Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2000
Ստորագրման ամսաթիվ
19.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2000

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության ֆինանսների ԵՎ էկոնոմիկայի նախարարության ԵՎ Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության միջԵՎ համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,

մեծ նշանակություն տալով իրենց իրավասությունների շրջանակներ մտնող հարցերով Կողմերի միջև փոխադարձ և գործարար կապերի զարգացմանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

 Պարբերականորեն անցկացնել բանակցություններ իրենց իրավասությունների շրջանակներ մտնող խնդիրների շուրջ՝ ներառյալ հետևյալ հարցերը.

- բյուջետային և հարկային քաղաքականության վերաբերյալ ազգային օրենսդրություն,

- Կողմերի պետությունների տարածքում ազատ տնտեսական գոտիների և համանման տնտեսական կազմավորումների, եթե դրանք առկա են, ստեղծումն ու գործունեությունը կարգավորող ազգային օրենսդրությունը,

- Կողմերի պետությունների ռեզիդենտների և երրորդ երկրների անձանց հարկումը՝ ազգային օրենսդրությանը և կնքված միջազգային Համաձայնագրերին և Կոնվենցիաներին համապատասխան,

- արժեթղթերի առաջնային և երկրորդական շուկայի, արժեթղթերի ածանցյալ շուկայի կարգավորում, ներառյալ միջազգային շուկաներում գործարքներ,

- Կողմերի պետություններում տնտեսական տարբեր ճյուղերում իրականացվող կառուցվածքային (այդ թվում՝ ենթակառուցվածքային) բարեփոխումների անցկացում և ֆինանսական ծրագրերի իրականացման փորձի փոխանակում,

- Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

Կողմերի պետությունների համար հատուկ պետական կարևորություն ներկայացնող, վերը բերված ցուցակի մեջ մտնող հարցերով տեղեկությունը կարող է Կողմերի կողմից միմյանց ներկայացվել իրենց հայեցողությամբ և, ամեն առանձին դեպքում, ըստ նախապես պայմանավորվածությամբ:

Մի Կողմից մյուսի ստացած յուրաքանչյուր տեղեկությունը համարվում է գաղտնի և կարող է հրապարակվել կամ երրորդ կողմին փոխանցվել միայն նման տեղեկություն ներկայացնող Կողմի գրավոր համաձայնությամբ:

 

Հոդված 2

 

 Փոխադարձ համաձայնությամբ կազմակերպել և անցկացնել 1-ին հոդվածում նշված հարցերով առավել լայն փորձի և տեսակետների փոխանակմանը նպաստող սեմինարներ և կոնֆերանսներ: Այն դեպքերում, երբ դա ընդունելի է Կողմերի համար, նման միջոցառումներին կարող են հրավիրվել երրորդ երկրների ներկայացուցիչներ: Կողմերը նախօրոք կորոշեն նման սեմինարների և կոնֆերանսների անցկացման ֆինանսավորման հարցերը:

 

Հոդված 3

 

 Սույն Համաձայնագիրը չի կարող և չպետք է ազդի Կողմերի այն իրավունքների և պարտավորությունների վրա, որոնք բխում են յուրաքանչյուր կամ այլ համաձայնագրերից, որոնց մասնակիցներն են հանդիսանում Կողմերը:

 

Հոդված 4

 

 Անհրաժեշտության դեպքում, Կողմերի համաձայնությամբ, սույն Համաձայնագրի մեջ կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող առանձին արձանագրությամբ:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի հինգ տարի ժամկետով: Նշված ժամանակահատվածը լրանալուն պես Համաձայնագրի գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերից որևէ մեկը չի հայտնել Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին ծանուցում ուղարկելու միջոցով:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի հուլիսի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում կգերակայի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի հուլիսի 19-ից: