման, ԻՍՕ 9000 և 14000 շարքի միջազգային ստանդարտների հիման վրա արտադրանքի որակի և շրջակա միջավայրի կառավարման, սպառողի իրավունքների պաշտպանության և փոխմատակարարվող արտադրանքի անվտանգության հաստատման ապահովման բնագավառում,

ղեկավարվելով միջազգային իրավունքի սկզբունքներով և նորմերով,

երկու պետություններում գործող օրենսդրության շրջանակներում

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը փոխադարձաբար ճանաչում են ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, սերտիֆիկացման և հավատարմագրման գործող պետական (ազգային) համակարգերը։

Կողմերը՝

Կողմերի միջև համաձայնեցված կարգով փոխադարձաբար ճանաչում են չափման միջոցների պետական փորձարկումների, տեսակի հաստատման, ստուգաչափման, ստուգաճշտման, չափագիտական վկայագրման արդյունքները և այն կազմակերպությունները, որոնք կատարում են ստուգաչափման և փորձարկման լաբորատորիաների և կենտրոնների հավատարմագրում, ինչպես նաև նրանց կողմից հավատարմագրված լաբորատորիաները և կենտրոնները, որոնք իրականացնում են չափման միջոցների ստուգաչափում, փորձարկումներ և ստուգաճշտում,
ճանաչում են մյուս Կողմի՝ հավատարմագրված սերտիֆիկացման մարմինները, ստուգաչափական և փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները), փոխմատակարարվող արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատները և նշանները սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված մարմինների կողմից որոշվող՝ համաձայնեցված կարգով,

ճանաչում են Կողմերի ճանաչմանն արժանացած սերտիֆիկացման միջազգային և ազգային համակարգերում տրված փորձագետ-աուդիտորների սերտիֆիկատները,

կիրառում են մյուս Կողմի ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման նորմատիվ փաստաթղթերը, եթե նրանց պահանջները չեն հակասում տվյալ պետության գործող օրենսդրության համաձայն՝ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմնի կողմից գործողության մեջ դրված սահմանված կարգին։

 

Հոդված 2

 

Կողմերը միմյանց միջև իրականացնելու են համագործակցությունը համաձայնագրերի  և համատեղ ծրագրերի հիման վրա, որոնք նախատեսում են՝

փոխգործակցություն ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման նորմատիվ և մեթոդական փաստաթղթերի մշակման գործում,

կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,

ֆիզիկական մեծությունների միավորների ազգային չափանմուշների և չափումների ելակետային նմուշային միջոցների ստեղծում, կատարելագործում և համեմատում,

տարրերի և նյութերի բաղադրությունների և հատկությունների, ստանդարտ նմուշների, ինչպես նաև տարրերի և նյութերի ֆիզիկական հաստատունների և հատկությունների մասին տվյալների ստանդարտ տեղեկատուների ստեղծում և օգտագործում,

ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, սերտիֆիկացման և հավատարմագրման պետական (ազգային) համակարգերի հետագա զարգացում, կատարելագործում և ներդաշնակեցում,

ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում տեղեկատվական գործունեության զարգացում։

 

Հոդված 3

 

Կողմերը կաջակցեն միմյանց ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում այն միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին անդամակցելուն, որոնց անդամ է Կողմերից մեկը, և այդ կազմակերպություններում աշխատանքներ կատարելուն։

 

Հոդված 4

 

Կողմերը կապահովեն ստացվող փաստաթղթերի և սույն Համաձայնագրի շրջանակներում կատարվող աշխատանքների մասին տեղեկատվության գաղտնիությունը, եթե փոխանցող Կողմը նշի դրանց գաղտնիության մասին։

Նշված տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ պետության միայն այն տրամադրող Կողմի գրավոր համաձայնությամբ։

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրի դրույթներն իրագործելու համար պատասխանատու մարմիններն են՝

Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը,

Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կոմիտեն:

Լիազորված մարմինների պաշտոնական անվանումների փոփոխման դեպքում Կողմերը այդ մասին միմյանց անհապաղ տեղեկացնում են դիվանագիտական ուղիներով։

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագրի դրույթներով նախատեսված ուղղություններով համագործակցությունն իրականացվելու է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված մարմինների միջև համատեղ ծրագրերի մշակման միջոցով։

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերով Կողմերի ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները։

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում ծագող վեճերը կամ տարաձայնությունները Կողմերը լուծելու են փոխադարձ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով։

 

Հոդված 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

Արձանագրությունները ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը։

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցման օրվանից։

Սույն Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան հնգամյա ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի տեղեկացնում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին։

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ ղազախերեն, հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են։

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը ղեկավարվելու են ռուսերեն տեքստով:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 17-ից: