ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մայիսի 22-ին
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ հոդվածներով.
«Հոդված 4.1. |
Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
1) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացման համակարգումը.
2) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.
3) աղբահանության ժամանակակից տեխնոլոգիաների, թափոնների հավաքման, տեսակավորման, տեղափոխման, պահպանման, անվտանգ հեռացման մեխանիզմների ներդրումը.
4) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 4.2. |
Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները |
1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`
1) մասնակցությունը աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության ձևավորմանը.
2) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում տարածքային նշանակության նպատակային ծրագրերի կազմումը.
3) աղբահանության ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը և համակարգումը.
4) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը.
5) չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացման (լիկվիդացման) աշխատանքների համակարգումը.
6) կոշտ կենցաղային թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության մասնակցությունը.
7) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. |
Աղբահանության վճարի դրույքաչափը |
1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝
1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական հիսունից մինչև չորս հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ, կամ
2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև քսանհինգ Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
1) առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ.
2) հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` քսանից մինչև հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ.
3) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.
4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեքից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.
5) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով:
3. Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանվում է`
1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ
2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տասը հազար Հայաստանի Հանրապետության դրամ:
4. Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու՝ օրենքով սահմանած կարգով` սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի սահմաններում:
5. Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափեր՝ հաշվի առնելով աղբի գոյացման վայրի (անշարժ գույքի) նպատակային կամ գործառնական նշանակությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ 2018 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-330-Ն
Ա. Սարգսյան