Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
05.07.2000
Ստորագրման ամսաթիվ
05.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության ԵՎ Բելառուսի Հանրապետության արխիվների ու գործավարության պետական կոմիտեի միջԵՎ համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը և Բելառուսի Հանրապետության արխիվների ու գործավարության պետական կոմիտեն, այսուհետ` Կողմեր,

 գործելով ի շահ գիտական ու մշակութային կապերի հետագա զարգացման,

 ելնելով երկու պետությունների արխիվային հիմնարկների միջև բազմակողմանի համագործակցության փոխադարձ ձգտումից,

 համոզված, որ նման համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

 Կողմերը, սույն Համաձայնագրի և Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, սահմանված կարգով համագործակցություն կիրականացնեն առանձնակի ուշադրություն դարձնելով արխիվային գործունեության ոլորտում իրենց հետաքրքրող ուղղություններով փորձի փոխանակմանը։ Այդ նպատակով Կողմերը փոխադարձ հիմունքներով կիրականացնեն մասնագետ-արխիվագետների փոխայցելություններ և տեղեկատվություն կփոխանակեն  արխիվային գործի իրենց մոտ ծագող խնդիրների վերաբերյալ։

 

Հոդված 2

 

 Կողմերը կփոխանակեն արխիվային հիմնարկների գործունեության կարգավորման հետ կապված օրենսդրական և չափորոշիչ (նորմատիվ) այլ ակտեր, ինչպես նաև արխիվային գործի վերաբերյալ տեղեկատու և  գիտամեթոդական գրականություն (աշխատանքի կանոններ, գիտական աշխատություններ, հոդվածներ, գիտաժողովների, սեմինարների նյութեր և այլն) և Կողմերի հիմնարկների հրապարակած արխիվային փաստաթղթեր:

 Սույն հոդվածի պայմանավորվածություններն իրականացնելու համար Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմին է փոխանցում տարվա ընթացքում հրատարակված և հրապարակված փաստաթղթերի ցանկը:

 Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմից կարող է խնդրել իրեն հետաքրքրող լրատվությունը, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակող նյութերի: 

 

Հոդված 3

 

 Կողմերն իրենց պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով կիրականացնեն արխիվային փաստաթղթերի համատեղ հրապարակումներ և կկազմակերպեն համաձայնեցված թեմատիկայով փաստաթղթերի ցուցահանդեսներ:

 

Հոդված 4

 

Ազգային արխիվային ֆոնդերը փաստաթղթերով համալրելու նպատակով Կողմերը միմյանց կտրամադրեն արխիվային փաստաթղթերի պատճեններ, որոնք տեղեկություն են պարունակում Հայաստանի և  Բելառուսի ժողովուրդների պատմության վերաբերյալ: Պատճենների տրամադրման հաշվարկները կիրականացվեն համարժեքային հիմունքներով կամ երկու Կողմերի համար ընդունելի պայմանագրային գներով:

 

Հոդված 5

 

Պայմանավորվող կողմերի պետությունների արխիվային ֆոնդերում ոչ պրոֆիլային փաստաթղթերի հայտնաբերման դեպքում Կողմերը բանակցությունների միջոցով և Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան որոշում են այդ փաստաթղթերն ըստ պատկանելության հանձնելու հարցը: Արխիվային ֆոնդերի հանձնման յուրաքանչյուր առանձին դեպքի մասին պայմանավորվածությունը ձևակերպվում է լրացուցիչ համաձայնագրով:

Փաստաթղթերի համապատասխան համալիրի ֆիզիկական առանձնացման անհնարինության դեպքում Կողմերից յուրաքանչյուրին դրանցից օգտվելու հնարավորություն և անհրաժեշտ պատճեններ ստանալու իրավունք է տրվում:

 

Հոդված 6

 

Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմի ուսումնասիրողներին կաջակցի իր պետական արխիվների նյութերի հետ տարվող աշխատանքում:

Այդ նպատակով ուսումնասիրողներին կթույլատրվի օգտվել իրենց հետազոտությունների թեմաներին առնչվող ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված տեղեկատու նյութերից, եթե այդ չի հակասում Կողմերի ազգային օրենսդրությանը:

 

Հոդված 7

 

 Կողմերը իրենց իրավասության շրջանակներում միմյանց կաջակցեն մյուս Կողմի քաղաքացիների ու կազմակերպությունների  սոցիալ-իրավական հարցումների բավարարման գործում։ Կողմերը  ժամանակին ու անվճար կբավարարեն աշխատանքային ստաժի, աշխատավարձի,  կրթության, որակավորման, պետական պարգևների, բռնադատումների փաստերի, քաղաքացիների բռնագաղթման, գույքի բռնագրավման, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վիրավորվելու, հոսպիտալում բուժվելու և այլնի վերաբերյալ հարցումները։

 

Հոդված 8

 

 Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը չի խոչընդոտում արխիվային գործի բնագավառում փոխհամաձայնությամբ իրականացվող և երրորդ երկրների նկատմամբ ունեցած պարտավորությունները չշոշափող Կողմերի մասնագիտական շփումների այլ ձևերին:

 

Հոդված 9

 

Կողմերը տեղեկացնում են միմյանց արխիվային գործի բնագավառում այլ երկրների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև միջազգային արխիվային կազմակերպությունների գործունեությանն իրենց մասնակցության մասին: Անհրաժեշտության դեպքում Կողմերը խորհրդատվություններ են անցկացնում միջազգային արխիվային կազմակերպություններում քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները համաձայնեցնելու համար:

 

Հոդված 10

 

 Սույն Համաձայնագրի կիրարկման և մեկնաբանման հետ կապված հարցերի շուրջը տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կանցկացնեն խորհրդակցություններ և բանակցություններ:

 

Հոդված 11

 

 Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրում, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու  համար նախատեսված կարգով։

 

Հոդված 12

 

 Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի կողմից ծանուցում ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ չի ծանուցի մյուս Կողմին նրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի հուլիսի 5-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ համազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի ապրիլի 10-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան