ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մայիսի 22-ին
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«կոշտ կենցաղային թափոններ՝ սպառման թափոնների տեսակներ, որոնք առաջանում են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում, ինչպես նաև ապրանքներ, որոնք անձնական և կենցաղային կարիքների բավարարման նպատակով բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից օգտագործման ընթացքում կորցրել են իրենց սպառողական հատկությունները: Կոշտ կենցաղային թափոններին են պատկանում նաև այն թափոնները, որոնք առաջանում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում և կազմով նման են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում առաջացող թափոններին.».
2) չորրորդ պարբերությունից հանել «գոյացման կանխարգելմանը, դրանց» բառերը, և նույն պարբերությունը «փոխադրմանը» բառից հետո լրացնել «տեղադրմանը,» բառով.
3) տասնվեցերորդ պարբերությունը «տեղաբաշխման տեղեր,» բառերից հետո լրացնել «փոխաբեռնման կայաններ,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) աջակցում է համայնքում սպառման թափոնների տեսակավորված հավաքման համակարգի ներդրմանը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2018 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-329-Ն |