ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի մարտի 14-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 54-րդ հոդվածի 4-րդ մասում «2019» թիվը փոխարինել «2020» թվով:
Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում մինչև 2019 թվականի մայիսի 31-ը:
3. Պաշտոնավարող հայտարարատու պաշտոնատար անձինք առաջին անգամ շահերի վերաբերյալ տվյալներ են ներկայացնում 2019 թվականի տարեկան հայտարարագրում՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ:»:
Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2019 թվականի հունվարի 1-ից:
2. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները սույն օրենքի կիրառման պահից շարունակում են գործել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:
3. 2019 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում:
4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2018 թվականի տարեկան, ինչպես նաև պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագիր ներկայացրած անձինք ազատվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից և համարվում են հայտարարագիր ներկայացրած:
5. Բարձրագույն դատական խորհրդի անդամները պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր են ներկայացնում օրենքն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում:
6. Մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի իմաստով՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձ» բառերի փոխարեն կարդալ. «Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, դատավորները, փոխվարչապետները, նախարարները և նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը և նրա տեղակալները, ինքնավար և անկախ պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, բացառությամբ տեսչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը և նրա տեղակալները, Քրեակատարողական ծառայության պետը և նրա տեղակալները, Պրոբացիայի ծառայության ղեկավարը և նրա տեղակալները, Գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները, Փրկարար ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը և նրա տեղակալները, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները, Երևանի քաղաքապետը և նրա տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, հատուկ հանձնարարություններով դեսպանը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, գլխավոր ռազմական տեսուչը և նրա տեղակալները, Հանրապետության նախագահի խորհրդականները, մամուլի քարտուղարը և օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և օգնականները, վարչապետի խորհրդականները և օգնականները:»:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. մարտի 18 Երևան ՀՕ-3-Ն |