ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին
ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը, սկզբունքները, պետական պահպանություն իրականացնող մարմնի լիազորությունները, գործունեության կարգն ու առանձնահատկությունները, կարգավորում է այդ ոլորտում ծագող հարաբերությունները։
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
պետական պահպանություն՝ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ, որն իրականացվում է իրավական, կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական և այլ միջոցառումների համակցության հիման վրա.
պետական պահպանության օբյեկտներ՝ սույն օրենքով հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք.
պահպանվող օբյեկտներ՝ պետական պահպանության օբյեկտների մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի շենքեր, շինություններ, կառույցներ, դրանց հարող տարածքներ, տրանսպորտային միջոցներ, որոնք պահպանության ենթակա են պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև պետական պահպանության մարմնի կողմից օգտագործվող շենքեր, շինություններ, կառույցներ, դրանց հարող տարածքներ և տրանսպորտային միջոցներ.
պահպանական միջոցառումներ՝ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության համար պետական պահպանության մարմնի կողմից իրականացվող գործողությունների համակցություն, այդ թվում՝ ընդգրկելով նաև անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները.
անցագրային ռեժիմ՝ պահպանվող օբյեկտներ անձանց, տրանսպորտային միջոցների, իրերի մուտք և ելք կատարելու սահմանված կարգ։
Հոդված 2. | Պետական պահպանության իրավական հիմքը |
Պետական պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի հիման վրա։
Հոդված 3. | Պետական պահպանության իրականացման հիմնական սկզբունքները |
Պետական պահպանությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, անընդհատության, քաղաքական չեզոքության, կենտրոնացված ղեկավարման, գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով։
(3-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 4. | Պետական պահպանության իրականացման միջոցառումները |
Պետական պահպանությունն ապահովվում է հետևյալ միջոցառումների իրականացմամբ.
1) պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի և տրանսպորտային սպասարկման իրականացում, ինչպես նաև նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության տրամադրում.
2) օրենսդրությանը համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում.
3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում հասարակական կարգի պահպանություն և պահպանական միջոցառումների իրականացում.
4) պահպանվող օբյեկտներում՝ սահմանված անցագրային ռեժիմի և կարգի ապահովում։
Գ Լ ՈՒ Խ 2.
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 5. | Պետական պահպանության օբյեկտները |
1. Պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ։
2. Պետական պահպանություն տրամադրվում է՝
1) Հանրապետության նախագահին.
2) վարչապետին.
3) Ազգային ժողովի նախագահին.
4) սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։
Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից։
3. Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:
3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:
4. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց) վարչական զանցանք կամ հանցագործություն (հակաօրինական արարք) կատարվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է`
1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից հակաօրինական արարք կատարվելու ընթացքում.
2) անհապաղ զեկուցել պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) ղեկավարին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:
Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պահպանության ենթակա անձի կողմից հակաօրինական արարքը շարունակվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի որոշմամբ այդ արարքի կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը: Նույն կարգով իրազեկվելուց հետո վարչական զանցանք կամ հանցագործություն կրկին կատարվելու դեպքում ծառայության ղեկավարի որոշմամբ հատուկ պետական պահպանությունը դադարեցվում է:
5. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց, կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին։
(5-րդ հոդվածը լրաց. 20.03.08 ՀՕ-3-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 6. | Հանրապետության նախագահի պետական պահպանությունը |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
1. Հանրապետության նախագահին նրա ընտրվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն։
2. Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։
3. Հանրապետության պաշտոնաթող նախագահներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հանրապետության պաշտոնաթող նախագահները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին։
(6-րդ հոդվածը խմբ. 20.03.08 ՀՕ-3-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 6.1. |
Վարչապետի պետական պահպանությունը |
1. Վարչապետին նրա նշանակվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում՝ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների լրիվ ծավալով։
2. Պետական պահպանություն տրամադրվում է նաև վարչապետի՝
1) Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին՝ իր թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելու պահից.
2) Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասին համապատասխան` Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին՝ վարչապետ ընտրելու որոշումն ընդունվելու պահից:
3. Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
4. Պաշտոնաթող վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին:
(6.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 7. | Ազգային ժողովի նախագահի պետական պահպանությունը |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն տրամադրվում է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում։
(7-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 8. | Պետական պահպանության ապահովման միջոցառումների իրականացումը |
Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում, 6-րդ և 7-րդ հոդվածներում նշված անձանց պետական պահպանության ապահովման միջոցառումներն իրականացվում են՝ ելնելով նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի բնույթից ու աստիճանից՝ սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով։
(8-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 9. | Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու այլ անձանց անվտանգությունը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու նրանց ընտանիքների անդամների պետական պահպանության ապահովման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև պետական պահպանությունն իրականացնող պետական մարմնի և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
2. Օտարերկրյա պետական այլ պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում, կարող է տրամադրվել պետական պահպանություն՝ վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:
(9-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 10. | Պետական պահպանություն իրականացնող մարմինը |
1. Պետական պահպանությունն իրականացնող մարմինը ծառայությունն է։
2. Ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության գրասենյակ է:
3. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով։
4. Ծառայության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:
5. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է պետական պահպանության ծառայության պետը։
6. Պետական պահպանության առանձին օբյեկտի պահպանությունն անմիջականորեն ղեկավարում է պետական պահպանության օբյեկտի պահպանության ղեկավարը։
7. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-275-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-275-Ն)
9. Ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը, ծառայողների և քաղաքացիական անձնակազմի թվաքանակը հաստատում է վարչապետը։ Ծառայությունը կարող է ունենալ ինչպես հիմնական մասնագիտական, այնպես էլ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:
10. Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը և պահպանվող օբյեկտների պաշտպանությանը, օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում, մասնակցում են նաև անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները։
(10-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 11. | Ծառայության հիմնական խնդիրները |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Ծառայության հիմնական խնդիրներն են՝
1) պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը և բացահայտելը, այդ սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը.
2) պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում, այդ թվում՝ երթևեկության ժամանակ.
3) իրենց իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպումը և իրականացումն ապահովելը.
4) իրենց իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելը.
5) պահպանվող օբյեկտները պաշտպանելը.
6) պահպանվող օբյեկտներում հանցագործությունները և այլ իրավախախտումները բացահայտելը, կանխելը և խափանելը.
7) պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմը և կարգն ապահովելը։
(11-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 12. | Ծառայության պարտականությունները |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Ծառայությունը պարտավոր է՝
1) բացահայտել, կանխել և խափանել պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների դեմ ուղղված հակաիրավական ոտնձգությունները.
2) կազմակերպել և իրականացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական, ռեժիմային, տեխնիկական և այլ միջոցառումներ.
3) ապահովել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հասարակական կարգի պահպանումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, վերացնել պետական պահպանության իրականացմանը խոչընդոտող արգելքները.
4) անհրաժեշտության դեպքում ապահովել այն ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, որով երթևեկում են պետական պահպանության օբյեկտները.
5) իր իրավասության շրջանակներում կազմակերպել և իրականացնել իր գործունեության համար անհրաժեշտ կապի համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներ, ապահովել դրանց հուսալիությունը, տեղեկատվական անվտանգությունը և օպերատիվությունը.
6) իրականացնել ծածկագրային աշխատանքներ.
7) իրականացնել իր գործունեության տեղեկատվական-վերլուծական ապահովումը.
8) կազմակերպել և իրականացնել պետական պահպանության բնագավառի մասնագետների պատրաստում, ծառայողների վերապատրաստում և որակավորման բարձրացում.
9) ապահովել սեփական անվտանգությունը.
10) համապատասխան մարմինների հետ համագործակցելով՝ իրականացնել միջոցառումներ՝ պահպանվող օբյեկտների տեխնիկական միջոցներից տեղեկատվական արտահոսքը կանխելու համար.
11) իր իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և համապատասխան կազմակերպությունների հետ։
(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 13. | Ծառայության իրավունքները |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Ծառայությունը պետական պահպանություն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝
1) անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական միջոցառումների նախապատրաստման և իրականացման նպատակով ներգրավել անհրաժեշտ ուժեր և միջոցներ.
2) օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությանը համապատասխան, իր լիազորության շրջանակներում, իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն.
3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, պահպանվող օբյեկտներում կազմակերպել և իրականացնել օպերատիվ տեխնիկական զննումներ, իսկ համապատասխան ծառայությունների ներգրավմամբ՝ նաև սանիտարահիգիենիկ, ռադիացիոն և հակահամաճարակային վերահսկողություն.
4) պահպանվող օբյեկտներ մուտք և ելք կատարելու ժամանակ ստուգել պաշտոնատար անձանց և քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, կատարել նրանց, ինչպես նաև նրանց մոտ գտնվող իրերի, նրանց տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող իրերի զննում, այդ թվում՝ կիրառելով տեխնիկական միջոցներ.
5) կատարել փաստերի և իրադարձությունների փաստաթղթավորում, լուսանկարում, ձայնագրում և տեսանկարահանում.
6) ձերբակալել և համապատասխան մարմիններին հանձնել պետական պահպանության օբյեկտների ժամանակավոր կամ մշտական գտնվելու վայրերում իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած այն անձանց, ովքեր խոչընդոտել են պետական պահպանության մարմնի օրինական պահանջների կատարմանը, ինչպես նաև ապօրինաբար մուտք են գործել կամ փորձ են արել ապօրինաբար մուտք գործել պահպանվող օբյեկտներ.
7) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին միջնորդել՝ վերացնելու պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների անվտանգությանն սպառնացող պատճառները և պայմանները.
8) անարգել մուտք գործել բնակելի տարածքներ, շենքեր, շինություններ, հողամասեր, եթե հապաղումը կարող է սպառնալիք առաջացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության համար։
Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ՝ զուգորդվելով այդ անձանց ազատությունից զրկելով, ապա ծառայությունն այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ է պահում տվյալ տարածքի դատախազին.
9) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ, արգելել տրանսպորտային միջոցների և քաղաքացիների գտնվելը որոշակի վայրերում և օբյեկտներում, ինչպես նաև տեղափոխել տրանսպորտային միջոցներն այդ վայրերից.
10) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անվճար ստանալ իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն.
11) իրականացնել ծածկագրային աշխատանքներ.
12) թույլատրել ծառայության ծառայողներին՝ օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել հրազեն և հատուկ միջոցներ.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցել.
14) ապահովել սեփական անվտանգությունը.
15) օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ իր իրավասության շրջանակներում փոխանակել օպերատիվ տեղեկատվություն, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ, ինչպես նաև պայմանավորվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման կարգի և պայմանների մասին.
16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել իր իրավասությանը վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը։
(13-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-222-Ն, 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 14. | Ծառայության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կազմակերպությունների հետ |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
1. Ծառայությունը պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովում է՝ համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ։
2. Ծառայությունն իր իրավասության շրջանակներում կազմակերպում է անվտանգության ապահովման պետական մարմինների հետ համագործակցությունը և համակարգում է նրանց գործունեությունը պետական պահպանության ոլորտում։
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են աջակցել ծառայությանը՝ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման խնդրում։
4. Ծառայության համագործակցությունն օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա։
(14-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 15. | Ծառայության մասին տեղեկությունների պաշտպանվածությունը |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Ծառայությունում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
(15-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4.
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԾառայությՈՒնՈՒՄ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 16. | Ծառայությունը ծառայությունում |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
1. Ծառայությունը համալրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի զինծառայողներով և քաղաքացիական անձնակազմով։
Ծառայության սպաները և ենթասպաներն ազգային անվտանգության մարմինների զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները։
Ծառայության քաղաքացիական անձնակազմի ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ծառայությունում աշխատանքային առանձնահատկություններ սահմանող իրավական ակտերով։
2. Ծառայողական պարտականությունները կատարելիս ծառայության ծառայողի՝ իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար։
3. Ծառայողական պարտականությունները կատարելիս ծառայության ծառայողի օրինական պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։
4. Ծառայության ծառայողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
5. Ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատում է վարչապետը։
(16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 16.1. |
Ծառայության ծառայողների նշանակումը և ազատումը |
1. Ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
2. Ծառայության ղեկավարի առաջին տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ:
3. Ծառայության ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ ծառայության ղեկավարի ներկայացմամբ:
4. Ծառայության սպայական կոչումներով (բացառությամբ կրտսեր սպայականի) համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում և այդ ծառայողներին կոչումներ շնորհում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ ծառայության ղեկավարի ներկայացմամբ։
5. Ծառայության կրտսեր սպայական և ենթասպայական կոչումներով համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում և այդ ծառայողներին կոչումներ շնորհում է ծառայության ղեկավարը։
(16.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 16.2. |
Ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու կարգը |
1. Ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
2. Ծառայության ղեկավարին նշանակելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում է պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է համապատասխան հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձը պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
(16.2-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 17. | Ծառայության ծառայողների պատասխանատվությունը |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
1. Ծառայության ծառայողն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
2. Ծառայության ծառայողի անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։
(17-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 18. | Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան։
(18-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
ծառայության ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 19. | Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման պայմանները |
1. Ծառայության ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրել սույն օրենքով նախատեսված կարգով և դեպքերում, եթե այլ միջոցներ չեն ապահովում ծառայության վրա դրված պարտականությունների կատարումը։
Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և (կամ) զենք գործադրելու ընտրություն կատարելիս ծառայության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից և իրավախախտի անձից։
2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և (կամ) զենք գործադրելիս ծառայության ծառայողը պարտավոր է՝
1) նախազգուշացնել դրանք օգտագործելու մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների, ծառայության կամ պահպանական միջոցառումների անցկացմանը ներգրավված մյուս ծառայողների և այլ անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.
2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ, ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն։
3. Ծառայության ծառայողները պատասխանատվություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և (կամ) զենքի կիրառման համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում կամ հանցագործություն կատարած անձի ձերբակալման համար անհրաժեշտ միջոցառումների գերազանցում։
4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և (կամ) հրազենի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
5. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-275-Ն)
(19-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 20. | Ֆիզիկական ուժի գործադրումը |
Ծառայության ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ գործադրել հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման, դրանք կատարած անձանց ձերբակալման, ծառայողների օրինական պահանջների հակազդեցության հաղթահարման համար։
(20-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 21. | Հատուկ միջոցների օգտագործումը |
1. Ծառայության ծառայողները, անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս, իրավունք ունեն հատուկ միջոցներ օգտագործել հետևյալ դեպքերում.
1) պետական պահպանության օբյեկտների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս.
2) ծառայության ծառայողների և քաղաքացիների անվտանգությունն ապահովող պետական այլ մարմինների ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս.
3) պահպանվող օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս.
4) օրինազանցներին և այլ անձանց ձերբակալելիս, որոնց հանդեպ անհրաժեշտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք հակված են ցույց տալու զինված դիմադրություն կամ խոչընդոտելու ծառայության ծառայողների պարտականությունները կատարելուն, ինչպես նաև նրանց համապատասխան մարմիններ բերման ենթարկելիս։
Բացի այդ, հատուկ միջոցներ կարող են օգտագործվել սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում։
2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։
3. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության պայմաններում ծառայության ծառայողն իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները։
(21-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 22. | Զենքի կիրառումը և օգտագործումը |
1. Ծառայության ծառայողները, որպես ծայրահեղ միջոցառում, անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավասու են զենք կիրառել՝
1) պետական պահպանության օբյեկտների կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս.
2) ծառայության ծառայողների և պահպանական միջոցառումների ապահովման համար ներգրավված այլ մարմնի ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս, եթե նրանց կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրանց զենքին տիրանալու փորձը կանխելիս.
3) պահպանվող օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս.
4) պատանդներին ազատելիս, ահաբեկչական և այլ հանցավոր ոտնձգությունները կանխելիս.
5) տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների կյանքի և առողջության նկատմամբ և չի ենթարկվում ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.
6) պետական պահպանության օբյեկտների և այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.
7) զենք օգտագործելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս։
2. Արգելվում է զենքի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և ծառայողի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։
Մերկացրած զենքով ձերբակալում կատարող ծառայության ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու՝ ձերբակալվողի ցանկացած փորձ ծառայության ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման՝ զենք գործադրել օրենքով սահմանված կարգով։
Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին ծառայության ծառայողը պարտավոր է զեկուցել իր անմիջական ղեկավարին։
(22-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6.
ծառայության ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 23. | Ծառայության ֆինանսավորումը |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Ծառայության ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին։
Ծառայության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է հատուկ հոդված։
(23-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Հոդված 24. | Ծառայության նյութատեխնիկական և այլ ապահովումը |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Ծառայության նյութատեխնիկական ապահովումը, ծառայողների և քաղաքացիական անձնակազմի բնակարանային, կենցաղային, սննդի, նյութական օգնության, խրախուսման և սոցիալական այլ պահանջմունքների բավարարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող միջոցների հաշվին։
(24-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. | Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության իրավահաջորդությունը |
Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց անվտանգության ապահովման վարչության իրավահաջորդն է։
Հոդված 26. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության Նախագահ 2003 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-40-Ն
Ռ. Քոչարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.02.2024, ՀՕ-122-Ն | 05.04.2024, ՀՕ-40-Ն | |
07.02.2024, ՀՕ-60-Ն | 14.03.2024, ՀՕ-40-Ն | |
01.03.2023, ՀՕ-67-Ն | 06.04.2023, ՀՕ-40-Ն | |
23.12.2022, ՀՕ-610-Ն | 29.01.2023, ՀՕ-40-Ն | |
23.03.2018, ՀՕ-275-Ն | 09.04.2018, ՀՕ-40-Ն | |
23.03.2018, ՀՕ-222-Ն | 30.03.2018, ՀՕ-40-Ն | |
20.03.2008, ՀՕ-3-Ն | 01.04.2008, ՀՕ-40-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|