Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-176-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.10.2018-31.03.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.24/54(426) Հոդ.1034
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1. Օրենքի նպատակները


Սույն օրենքի հիմնական նպատակներն են`

1) նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության զարգացմանը.

2) առավելագույնս երաշխավորել արդար և բաց մրցակցություն` էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների, միջոցների և սարքավորումների տրամադրման ոլորտներում.

3) ապահովել էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում.

4) ապահովել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ օգտագործողների, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների շահերի պաշտպանությունը բաց շուկայական տնտեսության պայմաններում.

5) ապահովել սակագների մակարդակի վերանայումը` դրանք առավել մոտեցնելով փաստացի ծախսերին և խթանել ոլորտում գործունեության արդյունավետության բարձրացումը.

6) ապահովել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի արդյունավետ կարգավորումը, ներառյալ` արդար և ժամանակին արձագանքումը սպառողների բողոքներին և օրենսդրության արդյունավետ կիրառումը.

7) ապահովել վերջնակետային սարքավորումների թույլտվությունների արդյունավետ պայմանները.

8) ապահովել սահմանափակ ռեսուրսների, ներառյալ` ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարների արդյունավետ օգտագործումը.

9) խթանել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի զարգացումը` խրախուսելով տնտեսապես արդյունավետ ներդրումները ենթակառուցվածքում և վերջիններիս օգտագործումը էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով.

10) խթանել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և ծառայությունների տեսականու ավելացումը.

11) վերոհիշյալ նպատակներն իրագործել այնպես, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա կատարել էլեկտրոնային հաղորդակցության շուկաների ազատականացման հետ կապված իր միջազգային հանձնառությունները:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները


Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

փոխկապակցված անձ` անձ, որը (ուղղակի կամ անուղղակի) տիրապետում է կամ վերահսկում մեկ այլ անձի, տիրապետվում կամ վերահսկվում վերջինիս կողմից, կամ վերջինիս հետ միասին պատկանում միևնույն սեփականատիրոջը (սեփականատերերին): Սույն հասկացության մեջ «տիրապետել» նշանակում է ունենալ 20 տոկոսից ավելի բաժնետիրական մասնակցություն (կամ դրա համարժեքը).

սիրողական ռադիո` շահույթի նպատակ չհետապնդող ռադիոկապ ռադիոսիրողների միջև, այդ թվում` հաղորդակցություն, որն ուղղակիորեն առնչվում է մարդու կյանքի նկատմամբ որևէ սպառնալիքի կամ որևէ դժբախտ պատահարի կանխարգելման, կամ դժբախտ պատահարների հետևանքների վերացման հետ.

իրավասու մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որն իրավասու է իրականացնելու սույն օրենքով վերապահված լիազորություններ.

ռադիոկանչի նշան` թվերի կամ տառերի համադրություն, որն օգտագործվում է ռադիոառաքող կայանի նույնացման (իդենտիֆիկացման) համար.

տեղադրում` ցանցի օպերատորի կողմից ֆիզիկական տարածքի և տեխնիկական պայմանների տրամադրում իրավազոր ծառայություններ մատուցողի համար` ֆիզիկական և վիրտուալ տեղադրման միջոցով վերջինիս սարքավորումների անհրաժեշտ տեղակայումն ու կապակցումն ապահովելու համար.

Կարգավորող` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծվող Հանձնաժողով.

գերիշխող օպերատոր` օպերատոր, որը Կարգավորողի կողմից ճանաչվել է որպես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող.

ծառայությունների մատուցման մեջ գերիշխող` ծառայություններ մատուցող, որը Կարգավորողի կողմից ճանաչվել է հանրային էլեկտրոնային հաղորդակցության որևէ ծառայության մատուցման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող.

էլեկտրոնային հաղորդակցության ցանց` հաղորդման համակարգ, իսկ համապատասխան դեպքերում` նաև միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս հաղորդել ազդակներ (սիգնալներ) մալուխով, ռադիոյով, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական միջոցներով, այդ թվում` արբանյակային ցանցով, ամրակցված ցանցով և շարժական կապի երկրային ցանցով, էլեկտրական էներգիայի գծային համակարգերով այնպես, որ դրանք օգտագործվեն ազդակների հաղորդման համար` անկախ հաղորդվող տեղեկատվության տեսակից.

էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն` ծառայություն, որը, որպես կանոն, մատուցվում է հատուցման դիմաց, և ամբողջությամբ կամ մասամբ բաղկացած է էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ազդակների հաղորդումից, իսկ համապատասխան դեպքերում` ազդակների ուղղորդումից, սակայն չի ներառում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ խմբագրական հսկողություն տրամադրող կամ իրականացնող ծառայությունները.

հաճախորդ կամ բաժանորդ` ցանկացած անձ, որն օգտագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ կամ դիմում է դրանց օգտագործման համար: Սույն հասկացությունը չի տարածվում այն անձանց վրա, որոնք առաջարկում կամ մատուցում են հեռահաղորդակցության ծառայություններ.

վերջնական օգտագործող` ցանկացած անձ, որն օգտագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, սակայն այդպիսիք չի առաջարկում երրորդ անձանց.

ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն` սույն օրենքի համաձայն տրված թույլտվություն, որը թույլ է տալիս օգտագործել ռադիոհաճախականության որոշակի հատված.

նույնացման (իդենտիֆիկացման) կոդ` աշխարհագրական տեղը բնորոշող թվերի համադրություն, որն օգտագործվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կամ դրա որևէ մասի օգտագործումը կազմակերպելու համար՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն տրամադրող կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց շահագործող օպերատորին նույնացնելու նպատակով.

պատմականորեն գերիշխող օպերատոր կամ ծառայությունների մատուցման մեջ պատմականորեն գերիշխող` «Արմենիա Տելեֆոն Քոմպանի» ընկերությունը և վերջինիս իրավահաջորդները.

փոխկապակցում` միևնույն կամ տարբեր էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողների կողմից օգտագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու ցանցերի ֆիզիկական և տրամաբանական կապակցումը, որի արդյունքում մեկ ծառայություն մատուցողի օգտագործողները հնարավորություն են ունենում տեղեկատվություն փոխանակել միևնույն կամ մեկ այլ ծառայություն մատուցողի օգտագործողների հետ կամ էլ հասանելիություն ստանալ մեկ այլ ծառայություն մատուցողի ծառայություններին.

ինտերնետ հասանելիություն` ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի հասանելիությունը՝ ցանցերը միասին կապելու նպատակով` հաղորդակցության համար որպես հիմք օգտագործելով հաղորդման արձանագրություններ կամ ինտերնետային արձանագրություններ, կամ դրանք փոփոխող կամ փոխարինող ցանկացած այլ արձանագրություններ.

ինտերնետային ծառայություն մատուցող` անձ, որը մատուցում է ինտերնետ հասանելիության ծառայություն.

վարձակալված գիծ` էլեկտրոնային հաղորդակցության բոլոր այն միջոցները, որոնք ցանցի ծագման և ավարտի կետերի միջև ապահովում են թափանցիկ հաղորդման հնարավորություն, սակայն չեն ներառում օգտագործողի կողմից հսկվող միացման-անջատման գործառույթները.

կարգավորվող անձ` ցանցի լիցենզիա կամ համարի կամ կոդերի զբաղեցման կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն կամ սույն օրենքի համաձայն ծանուցում ներկայացնելու պարտավորություն ունեցող անձ.

գծի ենթակառուցվածք` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի այն մասը, որը մշտապես ամրակցված է հողին կամ ջրային մարմնի հատակին և առանց սահմանափակումների ներառում է մալուխները, լարերը, մալուխի մեկուսացման փողակները և խողովակները, ռադիո աշտարակները կամ ձողանների միացումները, ինչպես նաև անհրաժեշտ խաչաձև կապակցումները: Այս հասկացությունը չի ներառում միացման-անջատման հարմարությունները.

թվային շարք` հերթականությամբ դասավորված թվերի շարք, որն օգտագործվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման համար.

համարի կամ կոդերի զբաղեցում` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողին համարի տրամադրումը, որը երաշխավորում է տվյալ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից թվային շարքի, նույնացման կոդի կամ կարճ կոդի օգտագործումը.

օպերատոր` ցանկացած անձ, որը Կարգավորողի կողմից լիազորված է տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով: Իր ցանցով ծառայություններ մատուցելու դեպքում օպերատորը համարվում է ծառայություններ մատուցող.

ցանցի լիցենզիա` սույն օրենքի համաձայն տրված բարդ լիցենզիա, որը լիցենզավորված անձին իրավունք է վերապահում ունենալ և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց.

անձ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

(պարբերությունն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-47-Ն)

հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց` էլեկտրոնային հաղորդակցության ցանց, որն ամբողջովին կամ հիմնականում օգտագործվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար.

հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն, որն առաջարկվում է հանրությանը կամ վերջնական օգտագործողների այնպիսի խմբակարգերի, որոնց շնորհիվ այն, ըստ էության, ուղղակիորեն հասանելի է դառնում հանրությանը.

իրական ժամանակ կամ գրեթե իրական ժամանակ` այնպիսի ուղիներով փոխանցվող հաղորդում, որոնց բնորոշ է յուրաքանչյուր ուղղությամբ 400 միլիվայրկյանից պակաս ցանցային ուշացումներ կամ ավելի երկար ուշացումներ, եթե Կարգավորողը գտնում է, որ հաղորդակցության կողմերն այդ դեպքում ևս ընկալում են հաղորդակցությունը որպես իրական ժամանակում տեղի ունեցող.

կարճ կոդ կամ ծառայության կոդ` մինչև հինգ թվանշաններից կազմված թիվ, որը թույլ է տալիս բաժանորդներին օգտագործել համարների պարզեցված հավաքում, որպեսզի ելք ստանա դեպի օպերատորը կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողը, տեղեկատուն կամ այլ անձը, այդ թվում` ոստիկանությունը, շտապ բուժօգնությունը և փրկարարական ծառայությունը.

ծառայություններ մատուցող` Կարգավորողի կողմից լիազորված կամ Կարգավորողին սույն օրենքի համաձայն ծանուցում ներկայացրած ցանկացած անձ, որն առաջարկում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ.

ձայնային ծառայություն` տեղական կամ միջազգային հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության մատուցում, որն ամբողջովին կամ մասամբ կազմված է իրական ժամանակում կամ գրեթե իրական ժամանակում երկկողմ ձայնային հաղորդակցությունից` անկախ դրա հիմքում ընկած տեխնոլոգիայից և որի համար ամբողջովին կամ մասամբ օգտագործվում է հանրային համակցման ցանցը.

սակագին` սպառողներին մատուցվող ծառայությունների մատուցման պայմանները և գինը.

վերջնակետային սարքավորում` այն սարքավորումը կամ սարքավորման այն մասը, որը միացված լինելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին` սահմանաբաժան կետում, որտեղ հանդիպում են վերջնական օգտագործողը և ծառայություններ մատուցողի սարքավորումը և (կամ) գծերը, թույլ է տալիս ուղարկել, մշակել կամ ստանալ տեղեկատվություն (ձայն, տվյալներ, պատկերներ և այլն):

(2-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 29.04.13 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 3. Օրենքի գործողության շրջանակները


1. Սույն օրենքով սահմանվում են վերջնական օգտագործողների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների, մասնավոր էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և պետական մարմինների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի ստեղծման, զարգացման, շահագործման և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման առնչությամբ, ինչպես նաև պետական հսկողությունը և վերահսկողությունն այնպիսի սահմանափակ ռեսուրսների տրամադրման և օգտագործման նկատմամբ, ինչպիսիք են ռադիոհաճախականությունները, արբանյակային ուղեծրի հատվածները և համարները:

2. Սույն օրենքը չի տարածվում հեռարձակվող հեռուստատեսային և ձայնային ծրագրեր մատուցող անձանց կամ բացառապես նմանօրինակ ծրագրերի համար օգտագործվող  ենթակառուցվածքների վրա:

3. Սույն օրենքը չի տարածվում էլեկտրոնային հաղորդակցության այն ցանցերի վրա, որոնք տիրապետվում, շահագործվում և օգտագործվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ տրամադրվել են բացառապես վերջինիս:

4. Սույն օրենքը չի կարգավորում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից բացի որևէ այլ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի հետ կապված հարաբերություններ` բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է ստանալ սահմանափակ ռեսուրսներ օգտագործելու համար թույլտվություն, կամ առկա է սույն օրենքով նախատեսված՝ սարքավորումների համապատասխանեցման (սերտիֆիկացման) պայմանները կատարելու պահանջ կամ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետում նշված արտակարգ իրավիճակների համար իրավասու մարմնի իրավասությունների և իրավունքների իրականացման անհրաժեշտություն:

Գ Լ ՈՒ Խ  2

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 4. Իրավասու մարմնի կամ մարմինների գործառույթները


Իրավասու մարմնի գործառույթներն են՝

1) մշակել և իրականացնել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականությունը.

2) սահմանել Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության նպատակները.

3) ժամանակ առ ժամանակ սեփական նախաձեռնությամբ կամ Կարգավորողի կամ ցանկացած անձի պահանջով առանձնացնել օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածներ: Նշված պարտավորության կատարումն ապահովելու նպատակով իրավասու մարմինը պարտավոր է`

ա) հրապարակային ծանուցումից և դիտարկումների ստացումից հետո ընդունել և ապա փոփոխել Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտը, որը պետք է հնարավորինս համահունչ լինի Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ռադիոհաճախականությունների բաշխման աղյուսակին` բացառելով միջամտությունը ռադիոհաճախականությունների հատկացված տիրույթին: Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) բացառությամբ այն դեպքերի, երբ նման հատկացումը ազգային անվտանգության նկատառումներից ելնելով չի բխում հանրային շահերից` փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակում՝ առևտրային նպատակով ռադիոհաճախականությունների տիրույթը բաշխելով նման փոփոխություն կատարելու մասին Կարգավորողի  առաջարկությամբ կամ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գումարվող ՀՄՄ-ի Համաշխարհային ռադիո համաժողովի ցանկացած նիստի վերջնական փաստաթղթերում նման փոփոխություն կատարելու պահանջով.

4) արտակարգ իրավիճակ հայտարարվելու, ռազմական դրության կամ ազգային մեկ այլ արտակարգ իրավիճակի պարագայում դրա տևողության ամբողջ ընթացքում պատասխանատվություն ստանձնել էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համար.

5) հայտնաբերել և տեղորոշել ճառագայթվող այն ռադիոհեռարձակման աղբյուրները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքին կամ օրենսդրության այլ պահանջներին.

6) համապատասխան թույլտվության առկայության դեպքում ուսումնասիրել և ստուգել ռադիոհաղորդակցության սարքավորումների օգտագործումը:

Եթե նախատեսված պահանջներին չհամապատասխանող ճառագայթները պետական (կառավարական) մարմնին ենթակա գործունեության արդյունք են, ապա իրավասու մարմինը կարող է կարգադրել և պահանջել, որպեսզի դրանք անմիջապես դադարեցվեն, իսկ եթե նախատեսված պահանջներին չհամապատասխանող ճառագայթները բխում են ոչ պետական (կառավարական) մարմնի գործունեությունից, ապա իրավասու մարմինը տեղեկությունները հաղորդում է Կարգավորողին, որպեսզի վերջինս համապատասխան քայլեր ձեռնարկի, այդ թվում` արձակի դադարեցման հրահանգ, կասեցնի կամ դադարեցնի թույլտվությունը  և (կամ) նշանակի տույժեր.

7) իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված էլեկտրոնային հաղորդակցության ոլորտին առնչվող հանձնառությունները.

8) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը Հեռահաղորդակցության միջազգային միության և հեռահաղորդակցության այլ միջազգային կազմակերպությունների առջև: Ներկայացուցչության կազմի մեջ ներառվում են հանրային և մասնավոր հատվածի (այդ թվում` Կարգավորողի) ներկայացուցիչները, որոնք ընտրվում են իրավասու մարմնի կողմից՝ Կարգավորողի հետ խորհրդակցելուց հետո: Իրավասու մարմինը պարտավոր է ուղղորդել և առաջնորդել այդ պատվիրակությունների աշխատանքը, բացառությամբ եթե իրավասու մարմինն այդ իրավասությունը գրավոր պատվիրակում է համապատասխան իրավասությամբ օժտված պետական այլ մարմինների.

9) խորհրդակցելով Կարգավորողի հետ` մշակել ստանդարտներ (ներառյալ` ռադիոհաճախականությունների տարածումները և ցանցային համատեղելիությունը), որոնք պետք է ամբողջությամբ կամ մասամբ համահունչ լինեն Հեռահաղորդակցության ստանդարտացման եվրոպական ինստիտուտի, Հեռահաղորդակցության միջազգային միության, Ամերիկայի ազգային ստանդարտների ինստիտուտի, Էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագետների ինստիտուտի կամ Հայաստանի Հանրապետության ստանդարտներ սահմանող մարմնի կողմից ընդունված ստանդարտներին.

10) (կետն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-160-Ն)

101) նպաստել հանրային և ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը.

11) ընդունել ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկման և լուսավորման վերաբերյալ կանոններ, եթե նման կառույցների առկայությունը վտանգում է, կամ ողջամտորեն հավանական է, որ  կարող է  վտանգել օդագնացությանը: Իրավասու մարմինը պարտավոր է նմանօրինակ ստանդարտների ընդունումը համաձայնեցնել Կարգավորողի հետ.

12) ռադիոհաղորդակցության սարքավորումների օգտագործման հետ կապված տեխնիկական բնույթի գործառույթներն իրականացնում է իրավասու մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-160-Ն)
 

Հոդված 5. Կարգավորողի գործառույթները


Կարգավորողը պարտավոր է`

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտում ապահովել մրցակցություն հետևյալ եղանակներով`

ա) ապահովելով մատուցված ծառայությունների, դրանց հարակից ենթակառուցվածքների ընտրության, գների և որակի առավել օգտավետությունը վերջնական օգտագործողների համար,

բ) բացառելով էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման և ցանցի ոլորտում մրցակցության որևէ աղավաղումը,

գ) խրախուսելով արդյունավետ ներդրումները ենթակառուցվածքներում և խթանելով նորարարությունը,

դ) խրախուսելով ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը` ապահովելով դրանց արդյունավետ կառավարումը.

2) կարգավորել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և ծառայությունները սույն օրենքին համապատասխան, որի ապահովման համար`

ա) դասակարգել ծառայությունները և (կամ) ենթակառուցվածքները,

բ) ամրագրել չափանիշներ և ընթացակարգեր ցանցի լիցենզիաների, համարի և կոդերի զբաղեցման, հաճախականության օգտագործման թույլտվությունների համար դիմելու, դրանց տրամադրման, փոփոխման, կասեցման և դադարեցման համար,

գ) ամրագրել համընդհանուր ծառայություններ մատուցելու պարտավորությունները,

դ) սեփական նախաձեռնությամբ կամ շահառու կողմերի խնդրանքով իրականացնել ստուգումներ և աուդիտ` օրենսդրության, Կարգավորողի կողմից ընդունված իրավական ակտերի և լիցենզիայի պահանջների կատարումը երաշխավորելու նպատակով,

ե) ապահովել արդար և արդյունավետ մրցակցություն մրցակցային ծառայությունների և ցանցերի ոլորտում,

զ) մշակել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի փոխկապակցումը կարգավորող կանոնակարգեր,

է) սահմանել և կիրառել դրույքաչափերը կարգավորող կանոններ,

ը) սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և ծառայություններ մատուցողների համար գործունեության որակի որոշակի չափանիշներ,

թ) իրավասու մարմնին առաջարկել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի տեխնիկական ստանդարտներ,

ժ) սահմանել հաշվապահական  հաշվառման ստանդարտներ և հաշվետվություն ներկայացնելու պահանջներ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և ծառայություն մատուցողների համար,

ժա) կարգավորման ենթակա անձանց համար սահմանել արխիվների պահպանման ստանդարտներ,

ժբ) սույն օրենքի դրույթները կամ լիցենզիայի կամ թույլտվության պայմանները կամ Կարգավորողի ընդունած իրավական ակտերը (ներառյալ` կանոնները և կանոնակարգերը) խախտելու համար կիրառել պատժամիջոցներ, այդ թվում` տույժեր և տուգանքներ, իսկ համապատասխան դեպքերում` լիցենզիայի կամ թույլտվության փոփոխում, կասեցում կամ դատարան ներկայացնել դադարեցման դիմում: Կարգավորողը պարտավոր է հանրային խորհրդակցությունից հետո հաստատել կանոններ և կարգեր` պատժամիջոցների կիրառման վերաբերյալ,

ժգ) կիրարկել կանոններ և կանոնակարգեր, ուսումնասիրել և վերահսկողության ենթարկել կարգավորման ենթակա անձանց գործունեությունը,

ժդ) տնօրինել սահմանափակ ռեսուրսները, այդ թվում` իր տնօրինմանը ենթակա ռադիոհաճախականությունների տիրույթը, համարները և արբանյակային ուղեծրի հատվածները,

ժե) անհարկի փոխադարձ ֆինանսավորումը կանխելու, փոխկապակցման արդարացի գները հաշվարկելու, համընդհանուր ծառայությունների արժեքն ու վճարները սահմանելու նպատակով ներդնել և կիրառել գերիշխող օպերատորի կամ ծառայությունների մատուցման մեջ գերիշխողի ծախսերի հաշվարկի և բաշխման մեթոդաբանությունը: Այդ մեթոդաբանությունը կարող է փոփոխվել, միայն եթե  դրանք կնպաստեն մրցակցությանը կամ կընդլայնեն վերջնական օգտագործողների ընտրության հնարավորությունը,

ժզ) հաստատել փոխկապակցման օրինակելի առաջարկները` դրանցից յուրաքանչյուրի` սույն օրենքին համապատասխանությունը պարզելուց հետո,

ժէ) ապահովել, որպեսզի վերջնական օգտագործողները հավասար սկզբունքներով առավելագույնս հնարավորություն ունենան օգտվելու օպերատորների և ծառայություններ մատուցողների կողմից առաջարկվող վարձակալված գծերից,

ժը) լուծել վեճեր գերիշխող օպերատորի և ցանկացած այլ օպերատորի, ծառայություններ մատուցողի և վերջնական օգտագործողի, ինչպես նաև ծառայությունների մատուցման մեջ գերիշխողի և վերջնական օգտագործողի միջև,

ժթ) միջամտել և լուծել վեճեր` սույն օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում,

ի) մշակել այնպիսի մեթոդաբանություն, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի որոշել գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներին կամ ծառայություններ մատուցողներին, ինչպես նաև ընդունել այդ օպերատորների կամ ծառայություններ մատուցողների գործունեությունը կարգավորող հատուկ կանոններ (այդ թվում` հատուկ կանոններ համընդհանուր ծառայությունների մասին),

իա) մշակել վերջնակետային սարքավորումների օգտագործումը և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերին դրանց միացումը կարգավորող կանոնակարգեր,

իբ) հաստատել Հայաստանի Հանրապետության համարագրման պլանը՝ այն հրապարակելով և առանց խտրականության տրամադրելով կարճ համարներ և կարճ կոդեր՝ անհատական կամ խմբաքանակով,

իգ) ստեղծել և հրապարակել ռադիոհաճախականությունների տիրույթն օգտագործելու թույլտվություն ունեցող անձանց գրանցամատյան, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության անվտանգությանը,

իդ) կատարել օրենքով նախատեսված այլ գործառույթներ,

իե) իրավասու մարմինների պահանջով աջակցել վերջիններիս` 4-րդ հոդվածում թվարկված գործառույթների կատարման հարցում,

իզ) (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-47-Ն)

իէ) ընդունել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ, կարգեր,

իը) սահմանել համարների տեղափոխելիության ծառայության վերաբերյալ կանոններ.

3) ռադիոկապի առնչությամբ ռադիոհաճախականությունների տիրույթի` իրեն հատկացված մասից տրամադրել ռադիոհաճախականություններ որոշակի նպատակների համար: Այդ նպատակով`

ա) հրապարակային ծանուցումից և դիտարկումների ստացումից հետո կազմակերպել ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ և նպատակային օգտագործում,

բ) աջակցել իրավասու մարմնին միջազգային կազմակերպություններում և ստանդարտներ սահմանող մարմիններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնելու գործում,

գ) պլանավորել և համակարգել ռադիոհաճախականությունների տիրույթի` իրեն հատկացված մասի օգտագործումը,

դ) սահմանել ոչ կառավարական ռադիոկանչերի նշանների հաղորդման ընթացակարգ՝ հնարավորինս համաձայնեցնելով դրանք Հեռահաղորդակցության միջազգային միության կոնվենցիային կից ռադիոկանոնակարգերին,

ե) դադարեցնել ռադիոհաճախականությունների տիրույթի` առանց թույլտվության օգտագործումը, բացառությամբ եթե այն օգտագործում են Հայաստանի Հանրապետության պետական (կառավարական) մարմինները,

զ) ընդունել սիրողական ռադիոօպերատորների թույլտվության տրամադրման կարգ և վերջիններիս կողմից` տվյալ նպատակով հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործումը կարգավորող կանոններ.

4) ընդունել օրենքներին, հանրային շահին համապատասխանող, հիմնավորված, արդար և հրապարակային որոշումներ՝ սահմանելով դրանց իրականացման ընթացակարգեր:

(5-րդ հոդվածը լրաց., փոփ. 09.04.07 ՀՕ-160-Ն, 29.04.13 ՀՕ-47-Ն)
 

Հոդված 6. Կարգավորողի իրավասությունները


1. Կարգավորողն ունի անհրաժեշտ իրավասություններ իր գործառույթներն իրականացնելու համար:

2. Կարգավորողը մասնավորապես օժտված է հետևյալ իրավասություններով`

1) ընդունել որոշումներ, սահմանել կանոններ, կարգեր և հրամաններ.

2) լուծել վեճեր ոչ գերիշխող օպերատորների, ոչ գերիշխող օպերատորների և վերջնական օգտագործողների միջև, ինչպես նաև ծառայությունների մատուցման մեջ ոչ գերիշխողների և վերջնական օգտագործողների միջև, եթե նա հիմնավոր է համարում, որ այդ գործողություններն անհրաժեշտ են շուկայում մրցակցությունը, ծառայությունների որակը և փաստացի ծախսերի հիման վրա հաշվարկված դրույքաչափերը որպես մեկ ամբողջություն  պահպանելու համար.

3) կազմակերպել իր գործառույթների վերաբերյալ հանրային լսումներ և նիստեր.

4) ձեռք բերել իր գործառույթների կատարմանն առնչվող տեղեկատվություն.

5) անցկացնել ուսումնասիրություններ և հետազոտություններ.

6) լիազորել իր որևէ ներկայացուցչի՝ մուտք գործելու այն շենքերը կամ շինությունները, որոնք օգտագործվում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով.

7) Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան նախաձեռնել վարչական վարույթ կարգավորվող անձի նկատմամբ օրենսդրության դրույթների չկատարման համար.

8) էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում արդյունավետ համագործակցություն և առավելագույն տնտեսական արդյունավետություն ապահովելու, փոխկապակցման պայմանագրերի սակագները կամ պայմանները հստակեցնելու նպատակով սեփական նախաձեռնությամբ կամ կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա միջամտել վեճերին.

9) օրենքով նախատեսված դեպքերում գանձել վճարներ:

3. Կանոններ սահմանելու և վեճեր լուծելու իր իրավասություններն  իրականացնելիս Կարգավորողը կարող է իր հայեցողությամբ որոշել, թե ինչպիսի լսում կամ վարույթ է կիրառելու և կարող է, սակայն պարտավոր չէ, անցկացնել  դատական ոճով լսումներ կամ նիստեր: Կարգավորողը պարտավոր է շահագրգիռ կողմերին իրավունք ընձեռել ներկայացնելու բանավոր կամ գրավոր ապացույցներ, խաչաձև հարցաքննելու կամ առարկելու հակառակ կողմի վկաների ցուցմունքներին: Գրավոր ներկայացվող բավարար պատճառի առկայության դեպքում Կարգավորողն իրավասու է նիստն անցկացնել միայն կողմերի մասնակցությամբ:

4. Սույն օրենքով իրեն վերապահված իրավասությունների կատարման ընթացքում Կարգավորողը պարտավոր է գրավոր ներկայացնել իր յուրաքանչյուր որոշման կամ ընդունված այլ իրավական ակտի հիմնավորումը` այն մատչելի դարձնելով հանրության համար: Հիմնավորման մեջ պետք է ներկայացվեն Կարգավորողի մոտեցման` հանրային շահերին համապատասխանությունը և թե ինչու չեն ընտրվել այլ տարբերակներ:

5. Կարգավորողը կարող է կազմակերպել վեճերի լուծման գործընթացը գործարար շրջանառության խելամիտ և պատշաճ սովորույթներին, ինչպես նաև արդարադատության սկզբունքներին համապատասխան: Կարգավորողն իր հայեցողությամբ կազմակերպում է իր աշխատանքները` պարտականությունների իր շրջանակների համար սահմանելով առաջնահերթությունները և բաշխելով ռեսուրսները:

(6-րդ հոդվածը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 7. Կարգավորողի ֆինանսավորումը


Կարգավորողի ֆինանսավորման հարցերը կարգավորվում են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  3

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

(վերնագիրը խմբ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

Բ Ա Ժ Ի Ն  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 8. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառելիությունը


Սույն օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համաձայն:

 

Հոդված 8.1.

Ծանուցման պահանջը

 

1. Անձը, որը ցանկանում է մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, բացառությամբ այն ծառայությունների, որոնց մատուցման համար անհրաժեշտ է տիրապետել և շահագործել էլեկտրոնային հաղորդակցության ցանց, պարտավոր է գործունեություն սկսելու մասին գրավոր ծանուցել Կարգավորողին: Գործունեության իրականացումը կարող է սկսվել ծանուցումը Կարգավորողին ներկայացվելուց հինգ աշխատանքային օր հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Ծանուցումը պետք է ներառի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա բացահայտելու սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձին, մասնավորապես՝ պետական գրանցման համարը կամ հաշվառման համարը և գտնվելու (բնակության) վայրը, ծառայությունների տեսակի համառոտ նկարագիրը՝ համաձայն Կարգավորողի կողմից ընդունված դասակարգչի, գործունեության աշխարհագրական տարածքը, գործունեությունը սկսելու նախատեսվող ժամկետը: Ծանուցումը պետք է ներկայացվի Կարգավորողի կողմից հաստատված և հրապարակված օրինակելի ձևաթղթով:

3. Այն դեպքերում, երբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար պահանջվում է սահմանափակ ռեսուրսի տրամադրում, սակայն չի պահանջվում ցանցի լիցենզիա, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումն իրականացվում է սահմանափակ ռեսուրսի համար թույլտվությունն ուժի մեջ մտնելուց և սույն հոդվածի 1-ին մասում նշված ծանուցումն իրականացվելուց հետո:

4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է պահպանել ընդհանուր պահանջները, որոնք սահմանվել են` կախված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության տեսակից: Ընդհանուր պահանջները պետք է ընդունվեն Կարգավորողի որոշմամբ` համաձայն թափանցիկության, հավասարության և համարժեքության սկզբունքի:

5. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է իր գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու, վերակազմակերպման կամ անվանման (անվան) կամ գտնվելու վայրի կամ գործունեության աշխարհագրական տարածքի փոփոխման մասին գրավոր ծանուցել Կարգավորողին այդ գործողությունը կատարելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(8.1-ին հոդվածը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)


Հոդված 9. Բացառիկ իրավունքները և արտոնությունները

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ բացառիկ իրավունքների և արտոնությունների, ինչպես նաև ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների շնորհումն արգելվում է, բացառությամբ 10-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Նախկինում օրինական կարգով տրված ցանկացած բացառիկ իրավունք, արտոնություն կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն շարունակում է մնալ ուժի մեջ, բացառությամբ լիցենզիայով կամ թույլտվությամբ կամ օրենքով սահմանված կարգով դրանց կասեցման, դադարեցման և փոփոխման դեպքերի:

(9-րդ հոդվածը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 10. Լիցենզիայի և թույլտվությունների համար դիմելու կարգը


1. Եթե ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության թվաքանակը սահմանափակ է ռադիոհաճախականությունների առկայության պատճառով, ապա Կարգավորողը նմանօրինակ թույլտվությունները տրամադրում է մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով:

2. Լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների համար դիմումները պետք է Կարգավորողին ներկայացվեն այդ մարմնի սահմանած ձևով, պարունակեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պահանջվող տեղեկությունները և Կարգավորողի կանոններով պահանջվող այլ անհրաժեշտ տեղեկություններ և պետք է ուղեկցվեն դիմելու համար սահմանված վճարով: Դիմումում ներառված տեղեկությունները պետք է հասանելի լինեն հանրությանը: Եթե դիմողը միջնորդում է Կարգավորողին և հիմնավորում, որ հրապարակման ենթակա որոշակի տեղեկություններ կազմում են առևտրային գաղտնիք, և Կարգավորողն այդ փաստարկները համարում է հիմնավոր, ապա նման տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Եթե ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունները կամ այլ լիցենզիաներ տրվում են աճուրդի միջոցով, ապա Կարգավորողը կարող է պահանջել, որպեսզի դիմողները ներկայացնեն Կարգավորողի կողմից սահմանված ձևի պարտավորագրեր, որոնք կերաշխավորեն նրանց կողմից վճարման համապատասխան պարտավորությունների կատարումը:

3. Ցանցի լիցենզիայի դիմումները բավարարվում կամ մերժվում են Կարգավորողի կողմից` այդ դիմումը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Կարգավորողը չի կարող մերժել լիցենզիա կամ թույլտվություն տրամադրելու համար  բոլոր պահանջները բավարարող դիմողին միայն այն հիմնավորմամբ, որ վերջինս ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է որևէ օտարերկրյա պետության քաղաքացու կամ որևէ օտարերկրյա պետության օրենքների համաձայն ստեղծված  կազմակերպության:

5. Կարգավորողը կարող է ընդունել կանոններ, որոնք թույլ կտան իրեն`

1) բավարարել մի քանի դիմումներ սահմանափակ ռեսուրսների համատեղ օգտագործման համար.

2) աճուրդի հանել լիցենզիաները կամ թույլտվությունները նույնիսկ ռեսուրսների որևէ սահմանափակության բացակայության պայմաններում, եթե գտնում է, որ նման գործելակերպը լավագույնս կբավարարի Հայաստանի Հանրապետության սպառողների պահանջմունքները էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում.

3) որպես միաժամանակ ներկայացրած դիտարկել այն հայտերը, որոնք ստացվել են լիցենզիա կամ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու մասին Կարգավորողի հայտարարություն տալուց հետո` վեց շաբաթվա ընթացքում:

6. Եթե լիցենզիաները և (կամ) սահմանափակ ռեսուրսները հանվում են հրապարակային սակարկության, ապա Կարգավորողը պարտավոր է սահմանել և հրապարակել ոչ խտրական, ողջամիտ կանոններ՝ նշելով դիմումատուին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ կատարման ենթակա վճարները, որոնց առկայության դեպքում միայն անձը կարող է մասնակցել աճուրդին: Հայտերը և դիմումներն ընդունվում են նշված կանոնների հրապարակման օրվանից 90-օրյա ժամկետում: Հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետի լրանալու օրվանից հետո` տասը օրվա ընթացքում, Կարգավորողը պարտավոր է հրապարակել նախնական տվյալներ ամենաբարձր հայտ ներկայացրած և որակավորված դիմողի մասին, որը նախնական տվյալների համաձայն շահել է լիցենզիան և (կամ) թույլտվությունը:  Կարգավորողը պարտավոր է չընտրված դիմողներին  չորս շաբաթվա ընթացքում  հաղթողի ընտրության մասին նախնական որոշումը բողոքարկելու հնարավորություն տալ:  Ներկայացված բողոքները քննելու արդյունքում Կարգավորողը կարող է փոխել հաղթողի ընտրության մասին նախնական որոշումը: Կարգավորողը պարտավոր է ընտրված հաղթողի կողմից հայտում նշված գումարն ամբողջությամբ վճարելուց հետո վերջնական լիցենզիա և (կամ) թույլտվություն շնորհել՝ նախնական որոշումը հայտարարելուց հետո` վեց շաբաթվա ընթացքում: Եթե ընտրված հաղթողը չվճարի նախնական հայտում նշված գումարը, ապա Կարգավորողը պարտավոր է ընտրված հաղթող ճանաչել հաջորդ ամենաբարձր հայտը ներկայացրած հայտատուին՝ սույն մասով սահմանված կանոններով:

7. Կարգավորողը պարտավոր է ընդունել սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված մրցույթների կազմակերպման կանոններ:

8. Կարգավորողը պարտավոր է սահմանել լիցենզիաների և թույլտվությունների դիմումները` սույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն քննելու համար անհրաժեշտ ծախսերի հատուցման վճարի չափը:

(10-րդ հոդվածը փոփ., խմբ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

Հոդված 11. Լիցենզիայում և թույլտվությունում փոփոխությունները


Լիցենզիան կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը փոփոխելու համար դիմումը ներկայացվում է նույն կարգով, ինչ լիցենզիայի կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության ձեռքբերման համար:

Հոդված 12. Լիցենզիաների և թույլտվությունների կասեցումը կամ դադարեցումը

 

1. Կարգավորողն իրավասու է կասեցնել լիցենզիան կամ լիցենզիայի դադարեցման համար դիմել դատարան` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով: Կարգավորողն իրավասու է կասեցնել կամ դադարեցնել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը` իր կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն:

2. Ի լրումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կասեցման կամ դադարեցման հիմքերի, Կարգավորողն իրավասու է կասեցնել կամ լիցենզիայի դադարեցման դիմում ներկայացնել դատարան, ինչպես նաև կասեցնել կամ դադարեցնել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը, եթե`

1) կարգավորվող անձը դիտավորյալ կեղծ տեղեկություն է ներկայացրել լիցենզիայի կամ թույլտվության համար իր ներկայացրած դիմումի կամ Կարգավորողին տրամադրված ցանկացած հայտարարության մեջ.

2) կարգավորվող անձը դիտավորյալ չի տրամադրել այնպիսի տեղեկություններ կամ ապացույցներ, որոնք կհանգեցնեին այդ լիցենզիայի կամ թույլտվության տրամադրելը մերժելուն.

3) կարգավորվող անձը դիտավորյալ խախտել է սույն օրենքը կամ դրա համաձայն ընդունված որևէ կանոն կամ կանոնակարգ.

4) կարգավորվող անձը դիտավորյալ չի կատարել իր լիցենզիայի կամ թույլտվության պայմանները.

5) կարգավորվող անձը խախտել է կամ չի կատարել սույն օրենքի 60-րդ հոդվածի համաձայն տրված դադարեցման մասին հրահանգը.

6) կարգավորվող անձը չի վճարել դիմումի կամ լիցենզիայի կամ թույլտվության գործողության երկարացման վճարը կամ համընդհանուր ծառայությունների որևէ վճար.

7) կասեցումը կամ դադարեցումն անհրաժեշտ է ազգային անվտանգության կամ հանրային շահի նկատառումներով:

3. Սույն հոդվածով սահմանված կասեցման և դադարեցման դրույթները չեն տարածվում պատմականորեն գերիշխող օպերատորի լիցենզիայի վրա: Բացառիկության իրավունքից օգտվելու ողջ ժամանակահատվածում պատմականորեն գերիշխող օպերատորը ղեկավարվում է իր լիցենզիայով սահմանված պայմաններով:

(12-րդ հոդվածը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 12.1.

Ծանուցում ներկայացրած անձանց գործունեության կասեցումը և դադարեցումը

 

1. Կարգավորողն իրավասու է կասեցնել ծանուցում ներկայացրած անձանց գործունեությունը ծանուցված գործունեության մասով, եթե`

1) ծանուցում ներկայացրած անձը դիտավորյալ կեղծ տեղեկություն է ներկայացրել ծանուցման կամ Կարգավորողին տրամադրված ցանկացած հայտարարության մեջ.

2) ծանուցում ներկայացրած անձը դիտավորյալ խախտել է սույն օրենքը կամ դրա համաձայն ընդունված որևէ կանոն կամ կանոնակարգ.

3) կասեցումն անհրաժեշտ է ազգային անվտանգության կամ հանրային շահի նկատառումներով.

4) ծանուցում ներկայացրած անձը չի կատարել համընդհանուր ծառայությունների որևէ վճարում:

2. Կարգավորողն իրավասու է դադարեցնել ծանուցում ներկայացրած անձանց գործունեությունը ծանուցված գործունեության մասով, եթե`

1) ծանուցած անձը խախտել է կամ չի կատարել սույն օրենքի 60-րդ հոդվածի համաձայն տրված դադարեցման մասին հրահանգը.

2) դադարեցումն անհրաժեշտ է ազգային անվտանգության կամ հանրային շահի նկատառումներով:

(12.1-ին հոդվածը լրաց. 29.04.13 ՀՕ-47-Ն)


Հոդված 13. Լիցենզիայի և թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումը


1. Կարգավորողն իրավասու է կարգավորվող անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա երկարաձգել լիցենզիայի կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության ժամկետը նախկինում տրված լիցենզիայի կամ թույլտվության ժամկետի տևողությամբ, եթե`

1) կարգավորվող անձը գործել է առաջին անգամ իրեն տրված լիցենզիայի կամ թույլտվության պայմանների շրջանակներում. 

2) առաջին անգամ տրված լիցենզիայի կամ թույլտվության գործողության ժամկետի ընթացքում կարգավորվող անձը գործունեություն է իրականացրել առանց սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված կանոնների կամ կանոնակարգերի էական խախտման:

2. Լիցենզիայի կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելիս Կարգավորողը կարող է փոփոխել տվյալ լիցենզիայի կամ թույլտվության պայմանները կամ սահմանել լրացուցիչ պայմաններ` առանց երկարաձգելու բացառիկ իրավունքները կամ արտոնությունները կամ տրամադրելու բացառիկ իրավունքներ կամ արտոնություններ:

3. Կարգավորողը կարող է ցանկացած կարգավորվող անձից պահանջել առաջին լիցենզիայի կամ թույլտվության վճարից ոչ պակաս վճար:

(13-րդ հոդվածը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 14. Կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը

(վերնագիրը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

 

1. Ցանցի լիցենզիա կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) նկատմամբ իրավունքի օտարում կամ այլ կերպ փոխանցում կամ զիջում կամ գրավադրում կամ այդ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի փոփոխություն կարող է իրականացվել միայն Կարգավորողի համաձայնությունը կարգավորվող անձի կողմից ստանալուց հետո:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված կարգավորվող անձանց բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու համար Կարգավորողի համաձայնությունը չի պահանջվում, և սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելուց 15 աշխատանքային օր առաջ կարգավորվող անձը պարտավոր է դրա մասին գրավոր տեղեկացնել Կարգավորողին:

2. Եթե Կարգավորողը համարի, որ փոխանցման արդյունքում փոխվելու է կարգավորվող անձի գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը, ապա նա իրավասու է համաձայնություն չտալ, եթե համարի, որ այդ անձը չունի անհրաժեշտ որակավորում կամ որ փոխանցումը սպառնում է ազգային անվտանգությանը:

3. Եթե Կարգավորողը համարի, որ փոխանցման արդյունքում չի փոխվելու փաստացի սեփականատերը կամ կարգավորվող անձի գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը, ապա նա պարտավոր է տալ իր համաձայնությունը:

4. Պատմականորեն գերիշխող օպերատորի փաստացի սեփականատերը կարող է փոխանցել, վաճառել, տրամադրել կամ ցանկացած այլ ճանապարհով տնօրինել պատմականորեն գերիշխող օպերատորի բաժնետոմսերի մինչև 20 տոկոսը առանց Կարգավորողի նախնական համաձայնության:

5. Պատմականորեն գերիշխող օպերատորի փաստացի սեփականատերը, Կարգավորողի նախնական համաձայնությամբ, մեկ կամ ավելի գործարքների արդյունքում կարող է փոխանցել, վաճառել, տրամադրել կամ ցանկացած այլ ճանապարհով տնօրինել պատմականորեն գերիշխող օպերատորի բաժնեմասերի մինչև 20 տոկոսը կամ ավելին` այդպիսով պատմականորեն գերիշխող օպերատորի իր մասնաբաժինը հասցնելով 70 տոկոսի կամ ավելի քիչ: Կարգավորողը տալիս է իր համաձայնությունն այն դեպքում, երբ այդպիսի փոխանցումը, վաճառքը, տրամադրումը կամ ցանկացած այլ ճանապարհով տնօրինումը չի հակասում պետական շահերին:

6. Գերիշխող դիրք ունեցող կարգավորվող անձի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու մասին Կարգավորողը պարտավոր է ծանուցել «Պաշտոնական տեղեկագրում»:

7. Կարգավորողը սույն հոդվածին համապատասխան կարգավորվող անձի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու համաձայնությունը տալիս է` նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ:

(14-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 29.04.13 ՀՕ-47-Ն)

Բ Ա Ժ Ի Ն  2

ԼԻՑԵՆԶԻԱՆ
(վերնագիրը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

Հոդված 15. Պահանջվող լիցենզիան


1. Ցանկացած անձ իրավասու է, սույն օրենքով սահմանված բացառիկության պահանջներին համապատասխան, տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց կամ տրամադրել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի սեփականատերը պարտավոր է շահագործել այդ ցանցը:

2. Որևէ անձ իրավասու չէ տիրապետել և շահագործել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց, եթե չունի սույն բաժնի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարդ լիցենզավորման ընթացակարգերի համաձայն շնորհված ցանցի լիցենզիա: Սույն օրենքի գործողության մեջ մտնելուց առաջ ցանցի շահագործման լիցենզիա ստացած անձինք պարտավոր չեն սույն գլխով պահանջվող նոր լիցենզիա ստանալ, քանի դեռ չի դադարել գործող լիցենզիայի գործողության ժամկետը:

3. Որևէ անձ իրավասու չէ տրամադրել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ առանց ցանցի լիցենզիայի կամ սույն օրենքի համաձայն ծանուցում իրականացնելու: (նախադասությունը հանվել է 29.04.13 ՀՕ-47-Ն)

4. Գերիշխող օպերատորների և ծառայությունների մատուցման մեջ գերիշխողների նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված կարգավորման այլ ձևեր:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.04.13 ՀՕ-47-Ն)

Հոդված 16. Ցանցի լիցենզավորման կարգը


1. Ցանցի լիցենզիա տրամադրելու կարգը սահմանելիս Կարգավորողը հաշվի է առնում՝

1) դիմողի տեխնիկական որակավորման և ֆինանսական հնարավորության պահանջները.

2) սույն օրենքի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակները.

3) համընդհանուր ծառայությունների ապահովման նպաստումը.

4) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից վերջնական օգտագործողների շահերի պաշտպանությունը.

5) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ տրամադրողների միջև մրցակցության երաշխավորումը.

6) գիտահետազոտական, զարգացման աշխատանքների և էլեկտրոնային հաղորդակցության նոր ծառայությունների ներդրման խթանումը.

7) օտարերկրյա և տեղացի ներդրողների խրախուսումը, որպեսզի ներդրումներ կատարեն էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում.

8) հանրային շահի և ազգային անվտանգության շահերի պաշտպանության երաշխավորումը:

2. Ելնելով հանրային շահերից` Կարգավորողը կարող է ցանցի լիցենզիա տրամադրելու կարգում սահմանել լրացուցիչ պայմաններ:

Բ Ա Ժ Ի Ն  3

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 17. Ռադիոհաճախականությունների տիրույթի հատկացումը


1. Եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց ռադիոհաճախականությունների օգտագործելու համար պահանջվող թույլտվության:

1.1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին, հյուպատոսական հիմնարկներին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրվում է միայն քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված շերտերից` Կարգավորողի սահմանած կարգով: Սույն մասում նշված օտարերկրյա դեսպանություններին և հյուպատոսական հիմնարկներին ռադիոհաճախականությունների թույլտվությունների տրամադրման կամ օգտագործման վճարները գանձվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա, իսկ դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններն ազատվում են այդ վճարներից:

2. Կարգավորողը պարտավոր է, սույն օրենքի 10-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, առանձին օգտագործողների ռադիոհաճախականությունները հատկացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակների իրականացման համար: Կարգավորողը պարտավոր է սույն օրենքի գործողության մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սահմանել կանոններ,  որոնցով կթույլատրվի ցածր հզորության այնպիսի սարքերի չլիցենզավորված շահագործումը, որոնք արձակում են ռադիոհաճախականության  ճառագայթներ, եթե այդ սարքերի տեսակները հաստատված են Կարգավորողի կամ օտարերկրյա համապատասխան ստանդարտներ սահմանող մարմինների կողմից` համապատասխան կանոնակարգերով նախատեսված կարգով: Վերոհիշյալ կանոններով կարող է տվյալ սարքավորման արտադրողներից կամ մատակարարներից պահանջվել՝ ստուգելու և հավաստագրելու տվյալ սարքավորումը Կարգավորողին` նախքան դրա ներմուծելը կամ վաճառքի հանելը:

3. Կարգավորողը կարող է հայտարարել ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունների դիմումներ ստանալու հրավեր:

4. Կարգավորողն իրավասու է ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների օգտագործման համար ռադիոհաճախականության թույլտվություններ տրամադրել անձանց: Կարգավորողն իրավասու է ռադիոհաճախականության թույլտվություն տրամադրել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ծառայությունների մատուցման համար միայն այն դիմողին, որն ունի ցանցի լիցենզիա կամ իրավասու է ստանալու նման լիցենզիա: Կարգավորողն իրավասու է ցանցի լիցենզիայի համար դիմողին թույլ տալ, որպեսզի վերջինս մեկ դիմումով դիմի և ցանցի լիցենզիայի, և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության համար, և իրավասու է զուգահեռաբար շնորհել և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն, և ցանցի լիցենզիա:

5. Իրավասու մարմնի հետ խորհրդակցելուց հետո Կարգավորողը պարտավոր է սահմանել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրման կարգը, որում պետք է սահմանվեն ռադիոհաճախականությունների հատկացման մեթոդները և դիմողներին ներկայացվող տեխնիկական, ֆինանսական և իրավական պահանջները:

(17-րդ հոդվածը լրաց. 29.06.16 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 17.1. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձևակերպման) և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները

 

1. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձևակերպման) և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հավելվածով` Կարգավորողի ներկայացմամբ:

2. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու համար հայցվող ռադիոհաճախականության (ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի) տրամադրման վճարի 1 տոկոսը վճարվում է նախքան թույլտվության տրամադրումը, իսկ 99 տոկոսը` Կարգավորողի կողմից ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման մասին որոշումն ընդունվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման 99 տոկոսի չվճարման դեպքում Կարգավորողն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման մասին իր որոշումը:

4. Դիմող անձի կողմից հայցվող և Կարգավորողի ընդունած որոշմամբ տրամադրված ռադիոհաճախականության (ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի) միջև տարբերության դեպքում կատարվում է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարի վերահաշվարկ:

5. Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձևակերպման համար սահմանված պարտադիր վճարը վճարվում է նախքան Կարգավորողի կողմից համապատասխան որոշում ընդունվելը:

6. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

7. Կարգավորողը իր սահմանած ձևով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճար վճարողներին գրավոր ծանուցում է տվյալ եռամսյակի համար վճարման ենթակա պարտադիր վճարների և դրանց չափի մասին:

8. Ոչ լրիվ եռամսյակի ռադիոհաճախականությունների օգտագործման վճարի չափը հաշվարկվում է ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության) օրացուցային օրերի համար` եռամսյակի համար սահմանված վճարի և եռամսյակի օրացուցային օրերի թվի քանորդի և ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության) օրացուցային օրերի արտադրյալի չափով:

9. Սահմանված չափից ավելի վճարված ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը ենթակա է վերադարձման Կարգավորողին դիմում ներկայացնելուց հետո` 30 օրվա ընթացքում:

10. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների գումարների վճարումը սույն օրենքով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գանձվում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար պակաս վճարված վճարի 0,075 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

11. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կարգավորողը, իսկ վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է հարկային մարմինը:

(17.1-ին հոդվածը լրաց. 17.11.09 ՀՕ-207-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-292-Ն)

 

Հոդված 18. Առկա օգտագործողները


Նախկինում օրենքով սահմանված կարգով տրված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություններն ուժի մեջ են մնում դրանց գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում:

Հոդված 19. Ռադիոհաճախականությունների օգտագործումը

 

Յուրաքանչյուր անձ, որն ունի ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն, պարտավոր է կատարել վերջինիս պայմանները և ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ Կարգավորողի հրահանգները:

Հոդված 20. Ազդեցությունը

 

Արգելվում է որևէ անձի կողմից ռադիոհաճախականության օգտագործումն այնպիսի ձևով, որը վնասակար ազդեցություն կունենա այլ անձի ռադիոհաճախականության օրինական օգտագործման վրա:

Հոդված 21. Սիրողական ռադիոն

 

1. Իրավասու մարմնի հետ խորհրդակցելուց հետո Կարգավորողը պարտավոր է հրապարակել սիրողական ռադիոյի տարբեր տեսակի թույլտվությունները դասակարգող և նման թույլտվություններ ունենալու համար անհրաժեշտ որակավորման չափանիշները սահմանող կանոններ և որակավորման չափանիշներին համապատասխանությունն ստուգելու ընթացակարգեր:

2. Կարգավորողը պարտավոր է հրապարակել սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոններ` գործառնական թույլտվությունների տրամադրման համար:

3. Սիրողական ռադիոկայանները չեն կարող օգտագործվել հեռարձակման նպատակով:

(21-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-160-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 22. Գերիշխող դիրքը

 

Տվյալ էլեկտրոնային հաղորդակցության շուկայում անձն ունի գերիշխող դիրք, եթե որպես մատակարար կամ սպառող չունի որևէ մրցակից կամ չի հանդիպում որևէ էական մրցակցության, կամ եթե իր շրջանառության ծավալները կազմում են ընդհանուր շուկայի առնվազն մեկ երրորդը:

Հոդված 23. Գերիշխող դիրքի մասին որոշման կայացումը


1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ խորհրդակցելով Կարգավորողը սահմանում է կարգավորման ենթակա էլեկտրոնային հաղորդակցության շուկաները և որոշում է, թե հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող որ օպերատորները և որ մատուցողները սույն օրենքի իմաստով ունեն գերիշխող դիրք: Այս կապակցությամբ Կարգավորողն առնվազն երկու ամիս առաջ հրապարակում է որևէ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի դիրքը գերիշխող ճանաչելու կամ նման որոշման առկայության դեպքում` ոչ գերիշխող ճանաչելու իր մտադրության մասին և ընդունում գրավոր մեկնաբանություններ տվյալ օպերատորից կամ ծառայություններ մատուցողից և շահագրգիռ անձանցից:

2. Կարգավորողը կարող է օպերատորին կամ ծառայություններ մատուցողին ճանաչել որպես գերիշխող դիրք զբաղեցնող որոշ ծառայությունների և (կամ) աշխարհագրական տարածքների կապակցությամբ, իսկ ուրիշ ծառայությունների կամ աշխարհագրական տարածքների առումով` որպես ոչ գերիշխող:

3. Ցանկացած շահագրգիռ անձ կարող է դիմել, որպեսզի Կարգավորողը նախաձեռնի սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործընթացը որևէ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի նկատմամբ:

Հոդված 24. Երաշխիքները


1. Կարգավորողը կարող է սահմանել կանոններ (այսուհետ` մրցակցության երաշխավորման կանոններ), որոնցով`

1) կարգելի հակամրցակցային գնորոշումը և այլ երևույթներ.

2) կպահանջի գերիշխող օպերատորից կամ ծառայություններ մատուցողից, որպեսզի նա մրցակցային կարգով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցի միայն մեկ կամ ավելի, բայց իրենից լիովին առանձնացված դուստր ձեռնարկությունների կամ փոխկապակցված անձանց միջոցով.

3) կպահանջի գերիշխող օպերատորից կամ ծառայություններ մատուցողից, որպեսզի նա կառուցվածքային առումով առանձնացնի իր գերիշխող գործունեությունը մրցակցային գործունեությունից.

4) կպահանջի գերիշխող օպերատորից կամ ծառայություններ մատուցողից, որպեսզի նա սահմանափակի գործարքները, կամ տեղեկատվության փոխանակումը, կամ աշխատողների համատեղումը, կամ ձեռնարկի այլ քայլեր, որոնք կհամարի ողջամիտ և անհրաժեշտ` մրցակցությունը երաշխավորելու համար.

5) եթե այլ միջոցները չեն պաշտպանում մրցակցությունը, պահանջել գերիշխողից իր մեկ կամ մի քանի փոխկապակցված անձանց հետ խզել տնտեսական կապերը:

2. Կարգավորողն իրավասու է, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ, մշակել ուղեցույցներ հետևյալի վերաբերյալ`

1) հակամրցակցային գործելակերպի այն տեսակները, որոնց նկատմամբ կիրառվում են մրցակցության երաշխավորման կանոնները.

2) նմանօրինակ գործելակերպի նկատմամբ մրցակցության երաշխիք կիրառելու կամ չկիրառելու մասին որոշում կայացնելու կարգը:

3. Կարգավորողը պարտավոր է մրցակցության երաշխավորման կանոններ հրապարակել, եթե բավարար է համարում, որ`

1) դրանք անհրաժեշտ են օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից գերիշխող դիրքի չարաշահումը կամ այդ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից ցանկացած այլ հակամրցակցային գործելակերպը բացահայտելու կամ կանխելու համար.

2) Կարգավորողի տրամադրության տակ չկան որևէ այլ գործուն միջոցներ, որպեսզի այն համարժեքորեն արձագանքի նման չարաշահմանը կամ գործելակերպին:

4. Սույն օրենքի որևէ դրույթ նպատակ չի հետապնդում կանխել կամ սահմանափակել որևէ անձի` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» կամ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակներում պաշտպանությունից օգտվելու նպատակով հայցով դատարան դիմելու իրավունքը:

Հոդված 25. Գերիշխող օպերատորների պարտավորությունները գծի ենթակառուցվածքների նկատմամբ

 

1. Ցանկացած գերիշխող օպերատոր, որը տիրապետում է գծի ենթակառուցվածքներին, պարտավոր է թույլ տալ, որպեսզի ցանկացած այլ օպերատոր կարողանա վարձակալել տվյալ գծի ենթակառուցվածքի թողունակությունը:

2. Բոլոր գերիշխող օպերատորները պարտավոր են Կարգավորողի կողմից սահմանված կարգով տեղեկություններ հրապարակել իրենց ունեցած գծի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության մասին:

3. Ցանկացած օպերատոր, որը ցանկանում է վարձակալել որևէ գերիշխող օպերատորի գծի ենթակառուցվածքը, պարտավոր է գրավոր դիմել այդ օպերատորին: Գերիշխող օպերատորը, որից փորձ է արվում ստանալ գծի ենթակառուցվածքը կամ դրա օգտագործման թույլտվությունը, պարտավոր է դիմող օպերատորին յոթ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել խնդրո առարկա գծի ենթակառուցվածքը կամ վերջինս օգտագործելու թույլտվությունը տրամադրելու իր մտադրության մասին:

4. Գերիշխող օպերատորը, որը տիրապետում է գծի ենթակառուցվածքը, իրավասու է մերժել օպերատորի դիմումը, եթե Կարգավորողին կապացուցի, որ`

1) գծի ենթակառուցվածքը կվնասվի կամ էլեկտրամագնիսական առումով չի համատեղվի գերիշխող օպերատորի ցանցի հետ.

2) տվյալ գծի ենթակառուցվածքի թողունակությունն սպառված է կամ կսպառվի դիմումի ամսաթվից հետո` երեք տարվա ընթացքում: Սակայն այլ օպերատորի խնդրանքի հիման վրա և հաշվի առնելով տեխնիկական և տնտեսական հնարավորությունները` գերիշխող օպերատորը պարտավոր է կառուցել պահանջվող ենթակառուցվածքները:

5. Գծի ենթակառուցվածքը տիրապետող գերիշխող օպերատորը պարտավոր է հավասար վերաբերմունք ցուցաբերել այն օպերատորների նկատմամբ, որոնք ցանկանում են վարձակալել գծի ենթակառուցվածքը: Այլ անձանց կողմից գծի ենթակառուցվածքի օգտագործման պայմանները և պահանջները պետք է նույնանման լինեն գերիշխող օպերատորի կամ վերջինիս հետ փոխկապակցված անձանց կողմից գծի ենթակառուցվածքի օգտագործման գնման և վարձակալության պայմաններին և պահանջներին:

6. Գծի ենթակառուցվածքի օգտագործման համար սահմանվող վճարի մեծությունը պետք է համաչափ լինի այդ ենթակառուցվածքը կառուցելու և պահպանելու համար գերիշխող օպերատորի կրած ծախսերին:

7. Գերիշխող օպերատորը պարտավոր է գծի ենթակառուցվածքի վարձակալության համար դիմող օպերատորների նկատմամբ չկիրառել այնպիսի պայմաններ, որոնք առնչվում են գծի ենթակառուցվածքի օգտագործման նպատակին և ձևին:

(25-րդ հոդվածը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ

 

Հոդված 26. Վճարների հիմքը

 

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության սակագները պետք է լինեն արդարացի և ողջամիտ: Ցանկացած սակագին, որն արդարացի կամ ողջամիտ չէ, համարվում է հակաօրինական: Սակագնի արդարացի և ողջամիտ լինելու մասին հիմնավորում կարող է համարվել արդեն իսկ նմանատիպ ծառայության համար սահմանված նմանատիպ սակագինը:

2. Սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության սակագները պետք է պայմանավորվեն այդ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ և սույն օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան սահմանված և բաշխված ծախսերով:

Հոդված 27. Սակագների կարգավորումը


1. Կարգավորողը սահմանում է ծառայությունների մատուցման մեջ գերիշխողների կողմից մատուցվող` կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները և կարգավորում դրանք:

2. Կարգավորողն իրավասու է կարգավորել ծառայությունների մատուցման մեջ ոչ գերիշխողների կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները, եթե նման կարգավորումն անհրաժեշտ է մրցակցությունը և հանրային շահերը պաշտպանելու համար: Սակայն Կարգավորողն իրավասու չէ կարգավորել ինտերնետային ծառայություններ մատուցողի կողմից ինտերնետ հասանելիության դիմաց գանձվող  սակագները:

3. Կարգավորողը կարգավորում է ծառայությունների մատուցման մեջ ոչ գերիշխողների կողմից հանրությանը մատուցվող համընդհանուր ծառայությունների սակագները:

4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները կարգավորելիս Կարգավորողը պարտավոր է առաջին-երրորդ մասերով կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողներից պահանջել և խրախուսել սակագների վերանայում, որպեսզի սակագները առավելագույնս մոտեցվեն փաստացի ծախսերին:

5. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման սակագները կարգավորելիս Կարգավորողը կարող է սույն հոդվածի առաջին-երրորդ մասերով կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողներից պահանջել ներկայացնելու իրենց կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների պայմանները և սակագները հիմնավորող տեղեկատվություն:

6. Կարգավորողը պարտավոր է իր հայեցողությամբ ընտրել սակագների կարգավորման մեթոդները, որոնք կիրառելի են սույն հոդվածի առաջին-երրորդ մասերով կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողների նկատմամբ: Կարգավորողն իրավասու է սահմանել ծառայությունների համար գանձվող առավելագույն սակագները:

Հոդված 28. Սակագների հրապարակային ներկայացումը


1. Կարգավորողի կողմից սակագնային կարգավորման ենթակա բոլոր ծառայություններ մատուցողները պարտավոր են Կարգավորողին ներկայացնել և հրապարակել աղյուսակներ, որոնցում արտացոլված կլինեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները, ինչպես նաև այդ ծառայությունների մատուցման հետ կապված դասակարգումներն ու պայմանները: Նշված աղյուսակները, դրանցում պարունակվող տեղեկությունները, դրանց տպագրման ձևը, հանրության կողմից ծանոթացման համար փակցման և բաց պահման վայրերը, այդ թվում` լայնորեն հասանելի վեբ-կայքերի կամ զանգվածային լրատվամիջոցների դեպքում սահմանվում են Կարգավորողի կանոնակարգերով:

2. Կարգավորման ենթակա սակագինն ուժի մեջ է մտնում Կարգավորողի կողմից հաստատվելուց հետո: Կարգավորողի կողմից առարկություններ չլինելու դեպքում սակագինն ուժի մեջ է մտնում այն ներկայացնելու օրվանից 45-րդ օրը լրանալուց հետո:

3. Եթե Կարգավորողը, հանրային խորհրդակցությունից հետո պարզում է, որ կարգավորման ենթակա որևէ սակագին խախտելու է սույն օրենքի որևէ դրույթ, ապա նա իրավասու է`

1) փոփոխել սակագինը, որպեսզի այն դառնա արդարացի և ողջամիտ.

2) կասեցնել այդ սակագնի կամ դրա մի մասի գործողությունն առավելագույնը 90 օրով, որի ընթացքում պարտավոր է ուսումնասիրել այդ սակագնի հիմնավորումը և մերժել, փոփոխել կամ ընդունել այն:

Հոդված 29. Սակագների դրույքաչափերի առանձնահատկությունը


Կարգավորվող սակագները պետք է`

1) հստակորեն նշված և ըմբռնելի լինեն` բացառելով խաչաձև հղումները սակագները չկարգավորող փաստաթղթերին.

2) կապված լինեն ծառայությունների կոնկրետ տեսակի հետ.

3) սահմանեն միավորները (օրինակ` գծի թողունակությունը, ժամանակը, արագությունը), որոնց օգտագործմամբ հաշվարկվելու է վճարը.

4) Կարգավորողի կողմից սահմանված մրցակցային կանոններով հնարավորինս առանձնացված լինեն.

5) հաշվի առնելով 27-րդ հոդվածի չորրորդ մասով դրույքաչափերի վերանայման համար սահմանված խելամիտ անցումային ժամկետները` հիմնված լինեն միայն վերջնական օգտագործողների կողմից պահանջված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների տրամադրման կապակցությամբ կրած թույլատրելի ծախսերի վրա.

6) նախօրոք և ամբողջությամբ հրապարակել հատուցման ենթակա գումարների և դրանց վճարման մասին ցանկացած տեղեկատվություն:

Հոդված 30. Զեղչերը


1. Սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողները կարող են ծառայությունների սակագները զեղչել`

1) վերջնական օգտագործողին մատուցված ծառայությունների ծավալի հիման վրա, եթե դա ծախսերի տեսակետից հիմնավորված է.

2) եթե զեղչի ենթակա ծառայությունը նոր սակագնով ծառայություն է, սակայն ոչ ավելի, քան հաճախորդների կողմից ծառայությանը բաժանորդագրվելու օրվանից 90-օրյա ժամկետով: Ցանկացած զեղչ պետք է լինի հրապարակային, բաց և նույնությամբ հասանելի նման իրավիճակներում գտնվող բոլոր հաճախորդներին:

2. Ծավալային զեղչերը կարող են հաշվարկվել տարբեր անձանց օգտագործած ծավալներն իրար գումարելու միջոցով, եթե այդ անձինք զբաղված են առևտրային ընդհանուր գործունեությամբ (բացառությամբ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու գործունեության) և կուտակված վճարների ենթահաշիվների համար չեն ստանում վճարման այլ հաշիվ, քան նույն ծավալն օգտագործող առանձին անձինք:

3. Զեղչումը կիրառվում է Կարգավորողի կողմից հաստատվելուց հետո: Անկախ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերից, Կարգավորողը կարող է մերժել ծառայությունների մատուցման մեջ գերիշխողի կողմից առաջարկված զեղչը, եթե դա կվնասի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների տվյալ տեսակի շուկայի մասնակից այլ անձանց մրցունակությանը:

Հոդված 31. Սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողներին ներկայացվող լրացուցիչ պահանջները


1. Ծառայությունների մատուցման մեջ գերիշխողների համար Կարգավորողը սահմանում է հաշվապահական հաշվառման համակարգ, որի հիման վրա պետք է հիմնավորվի, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վճարները, որոնց գծով իրենք գերիշխող դիրք են զբաղեցնում, հիմնված են ինքնարժեքի (ծախսերի) հաշվարկի վրա: Հաշվապահական հաշվառման համակարգը պետք է հնարավորություն ընձեռի ծախսերը բաշխել ըստ հանրային էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ծառայությունների, Կարգավորողին հնարավորություն տա ստուգել և աուդիտի ենթարկել ծախսերի բաշխումը, ապահովի կարգավորմանը ենթակա ծառայությունները մատուցող սուբյեկտների միջև ծախսերի բաշխումների համապատասխանությունը (համամասնությունը) և վերջիններիս կողմից ծախսերի իրականացման համապատասխանությունը:

2. Կարգավորողն ապահովում է, որպեսզի ծառայություններ մատուցողները, որոնց սակագները ենթակա են կարգավորման, ըստ մասերի բաշխեն իրենց կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները մատուցելու ընդհանուր ծախսերը, այդ թվում` դրանց առանձին բաղադրիչները, նշված ապրանքների, ծառայությունների և բաղադրիչների հետ մեկտեղ, այնպես, որպեսզի այդ ծախսերն առանձնացվեն ամբողջությամբ բաշխման ենթակա կարգով` հետևյալ սկզբունքներին համապատասխան`

1) կոնկրետ մեկ տեսակի ապրանքին, ծառայությանը, կամ բաղադրիչին վերագրվող ծախսերը պետք է ուղղակիորեն վերագրվեն.

2) կոնկրետ մեկ տեսակի ապրանքին, ծառայությանը, կամ բաղադրիչին չվերագրվող ծախսերը պետք է բաշխվեն բոլոր ապրանքների, ծառայությունների և բաղադրիչների միջև` փաստացի օգտագործման հիման վրա.

3) վերոհիշյալ ենթակետերի համաձայն` մրցակցության առարկա համարվող ապրանքներին, ծառայություններին և բաղադրիչներին վերագրված կամ բաշխված ծախսերը չեն կարող վճարվել ոչ մրցակցային կարգով մատուցվող ապրանքների, ծառայությունների կամ բաղադրիչների տրամադրման հաշվին:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված` ծառայություն մատուցողների, ծախսային հիմքով հաշվապահական հաշվառման համակարգը պետք է առանձնացված լինի այնպես, ինչպես դա կարվեր, եթե սույն հոդվածի նույն մասում նշված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունները մատուցվեին միմյանց հետ կապ չունեցող տարբեր անձանց կողմից, ընդ որում` պետք է հնարավոր լինի որոշել նրանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններին առնչվող եկամուտների և ծախսերի տողերը, այդ թվում` հիմնական միջոցների բացվածքը:

4. Օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ Կարգավորողը պարտավոր է պահանջել ծառայություն մատուցողներից, որոնց սակագները ենթակա են կարգավորման, որպեսզի նրանք ներկայացնեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների` ծախսերի մեթոդով հաշվապահական հաշվառման վերաբերյալ աուդիտ անցած հաշվետվություն: Նման հաշվետվությունները պետք է բաց լինեն հանրության համար, եթե դրանք չեն ներառում առևտրային գաղտնիք: (նախադասությունը հանվել է 29.04.13 ՀՕ-47-Ն)

5. Սույն հոդվածի չորրորդ մասում նշված հաշվետվությունները պետք է ներառեն`

1) աուդիտորի զեկույցը ծախսային մեթոդով հաշվապահական հաշվառման և սույն օրենքի դրույթների համապատասխանության մասին.

2) հանրային էլեկտրոնային հաղորդակցության յուրաքանչյուր ծառայության ծախսային հոդվածների բացահայտում և քանակական գնահատում ցանցի բոլոր այն հատվածների համար, որոնց միջոցով տրամադրվել է ծառայությունը.

3) համատեղ և ընդհանուր ծախսերը հանրային էլեկտրոնային հաղորդակցության յուրաքանչյուր ծառայությանը վերագրելու հիմքերը:

6. Սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողների հաշվետվությունների վերաբերյալ շահագրգիռ անձանց իրենց տեսակետները հայտնելու հնարավորություն ընձեռելուց հետո Կարգավորողը պարտավոր է պարզել ծառայություններ մատուցողներից յուրաքանչյուրի ծախսերի հաշվապահական հաշվառման օրինականությունը և պատշաճությունը: Այդ որոշումը կայացնելիս Կարգավորողը պետք է հավասարակշռի մի կողմից` ծառայություններ մատուցողների կարողությունը` ողջամիտ շահութաբերություն ապահովելու հնարավորություն ունենալու առումով, և մյուս կողմից` հանրության և ծառայություններ մատուցող այլ անձանց շահերը` ցածր գների ապահովման և հնարավորության դեպքում նաև մրցակցությունը խթանելու առումներով:

7. Կարգավորողը պարտավոր է սահմանել սույն հոդվածի առաջին մասում նշված ծախսերը վերագրելու մեթոդները և սույն հոդվածի երկրորդ մասում նշված` հաշվապահական հաշվառման ծախսային մեթոդը, որոնք պետք է՝

1) ապահովեն, որպեսզի սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողին վերագրվող վնասները, տույժերը կամ տուգանքները չկրեն նրա մրցակիցները կամ վերջնական օգտագործողները.

2) արգելեն սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողի հանրային էլեկտրոնային հաղորդակցության մրցակցային ծառայությունների և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ոչ մրցակցային ծառայությունների միջև խաչաձև ֆինանսավորումը.

3) բջջային հեռախոսակապի ցանցի վարձակալած գծերի միանձնյա կամ համատեղ տիրապետող՝ սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողների նկատմամբ ընդլայնել ծախսերի բաշխմանը ներկայացվող պահանջները:

8. Սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողը, որը մատուցում է գծերի վարձակալության կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության այլ ծառայություն, պարտավոր է իր վճարների հաշվարկները և ծախսային մեթոդով ինքնարժեքի հաշվառումը համապատասխանեցնել սույն օրենքի դրույթներին և Կարգավորողի` այդ նպատակի համար սահմանած ժամկետներին:

(31-րդ հոդվածը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

Հոդված 32. Ներդրումների եկամտաբերության ողջամիտ մակարդակը


1. Ծառայություններ մատուցողների կողմից գանձվող վճարները կարգավորելիս Կարգավորողն ապահովում է, որպեսզի տվյալ ծառայություններ մատուցողները հնարավորություն ունենան արդյունավետ կառավարման հիման վրա ստանալու հանրությանը ծառայություններ մատուցելու գործում իրենց կատարած ներդրումների ողջամիտ արժեքի նկատմամբ եկամտաբերության ողջամիտ մակարդակ: Այն կարող է ներառել ներդրումները, որոնք ամբողջությամբ կամ մասամբ տնտեսապես չհիմնավորված կամ անարդյունավետ են դարձել տեխնոլոգիայի կատարելագործման կամ պետական քաղաքականության փոփոխության պատճառով:

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով եկամտաբերությունը որոշելիս Կարգավորողը կարող է հաշվի առնել միջազգային չափորոշիչները և Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները:

Գ Լ ՈՒ Խ  6

ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄ

Հոդված 33. Փոխկապակցում տրամադրելու պարտավորությունը


1. Յուրաքանչյուր օպերատոր պարտավոր է պահանջի հիման վրա փոխկապակցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության իր ցանցը այլ օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ:

2. Օպերատորը պարտավոր է փոխկապակցում տրամադրել հետևյալ սկզբունքներին համապատասխան`

1) «յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ» փոխկապակցումը պետք է տրամադրվի այնպես, որպեսզի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից յուրաքանչյուրի բոլոր հաճախորդները կարողանան հաղորդակցվել հանրային էլեկտրոնային հաղորդակցության մյուս ցանցերի բոլոր հաճախորդների հետ կամ ստանալ ծառայություններ մյուս ցանցերից.

2) «վերջնակետից վերջնակետ» փոխկապակցումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավոր լինի մեկ ցանցի ցանկացած հաճախորդին մեկ այլ ցանցի օպերատորի կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը.

3) փոխկապակցող օպերատորները հավասար պատասխանատվություն են կրում փոխկապակցումը ողջամիտ ժամկետներում ապահովելու համար:

Հոդված 34. Փոխկապակցման թույլատրելի մեխանիզմները


1. Յուրաքանչյուր գերիշխող օպերատոր պարտավոր է Կարգավորողին ներկայացնել փոխկապակցման օրինակելի առաջարկ, որտեղ նշված կլինեն փոխկապակցման ծառայությունները և այն պայմանները, որոնց հիման վրա այլ օպերատորները կարող են փոխկապակցվել տվյալ գերիշխող օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին:

2. Երկու կողմերի համաձայնության դեպքում առնվազն մեկ գերիշխող օպերատորի մասնակցությամբ փոխկապակցման պայմանները և գները կարող են շարադրվել պայմանագրում, որն իրավաբանական ուժով կգերակայի փոխկապակցման համապատասխան օրինակելի առաջարկի նկատմամբ: Յուրաքանչյուր գերիշխող օպերատոր պարտավոր է փոխկապակցման բոլոր պայմանագրերի մեկական օրինակները տրամադրել Կարգավորողին, որը կարող է սահմանված կարգով մերժել, կասեցնել կամ փոփոխել դրանք:

3. Գերիշխող օպերատորի հետ փոխկապակցման պայմանները որոշվում են՝

1) Կարգավորողի կողմից` սույն օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածներով կամ դրանց որևէ մասի հիման վրա հաստատված փոխկապակցման օրինակելի առաջարկի համաձայն, որը տարածվում է տվյալ ծառայությունների մատուցման նկատմամբ: Եթե կիրառելի է փոխկապակցման օրինակելի ձևի ավելի քան մեկ առաջարկ, ապա Կարգավորողը որոշում է, թե որը պետք է կիրառել.

2) փոխկապակցման համար դիմողի և փոխկապակցում տրամադրողի միջև կնքված պայմանագրով, որը հաստատվել է Կարգավորողի կողմից սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, եթե չի կիրառվում սույն մասի 1-ին կետը.

3) Կարգավորողի կողմից, որը հանդես է գալիս որպես վեճի կարգավորիչ 38-րդ հոդվածում նշված արբիտրաժային կանոնների հիման վրա՝ այն դեպքերում, երբ սույն մասի 1-ին կամ 2-րդ կետերը չեն կիրառվում:

4. Ոչ գերիշխող օպերատորները կարող են փոխկապակցման համար առաջարկվող դրույքաչափերը և պայմաններն ամրագրել պայմանագրի կամ փոխկապակցման օրինակելի առաջարկում:

5. Ոչ գերիշխող օպերատորի հետ փոխկապակցման պայմանները որոշվում են`

1) փոխկապակցման համար դիմողի և փոխկապակցում տրամադրողի միջև պայմանագրով.

2) եթե չի կիրառվում սույն մասի 1-ին կետը, Կարգավորողի կողմից սույն օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածներով կամ դրանց որևէ մասի հիման վրա հաստատված փոխկապակցման օրինակելի առաջարկի համաձայն, որը տարածվում է տվյալ ծառայությունների մատուցման նկատմամբ: Եթե կիրառելի է փոխկապակցման օրինակելի ձևի ավելի քան մեկ առաջարկ, ապա Կարգավորողը որոշում է, թե որը պետք է կիրառել.

3) Կարգավորողի կողմից, որը հանդես է գալիս որպես վեճի կարգավորիչ 38-րդ հոդվածում նշված արբիտրաժային կանոնների հիման վրա՝ այն դեպքերում, երբ սույն մասի 1-ին կամ 2-րդ կետերը չեն կիրառվում:

Հոդված 35. Փոխկապակցման օրինակելի առաջարկները


1. Յուրաքանչյուր գերիշխող օպերատոր, որը սույն գլխի համաձայն պարտավոր է փոխկապակցում տրամադրել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման համար, պարտավոր է փոխկապակցման օրինակելի առաջարկ ներկայացնել Կարգավորողին`

1) գերիշխող դիրք զբաղեցնող ճանաչվելուց հետո` իննսուն օրվա ընթացքում.

2) փոխկապակցման առկա օրինակելի առաջարկի ժամկետի ավարտից առնվազն իննսուն օր առաջ:

2. Օպերատորի կողմից ներկայացված փոխկապակցման օրինակելի առաջարկ կամ դրա որևէ մաս կարող է գործողության մեջ մտնել Կարգավորողի կողմից հաստատվելուց հետո:

3. Փոխկապակցման օրինակելի առաջարկը պետք է նախատեսի ստորև թվարկված կոնկրետ տեղեկությունները`

1) առաջարկի վավերականության ժամկետը, որը չի կարող գերազանցել առաջարկը ներկայացնողի լիցենզիայի ուժի մեջ մնալու ժամկետը.

2) փոխկապակցման ծառայությունը, էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունները, որոնց համար դիմել է փոխկապակցվելու ցանկություն ունեցող կողմը.

3) փոխկապակցման գծեր պատվիրելու ընթացակարգը և դրանց թողունակությունը.

4) տեղափոխվող ծավալների (տրաֆիկի) գնահատման և կառավարման կարգը.

5) ցանցի աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող միջոցառումները.

6) փոխկապակցման տեխնիկական և այլ ստանդարտները.

7) փոխկապակցման յուրաքանչյուր կետի գտնվելու վայրը և նման կետերից յուրաքանչյուրի օգտագործման պայմանները.

8) համարների կամ համարային շարքերի օգտագործման պայմանները.

9) ընթացակարգը, որին պետք է հետևել, եթե փոխկապակցող կողմերից որևէ մեկը ցանկանա փոխել իր ցանցի կառուցվածքը, և եթե նման փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ փոխկապակցված ցանցերի համատեղ աշխատանքի ռեժիմի կամ մատուցվող փոխկապակցման ծառայությունների վրա.

10) ցանցային սարքավորումների և գծի ենթակառուցվածքների համատեղ օգտագործումը.

11) փոխկապակցվող ցանցերի և էլեկտրոնային հաղորդակցության ու այլ հարակից ծառայությունների որակին ներկայացվող պահանջները և այդ պահանջների կատարումն ապահովող միջոցառումները.

12) վճարահաշվարկային պայմանները և ընթացակարգերը.

13) ցանցերի փոխկապակցումը և համատեղ աշխատանքի ռեժիմը փորձարկելու կարգը.

14) փոխկապակցման վճարները և դրանց փոփոխման ընթացակարգը.

15) փոխկապակցված գծերի և այլ փոխկապակցման ծառայությունների օգտագործման պայմանները և վճարները.

16) փոխկապակցման պայմանները փոփոխելու կարգը.

17) խափանումների վերաբերյալ տեղեկությունների ստացման և խափանումների վերացման կարգը.

18) վերանորոգման և պահպանման աշխատանքների կատարմանը ներկայացվող պահանջները.

19) կողմերի պատասխանատվությունը և առկա սահմանափակումները.

20) վեճերի լուծման կարգը.

21) կողմերից մեկի կողմից փոխկապակցման պայմանագիրը խախտելու դեպքում պայմանագրի կասեցման և դադարեցման կարգը.

22) ցանկացած այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է փոխկապակցումը գնահատելու և իրականացնելու համար.

23) Կարգավորողի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

4. Գերիշխող օպերատորների փոխկապակցման օրինակելի առաջարկները պետք է ներառեն գերիշխող օպերատորի կողմից ստանձնած հանձնառություն այն մասին, որ նա դիմող օպերատորին կտրամադրի փոխկապակցում վերջինիս կողմից փոխկապակցման պայմաններին համաձայնությունը տալուց հետո ոչ ուշ, քան քառասունհինգ օրվա ընթացքում:

Հոդված 36. Գերիշխող օպերատորի պարտականությունները


1. Ի լրումն սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված պահանջների, գերիշխող օպերատորը պարտավոր է փոխկապակցում տրամադրել հետևյալ սկզբունքներով՝

1) փոխկապակցման տրամադրման պայմանները պետք է`

ա) համանման դիրքեր գրավող անձանց նկատմամբ լինեն ոչ խտրական,

բ) փոխկապակցման տեխնիկական պայմանների, փոխկապակցման կետերի թվաքանակի և գտնվելու վայրի առումով լինեն ողջամիտ և թափանցիկ,

գ) ներառեն 47-րդ հոդվածում նշված սկզբունքների համաձայն հաշվարկվող վճարները.

2) փոխկապակցումը պետք է Կարգավորողի կողմից հաստատվի փոխկապակցման դիմումի մեջ նշվող ցանկացած կետում`

ա) փոխկապակցման օրինակելի առաջարկի շրջանակներում օպերատորի կողմից փոխկապակցման պայմաններին համաձայնություն տալուց հետո ոչ ուշ, քան քառասունհինգ օրվա ընթացքում,

բ) փոխկապակցման պայմանագրի շրջանակներում դիմումի ստացվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, բացառությամբ եթե անհրաժեշտ է հատուկ կառույց: Նշված դեպքում կողմերը պայմանավորվում են խելամիտ ժամկետների մասին.

3) գերիշխող օպերատորը պարտավոր է փոխկապակցման համար դիմող օպերատորին տրամադրել փոխկապակցման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

4) գերիշխող օպերատորը պարտավոր է փոխկապակցման համար դիմող օպերատորից ստացված տեղեկություններն օգտագործել բացառապես փոխկապակցման ծառայություններ տրամադրելու նպատակով և այդ տեղեկությունները երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, չհրապարակել.

5) գերիշխող օպերատորը պարտավոր է նախապես ողջամիտ ժամկետում ծանուցել փոխկապակցված օպերատորին գերիշխող օպերատորի ցանցի տեխնիկական ստանդարտների կամ աշխատանքի առանձնահատկությունների մեջ տեղի ունեցող փոփոխությունների մասին.

6) գերիշխող դիրք ունեցող օպերատորը փոխկապակցումը պետք է տրամադրի նույն պայմաններով, ինչպես տրամադրում է իրեն կամ իրեն փոխկապակցված անձին.

7) խաչաձև ֆինանսավորման մեխանիզմներ չպետք է թույլատրվեն.

8) եթե դա տեխնիկապես և տնտեսապես ողջամիտ է, ապա փոխկապակցման ծառայությունները և բաղադրիչները պետք է այնպես տարանջատված լինեն, որպեսզի փոխկապակցման համար դիմող օպերատորը ստիպված չլինի վճարումներ կատարել ցանցի այնպիսի բաղադրիչների կամ հարմարությունների համար, որոնք իրեն անհրաժեշտ չեն:

2. Յուրաքանչյուր գերիշխող օպերատոր պարտավոր է վարել առանձին հաշիվներ, որոնց ձևը և բովանդակությունը հնարավորություն կտան Կարգավորողին գնահատել, թե արդյոք այդ օպերատորը մատուցում է փոխկապակցման ծառայությունները սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված սկզբունքներին համապատասխան:

3. Յուրաքանչյուր գերիշխող օպերատոր պարտավոր է թույլատրել այլ օպերատորներին և ծառայություն մատուցողներին՝ վերջիններիս սպառողների զանգերն ուղղել իր սարքավորումներին, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել ոստիկանության, շտապօգնության և այլ արտակարգ իրավիճակների ծառայությունների կարճ կոդերը:

Հոդված 37. Փոխկապակցման վճարների հիմքում ընկած սկզբունքները


1. Փոխկապակցման վճարներն են`

1) այն վճարները, որոնց հաշվին ծածկվում են փոխկապակցված ցանցերի ծախսերը.

2) ցանցի սարքավորումների, շենքերի և շինությունների և գծի ենթակառուցվածքի վարձակալության վճարները, եթե փոխկապակցման պայմանագրի կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել.

3) փոխկապակցված ցանցերի ընթացիկ անբաժանելի համատեղ աշխատունակությունն ապահովելուն ուղղվող վճարները.

4) փոխկապակցված ցանցերի միջև ուղարկվող ծավալների փոխադարձ ուղղորդմանը, միացման-անջատմանը և ազդակների հաղորդմանն առնչվող վճարները.

5) մատուցվող լրացուցիչ ծառայությունների դիմաց վճարները:

2. Փոխկապակցման կամ դրա բաղադրիչների դիմաց վճարները սահմանվում են՝

1) տվյալ ծառայության կամ բաղադրիչի` ծառայության ընդհանուր տևողության երկարաժամկետ կուտակային ծախսերի և ապագայում նախատեսվող ծախսերի ողջամիտ տեղաբաշխման հիման վրա, որը ներառում  է`

ա) հավասար փոխկապակցում ապահովելու ուղղությամբ կրած ծախսերը,

բ) ցանցերի փոխկապակցման նկատմամբ սահմանված պահանջների կատարումից բխող ծախսերը,

գ) կապիտալի ողջամիտ ծախսերը.

2) ապագայում նախատեսվող ծախսերի ողջամիտ տեղաբաշխում:

Ծառայությունների կամ բաղադրիչների միջև ծախսերի բաշխումը պետք է համահունչ լինի ծախսերի վերագրման և բաշխման` 32-րդ հոդվածով նախատեսված սկզբունքներին: Անկախ սույն հոդվածի մյուս դրույթներից, սույն պարբերության համաձայն սահմանված դրույքաչափերը չպետք է գերազանցեն այն մեծությունը, որն անհրաժեշտ է սույն պարբերության մեջ նշված ծախսերը ծածկելու համար:

3. Գերիշխող օպերատորները պարտավոր են հաշվարկել փոխկապակցման և փոխկապակցման ծառայությունների վճարները հետևյալ հիմնարար սկզբունքներին համապատասխան`

1) ծախսերը պետք է կրի (կրեն) այն օպերատորը կամ օպերատորները, որի (որոնց) գործունեությունն առաջացնում է տվյալ ծախսերը.

2) ոչ ընթացիկ ծախսերը պետք է հատուցվեն ոչ ընթացիկ վճարների միջոցով, իսկ ընթացիկ ծախսերը պետք է հատուցվեն ընթացիկ վճարների միջոցով.

3) օգտագործումից կախված չտատանվող ծախսերը պետք է հատուցվեն հաստատագրված վճարների հաշվին, իսկ օգտագործումից կախված տատանվող ծախսերը` օգտագործման վրա հիմնված վճարների միջոցով.

4) ծախսերը պետք է ներառեն վերագրելի գործառնական ծախսերը և ամորտիզացիան, ինչպես նաև ողջամիտ եկամտաբերություն ստանալու համար նախատեսվող որոշակի գումար.

5) փոխկապակցման գինը չպետք է ներառի ընդհանուր ծախսերի հատուցման արժեքը.

6) եթե Կարգավորողն անկարող է ստանալ ծախսերի մասին տեղեկություններ, որոնք ողջամտորեն բավարար են, վերաբերելի և արժանահավատ, ապա նա կարող է հաշվի առնել համեմատելի միջազգային ցուցանիշները: Կարգավորողը կարող է լրացուցիչ կանոնակարգեր սահմանել, որոնցով կկարգավորվեն այն գները, որոնք գերիշխող օպերատորը կարող է գանձել փոխկապակցման ծառայությունների դիմաց.

7) հանրային խորհրդակցությունից հետո Կարգավորողը կարող է ընդունել փոխկապակցման  ծառայությունների վճարները կարգավորող լրացուցիչ կանոններ:

4. Գերիշխող օպերատորների կողմից սահմանված` փոխկապակցման և փոխկապակցման ծառայությունների վճարները պետք է լինեն թափանցիկ և հրապարակային: Վճարների բաղադրիչները պետք է հստակորեն առանձնանան, իսկ ծախսերի հաշվարկի մեթոդները հրապարակվեն:

5. Գերիշխող օպերատորի փոխկապակցման ծառայությունների վճարները պետք է կախված չլինեն հաղորդակցությունը ստեղծող կամ սահմանափակող հաղորդակցության ցանցի կամ փոխկապակցման կետի միջոցով հաղորդելու տեսակից, բացառությամբ եթե ցանցի կամ հաղորդման տեսակը ազդում է փոխկապակցման ծառայության տրամադրման արժեքի վրա:

6. Փոխկապակցման և փոխկապակցման ծառայությունների վճարների և սույն հոդվածի պահանջների համապատասխանությունն ապացուցելու պարտավորությունը կրում է գերիշխող օպերատորը: Ծախսերի վերաբերյալ բավարար տվյալների դեպքում որպես հիմք կարող են ընդունվել միջազգային չափորոշիչները:

7. Գերիշխող օպերատորը, որը փոխկապակցում է իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը մեկ այլ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ, պարտավոր է իր վճարների հաշվարկների և ծախսերի մեթոդով ինքնարժեքի հաշվառման համակարգը համապատասխանեցնել սույն օրենքի դրույթներին` Կարգավորողի կողմից սահմանված ժամկետներում: Մինչև այդ Կարգավորողը կարող է որպես հիմք ընդունել միջազգային չափորոշիչները` հանրային խորհրդակցությունից հետո միակողմանիորեն սահմանելով փոխկապակցման դրույքաչափերը:

Հոդված 38. Փոխկապակցման առնչությամբ վեճերը


1. Եթե փոխկապակցման տրամադրման բանակցությունները երկու ամիս չեն հանգեցնում համաձայնության, կամ համաձայնության հասնելուց հետո ծագում են վեճեր, ապա կողմերից յուրաքանչյուրը կարող է գրավոր դիմել Կարգավորողին` վեճը լուծելու համար:

2. Վեճի մասին գրավոր բողոք ստանալուն պես Կարգավորողը պարտավոր է տասն օրվա ընթացքում ծանուցել օպերատորին (որի դեմ ներկայացվել է բողոքը) և պահանջել, որպեսզի վերջինս ներկայացնի վեճի առարկա հանդիսացող պայմանները:

3. Օպերատորը պարտավոր է Կարգավորողից նշված պահանջը ստանալուց հետո` երեսուն օրվա ընթացքում, ներկայացնել գրավոր բացատրություն:

4. Կարգավորողը պարտավոր է բավարարել կամ մերժել բողոքն այն ստանալուց հետո` երկու ամսվա ընթացքում:

5. Եթե Կարգավորողը բավարարում է բողոքը, ապա հանձնարարում է օպերատորին անհապաղ փոփոխել վիճելի պայման պարունակող պայմանագրերը և առաջարկները: Բացառիկ դեպքերում Կարգավորողն իրավասու է պահանջել, որպեսզի փոփոխություններ կատարվեն արդեն իսկ կնքված փոխկապակցման պայմանագրերում, եթե դա հիմնավորվում է արդյունավետ մրցակցություն և (կամ) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների համատեղ աշխատունակություն ապահովելու անհրաժեշտությամբ: Հանձնարարականը պետք է կատարվի անհապաղ: Հանձնարարականի բողոքարկումը չի կարող կասեցնել դրա կատարումը:

6. Վեճի կամ տարաձայնության դեպքում կողմերը պարտավոր են կապակցված պահել իրենց ցանցերը` ծառայություններ մատուցելու և կանչերի հաղորդման նպատակով: Կողմերից ոչ մեկն առանց Կարգավորողի նախապես տրված համաձայնության չի կարող անջատել մյուս կողմի ցանցի հետ կապը, իսկ կապն ընդհատելու ցանկություն ունեցող որևէ կողմ պետք է դիմում ներկայացնի Կարգավորողին, որի կապակցությամբ վերջինս որոշում կկայացնի:

7. Կարգավորողն իրավասու է մշակել փոխկապակցման վեճերի լուծման նկատմամբ կիրառվող լրացուցիչ կանոններ:

8. Փոխկապակցման վեճի վերաբերյալ Կարգավորողի որոշումը պետք է համապատասխանի՝

1) փոխկապակցման վեճի առարկա չհանդիսացող հարցերի վերաբերյալ կողմերի ձեռք բերած բոլոր պայմանավորվածություններին.

2) այն պայմաններին, որոնք շարադրված են փոխկապակցման օրինակելի առաջարկում կամ դրա այն մասում, որը տարածվում է փոխկապակցում տրամադրողի նկատմամբ.

3) 33-րդ և 36-րդ հոդվածներում սահմանված սկզբունքներին:

9. Եթե վեճի մասնակիցներից ոչ մեկը գերիշխող օպերատոր չէ, ապա Կարգավորողը կարող է հրաժարվել տվյալ վեճի շրջանակներում արբիտրի դեր կատարելուց:

10. Սույն հոդվածը չի սահմանափակում փոխկապակցման պայմանագիր կնքած օպերատորի իրավունքը` վիճարկելու կամ բողոքարկելու փոխկապակցման դրույքաչափերը կամ պայմանները` գրավոր բողոք ներկայացնելով Կարգավորողին:

Հոդված 39. Տեղադրումը


1. Օպերատորը պարտավոր է ողջամիտ դրույքաչափերով և պայմաններով ապահովել մեկ այլ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից այն սարքավորումների տեղադրումը, որոնք անհրաժեշտ են օպերատորի տարածքում իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ փոխկապակցման կամ այդ ցանցի հասանելիության համար: Օպերատորը կարող է տրամադրել վիրտուալ դասավորում, եթե ապացուցում է, որ դրանց տեղադրումը տեխնիկական պատճառներով կամ տարածքի սահմանափակ լինելու հետևանքով գործնականում իրեն չի արդարացնում:

2. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պարտավոր է ցանկացած օպերատորի կամ ծառայություններ մատուցողի տրամադրել ծառայությունների մատուցման համար վերջիններիս անհրաժեշտ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի համապատասխան ենթակառուցվածքը, տեխնոլոգիան, տեղեկատվությունը և հարմարություններն ու գործառույթները:

3. Տեղադրումը ներառում է տարածքի, էլեկտրական հոսանքի անհրաժեշտ հզորության և լույսերի տրամադրումը, ինչպես նաև խաչաձև կապակցումը` տեղադրված սարքավորումների և տեղադրող օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից նախագծված անջատիչների կամ հանգույցների միջև:

Գ Լ ՈՒ Խ  7

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 40. Համընդհանուր ծառայությունները


1. Համընդհանուր ծառայությունը բաղկացած է Կարգավորողի որոշմամբ հաստատված և իրավասու մարմնի կողմից հաստատված քաղաքականության նպատակների համաձայն, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելու արդյունքում ընդունված ծառայությունների որոշակի նվազագույն քանակի մատուցումից, որը պետք է հասանելի լինի մատչելի գնով և բոլոր վերջնական օգտագործողների համար սահմանված որակի չափանիշներին համապատասխան` անկախ աշխարհագրական դիրքից:

2. Համընդհանուր ծառայության շրջանակները պետք է ընդլայնվեն տեխնոլոգիական առաջընթացին, տնտեսության զարգացմանը և օգտագործողի կողմից պահանջների փոփոխությանը համընթաց:

3. Կարգավորողը պարտավոր է`

1) սահմանել համընդհանուր ծառայությունների մատուցման ամենաարդյունավետ և լավագույն լուծումները.

2) ծառայությունների մատուցման համար սահմանել նպատակներ` ապահովելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության, մասնավորապես` հիմնական հեռախոսային ծառայությունների հասանելիությունը օգտագործողների մեծամասնությանը.

3) որևէ օպերատորի լիցենզիայում Կարգավորողը կարող է որպես պայման ներառել մեկ կամ երկու համընդհանուր ծառայություն մատուցելու և համընդհանուր ծառայությունների հնարավորություն ապահովելու պահանջը: Կարգավորողը կարող է ցանկացած պահանջ ներկայացնել` պահպանելով թափանցիկության, անխտրականության և մրցակցության սկզբունքները: Պատմականորեն գերիշխող օպերատորը պարտավոր է մատուցել համընդհանուր բոլոր ծառայությունները և տրամադրել համընդհանուր ծառայությունների հնարավորությունները.

4) ստեղծել հիմնադրամ, որտեղ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողները պետք է մասհանումներ կատարեն հիմնադրամին, որոնք Կարգավորողի կողմից սահմանվում են որպես համընդհանուր ծառայությունների վճարներ: Հիմնադրամը կառավարում է Կարգավորողը: Հիմնադրամն օգտագործում է Կարգավորողը` համընդհանուր ծառայություններ մատուցող օպերատորին հատուցելու նպատակով: Ցանկացած օպերատոր կամ ծառայություններ մատուցող կարող է սույն հոդվածի համաձայն հաշվարկված` համընդհանուր ծառայությունների մասհանումներում իր բաժինը հատուցել հաճախորդի հաշվի վրա վճար ներառելու միջոցով, սակայն այդ վճարը չպետք է գերազանցի հաշվարկված գումարը, պետք է արդարացիորեն բաշխվի հաճախորդների միջև և հաճախորդների հաշիվների մեջ նկարագրվի հասկանալի և չապակողմնորոշող ձևով:

(40-րդ հոդվածը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

Գ Լ ՈՒ Խ  8

ՀԱՄԱՐԱԳՐՈՒՄԸ, ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԿՈԴԵՐԸ ԵՎ ԿԱՐՃ ԿՈԴԵՐԸ

Հոդված 41. Հայաստանի Հանրապետության համարագրման պլանը


1. Կարգավորողն ընդունում է որոշում՝ Հայաստանի Հանրապետության համարագրման պլանը ստեղծելու մասին՝ ձևավորելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության համար օգտագործվող համարային շարքերի, նույնացման և կարճ կոդերի օգտագործումը կարգավորող ռեժիմ՝ միջազգային պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության համարագրման պլանում պետք է մասնավորեցվեն այն համարային շարքերը, նույնացման և կարճ կոդերը, որոնք անհրաժեշտ են երկրում էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար:

2. Հայաստանի Հանրապետության համարագրման պլանը մշակելիս և դրանում փոփոխություններ կատարելիս Կարգավորողը պարտավոր է`

1) պահպանել միջազգային համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները և համարային շարքերի, նույնացման և կարճ կոդերի օգտագործման էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ընդունված մոտեցումները.

2) հաշվի առնել Հայաստանի Հանրապետությունում համարային շարքերի, նույնացման և կարճ կոդերի օգտագործման կարիքները.

3) համարային շարքերի, նույնացման և կարճ կոդերի կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին տեղեկացնել այդօրինակ համարային շարքերի, նույնացման և կարճ կոդերի օգտագործման` Հայաստանի Հանրապետության նպատակների մասին.

4) ծառայություններ մատուցողներին տրամադրել համապատասխան համարային շարքեր, նույնացման և կարճ կոդեր.

5) օպերատորներին և ծառայություններ մատուցողներին տեղեկացնել էլեկտրոնային հաղորդակցության մեջ համարային շարքերի, նույնացման և կարճ կոդերի օգտագործման վրա անդրադարձող զարգացումների և փոփոխությունների մասին:

3. Հանրությանն իրազեկելուց և կարծիքներ ստանալուց հետո Կարգավորողը կարող է սեփական նախաձեռնությամբ կամ այլ անձի միջնորդությամբ փոփոխել իր համարագրման պլանը, որպեսզի`

1) այն ներդաշնակեցվի միջազգային համաձայնագրերին.

2) այն ներդաշնակեցվի էլեկտրոնային հաղորդակցության տեխնոլոգիայի զարգացումներին:

Սույն մասի 1-ին կետի համաձայն` ընդունված ցանկացած փոփոխության հրապարակումից մինչև այդ փոփոխության ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածը պետք է լինի առնվազն երկու տարի:

4. Նույնացման կոդերը ներառում են`

1) էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի միջազգային կոդը, որը նույնացվում է որպես միջազգային ցանց տեխնիկական ազդակների փոխանակման մեջ (միջազգային ազդակների հանգույցի կոդ).

2) էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի միջազգային կոդը, որը նույնացվում է որպես ազգային ցանց տեխնիկական ազդակների փոխանակման մեջ (միջազգային ազդակների հանգույցի կոդ).

3) շարժական կապի ցանցի կոդը, որը նույնացնում է շարժական կապի ցանցը էլեկտրոնային հաղորդակցության ազգային ցանցում (շարժական կապի ցանցի կոդ).

4) ծառայություններ մատուցողի կոդը, որն օգտագործվում է էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման և հաշվապահական հաշվառման մեջ (թողարկողի նույնացման համար).

5) տվյալների ցանցի նույնացման կոդերը (DNIC-ներ):

5. Հայաստանի համարագրման պլանը չպետք է կարգավորի տվյալների հաղորդակցության միջազգային ցանցերի համաշխարհային և ներքին հասցեների օգտագործումը:

Հոդված 42. Համար կամ կոդ զբաղեցնելը


1. Ցանկացած օպերատոր կամ ծառայություններ մատուցող իրավասու է դիմել Կարգավորողին համար կամ կոդ զբաղեցնելու խնդրանքով: Կարգավորողը սահմանում է համար կամ կոդ զբաղեցնելու համար տրվող՝ դիմումին ներկայացվող պահանջները, որոնք պետք է ներառեն տեղեկություններ՝ հնարավորություն ընձեռելու Կարգավորողին պարզել, թե արդյոք դիմողն ունի նման համարներ կամ կոդեր տիրապետելու կամ օգտագործելու համար անհրաժեշտ որակավորում:

2. Կարգավորողը դիմողին հատկացնում է համար կամ կոդ, բացառությամբ եթե`

1) պահանջվող համարային շարքը, նույնացման կամ կարճ կոդը զբաղեցված է մեկ այլ անձի համար.

2) պահանջվող համարային շարքը, նույնացման կամ կարճ կոդը միջազգային համաձայնագրերի շրջանակներում զբաղեցված է այլ նպատակների համար.

3) պլանավորվող օգտագործումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության համարագրման պլանին.

4) (կետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-47-Ն)

3. Սույն հոդվածի երկրորդ մասի հաշվառմամբ Կարգավորողը կայացնում է որոշում՝

1) դիմումը Կարգավորողին ներկայացնելուց հետո` տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե համարային շարքերը, նույնացման կամ կարճ կոդն օգտագործման մեջ չեն, և եթե դրանց օգտագործման համար միջազգային կազմակերպությունների հետ համակարգում չի պահանջվում.

2) (կետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-47-Ն)

4. Համար կամ կոդ տրվում է մինչև տասը տարի ժամկետով, բացառությամբ եթե դիմողը պահանջում է ավելի կարճ ժամկետ: Սակայն դրանք չեն կարող տրվել օպերատորի լիցենզիայի գործողության ժամկետը գերազանցող ժամկետով: Համար կամ կոդ զբաղեցնելու թույլտվության ժամկետի դադարման դեպքում Կարգավորողը կարող է մերժել լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը միայն սույն հոդվածի յոթերորդ մասի դրույթների հիման վրա:

5. Համարի կամ կոդի զբաղեցման թույլտվությունը թույլ է տալիս օպերատորին կամ ծառայություն մատուցողին օգտագործել տվյալ համարային շարքը, նույնացման կամ կարճ կոդն էլեկտրոնային հաղորդակցության նպատակների համար, կամ կազմակերպել դրանց օգտագործումը: Համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձն իրավասու է այդ համարը կամ կոդը տրամադրել սպառողներին, սակայն իրավունք չունի այդ համարը կամ կոդը փոխանցել այլ օպերատորների կամ ծառայություններ մատուցողների, բացառությամբ համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքի:

6. Համար կամ կոդ զբաղեցնելու թույլտվության մեջ պետք է սահմանվեն առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) հատկացված համարային շարքերը, նույնացման կամ կարճ կոդերը. 

2) համարային շարքերի, նույնացման կամ կարճ կոդերի օգտագործման պարտադիր պայմանները, խնդիրը, ձևը և նպատակները:

7. Կարգավորողը դադարեցնում է համար կամ կոդ զբաղեցնելու թույլտվությունը կամ մերժում է թույլտվության գործողության երկարաձգումը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, եթե`

1) կարգավորվող անձը համարները կամ կոդերը չի օգտագործում թույլտվության պայմաններին կամ Հայաստանի համարագրման պլանին համապատասխան.

2) կարգավորվող անձը չի սկսել համարային շարքերի, նույնացման կոդի կամ կարճ կոդի օգտագործումը թույլտվություն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կամ Կարգավորողը չի ստացել զբաղեցված համարային շարքերի, նույնացման կոդի կամ կարճ կոդի օգտագործման մեկնարկը հավաստող փաստաթղթերը հետագա տասներկու ամիսների ընթացքում: Այս հիմքով թույլտվության դադարեցումը կամ գործողության երկարաձգումը մերժելը չի արգելում կարգավորվող անձին ներկայացնել համարի կամ կոդի զբաղեցման համար նոր դիմում:

(42-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.04.13 ՀՕ-47-Ն)


Գ Լ ՈՒ Խ  9

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 43. Առանց խտրականության, անընդհատ ծառայություններ մատուցելը

1. Ծառայություններ մատուցողները, որպես կանոն, պարտավոր են ծառայությունները մատուցել հանրությանը ողջամիտ պահանջների հիման վրա: Ծառայություններ մատուցողն իրավասու է հրաժարվել հաճախորդներին մանրածախ ծառայություններ մատուցելուց, դադարեցնել կամ ընդհատել դրանց մատուցումը հաճախորդին սակագնի կամ վերջինիս հետ կնքված համաձայնագրի հիման վրա, եթե`

1) իր գործողությունները խտրականություն չեն առաջացնում նմանատիպ վիճակում գտնվող բաժանորդների միջև, և մերժման հիմքերը հստակորեն նախատեսված են սակագնով, իսկ ոչ գերիշխող ծառայություն մատուցողի դեպքում, որը չունի հաստատված սակագին՝ պայմանագրով.

2) վերջնական օգտագործողը հանրային հաղորդակցության ցանցին միացրել է չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորում կամ ծառայություն մատուցողը պարզել է, որ ակնհայտորեն ֆիզիկական կամ տեխնիկական վնաս է պատճառվել այդ ցանցին.

3) վերջնական օգտագործողը չի ներկայացնում տվյալ ծառայությունների սակագնով պահանջվող տեղեկությունները, հանրային հաղորդակցության ցանցի հետ միացման կետի նույնացման տվյալները կամ հասցեն, որը թույլ է տալիս մատուցել պահանջվող ծառայությունները.

4) վերջնական օգտագործողը չի վճարել այդ նույն ծառայություններ մատուցողի կողմից իրեն մատուցված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց:

2. Ծառայություններ մատուցողը չի կարող հրաժարվել սնանկացման կամ լուծարման գործընթացում գտնվող որևէ վերջնական օգտագործողին ծառայություններ մատուցելուց, բացառությամբ եթե վերջինս հրաժարվում է սակագնով պահանջվող նվազագույն ավանդի գումար մուտքագրելուց:

3. Անձը, որը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության դիմում է ներկայացնում, իրավասու է իր դիմումը հետ վերցնել խնդրո առարկա ծառայության մատուցումը սկսվելուց առաջ` ցանկացած պահին:

4. Ծառայություններ մատուցողը պարտավոր է ծառայությունները մատուցել նոր հաճախորդներին ողջամիտ ժամկետում: Կարգավորողը պարտավոր է սահմանել ծառայությունների պատվիրման առավելագույն ժամկետ, որը չպետք է գերազանցի 10 օրը:

5. Ծառայություններ մատուցողը պարտավոր է հատուկ շինարարություն չպահանջող գծերի վարձակալության ծառայություններ մատուցել խելամիտ ժամկետներում: Ամեն դեպքում ծառայություններ մատուցողը պարտավոր է բավարարել օրինական և համապատասխան կարգով փաստաթղթավորված պահանջների 95 տոկոսը` դրանք ստանալուց քառասունհինգ օրվա ընթացքում, բացառությամբ եթե Կարգավորողը խորհրդակցելուց հետո սահմանում է ժամկետին վերաբերող տարբեր պարամետրեր: Կետից կետ գծերի վարձակալության ծառայություններ ստանալու համար ներկայացված պատշաճ փաստաթղթավորված դիմումները պետք է պարունակեն պահանջվող ծառայությունը մատուցելու համար անհրաժեշտ մանրամասներ վերջնակետային սարքավորման տեսակի և համապատասխան ինտերֆեյսի տվյալների վերաբերյալ:

6. Ծառայություններ մատուցողը չի կրի վերոնշյալ պարտականությունները, եթե Կարգավորողը սահմանում է, որ նման ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է հատուկ շինարարություն, որը կպահանջի լրացուցիչ ժամանակ, և եթե դիմումը պատշաճ ձևով փաստաթղթավորված չէ: Այն դեպքում, եթե որոշում է ընդունվում հատուկ շինարարություն նախաձեռնել, ապա Կարգավորողը հաշվի է առնում դիմող կողմի պահանջարկի կանխատեսումները և պահանջվող հատուկ շինարարության ծավալները և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը կամ մի քանիսը`

1) ծառայություններ մատուցողին ազատում է գծերի վարձակալության ծառայություն մատուցելու պարտականությունից.

2) գծերի վարձակալության ծառայություն մատուցելու համար ծառայություններ մատուցողի համար սահմանում է նոր ժամկետ.

3) դիմող կողմից պահանջում է ամբողջությամբ կամ մասամբ վճարել գծերի վարձակալության ծառայության մատուցմանն ուղղակիորեն առնչվող ծախսերը.

4) դիմող կողմի համար սահմանում է ծառայություններ մատուցողի օգտին գանձման ենթակա խելամիտ տույժեր, եթե դիմող կողմը չի բավարարել պահանջարկի կանխատեսումները և չի օգտագործել պահանջված գծերը:

7. Եթե գերիշխող օպերատորը կամ ծառայությունների մեջ գերիշխողը առաջարկություն է ներկայացնում ծառայությունների մատուցումից կամ լիցենզիայից հրաժարվելու համար, կամ եթե դատարանի կողմից ճանաչվել է անվճարունակ, ապա Կարգավորողը ծառայությունների մատուցման ընդհատումը կանխելու համար կարող է որոշում կայացնել՝ պարտավորեցնելու կարգավորվող անձին շարունակելու իրականացնել լիցենզիայով կամ Կարգավորողի կողմից ծառայությունների մեջ գերիշխող ճանաչված անձանց գործունեությունը կարգավորող կանոններով սահմանված պարտավորությունները՝ Կարգավորողի կողմից սահմանված կարգով և պայմաններով:

(43-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.04.13 ՀՕ-47-Ն)

Հոդված 44. Վերջնակետային սարքավորումները


1. Օպերատորը թույլատրում է պատշաճ կարգով սերտիֆիկացված և հաճախորդի տարածքում գտնվող վերջնակետային սարքավորումների միացումն իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին, բացառությամբ եթե օպերատորը հիմնավորում է, Կարգավորողի կողմից սահմանված կարգով, որ այդ միացումը ֆիզիկական կամ տեխնիկական վնաս կպատճառի իր ցանցին:

2. Կարգավորողը սահմանում է «ծառայություն առ ծառայություն» սկզբունքով, օպերատորի ցանցի սարքավորումների և ենթակառուցվածքների և վերջնական օգտագործողի վերջնակետային սարքավորումների սահմանաբաժան կետը: Վերջնակետային սարքավորումները պետք է միացված լինեն սահմանաբաժան կետից մինչև վերջնական օգտագործողն ընկած մասում:

3. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պարտավոր է բաժանորդին հնարավորություն տալ, որպեսզի վերջինս օգտագործի վերջնակետային սարքավորումները միացվելուց անմիջապես հետո, եթե օպերատորը կամ ծառայություններ մատուցողը բաժանորդի հետ այլ համաձայնության չեն եկել:

4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները պարտավոր են նախագծել այնպիսի ցանցեր, որոնք թույլ կտան հանրությանը տվյալ ցանցին օրինական կարգով միացված բոլոր վերջնակետային սարքավորումների միջոցով օգտագործել կարճ կոդեր` ոստիկանության, շտապ բուժօգնության, հրշեջ և փրկարարական ծառայությունների հետ կապվելու համար, պայմանով, որ այդ կապի հաստատումը լինի տեխնիկապես հնարավոր և հիմնվի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի և վերջնակետային սարքավորումների աշխատանքի սկզբունքների վրա:

5. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության ցանկացած բաժանորդ արտակարգ իրավիճակներում պարտավոր է իր վերջնակետային սարքավորումները մատչելի դարձնել այլ անձանց՝ ոստիկանության, շտապ բուժօգնության, հրշեջ և փրկարարական ծառայությունների հետ կապվելու համար կամ պարտավոր է անձամբ փոխանցել արտակարգ իրավիճակի մասին հաղորդագրությունը:

Հոդված 45. Ծառայությունների մատուցման սահմանափակումը և կասեցումը


1. Ծառայություններ մատուցողն իրավասու է սահմանափակել կամ կասեցնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը բաժանորդին, եթե`

1) բաժանորդը ժամանակին չի վճարել մատուցված ծառայությունների դիմաց.

2) բաժանորդը միացրել է չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորումներ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին.

3) բաժանորդը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին է միացրել այնպիսի վերջնակետային սարքավորումներ, որոնք համատեղելի չեն կամ միջամտում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի աշխատանքին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից օգտվելու` ուրիշների հնարավորությանը.

4) սահմանափակումը կամ կասեցումն անհրաժեշտ է սարքավորումների կամ գծի ենթակառուցվածքների տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար.

5) բաժանորդը խախտում է ծառայություններ մատուցողի ներկայացրած սակագնի պայմանները կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը.

6) ծառայություններ մատուցողը հայտնաբերում է, որ բաժանորդը ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել տվյալ ծառայությունների համար դիմելիս, և այդ տվյալները կարող են վնասակար լինել.

7) ծառայություն մատուցողի և բաժանորդի միջև համաձայնեցված ծառայությունների մատուցման ժամկետն ավարտվել է:

2. Ծառայություններ մատուցողը կարող է սահմանափակել կամ կասեցնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության մատուցումը, եթե մատուցողը բաժանորդին տեղեկացրել է այս մասին հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, իսկ եթե նման ծանուցումը հնարավոր չէ, ապա գրավոր կերպով` հաղորդակցության ծառայության սահմանափակումից կամ կասեցումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ՝ նշելով սահմանափակման կամ կասեցման տևողությունը և պատճառները: Նման ծանուցում չի պահանջվում, եթե հաղորդակցության ծառայության անհապաղ սահմանափակումը կամ կասեցումն անհրաժեշտ է սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում:

3. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը չի կարող սահմանափակվել կամ կասեցվել, եթե բաժանորդը վերացնում է սահմանափակման կամ կասեցման հիմքում ընկած հանգամանքները նախքան էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման նկատմամբ նախատեսվող սահմանափակումը կամ կասեցումը:

4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը սահմանափակելու կամ կասեցնելու դեպքում ծառայություններ մատուցողը պարտավոր է ապահովել, որպեսզի այդ սահմանափակման կամ կասեցման բացասական հետևանքները կրող բաժանորդը պահպանի ոստիկանություն, շտապ բուժօգնություն, հրշեջ և փրկարարական ծառայություններ զանգահարելու հնարավորությունը, եթե դա տեխնիկապես հնարավոր է:

5. Ծառայություններ մատուցողները պետք է չսահմանափակեն կամ չկասեցնեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը, եթե բաժանորդը գրավոր բողոքարկում է այդ ծառայությունների վճարը նախքան սակագնով կամ վճարման պայմանագրով նախատեսված ժամկետը և միաժամանակ վճարում գումարի չվիճարկվող մասը:

6. Օպերատորի կամ ծառայություններ մատուցողի պատճառով ծառայությունների ընդհատման դեպքում օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պարտավոր է վերականգնել բաժանորդին մատուցվող ծառայությունը` ընդհատման պատճառի վերացումից հետո` երկու օրվա ընթացքում: Գերիշխող օպերատորների սակագները պետք է պարտավորեցնեն գերիշխող օպերատորներին բաժանորդից չգանձել վճար անջատման կամ կասեցման  ժամանակահատվածի համար:

7. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների բաժանորդն իրավասու է իր հայեցողությամբ կասեցնել ծառայությունը մեկ ամսից մինչև մեկ տարի ժամկետով, եթե Կարգավորողը հանրային էլեկտրոնային հաղորդակցության տվյալ ծառայության համար այլ բան չի սահմանել: Բաժանորդը պարտավոր է մատուցողին ծանուցել նմանօրինակ կասեցման մասին առնվազն տասը օր առաջ և կատարել ծառայությունների կասեցման առնչությամբ սակագնով կամ ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված իր բոլոր մյուս պարտականությունները:

8. Ծառայություններ մատուցողը կասեցնում է ծառայության մատուցումը, եթե տեխնիկական պայմանների պատճառով անհնար է դառնում վերը նշվածի իրականացումը պահանջվող ժամկետի դրությամբ, և եթե բաժանորդը ցանկանում է փոխել իր վերջնակետային սարքավորումների միացման տեղը կամ իրեն հատկացված համարը:

9. Ծառայությունը կասեցնելու դեպքում`

1) կասեցվում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը և դրա հետ կապված վճարումներ կատարելու պարտավորությունները.

2) անջատվում են վերջնակետային սարքավորումները կամ վերջնական օգտագործողի գիծը.

3) ծառայություններ մատուցողը կարող է ծառայության համար անհրաժեշտ և ծառայություններ մատուցողին պատկանող վերջնակետային սարքավորումները և համարը տրամադրել մեկ այլ բաժանորդի:

10. Ծառայության կասեցման հիմքերը վերանալու դեպքում ծառայություններ մատուցողը վերսկսում է իր ծառայությունները բաժանորդի դիմումի հիման վրա:

11. Ցանկացած վերջնական օգտագործող իրավասու է դադարեցնել ծառայությունն առանց նախապես այդ մասին ծանուցելու, սակայն նրա նկատմամբ կգործեն դադարեցման և տույժերի մասին սակագնի կամ ծառայությունների պայմանագրում պարունակվող դրույթները:

Հոդված 46. Հաճախորդների սպասարկումը


Յուրաքանչյուր օպերատոր կամ ծառայություններ մատուցող պարտավոր է պահպանել և կադրերով համալրել առնվազն մեկ գործառնական գրասենյակ Կարգավորողի կողմից սահմանված յուրաքանչյուր աշխարհագրական տարածքում, որում շահագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց կամ մատուցում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, որպեսզի այդ գրասենյակը տեղեկություններ տրամադրի ծառայությունների և սակագների մասին, ընդունի և բավարարի ծառայությունների մասին դիմումներ, բացատրի հաճախորդների հաշիվների վրա առկա վճարումները և ուղղումներ կատարի սխալներով հաշվեգրված վճարումների մեջ: Գերիշխող օպերատորի կամ ծառայություններ մատուցման մեջ գերիշխողի յուրաքանչյուր գործառնական գրասենյակում պետք է հասանելի լինեն նրա սակագների պատճենները, ինչպես նաև կիրառելի վճարներով աշխարհագրական գոտիներն արտացոլող քարտեզները:

Հոդված 47. Ցանցում անսարքությունների վերանորոգումը և վերացումը

 

1. Ծառայության խափանման կամ անսարքության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վերջնական օգտագործողը ծանուցում է այդ մասին օպերատորի վերանորոգման բաժնին: Օպերատորները և ծառայություններ մատուցողները պետք է կազմակերպեն անսարքությունների վերաբերյալ տեղեկությունների ստացումը և ողջամիտ ժամանակահատվածում վերականգնեն ծառայությունը: Բոլոր օպերատորները և ծառայություններ մատուցողները պարտավոր են այդ տվյալները համախմբված հիմքով, էլեկտրոնային տեսքով ներկայացնել Կարգավորողին` վերջինիս կողմից սահմանված ձևով և ժամկետներում: Այդ հաշվետվությունները պետք է հասանելի լինեն հանրության կողմից ստուգման համար ամբողջությամբ` անկախ գաղտնիության մասին ցանկացած պնդումներից:

2. Ծառայություններ վերականգնելու նպատակով օպերատորները և ծառայություններ մատուցողները կարող են պնդել, որպեսզի վերջնական օգտագործողը, որի ծառայությունը խափանվել է, անսարքության տեղը և պատճառները պարզելու նպատակով թույլ տա իրենց աշխատելու՝

1) հաղորդակցության ցանցի մաս կազմող սարքավորումների վրա.

2) սահմանաբաժան կետի վրա.

3) ցանցին միացված լարերի և վերջնակետային սարքավորումների վրա:

3. Վերանորոգման ծախսերը կրում է վերջնական օգտագործողը, եթե վերանորոգման անհրաժեշտություն առաջացնող անսարքությունն առաջ է եկել իր մեղքով:

Հոդված 48. Գծերի վարձակալության ծառայությունները


1. Բոլոր գերիշխող օպերատորները, բացառությամբ շարժական կապի օպերատորների, պարտավոր են գծերի վարձակալության ծառայություններ մատուցել սույն օրենքով նախատեսված կարգին և պայմաններին համապատասխան:

2. Կարգավորողը պարտավոր է կանոնակարգել և սահմանել սույն հոդվածի չորրորդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերում նախատեսված պայմանները գերիշխող օպերատորների համար:

3. Որպեսզի Կարգավորողը կարողանա վերահսկել գծերի վարձակալության ծառայությունների մատուցումը, յուրաքանչյուր գերիշխող օպերատոր պարտավոր է մարտի 1-ի դրությամբ տարեկան հաշվետվություն ներկայացնել նախորդ օրացուցային տարվա համար, որտեղ կներկայացվի չորրորդ  մասի պահանջների կատարումը:

4. Բոլոր գերիշխող օպերատորները, ոչ գերիշխող օպերատորները և ծառայություններ մատուցողները, որոնք գծերի վարձակալության ծառայություններ են մատուցում, պարտավոր են իրենց համապատասխան սակագներում կամ պայմանագրերում նախատեսել պայմաններ, որոնք կկարգավորեն առնվազն հետևյալը`

1) տեխնիկական ստանդարտները.

2) գծերի վարձակալության ծառայության դիմում ստանալուց հետո այդ ծառայությունը մատուցելու վերջնաժամկետը.

3) գծերի վարձակալության ավարտի հնարավոր աշխարհագրական տարածքները կամ կետերը և թողունակության տարբերակները.

4) պահպանման աշխատանքի կարգը և պայմանները.

5) անսարքությունների մասին ծանուցելու և դրանք վերացնելու կարգը և պայմանները.

6) ծառայությունների դիմաց գանձվող վճարները.

7) ծառայությունների դիմաց վճարելու կարգը:

5. Գծերի վարձակալության ծառայություն մատուցող օպերատորը կամ ծառայություններ մատուցողը չի կարող իր կողմից այդ ծառայության մատուցումը կապել վերջնական օգտագործողի կողմից պլանավորվող օգտագործման բնույթի, նպատակի կամ փոխկապակցման հետ կամ հարցումներ կատարել այդ մասին:

6. Օպերատորն իրավասու է սահմանափակել գծերի վարձակալության ծառայության մատուցումը, եթե՝

1) վերջնական օգտագործողը ժամանակին չի վճարել ծառայության դիմաց.

2) դա անհրաժեշտ է օպերատորի ցանցի տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար.

3) դա անհրաժեշտ է ռազմական դրության կամ մեկ այլ արտակարգ իրավիճակի պատճառով.

4) առկա է ծառայության հակաօրինական օգտագործման մասին Կարգավորողի եզրակացությունը:

Սույն հոդվածի վեցերորդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հանգամանքներում օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պարտավոր է վերջնական օգտագործողին և Կարգավորողին գրավոր ծանուցել սահմանափակման մասին կասեցումից առնվազն 10 օր առաջ: Ծանուցման մեջ պետք է նշված լինեն սահմանափակման պատճառը, բնույթը, շրջանակները և տևողությունը:

7. Այն վերջնական օգտագործողը, որի գծերի վարձակալության ծառայությունը սահմանափակվում է սույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն, իրավասու է բողոքարկել այդ սահմանափակման դեմ Կարգավորողին` սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով:

8. Ստանալով բողոքը` Կարգավորողը պարտավոր է 10 օրվա ընթացքում այդ մասին ծանուցել օպերատորին կամ ծառայություններ մատուցողին և պահանջել, որպեսզի վերջինները բացատրեն և հիմնավորեն վիճահարույց սահմանափակումը:

9. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պարտավոր է սույն հոդվածի ութերորդ մասում նշված պահանջը Կարգավորողից ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, ներկայացնել գրավոր բացատրություն:

10. Կարգավորողը պարտավոր է բավարարել կամ մերժել բողոքն այն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, և ծանուցել բողոքողին և օպերատորին կամ ծառայություններ մատուցողին իր որոշման մասին: Կարգավորողը պարտավոր է արձակել իր որոշումն արտացոլող հրահանգ:

11. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է դադարեցնել գծերի վարձակալության ծառայության մատուցումը միակողմանիորեն, եթե ծառայության սահմանափակման հիմքերը շարունակվում են սահմանափակման կիրառումից հետո` 6 ամսվա ընթացքում:

12. Վերջնական օգտագործողն իրավասու է դադարեցնել գծերի վարձակալության ծառայությունը ցանկացած պահին` այդ մասին գրավոր ծանուցելով օպերատորին կամ ծառայություններ մատուցողին ոչ ուշ, քան ծառայության դադարեցման ցանկալի ամսաթվից 30 օր առաջ: Չնայած վերոնշյալին, կարող են կիրառվել սույն օրենքի 43-րդ հոդվածի վեցերորդ մասի 4-րդ կետով սահմանված տույժերը:

Հոդված 49. Հաճախորդների տեղեկությունների գաղտնիությունը


1. Յուրաքանչյուր օպերատոր և ծառայություններ մատուցող պարտավոր է իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները համարել և պահել գաղտնի:

2. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները՝

1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քրեական հանցագործության կամ ազգային անվտանգության նկատմամբ որևէ սպառնալիքի հետախուզման, հետաքննման կամ քրեական հետապնդման առնչությամբ.

2) հաճախորդի գրավոր համաձայնության հիման վրա.

3) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն օպերատորի կամ ծառայություններ մատուցողի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի): Հաճախորդը կարող է պահանջել, որպեսզի բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով:

2.1. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել իր հաճախորդների կողմից օգտագործված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում:

2.2. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է Կարգավորողի սահմանած կարգով բացահայտելու իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները՝ արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911), հրշեջ ծառայության 101, Հայաստանի Հանրապետության ոստիկանության 102 և շտապօգնության 103 համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում։ Կարգավորողը սահմանում է սույն մասով նախատեսված կարգը, այդ թվում՝ տեղորոշման համակարգի գործարկման պայմանները, տեղորոշման բացահայտման ժամկետներն ու համակարգի տեխնիկական նախագծի համաձայնեցմանը ներկայացվող պահանջները՝ նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ։

Տեղորոշման բացահայտման ժամկետն սկսվում է կատարվող կանչերի (հաղորդումների) պահից և տևում է մինչև անհրաժեշտ օգնության ցուցաբերումը:

3. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի 2-րդ, 2.1-ին և 2.2-րդ մասերի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար:

(49-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.11 ՀՕ-179-Ն,  03.10.18 ՀՕ-397-Ն)
 

Հոդված 50. Միջամտություն, ձայնագրում կամ հաղորդագրությունների բացահայտում


1. Էլեկտրոնային հաղորդակցության ցանկացած միջոցով փոխանցվող հաղորդագրության կողմ չհանդիսացող որևէ անձ կարող է միջամտել, ձայնագրել հաղորդագրությունը կամ բացահայտել դրա պարունակությունը միայն տվյալ հաղորդագրության կողմերի գրավոր համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

2. Ի լրումն սույն հոդվածի առաջին մասի դրույթների, հանրային կամ մասնավոր էլեկտրոնային  հաղորդակցության ցանցերի օպերատորները և հանրային կամ մասնավոր էլեկտրոնային ծառայություններ մատուցողները կամ նրանց աշխատակիցներն ու ներկայացուցիչները կարող են միջամտել կամ վերահասցեագրել հաղորդագրությունները կամ ազդանշանները՝ չբացահայտելով դրանք, եթե այդ միջամտությունը կամ ազդանշաններ վերահասցեագրելը պայմանավորված է վերջիններիս աշխատանքային պարտականությունների իրականացմամբ:

3. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով բոլոր օպերատորները և ծառայություն մատուցողները պարտավոր են ապահովել իրավապահ և ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող և նմանատիպ այլ սարքերին, ներառյալ` գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին:

Հոդված 51. Ծառայության կամ ենթակառուցվածքների ոչ պատշաճ օգտագործումը


Օպերատորը կամ ծառայություններ մատուցողը, որը  գիտակցաբար թույլ է տալիս, որպեսզի իր ցանցը կամ ծառայություններն օգտագործվեն որևէ անձի կողմից այլ անձանց խաբեության ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն, չարամտություն, սպառնալիքներ կամ շանտաժ կիրառելու նպատակով, ենթարկվում է սույն օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված տույժի, որը չպետք է գերազանցի հինգ միլիոն դրամը:

 

Հոդված 52. Արտակարգ ծառայությունները և օպերատորական այլ ծառայություններ


Սույն օրենքի գործողության մեջ մտնելուց հետո` ամենաուշը մեկ տարվա ընթացքում, Կարգավորողը հրապարակում է կանոններ և կանոնակարգեր, որոնցով պետք է նախատեսվի, թե հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի որ օպերատորներն են պարտավոր ելք ապահովել դեպի տեղական օպերատորները, որոնք կարող են կանչերը միացնել համապատասխան արտակարգ ծառայություններին և մատուցել օպերատորական այլ ծառայություններ, և թե ինչպես պետք է ապահովվի այդ ելքի հնարավորությունը:

Հոդված 53. Տեղեկատու ծառայությունները

 

Սույն օրենքի գործողության մեջ մտնելուց հետո` ամենաուշը մեկ տարվա ընթացքում, Կարգավորողը հրապարակում է կանոններ և կանոնակարգեր, որոնցով պետք է նախատեսվի`

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող որ օպերատորներն են պարտավոր հասանելիություն ապահովել դեպի տեղեկատու, և ինչպես պետք է ապահովվի այդ հասանելիության հնարավորությունը.

2) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող որ օպերատորներն են պարտավոր տեղեկատուներ հրապարակել, և, մասնավորապես, ինչպես պետք է իրականացվի դրանց հրապարակումը:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 54. Օպերատորների և ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները

1. Բացի օրենքի հիման վրա Կարգավորողի կողմից սահմանված իրավունքներից, օպերատորները և ծառայություններ մատուցողներն ունեն հետևյալ իրավունքները`

1) մատուցված ծառայությունների դիմաց ստանալ սահմանված վճարումներ.

2) օրենքի համաձայն դատական կարգով բողոքարկել Կարգավորողի որոշումները:

2. Օպերատորները և ծառայություններ մատուցողներն ունեն հետևյալ պարտավորությունները`

1) կատարել Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները.

2) կատարել Կարգավորողի կանոնների և կանոնակարգերի պահանջները.

3) կատարել սույն օրենքի համաձայն տրված լիցենզիայով և (կամ) թույլտվությամբ նախատեսված պարտավորությունները.

4) հաշվի առնել պատմականորեն գերիշխող օպերատորների` իրենց լիցենզիայում սահմանված պայմաններին համապատասխան բացառիկության իրավունքները.

5) երաշխավորել հաճախորդների տեղեկությունների և հաղորդագրությունների գաղտնիությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

6) Հայաստանի Հանրապետության բնակչության համար ապահովել հասանելիություն համակցված և վարձակալված հաղորդակցության ծառայություններին, այդ թվում` ինչպես նախատեսված է սույն օրենքով, ընդարձակել առկա ծառայությունների տեսականին և ներառել ներկայում չսպասարկվող աշխարհագրական տարածքներ.

7) հետևել կիրառելի տեխնիկական ստանդարտներին.

8) աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հեռահաղորդակցության միջազգային միության, ստանդարտներ սահմանող մարմինների և այլ նմանատիպ կազմակերպությունների հետ աշխատանքներում.

9) ապահովել հնարավոր ամենաարագ հաղորդակցությունը դժբախտ պատահարների, արտակարգ իրավիճակների կամ կյանքի ու ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների դեպքում.

10) համապատասխան կարգով պահպանել սակագները կամ սպասարկման պայմանները.

11) ժամանակին ներկայացնել ճշգրիտ, մանրամասն և հստակ հաշիվ-ապրանքագրեր բաժանորդներին` բացառելով սխալ հաշվեգրումները.

12) հնարավորին չափ կանոնավոր, անընդհատ և լայնատարած ծառայություններ մատուցել հանրությանը.

13) հաճախորդներին ներկայացվող հաշիվ-ապրանքագրերում սակագնով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում առանձնացված կարգով որպես կանխավճար նշել խափանված կամ անսարք վիճակում հայտնված ծառայությունների մատուցման ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված գումարը և հնարավորինս արագ վերացնել խափանումներն ու անսարքությունները.

14) ցանցի խոշոր վթարների և անջատումների հավանական ժամանակացույցի մասին ժամանակին և ճշգրիտ ծանուցումներ տարածել զանգվածային լրատվամիջոցներով.

15) վերջնական օգտագործողներին տեղեկացնել նոր սակագների մասին.

16) Կարգավորողին տեղեկություններ տրամադրել վերջինիս սահմանած ձևով և ժամկետներում:

 

Հոդված 55. Վերջնական օգտագործողների իրավունքները և պարտականությունները

 

1. Վերջնական օգտագործողներն ունեն հետևյալ իրավունքները`

1) հավասար հիմունքներով օգտվել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից.

2) ստանալ իրենց մատուցված ծառայությունների վճարների մասին մանրամասն տեղեկություններ պարունակող հաշիվ-ապրանքագրեր.

3) հրաժարվել ծառայությունների սակագնով կամ ծառայությունների մատուցման պայմանագրով չնշված ծառայությունների դիմաց վճարելուց.

4)  էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիության իրավունք.

5) Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն օրենքով նախատեսված ցանկացած այլ իրավունք:

2. Վերջնական օգտագործողներն ունեն հետևյալ պարտականությունները`

1) կատարել օրենսդրության, այդ թվում` սույն օրենքի պահանջները.

2) կատարել ծառայությունների մատուցման սակագների կամ պայմանագրերի պայմանները, այդ թվում` ծառայությունների դիմաց օրինական վճարումներ կատարելու պարտավորությունը.

3) պահպանել տեղական, միջքաղաքային և միջազգային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների պայմանագրերի դրույթները և վճարները.

4) չօգտագործել չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորումներ:

Գ Լ ՈՒ Խ  11

ՎԱՐՉԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

Հոդված 56. Կարգավորողի որոշումների գործողությունը

 

1. Կարգավորողի որոշումները համարվում են նախադեպեր, որոնք կարող են մեջբերվել որպես փաստարկներ կամ ապացույցներ, որոնց պետք է հետևել ապագայում Կարգավորողին ներկայացվող և նմանատիպ հանգամանքներ ունեցող գործերի դեպքում:

2. Կարգավորողի նախադեպերը կիրառվում են այնքան ժամանակ, մինչև Կարգավորողը քաղաքականության փոփոխման որոշում է կայացնում: Նախկին քաղաքականության շրջանակներում ձեռնարկված գործողությունների վավերությունը պահպանվում է:

Հոդված 57. Վերանայումը

 

1. Ցանկացած անձ, որը տուժել է Կարգավորողի որոշման արդյունքում, իրավասու է այդ որոշման հրապարակումից հետո` երեսուն օրվա ընթացքում, միջնորդել Կարգավորողին, որպեսզի վերջինս վերանայի այդ որոշումը:

2. Եթե սույն հոդվածի առաջին մասի համաձայն ներկայացվում է միջնորդություն, ապա Կարգավորողը`

1) կարող է կարգադրել, որպեսզի խնդրո առարկա որոշումը գործողության մեջ չմտնի մինչև խնդիրը վերանայելը և այդ մասին լրացուցիչ որոշում կայացնելը.

2) պարտավոր է վերանայման միջնորդության ներկայացումից հետո` 180 օրվա ընթացքում, հաստատել, փոփոխել կամ ուժը կորցրած ճանաչել այդ որոշումը կամ դրա ցանկացած մասը:

3. Եթե սույն հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի համաձայն կարգադրություն չի արձակվում, ապա որոշումը շարունակում է գործել:

4. Վերանայման միջնորդությունը չի կարող Կարգավորողի որոշման դատական կարգով բողոքարկման պարտադիր նախապայման կազմել:

Հոդված 58. Դատական կարգով վերանայումը


1. Դատարանը Կարգավորողի որոշումները վերանայելիս ստուգում է դրանց` ըստ պատշաճ ընթացակարգի ընդունված լինելը: Դատարանը Կարգավորողի որոշումը փոխարինող վճիռ չի կայացնում: Դատարանը հիմք է ընդունում Կարգավորողի կողմից սույն օրենքի ցանկացած մեկնաբանում, եթե`

1) Կարգավորողի որոշումը համահունչ է նախկինում նմանատիպ գործերով կայացված վճիռներին.

2) Կարգավորողի որոշումների մեջ անհամապատասխանություններ չկան:

2. Դատարանը կարող է Կարգավորողի գործողությունները, որոշումները և եզրակացություններն ապօրինի համարել և բեկանել միայն այն դեպքում և հիմքով, երբ ի հայտ է եկել`

1) դրանց կամայական կամ խտրական բնույթը.

2) դրանց հակասությունը սահմանադրական իրավունքին, իրավասություններին, արտոնություններին կամ անձեռնմխելիություններին.

3) դրանք ընդունվել են դատական նախադեպերի, սահմանված իրավասությունների կամ սահմանափակումների (սույն մասի 1-ին կետի համաձայն) խախտմամբ.

4) դրանք կայացվել են օրենքով պահանջվող ընթացակարգի խախտումներով.

5) դրանք հիմնավորված չեն էական ապացույցներով.

6) դրանք զգալիորեն հիմնվել են ոչ վերաբերելի փաստերի վրա, կամ դրանցում հաշվի չեն առնվել վերաբերելի փաստերը:

Սակագների սահմանման մասին Կարգավորողի ընդունած որոշումների դատական կարգով բողոքարկման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(58-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-90-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 59. Բողոքների ներկայացումը Կարգավորողին

 

1. Օպերատորի կամ ծառայություններ մատուցողի` սույն օրենքով կարգավորվող և սույն օրենքի դրույթներին հակասող գործողություններից, այդ թվում` 45-րդ հոդվածի համաձայն ծառայություն մատուցելու մերժումից դժգոհ անձն իրավասու է բողոք ներկայացնել Կարգավորողին:

2. Կարգավորողը պարտավոր է բողոքը փոխանցել ենթադրյալ խախտում թույլ տված օպերատորին կամ ծառայություններ մատուցողին, որը պետք է սույն օրենքով սահմանված ժամկետում գրավոր պատասխանի բողոքին, իսկ եթե ժամկետ նախատեսված չէ, ապա` Կարգավորողի սահմանած ժամկետում:

3. Եթե օպերատորը կամ ծառայություններ մատուցողը սահմանված ժամկետում տրամադրում է բավարար հատուցում բողոքում նշված` անձի կրած վնասի դիմաց, ապա օպերատորն ազատվում է բողոքողի նկատմամբ հետագա պատասխանատվությունից: Եթե օպերատորը կամ ծառայություններ մատուցողը չի բավարարում բողոքը սահմանված ժամկետում, կամ եթե առկա են բավարար հիմքեր բողոքը ուսումնասիրելու համար, ապա Կարգավորողն ուսումնասիրում է բողոքի առարկա հանգամանքները` իր կողմից պատշաճ համարվող ձևով և միջոցներով:

Հոդված 60.  Դադարեցման կարգադրություն արձակելու իրավասությունը


1. Եթե Կարգավորողը բավարար հիմքեր ունի եզրակացնելու, որ անձը շահագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության չլիցենզավորված ցանց կամ մատուցում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության չծանուցված ծառայություններ կամ օգտագործում է ռադիոհաճախականություններ՝ առանց սույն օրենքի համաձայն տրված թույլտվության, ապա նա իրավասու է սեփական նախաձեռնությամբ կամ ցանկացած անձի դիմումի հիման վրա խնդրո առարկա անձի նկատմամբ արձակել դադարեցման կարգադրություն` համաձայն սույն հոդվածի հինգերորդ մասի:

2. Կարգադրության մեջ պետք է նշված լինեն բողոքի առարկա գործողությունների վերաբերյալ փաստերը և անհրաժեշտության դեպքում այն անձի անունը, ում դեմ ներկայացվում է բողոքը: Կարգադրությանը կից պետք է ներկայացվեն նաև անհրաժեշտ այլ փաստաթղթեր, եթե այդպիսիք կան:

3. Նախքան դադարեցման կարգադրություն արձակելը, Կարգավորողն ապահովում է, որպեսզի շահագրգիռ անձին տրամադրվի ծանուցում, որում`

1) շարադրված կլինեն սույն հոդվածի երկրորդ մասում նշված փաստերը.

2) կնշվի այն ժամանակահատվածը, որի ընթացքում տեղի է ունենալու լսումը, դրա անցկացման վայրը, որտեղ շահագրգիռ անձին հնարավորություն կընձեռվի ներկայացնել իր տեսակետը:

4. Եթե սույն հոդվածի երրորդ մասում նշված լսումների ընթացքում`

1) խնդրո առարկա անձը չի ներկայացնում, թե ինչ պատճառով չպետք է արձակվի դադարեցման մասին կարգադրություն, ապա արձակվում է դադարեցման մասին կարգադրություն.

2) եթե Կարգավորողը որոշում է, որ բողոքի առարկա գործողությունները տեղի չեն ունեցել, ապա դադարեցման մասին կարգադրություն չի արձակվում:

5. Դադարեցման մասին կարգադրությունն ուղարկվում է այն անձին, ում դեմ դա ուղղված է: Կարգադրությունը պետք է`

1) պարունակի բողոքի մեջ նշված գործողությունների նկարագրությունը.

2) պահանջի, որպեսզի շահագրգիռ անձը դադարեցնի կարգադրության հիմքում ընկած գործողությունները:

6. Կարգադրությունը գործողության մեջ է մտնում դրանում նշված ամսաթվի դրությամբ:

(60-րդ հոդվածը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 61. Իրավախախտումները, որոնց համար կարող են նախատեսվել պատժամիջոցներ

(հոդվածն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 62. Դատական կարգով կարգադրության կատարումն ապահովելու համար դիմելը

 

1. Դատարանին դիմում ներկայացնելուց առաջ Կարգավորողը պարտավոր է`

1) շահագրգիռ կարգավորվող անձին գրավոր ծանուցել բողոքում նշված խախտման բնույթի մասին.

2) կարգավորվող անձին հնարավորություն տալ, որպեսզի նա`

ա) վերացնի բողոքի մեջ նշված խախտումը` ի բավարարումն Կարգավորողի պահանջի` Կարգավորողի կողմից ծանուցման մեջ կամ կարգավորվող անձի դիմումի վրա սահմանվող ժամկետում,

բ) ներկայացնել հիմնավորումներ, հանդես գալ Կարգավորողի առաջ հարցի վերաբերյալ իր բացատրություններով, եթե անցկացվում են լսումներ: Կարգավորողը պարտավոր է ծանուցել կարգավորվող անձին հարցի վերաբերյալ իր կայացրած որոշման մասին.

3) հաշվի առնել վերաբերելի հանգամանքները, այդ թվում`

ա) կարգավորվող անձի կամ կարգավորվող անձի գործողությունների հետևանքները կրած այլ անձի կամ մարմնի տրամադրության տակ եղած ռեսուրսները,

բ) կարգավորվող անձի կամ վերոհիշյալ վնաս կրած այլ անձի տնտեսական կենսունակությունը,

գ) նշված այլ անձի, մարմնի կամ կարգավորվող անձի մրցակիցների վարքագիծը:

2. Եթե դատարանը Կարգավորողի դիմումի հիման վրա բավարար է համարում, որ կարգավորվող անձը չի կատարել իր լիցենզիայի կամ թույլտվության պայմաններից որևէ մեկը կամ խախտել է սույն օրենքի կամ սույնի համաձայն ընդունված կանոնների կամ կանոնակարգերի որևէ դրույթ, ապա դատարանն իրավասու է կարգադրություն արձակել, որը կսահմանափակի իրավախախտ կարգավորվող անձի կողմից այդպիսի գործողությունների կատարումը կամ չեղյալ կճանաչի կամ կդադարեցնի նրա լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը:

3. Սույն հոդվածով նախատեսված իր իրավունքների իրականացման ընթացքում Կարգավորողը պարտավոր է հաշվի առնել`

1) դիմումի պատճառ հանդիսացած վարքագծի բնույթը և սահմանները.

2) բողոքի մեջ նշվող խախտման հետևանքով անձի կրած կորուստների բնույթը և ծավալները.

3) բողոքի առարկա հանդիսացող խախտման հանգամանքները.

4) տվյալ կարգավորվող անձի դեմ նախկինում կայացված որոշումները:

(62-րդ հոդվածը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 63. Տույժերը և տուգանքները


1. Եթե ծանուցումից և լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ կարգավորվող ֆիզիկական անձը չի կատարել սույն օրենքի որևէ դրույթ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ կարգավորվող անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Եթե Կարգավորողը որոշում է, որ այդ խախտումը թույլ է տրվել կարգավորվող անձի իմացությամբ կամ դիտավորյալ, կամ էլ խախտումը թույլ է տրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի, նա կարող է կարգադրել, որպեսզի իրավազանց կարգավորվող անձը վճարի լրացուցիչ տույժ կամ տուգանք, որը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

2. Եթե Կարգավորողը ծանուցումից և լսումներից հետո որոշում է, որ կարգավորվող իրավաբանական անձը չի կատարել սույն օրենքի որևէ դրույթ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ կարգավորվող անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:  Եթե Կարգավորողը որոշում է, որ այդ խախտումը թույլ է տրվել կարգավորվող անձի իմացությամբ կամ դիտավորյալ, կամ էլ խախտումը թույլ է տրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի, ապա նա կարող է կարգադրել, որպեսզի իրավազանց կարգավորվող անձը վճարի լրացուցիչ տույժ կամ տուգանք, որը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:

3. Եթե ծանուցումից և լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ կարգավորվող ֆիզիկական անձը չի կատարել իր լիցենզիայի կամ թույլտվության որևէ պայման կամ Կարգավորողի կանոնների կամ կանոնակարգերի որևէ դրույթ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ կարգավորվող անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Եթե Կարգավորողը որոշում է, որ այդ խախտումը թույլ է տրվել կարգավորվող անձի իմացությամբ կամ դիտավորյալ, կամ էլ խախտումը թույլ է տրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի, ապա նա  կարող է կարգադրել, որպեսզի իրավազանց կարգավորվող անձը վճարի լրացուցիչ տույժ կամ տուգանք, որը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

4. Եթե ծանուցումից և լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ կարգավորվող իրավաբանական անձը չի կատարել իր լիցենզիայի կամ թույլտվության որևէ պայման կամ Կարգավորողի կանոնների կամ կանոնակարգերի որևէ դրույթ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ կարգավորվող անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Եթե Կարգավորողը որոշում է, որ այդ խախտումը թույլ է տրվել կարգավորվող անձի իմացությամբ կամ դիտավորյալ, կամ էլ խախտումը թույլ է տրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի, ապա նա կարող է կարգադրել, որպեսզի իրավազանց կարգավորվող անձը վճարի լրացուցիչ տույժ կամ տուգանք, որը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

4.1. Սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման և լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ ֆիզիկական անձն առանց Կարգավորողի թույլտվության շարունակում է օգտագործել ռադիոհաճախականություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրելու, որ իրավախախտ ֆիզիկական անձը վճարի տույժ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

4.2. Սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման և լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ իրավաբանական անձն առանց Կարգավորողի թույլտվության շարունակում է օգտագործել ռադիոհաճախականություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրելու, որ իրավախախտ իրավաբանական անձը վճարի տույժ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:

4.3. Ծանուցում չներկայացրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցած իրավաբանական կամ ֆիզիկական անձի նկատմամբ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման և լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձն առանց Կարգավորողին ծանուցելու շարունակում է մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրելու, որ իրավախախտ իրավաբանական կամ ֆիզիկական անձը վճարի տույժ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

5. Եթե ծանուցումից և լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ կարգավորվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի կատարել Կարգավորողի` ծառայության անընդհատության վերաբերյալ հրահանգը, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ կարգավորվող անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, սակայն չպետք է գերազանցի  նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը:

6. Կարգավորողի կողմից կիրառվող բոլոր տույժերն ու տուգանքները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(63-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.04.13 ՀՕ-47-Ն)

Գ Լ ՈՒ Խ  13

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 64. Առկա լիցենզիաների պահպանումը


1. Սույն օրենքի գործողության մեջ մտնելու օրվա դրությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց շահագործելու կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու լիցենզիա կամ ռադիոհաճախականություններ օգտագործելու թույլտվություն ունեցող անձանց կապակցությամբ համարվում է, որ նրանք այդ ցանցը շահագործում, ծառայությունը մատուցում կամ ռադիոհաճախականություններն օգտագործում են սույն օրենքի հիման վրա տրված լիցենզիայի կամ թույլտվության շրջանակներում, եթե այդպիսի լիցենզիա կամ թույլտվություն պահանջվում է սույն օրենքով:

2. Սույն օրենքի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի սահմանափակի պատմականորեն գերիշխող օպերատորին տրված թիվ 60 լիցենզիայով նախատեսված իրավունքները` դրանում կատարված փոփոխություններով և լրացումներով հանդերձ: Եթե թիվ 60 լիցենզիայում պատմականորեն գերիշխող օպերատորի համար սահմանված է որոշակի գործողությունների իրականացման ժամանակացույց, ապա այն գերակայում է սույն օրենքով սահմանված` գործողությունների կատարման ժամանակացույցը:

3. Սույն օրենքի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի սահմանափակի երկրորդ GSM օպերատորին տրված թիվ 765 լիցենզիայով նախատեսված իրավունքները: Լիցենզավորված գործունեություն իրականացնելիս  երկրորդ GSM օպերատորն օգտվում է նույն իրավունքներից և արտոնություններից, ինչ պատմականորեն գերիշխող օպերատորը` փոփոխված և վերահաստատված թիվ 60 լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ օպերատորների լիցենզիաներում:

Հոդված 65. Անցումը դեպի մրցակցություն


Կարգավորողը պարտավոր է, սույն օրենքի նպատակին համապատասխան, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի շուկան հնարավորինս շուտ տեղափոխել մրցակցային տիրույթ: Սույն օրենքի որևէ դրույթ չի պարտավորեցնում Կարգավորողին վերացնելու ներկայում գոյություն ունեցող որևէ մենաշնորհ:

Հոդված 66. Անցումային դրույթներ

 

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գերիշխող կամ որպես էական տնտեսական ազդեցություն ունեցող ճանաչված ընկերությունները սույն օրենքով գերիշխող են ճանաչվում` օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կամ մինչև Կարգավորողն իրականացնի շուկայի վերլուծություն և սահմանի, թե էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի որ ընկերություններն են համարվում «գերիշխող»` սույն օրենքի 22-25-րդ հոդվածների համաձայն: Պայմաններից ավելի շուտ իրականացվողը համարվում է վավերական:

Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը պարտավոր է Կարգավորողին փոխանցել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2006 թվականի հունվարի 1-ը Կարգավորողի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:

2006 թվականի հունվարի 1-ից Կարգավորողը պարտավոր է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում իրականացնել կարգավորման բոլոր գործառույթները:

Ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի փետրվարի 17-ին ընդունված «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հոդված 67. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 13
Երևան
ՀՕ-176-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան