Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-258-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.04.2018-26.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.27
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Ռազմական դրության իրավական ռեժիմը

 

Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում:

 

Հոդված 2. Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերը

 

Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը:

 

Հոդված 3. Ռազմական դրություն հայտարարելու նպատակը

 

Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

Հոդված 4. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքները

 

1. Ռազմական դրություն հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված` քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներ են՝

ա) այլ պետության զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, նման ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքի բռնազավթումը.

բ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությունը.

գ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի ռմբահարումը.

դ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակումը՝ անկախ վերջիններիս տեղակայման վայրից.

ե) այլ պետության գործողությունները, որոնք թույլ են տալիս երրորդ պետությանը իր տարածքն օգտագործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում իրականացնելու համար.

զ) այլ պետության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ուղարկված կամ նրա անունից գործող զինված խմբերի, ապակայունացնող ուժերի կամ վարձկանների զինված ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում կարող են համարվել նաև այլ պետության զինված ուժերի կողմից ցանկացած այլ գործողությունները կամ դրանց նախապատրաստությունը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության կամ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի խախտմամբ իրականացված այլ գործողությունները, որոնք իրական սպառնալիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության համար, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությանը պատերազմ հայտարարելը:

 

Հոդված 5. Ռազմական դրություն հայտարարելը

 

1. Ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում:

2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել ռազմական դրությունը:

3. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 15.11.17 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 6. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման բովանդակությունը

(վերնագիրը փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն)

 

1. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն՝

ա) ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.

բ) ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.

գ) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է ռազմական դրություն.

դ) ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը.

ե) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների և ազատության ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցառումների, ինչպես նաև նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների ցանկը.

զ) ռազմական դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ մարմինները և նրանց իրավասությունների շրջանակները.

է) ռազմական դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.

ը) քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական կամ հիմնական միջոցառումների իրականացման մասին.

թ) ռազմական դրության գործողությունն ուժի մեջ մտնելու ժամկետը:

(պարբերությունն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-197-Ն)

2. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով:

(6-րդ հոդվածը փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 7. Ռազմական դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները

 

(հոդվածն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-197-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 8. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրականացվող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները

 

1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները.

ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում և անցկացում.

բ) փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար մարտական պատրաստականության փոխադրում և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումների իրականացում.

գ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի.

դ) ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները.

ե) բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.

զ) ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.

է) սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.

ը) հավաքների ազատության իրավունքի սահմանափակում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեության կասեցում՝ օրենքով սահմանված կարգով.

թ) քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական առարկաների, բնակարանի և տրանսպորտային միջոցների զննության իրականացում, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

ժ) կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում.

ժա) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.

ժբ) օրենքով սահմանված կարգով կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում.

ժգ) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ժամանակավորապես քաղաքացիներից առգրավել զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր.

ժդ) առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ, աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավում.

ժե) բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական և մշակութային արժեքների տարահանում առավել անվտանգ տարածքներ:

2. Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

(8-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-79-Ն, խմբ. 07.04.16 ՀՕ-42-Ն, փոփ., խմբ. 15.11.17 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 9. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինները

 

1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառների պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները կիրառվում են հետևյալ միջոցառումների իրականացման նպատակով.

ա) հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովում.

բ) ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.

գ) բնակչության կենսագոյությունը, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.

դ) անօրինական զինված խմբավորումների գործունեության, ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների բացահայտում, կանխում և խափանում.

ե) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովում.

զ) սույն օրենքով սահմանված ռազմական դրության ռեժիմի ապահովմանն ուղղված այլ միջոցառումների իրականացում:

3. Ռազմական դրություն հայտարարված տարածքում պատերազմական գործողություններ իրականացվելու դեպքում սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է վերապահվել զինվորական կառավարման մարմիններին:

(9-րդ հոդվածը փոփ. 07.04.16 ՀՕ-42-Ն, 15.11.17 ՀՕ-197-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 15.11.17 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 10. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հանրապետության Նախագահի լիազորությունները

 

(հոդվածն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 11. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ղեկավարում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման կազմակերպման գործընթացը.

2) սույն օրենքի համաձայն` սահմանում է ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմիններն ու ուժերը, ինչպես նաև վերահսկում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների ու ժամանակավոր սահմանափակումների իրականացման գործընթացը.

3) որոշում է ընդունում ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի կիրառման մասին, ինչպես նաև սահմանում է նրանց խնդիրները.

4) կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք.

5) ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը.

6) սահմանում է կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները.

7) վերահսկում է ռազմական դրության պայմաններում պետության և բնակչության կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.

8) սահմանում է սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ.

9) ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացումը, սահմանում է ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների շրջանակները.

10) սահմանում է ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ.

11) սահմանում է պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը.

12) սահմանում է ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը, ինչպես նաև հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը.

13) սահմանում է ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից` զենք, ռազմամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր ժամանակավորապես առգրավելու, ինչպես նաև ժամանակավորապես առգրավված զենքն ու ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկան զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին, իսկ թունավոր նյութերը և ռադիոակտիվ նյութերը՝ իրավասու պետական մարմիններին հանձնելու կարգը.

14) իրականացնում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված այլ լիազորություններ:

(11-րդ հոդվածը լրաց. 07.04.16 ՀՕ-42-Ն, խմբ. 15.11.17 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 12. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ պետական կառավարման մարմինների լիազորությունները

 

Պետական կառավարման մարմինները, իրենց իրավասությունների շրջանակներում՝

ա) կազմակերպում են ռազմական դրության պայմաններում պետության և բնակչության կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.

բ) կազմակերպում են ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության պարենային և ոչ պարենային ապրանքների մատակարարումը, ապահովում են զորահավաքային առաջադրանքների ու ծրագրերի իրականացումը.

գ) իրականացնում են ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի ապահովմանը, բնակչության կենսագոյությունը, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանությանն ուղղված գործողություններ.

դ) իրականացնում են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ հոդվածը լրաց. 07.04.16 ՀՕ-42-Ն, փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 13. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

Տեղական ինքնակառավարման մարմինները, իրենց իրավասությունների շրջանակներում՝

ա) աջակցում են սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրականացմանը.

բ) իրականացնում են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

(13-րդ հոդվածը փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն)

Գ Լ ՈՒ Խ  5.

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 14. Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների սահմանները

 

Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումները և ֆիզիկական անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների փոփոխությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց առաջադրվող լրացուցիչ պարտավորությունները պետք է իրականացվեն այն սահմաններում, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջները և համարժեք են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներին, ինչպես նաև պետք է համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին և բխեն ռազմական դրության պայմաններում (արտակարգ իրավիճակներում) պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային պարտավորություններից:

(14-րդ հոդվածը լրաց. 15.11.17 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 15. Ռազմական դրության գործողության ընթացքում ֆիզիկական և  իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները

 

1. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, և տրամադրվում է անհրաժեշտ օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց գույքն ու այլ միջոցներն օգտագործվել են ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով, իրավունք ունեն ստանալ համարժեք փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 16. Ռազմական դրության գործողության ընթացքում ֆիզիկական անձանց և պաշտոնատար անձանց պարտականություններն ու պատասխանատվությունը

 

1. Ֆիզիկական անձինք և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել ռազմական դրություն հայտարարված տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի պահանջները, ինչպես նաև մասնակցել և աջակցել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

2. Ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական անձինք և պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 17. Ռազմական դրության գործողության դադարեցումը

 

1. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որի մասին բնակչությունն իրազեկվում է սույն օրենքով սահմանված` ռազմական դրություն հայտարարելու մասին տեղեկացվելու կարգով:

Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված որևէ առանձին միջոցառման իրականացումն Ազգային ժողովի կողմից չեղյալ հայտարարվելու դեպքում դադարում է այդ միջոցառման հետագա իրականացումը, իսկ Ազգային ժողովի կողմից ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում ռազմական դրությունը դադարում է, որի մասին բնակչությունն անհապաղ իրազեկվում է մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

2. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները կիրառվում են միայն ռազմական դրության գործողության ժամկետի ընթացքում և ուժը կորցրած են ճանաչվում ռազմական դրության գործողության դադարեցման հետ միաժամանակ՝ առանց այդ մասին հատուկ իրազեկելու:

(17-րդ հոդվածը փոփ., խմբ. 15.11.17 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ռազմական դրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-121):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-258-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան