ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի փետրվարի 4-ին
Հայաստանի Հանրապետության Նախագահի
առարկությամբ և առաջարկությամբ
ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 07.03.18 ՀՕ-143-Ն)
ԳԼՈՒԽ 1
(գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)
Հոդված 1. | Սույն օրենքի կարգավորման առարկան |
(հոդվածն ուժը կորցրել է 07.03.18 ՀՕ-143-Ն)
Հոդված 2. | Պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակային ապահովությունը և այլ սոցիալական երաշխիքները |
1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի՝
1) (կետն ուժը կորցրել է 04.03.15 ՀՕ-14-Ն)
2) Սահմանադրական դատարանի դատավորը՝
ա. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքում՝ անկախ տարիքից,
բ. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում,
գ. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում.
2.1) Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առնվազն հինգ տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են համապատասխանաբար դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով.
2.2) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
2.3) առնվազն մեկ ժամկետ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
3) դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել կամ դադարել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով.
4) դատախազի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որը պաշտոնից ազատվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատախազի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով.
5) հատուկ քննչական ծառայությունում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը, որը պաշտոնից ազատվել է «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.
5.1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը, որի լիազորությունները դադարել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.
6) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
7) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած կամ հինգ տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
7.1) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրած կամ վեց տարի Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
8) սույն օրենքի հավելված N 1-ով սահմանված պաշտոններում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
9) Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների դատավորները, Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը, դատախազները, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի ծառայողները՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում նշված դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում ապահովվում է բժշկական սպասարկմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի զբաղեցնում հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն:
(2-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-29-Ն, 01.12.14 ՀՕ-198-Ն, փոփ. 04.03.15 ՀՕ-14-Ն, խմբ., փոփ. 17.01.18 ՀՕ-43-Ն, փոփ., լրաց., խմբ. 07.03.18 ՀՕ-143-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-341-Ն)
Հոդված 3. | Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում |
1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Կառավարության անդամի, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների դատավորի, Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, քննչական կոմիտեի ծառայողի կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում`
1) նրա հուղարկավորությունը կազմակերպած անձին վճարվում է հուղարկավորության նպաստ,
2) նրա ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն,
3) նրա ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին նշանակվում և վճարվում է կենսաթոշակ:
2. Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու և վճարելու կարգը, հուղարկավորության նպաստի չափը, միանվագ դրամական օգնության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(3-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-29-Ն, փոփ. 17.01.18 ՀՕ-43-Ն, 07.03.18 ՀՕ-143-Ն)
Հոդված 4. | Կենսաթոշակի ընտրության իրավունքը |
1. Սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` իր ընտրությամբ:
Հոդված 5. |
Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակը հաշվարկելու կարգը |
1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է Կ=Հ*Գ+ՄՍ*ՄՍԱ բանաձևով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը (այսուհետ՝ հիմնական կենսաթոշակ),
Գ-ն` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ՝ գործակից),
ՄՍ-ն` մասնագիտական ստաժը,
ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:
1.1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2.3-րդ կետով նախատեսված անձանց՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործակիցը հավասար է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորի համար սահմանված գործակցին:
2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվում են մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները:
3. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, գործակիցը փոխվելու դեպքում:
4. Մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(5-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-198-Ն, լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-341-Ն)
Հոդված 6. | Պետական պաշտոն զբաղեցրած անձի, նրա ընտանիքի անդամների կենսաթոշակ ստանալու իրավունքը |
1. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակող մարմին, և նրան նշանակվել է կենսաթոշակ:
2. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է՝
1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) կամ աշխատանքից ազատվելու կամ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ, 2.3-րդ, 6-րդ, 7-րդ, 7.1-ին և 8-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.
2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում.
3) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.
4) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-3-րդ կետերով սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո:
Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է ոչ ավելի վաղ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:
3. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակող մարմինը, կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի` հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
5. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը վճարվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 01.12.14 ՀՕ-198-Ն, խմբ. 07.03.18 ՀՕ-143-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-341-Ն)
Հոդված 7. | Թաղման նպաստի վճարումը |
1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:
2. Թաղման նպաստը նշանակվում և վճարվում է, եթե անձը հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում կամ մահացել է Հայաստանի Հանրապետությունում:
3. Թաղման նպաստը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 2
(գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 7.1. | Հանրապետության նախագահի աշխատակազմը |
1. Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմը:
2. Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների քանակը, որը չի կարող գերազանցել 155-ը, սահմանում է Հանրապետության նախագահը:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով:
4. Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:
Հոդված 7.2. | Հանրապետության նախագահի սպասարկումը |
1. Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47).
2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 8-րդ մասնաշենք).
3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).
4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:
2. Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Հոդված 7.3. | Հանրապետության նախագահի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո |
1. Պաշտոնաթող Հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:
2. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր:
3. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:
4. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 10 օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 7.4. | Հանրապետության նախագահի կենսաթոշակային ապահովումը պաշտոնաթողությունից հետո |
1. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:
2. Հանրապետության նախագահի պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող Հանրապետության նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:
3. Պաշտոնաթող Հանրապետության նախագահը սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:
Հոդված 7.5. | Վարչապետի աշխատակազմը |
1. Վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը:
2. Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների քանակը, որը չի կարող գերազանցել 600-ը, սահմանում է վարչապետը:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով:
4. Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:
Հոդված 7.6. | Վարչապետի սպասարկումը |
1. Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26).
2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).
3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).
4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.
5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:
2. Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
3. Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված սպասարկումից:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են օգտվել վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:
Հոդված 7.7. | Այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը |
1. Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:
2. Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:
3. Սույն հոդվածով նախատեսված բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել սույն հոդվածով նախատեսված սպասարկումից:
Հոդված 7.8. | Ազգային ժողովի նախագահի պահուստային ֆոնդը |
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Ազգային ժողովի նախագահը:
Հոդված 7.9. | Բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումն օդանավակայաններում |
1. Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ սրահից կարող են օգտվել նաև Հանրապետության նախագահի և վարչապետի պաշտոնական հրավերով ժամանած պատվիրակության անդամները:
3. Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3
(գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(վերնագիրը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)
Հոդված 8. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-236 օրենքը:
Հոդված 9. | Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը, պաշտոնատար անձին (պաշտոնատար անձի ընտանիքի անդամին) նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով:
2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և ծնողներին նշանակված կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը:
Սույն մասում նշված՝ կենսաթոշակն ստացող անձի մահվան դեպքում կենսաթոշակը շարունակվում է վճարվել զոհվածի ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող մյուս անդամին` նրա դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի դրույթները: Ընդ որում, այս դեպքում զոհվածի այրուն և ծնողին կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:
3. 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև`
1) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.
2) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին:
2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված այն անձանց, որոնք դատախազի կամ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակվել են մինչև 2017 թվականի հունիսի 1-ը՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելուց հետո:
Սույն մասով սահմանված մասնագիտական աշխատանքային ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի (մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների՝ դասային աստիճան շնորհված աշխատողների), Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի, ազգային անվտանգության մարմիններում քննիչի (ներառյալ՝ մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դատախազության քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի), հատուկ քննչական ծառայության ծառայողի, ԽՍՀՄ դատախազության համակարգում դատախազի և քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, Հայաստանի Հանրապետությունում և ԽՍՀՄ-ում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը:
Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշվարկային աշխատավարձի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի մասնագիտական աշխատանքային ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է հաշվարկային աշխատավարձի 2 տոկոսը, իսկ մինչև դատախազի պաշտոն զբաղեցնելը աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել հաշվարկային աշխատավարձի չափը:
Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 90 տոկոսի չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիները դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:
Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի, դասային աստիճանի համար տրվող հավելման և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելման հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիները հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:
Հաշվարկային աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն օրենքի 9-րդ հոդվածով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:
Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափով:
5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի և 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, կամ դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ է նշանակվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով:
Սույն մասով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակ նշանակվելուց հետո անցել է զինվորական ծառայության, նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնում:
6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի տարածվում այն անձանց վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում:
Սույն մասով նախատեսված անձանց` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով դատավորի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով:
Եթե սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը։
Սույն մասում նշված աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
7. 2014 թվականի հուլիսի 1-ից հետո դատավորի պաշտոն զբաղեցրած անձին մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է 2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ հաշվի առնելով որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարը)։
8. Եթե Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է վճարովի աշխատանք կատարելու հիմքով (բացառությամբ այն դեպքերի, երբ անձն զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն), ապա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն։ Եթե սույն մասում նշված՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացվում է մինչև 2018 թվականի դեկտեմբերը 30-ը, ապա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է) 2018 թվականի մարտի 1-ից։
9. Մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը պաշտոնաթող Հանրապետության նախագահներին Կառավարության որոշմամբ տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան երաշխիքները:
10. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով և 3-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները կիրառվում են նաև մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը պաշտոնաթող Վերահսկիչ պալատի նախագահների նկատմամբ:
(9-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-29-Ն, լրաց. 10.06.14 ՀՕ-55-Ն, փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-198-Ն, փոփ. 04.03.15 ՀՕ-14-Ն, փոփ., լրաց. 31.05.17 ՀՕ-91-Ն, 07.03.18 ՀՕ-143-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.06.18 ՀՕ-341-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 13 Երևան ՀՕ-1-Ն |
Հավելված 1 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
Ցանկ
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված պաշտոնների
1. Պետական քաղաքական պաշտոններ՝
1) Հանրապետության նախագահի պաշտոն
2) Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն
3) վարչապետի պաշտոն
4) փոխվարչապետի (առաջին փոխվարչապետի) պաշտոն
5) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն
6) նախարարի պաշտոն
7) նախարարի տեղակալի պաշտոն
2. Անկախ պետական մարմինների անդամների պաշտոններ՝
1) Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն
2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոն
3) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոն
4) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոն
3. Պետական վարչական պաշտոններ՝
1) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
2) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
3) վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
4) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
5) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
6) Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
7) Վիճակագրական կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
8) Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
9) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
10) Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
11) Կրթության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
12) Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
13) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
14) Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
15) Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
16) ոստիկանության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
17) Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
18) Պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոն
19) վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի պաշտոն
20) մարզպետի և նրա տեղակալի պաշտոն
21) Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոն
22) Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոն
23) գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի պաշտոն
24) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարի պաշտոն
25) Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոն
26) Պրոբացիայի ծառայության ղեկավարի պաշտոն
27) Փրկարար ծառայության ղեկավարի պաշտոն
28) Սոցիալական ապահովության ծառայության ղեկավարի պաշտոն
29) Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոն
30) Միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոն
31) Ջրային կոմիտեի ղեկավարի պաշտոն
32) Գիտության կոմիտեի ղեկավարի պաշտոն
33) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոն
34) Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոն
35) զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոն
36) Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավարի պաշտոն
37) Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոն
38) Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարի պաշտոն
39) Անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոն
40) Լեզվի կոմիտեի ղեկավարի պաշտոն
4. Ինքնավար պաշտոններ՝
1) Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն
2) Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն
3) ինքնավար մարմնի անդամի պաշտոն
4) Վիճակագրական պետական խորհրդի անդամի պաշտոն
5) Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոն
6) գլխավոր դատախազի և նրա տեղակալի պաշտոն
7) Երևան քաղաքի դատախազի պաշտոն
8) մարզի դատախազի պաշտոն
9) կայազորի զինվորական դատախազի պաշտոն
10) Հատուկ քննչական ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոն
11) Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալի պաշտոն
12) Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոն
13) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոն
5. Հայեցողական պաշտոններ՝
1) հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն
2) Հանրապետության նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ
3) վարչապետի գլխավոր խորհրդականի, խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ
4) Ազգային ժողովի նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ
(հավելվածը լրաց. 21.06.18 ՀՕ-341-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|