Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-158-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.04.2018-01.01.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.17/69(1082) Հոդ.1152
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունները

 

1. Սույն օրենքով կարգավորվում են պետական գույքի նպատակային և ծրագրային կառավարման, ներառյալ՝ հաշվառման, գնահատման, պետության սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպման, պետական գույքի շրջանառության, ինչպես նաև գույքի պահպանվածության ապահովման ու կառավարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում`

1) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ շենքերով և շինություններով զբաղեցված և դրանց սպասարկման համար հատկացված հողամասերի), ընդերքի, անտառների, մեկուսի ջրային օբյեկտների և պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գույքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնադրած կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների վրա.

2) պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար:

 

Հոդված 2.

Պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, պետական գույքի մասնավորեցման ծրագրերի մասին օրենքները, սույն օրենքը և պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ իրավական ակտեր:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

3. Պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող լիազորությունները պետական գույքի կառավարման մարմնի և այլ պետական մարմինների միջև բաշխվում են սույն օրենքին և պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

(2-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 3.

Պետական գույքային հարաբերությունների կարգավորումը

 

1. Պետական գույքային հարաբերությունների կարգավորումը ներառում է՝

1) պետական գույքի կառավարման հիմնախնդիրների լուծումը, զարգացման ծրագրերի ընդունումը և դրանց կատարման ապահովումը.

2) պետական գույքի կառավարման հարաբերությունները կարգավորող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

3) պետական գույքի կառավարման բնագավառում պետական քաղաքականության ուղղությունների սահմանումը.

4) պետական գույքի հաշվառման բնագավառում միասնական սկզբունքների սահմանումը և հաշվառման բազայում ամբողջ պետական գույքի ընդգրկումը, ինչպես նաև հաշվառման տվյալների ճշգրտության բարձր մակարդակ ապահովելու նպատակով ընտրանքային ուսումնասիրությունների անցկացումը.

5) պետական գույքի մշտադիտարկումը, պետական գույքի օգտագործումը և պահպանումը, պետական գույքի շրջանառության նպատակի իրականացումը.

6) պետական գույքի, առևտրային կազմակերպությունների՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի և բաժնեմասերի գնահատման պարբերական իրականացումը.

7) պետական գույքի մասնավորեցման և օտարման ոլորտում քաղաքականության մշակումն ու իրականացումը.

8) պետության և համայնքների միջև գույքային շրջանառության իրականացման բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

9) պետական գույքի կառավարման մարմնի և պետական գույքային հարաբերությունների կարգավորման բնագավառում լիազորություններ ունեցող պետական կառավարման այլ մարմինների գործառույթների համակարգումը.

10) պետությանը պատկանող գույքային իրավունքների կառավարման ոլորտում միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը.

11) առևտրային կազմակերպություններում պետական սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերի (բաժնետոմսերի) կառավարման արդյունավետության բարձրացումը:

(3-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 4.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պետական գույք` սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված գույք.

2) պետական գույքի կառավարում՝ սույն օրենքի 1-ին հոդվածում նշված հարաբերությունների իրականացման կազմակերպված գործընթաց.

3) պետական գույքի մասնավորեցում` «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, օրենքներով հաստատված պետական գույքի մասնավորեցման ծրագրերին համապատասխան իրականացվող պետական գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումը մասնավորեցման սուբյեկտներին.

4) պետական գույքի օտարում` սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ պետական գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումը իրավաբանական անձանց, համայնքներին, քաղաքացիներին, ինչպես նաև օտարերկրյա անձանց.

5) պետական գույքի հաշվառման գրանցամատյան` տեղեկատվական համակարգ, որը ներառում է պետական գույքի անվանացանկը, տեխնիկական և տնտեսական նկարագիրը, օգտագործողների վերաբերյալ տեղեկատվությունը և օգտագործման իրավունքի տեսակը.

6) պետական գույքի կառավարման ծրագիր` պետական գույքի կառավարման նպատակների իրագործմանն ուղղված տվյալ ժամանակահատվածային կտրվածքով իրականացվող միջոցառումների և գործարքների, զարգացման առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող միջոցառումների համակարգ.

7) պետական գույքի կառավարման մարմին` պետական գույքի կառավարումն իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող մարմին.

8) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-302-Ն)

9) հատուկ նշանակության պետական գույք` պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանությունն ապահովող, ինչպես նաև հատուկ նշանակության հիդրոհանգույցների և հիդրոտեխնիկական կառուցվածքների պետական գույքը.

10) պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչ` համապատասխան որակավորում ունեցող և համապատասխան աշխատանքային պայմանագիր կնքած անձ, որը պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում իրականացնում է պետությանը (բաժնետիրոջը) վերապահված իրավասությունները և գործում է ի շահ պետության (բաժնետիրոջը).

11) պետական գույքային հարաբերություններ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի կառավարման հետ կապված հարաբերություններ.

12) պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների պահպանում` պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման ապահովմանն ուղղված վերականգնողական աշխատանքների իրականացում.

13) պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների սպասարկում` պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, վերելակների և սանհանգույցների անխափան աշխատանքի, ընդհանուր օգտագործման տարածքների (նաև նկուղների և տանիքների) պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանների, լուսավորության ապահովման և աղբահանության իրականացման, ինչպես նաև անվտանգության ծառայությունների մատուցումը որոշակի վճարի դիմաց:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 5.

Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի իմաստով պետական գույք է համարվում Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը, ներառյալ՝

1) Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերը և շինությունները (նաև այլ պետություններում գտնվող) և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը.

2) առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը (բաժնեմասերը).

3) սեփականության իրավունքով պետությանը պատկանող մտավոր սեփականության օբյեկտները և դրանց նկատմամբ իրավունքները.

4) պետությանը պատկանող գույքային իրավունքները:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՄԻՏԵԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 6.

Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

 

Պետական գույքի կառավարման ոլորտում քաղաքականությունը մշակում և իրականացնում է Կառավարությունը: Կառավարության լիազորություններն են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է պետական գույքային շրջանառության, պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և առանձին տարածքների արդյունավետ օգտագործման և սպասարկման, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ որոշումներ.

2) հաստատում է պետական գույքը պետական գույքի միասնական գրանցամատյանում գրանցելու, պետական գույքի գրանցամատյան վարելու և շահագրգիռ անձանց պետական գույքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը և տեղեկանքի ձևերը.

3) հաստատում է պետական գույքի գնահատման կարգերը.

4) հաստատում է պետական գույքի կառավարման ծրագրերը.

5) հաստատում է պետական գույքի կառավարման ծրագրի կատարման մասին տարեկան հաշվետվությունը.

6) սահմանում է պետական գույքի օտարման կարգը.

7) հաստատում է պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման կարգը.

8) սահմանում է պետական մարմիններին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և անհատույց սեփականաշնորհման կարգը.

9) սահմանում է պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները.

10) սահմանում է պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների՝ մրցույթով ընտրության և նշանակման կարգը.

11) սահմանում է պետական առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության և ատեստավորման կարգը.

12) սահմանում է պետական գույքի գրավադրման պայմանները և կարգը.

13) իրականացնում է նաև օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 6.1.

Պետական գույքի կառավարման մարմինը

 

1. Պետական գույքի կառավարման մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):

2. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

(6.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 7.

Կոմիտեի լիազորությունները

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

1. Կոմիտեն՝

1) իրականացնում է իրեն հանձնված (ամրացված) պետական գույքի (այդ թվում՝ իր կառավարմանը հանձնված բաժնետոմսերի) կառավարումը և սպասարկումը.

2) համապատասխան նախարարին է ներկայացնում առաջարկություններ պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, ինչպես նաև առանձին տարածքների արդյունավետ օգտագործման, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի ճանաչման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ.

3) համակարգում է պետական գույքի գույքագրման աշխատանքները և համապատասխան պետական կառավարման մարմինների հետ համատեղ դրանց անցկացումը, համապատասխան նախարարին ներկայացնում է հաշվետվություններ պետական գույքի գույքագրման արդյունքների և վիճակի փոփոխությունների վերաբերյալ.

4) իրականացնում է պետական գույքի հաշվառման աշխատանքները և վարում պետական գույքի հաշվառման գրանցամատյանը.

5) համագործակցում է միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների հետ.

6) պետական գույքի կառավարման ոլորտում աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու ներդրումների իրականացման ծրագրերի մշակմանը և դրանց իրագործմանը.

7) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը, դրա կատարման արդյունքների մասին կազմում և համապատասխան նախարարին է ներկայացնում տարեկան հաշվետվություն, ինչպես նաև իրականացնում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփումը.

8) մշակում է պետական գույքի օտարման մասին իրավական ակտերի նախագծեր և իրականացնում է պետական գույքի, այդ թվում՝ պետական շենքերով և շինություններով կառուցապատված հողամասերի սահմանված կարգով օտարումը.

9) կազմակերպում է օտարվող պետական գույքի գնահատման աշխատանքների իրականացումը.

10) մշակում է պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր և համապատասխան նախարարության միջոցով դրանք ներկայացնում համապատասխան նախարարին.

11) առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսի (բաժնեմասի) լուծարման և ֆինանսական առողջացման ոլորտներում մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում մասնավորեցման ծրագրերում ընդգրկված առևտրային կազմակերպությունների լուծարման կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ առաջարկությունները.

12) պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքում է գործարքներ և գործարքներով մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

13) իրականացնում է պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարումը.

14) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական մեթոդների ներդնումը և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում պետական գույքի համակարգված հաշվառում.

15) պետական գույքի օտարման գործընթացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է աճուրդներ և մրցույթներ.

16) ապահովում է օտարման ենթակա պետական գույքի վաճառքի կազմակերպումը, որի իրականացման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական գույքի օտարումից ստացված դրամական միջոցների հաշվին.

17) իրականացնում է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրումը, անհրաժեշտության դեպքում մշակում է պետական գույքի անհատույց օգտագործման և վարձակալության տրամադրման մասին իրավական ակտերի նախագծեր.

18) պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակով համապատասխան նախարարին ներկայացնում է առաջարկություններ, իր լիազորությունների շրջանակում ընդունում է իրավական ակտեր.

19) մշակում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծերը և ներկայացնում համապատասխան նախարարին, դրանք ընդունվելուց հետո իրականացնում է հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը.

20) իրականացնում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն, որոշում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, կառավարման ոլորտում կատարված աշխատանքների գնահատում, այդ թվում գործադիր մարմինների ղեկավարների գործունեության գնահատում, արդյունքների հիման վրա խրախուսման կամ պատասխանատվության միջոցների կիրառման առաջարկությունների ներկայացում.

21) կազմակերպում է պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման աշխատանքները.

22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու աշխատանքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է համապատասխան պայմանագրեր:

(7-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Գ Լ ՈՒ  Խ  IV

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հոդված 8.

Պետական գույքի կառավարման սկզբունքները

 

1. Պետական գույքի կառավարման սկզբունքներն են՝

1) պետական գույքի կառավարման ոլորտում միասնական քաղաքականության վարում.

2) պետական գույքի կառավարման թափանցիկության և հրապարակայնության ապահովում.

3) պետական գույքի կառավարման ոլորտում գործող մասնակիցների գործառույթների և շահերի ներդաշնակության ապահովում:

 

Հոդված 9.

Պետական գույքի կառավարման նպատակները

 

1. Պետական գույքի կառավարման նպատակներն են՝

1) պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացում.

2) պետական գույքի կառավարման միասնական համակարգի ձևավորում.

3) պետական գույքի արդյունավետ կառավարման շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում.

4) պետական գույքային շրջանառության բնագավառում միասնական քաղաքականության իրականացում.

5) պետական գույքի ամբողջական հաշվառում.

6) առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի (բաժնետոմսի) կառավարման արդյունավետության բարձրացում.

7) պետական գույքային հարաբերությունների կարգավորում:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 10.

Պետական գույքի հաշվառումը

 

1. Պետական գույքի հաշվառում է համարվում պետական գույքի վիճակի և չափերի, նպատակային նշանակության, ինչպես նաև օգտագործողների և օգտագործման ձևերի վերաբերյալ տեղեկությունները պետական գույքի հաշվառման գրանցամատյանում գրանցելը:

 

Հոդված 11.

Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը

 

1. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվական համակարգ է, որը ներառում է հաշվառման ենթակա օբյեկտների մասին միասնական մեթոդաբանական և ծրագրային-տեխնիկական սկզբունքներով կազմված տեղեկություններ։

 

Հոդված 12.

Պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա օբյեկտները

 

1. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա օբյեկտներ են պետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և չկառուցապատված հողի), ներառյալ՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս համարվող այլ շինությունները, ջրամբարներն ու ջրատարները, պետական մարմիններին, պետական այլ հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը, ինչպես նաև պետական մարմինների հաշվեկշռում և հիմնարկների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (նաև դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:

2. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:

(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 13.

Պետական անշարժ գույքի հաշվառումը

 

1. Պետական անշարժ գույքի հաշվառումն ապահովում է անշարժ գույքի վիճակի և չափերի, նպատակային նշանակության, օգտագործողների և օգտագործման ձևերի վերաբերյալ տեղեկությունների գրանցումը պետական գույքի հաշվառման գրանցամատյանում:

2. Պետական անշարժ գույքի հաշվառման տեղեկություններն օգտագործվում են անշարժ գույքի մշտադիտարկման համար, որի նպատակն է բարելավել պետական անշարժ գույքի օգտագործումը և պահպանումը, կանխատեսել պետական անշարժ գույքի նկատմամբ պետության հեռանկարային պահանջը:

3. Պետական անշարժ գույքի հաշվառման տվյալների հավաստիության բարձր մակարդակն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում իրականացվում է անշարժ գույքի գույքագրում, որի արդյունքների հիման վրա իրականացվում է հաշվառման ընթացքում թույլ տրված սխալների ուղղում:

 

Հոդված 14.

Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը վարող մարմինը և վարման կարգը

 

1. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը վարում է կոմիտեն:

2. Կոմիտեն իրականացնում է պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառված պետական անշարժ գույքի օգտագործման վիճակի վերլուծություն և վերլուծությունների արդյունքների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն պետական անշարժ գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ:

3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գույքի հաշվառման գրանցամատյանը վարելու և նշված գույքի հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը և տեղեկանքի ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(14-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 15.

Պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպումը

 

1. Պետական անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Յուրաքանչյուր տարի պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման նախատեսված աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում են դրամական միջոցներ:

3. Պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման աշխատանքների կազմակերպիչ և պատասխանատու է համարվում կոմիտեն:

(15-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 16.

Պետական գույքի գնահատման նպատակը և կարգը

 

1. Պետական գույքի իրական արժեքը որոշելու նպատակով այն ենթակա է պարբերաբար գնահատման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Հոդված 17.

Պետական գույքի կառավարման ծրագիրը

 

1. Պետական գույքի կառավարման նպատակների իրագործմանն ուղղված միջոցառումները և գործարքները, զարգացման առաջնահերթություններն ու սահմանափակումների նկարագրությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող պետական գույքի կառավարման եռամյա ծրագրերով:

2. Պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը մշակվում է այս ոլորտում ծրագրի գործողության ժամանակահատվածում իրականացվող քաղաքականության միասնականությունն ու շարունակականությունն ապահովելու նպատակով:

3. Պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով սահմանվում են տվյալ ժամանակահատվածում պետական գույքի կառավարման ուղղությունների գերակայությունը և հիմնական միջոցառումները, միջոցառումներն իրականացնող պետական և տարածքային կառավարման մարմինները:

4. Պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփումն իրականացնում է կոմիտեն:

5. Պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով սահմանված նպատակների կատարման արդյունքների մասին պետական կառավարման լիազորված մարմինը մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տարեկան հաշվետվություն:

(17-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 18.

Պետական գույքի կառավարման ծրագրի բովանդակությունը

 

1. Պետական գույքի կառավարման ծրագիրը բովանդակում է՝

1) պետական գույքի կառավարման սկզբունքները` ըստ պետական սեփականության առանձին խմբերի.

2) պետական սեփականության յուրաքանչյուր խմբի կառավարման գերակայությունները, նպատակները և այդ նպատակներին հասնելու միջոցները.

3) առանձին դեպքերում` հանրապետության կենսագործունեության համար կարևոր նշանակություն ունեցող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության կառավարման ծրագրերը.

4) պետական գույքի մասնավորեցման ծրագրերում ընդգրկվող պետական գույքի մասնավորեցման ժամանակացույցը.

5) պետական գույքի հաշվառման, գույքագրման և գնահատման միջոցառումները.

6) ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման ժամկետները և կառավարման ձևերի նկարագրությունը.

7) պետական գույքի նկատմամբ պետական կառավարման մարմինների իրավասությունները.

8) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են պետական գույքի կառավարման ծրագիրն իրականացնելու համար:

 

Հոդված 19.

Պետական գույքի կառավարման ծրագրի մասին հաշվետվությունը

 

1. Պետական գույքի կառավարման ծրագրի կատարման մասին կոմիտեի ներկայացրած հաշվետվությունը բովանդակում է՝

1) հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումների նկարագրությունը, որոնք ուղղված են պետական գույքի կառավարման ծրագրի կատարմանը.

3) տեղեկություններ հաշվետու տարում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների վերաբերյալ.

4) քանակային ցուցանիշներ, որոնք վերաբերում են կառավարման ձևերի կիրառմանը, առանձին կազմակերպությունների և գույքի նկատմամբ իրականացված գործարքներին.

5) տեղեկություններ պետական անշարժ գույքի օգտագործման շնորհիվ ձեռք բերված արդյունքների, ներառյալ` պետական բյուջե մուտք եղած միջոցների մասին.

6) տեղեկություններ կառավարման գործառույթների իրականացմամբ փաստացի կատարված ներդրումների և իրականացված ծրագրերի մասին:

(19-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 20.

Պետական գույքի օտարման նպատակները

 

1. Պետական գույքի օտարման հիմնական նպատակներն են՝

1) պետական գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացումը.

2) պետական գույքն ակտիվ տնտեսական շրջանառության մեջ դնելը.

3) պետական գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:

2. Սույն օրենքով սահմանված օտարման կարգը չի տարածվում՝

1) պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի վրա.

2) քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նշանակության օբյեկտների, ռազմական կառույցների վրա.

3) պետական ռեզերվների և զորահավաքային պաշարների պահեստային տնտեսության օբյեկտների վրա.

4) միջպետական և հանրապետական նշանակության երկաթուղիների (մետրոպոլիտենի) և ավտոճանապարհների, հատուկ նշանակության հիդրոհանգույցների և հիդրոտեխնիկական կառուցվածքների, գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայություններին ամրացված և վերջիններիս կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան օգտագործվող պետական գույքի վրա.

5) ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումները) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան օգտագործվող գույքի վրա:

3. Օտարման կամ մասնավորեցման ենթակա չեն պետական սեփականություն հանդիսացող և քաղաքացիներին պաշտոնեական (ծառայողական) օգտագործման համար հատկացված բնակարանները:

Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 21.

Պետական գույքի օտարման պայմանները

 

1. Պետական գույքի օտարումը պետք է լինի հիմնավորված, ապահովի որոշակի խնդրի արդյունավետ լուծում և չպետք է խաթարի պետական մարմնի, պետական այլ հիմնարկների ու կազմակերպությունների բնականոն գործունեությունը:

2. Պետական գույքի օտարման ժամանակ գույքի (բացառությամբ չկառուցապատված առանձին հողամասի) վաճառքի գինը հաշվարկվում է՝ ելնելով գույքի գնահատված արժեքից` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:

3. Եթե օտարման ենթակա շենքերով և շինություններով կառուցապատված հողամասին սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի չափերը գերազանցում են շենքերի և շինությունների սպասարկման և օգտագործման անհրաժեշտ սահմանները, ապա շենքերով և շինություններով զբաղեցված և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասն առանձնացնելուց հետո այն կարող է օտարվել կոմիտեի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Պետական գույքի օտարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:

(21-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 22.

Պետական գույքի օտարման եղանակները

 

1. Պետական գույքի օտարման եղանակներն են՝

1) հրապարակային սակարկություն (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային).

2) ուղղակի վաճառք.

3) նվիրատվություն կամ նվիրաբերություն.

4) փոխանակություն.

5) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ եղանակներ:

2. Պետական գույքը հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս՝

1) ընտրվում է մրցույթով վաճառքի եղանակը, եթե գնորդը գույքի սեփականության իրավունքը ձեռք բերելու հետ մեկտեղ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով գործարար ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ.

2) ընտրվում է աճուրդի վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որևէ պարտավորություն:

3. Պետական գույքն օտարվում է ուղղակի եղանակով՝

1) գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին.

2) տվյալ գույքի վարձակալին, ընդ որում վարձակալներն ունեն գնման նախապատվության իրավունք:

4. Պետական գույքի օտարման եղանակը սահմանվում է օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(22-րդ հոդվածը 28.06.19 ՀՕ-115-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020 թվականին:)

 

Հոդված 23.

Առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարումը

 

1. Առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 24.

Օտարման ենթակա պետական գույքի գնահատումը

 

1. Օտարման ենթակա պետական գույքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 25.

Պետական գույքի նվիրատվությունը կամ նվիրաբերությունը

 

1. Պետական գույքի նվիրատվությունը կամ նվիրաբերությունը պետք է լինի նպատակային, արդյունավետ և լուծի որոշակի տնտեսական կամ սոցիալական խնդիրներ:

2. Պետական գույքի նվիրատվության կամ նվիրաբերության կողմ կարող են հանդես գալ իրավաբանական անձինք, համայնքները, օտարերկրյա պետությունները, քաղաքացիները և օտարերկրյա անձինք:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված նվիրատվության կամ նվիրաբերության սուբյեկտներ հանդիսացող քաղաքացիների խմբերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Պետական գույքի նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագիրը կնքում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պետական կառավարման մարմինը:

 

Հոդված 26.

Պետական գույքի մասնավորեցումը

 

1. Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` պետական գույքի մասնավորեցման ծրագրերին և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգերին համապատասխան:

 

Հոդված 27.

Պետական գույքի օտարումից ստացված միջոցների տնօրինումը

 

1. Պետական գույքի օտարումից ստացված դրամական միջոցները, օտարման գործարքների հետ կապված ծախսերը, որոնց գումարը չի կարող գերազանցել գույքի վաճառքի գինը (պահպանություն և այլն) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխհատուցելուց հետո ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և համապատասխան համայնքների բյուջեներ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համամասնություններով, եթե այդ ծախսերի համար միջոցներ նախատեսված չեն համապատասխան բյուջեներում:

 

Հոդված 28.

Պետական գույքի փոխանակությունը

 

1. Պետական գույքի փոխանակությունը պետք է լինի նպատակային, արդյունավետ և լուծի որոշակի տնտեսական կամ սոցիալական խնդիրներ:

2. Փոխանակության կողմ կարող են հանդես գալ իրավաբանական անձինք, համայնքները, օտարերկրյա պետությունները, քաղաքացիները և օտարերկրյա անձինք:

3. Անհամարժեք փոխանակության դեպքում կողմերը մինչև գործարքի կնքումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված արժեքների գների տարբերության չափով դրամական փոխհատուցմամբ:

4. Պետական գույքի փոխանակության պայմանագիրը կնքում է կոմիտեն:

5. Պետական գույքի փոխանակության պայմանները սահմանվում են փոխանակության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(28-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  X

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 29.

Պետական գույքի վարձակալությունը

 

1. Պետական գույքը վարձակալության է տրամադրվում հետևյալ եղանակներով.

1) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային).

2) ուղղակի եղանակով:

2. Պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը և վարձավճարների հաշվարկման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Պետական գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճարներ, կարող են թողնվել հիմնադրամների տնօրինությանը, եթե վերջիններս համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին:

4. Պետական գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճարներ, հիմնադրամների տնօրինությանը թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 30.

Պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքը

 

1. Պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետական գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել՝

1) համայնքներին.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց.

3) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին.

4) միջազգային կազմակերպություններին.

5) քաղաքացիներին.

6) անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ կազմակերպությունների:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անհատույց օգտագործման սուբյեկտներ հանդիսացող քաղաքացիների խմբերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Պետական գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում կոմիտեի կողմից` օգտագործողի հետ կնքելով անհատույց օգտագործման պայմանագիր, որից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին պետական գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իսկ ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին՝ «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:

6. Պետական գույքի անհատույց օգտագործողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կնքում են ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման պայմանագիր:

(30-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 31.

Պետական գույքի գրավադրումը

 

1. Պետական գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է գրավադրվել կոմիտեի կողմից, եթե առկա են իրավասու մարմինների՝ հավանության արժանացած գործարար ծրագիր և ծրագրի իրագործման շնորհիվ գրավադրված գույքի դիմաց ստացված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ վերադարձնելու երաշխիքներ:

2. Պետական գույքի գրավադրման պայմանները և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(31-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 32.

Առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարումը

 

1. Առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման առանձնահատկությունները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 33.

Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկումները և վերլուծությունները

 

1. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկումների հիմնական նպատակներն են՝

1) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում պետական սեփականություն կազմող միջոցների ներդրման արդյունավետության վերլուծությունը, այդ ներդրումների օպտիմալացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

2) առևտրային կազմակերպությունների կառավարման և գործունեության արդյունավետության գնահատումը.

3) առևտրային կազմակերպությունների կողմից պետական ծրագրերի իրականացման ընթացքի մշտադիտարկումը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած բացթողումների և խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

4) առևտրային կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովումը` հանրության, պետական մարմինների և հնարավոր ներդրողների համար:

2. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկումների իրականացման, դրանց արդյունքների ամփոփման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Պետական բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկումներն իրականացվում, ինչպես նաև արդյունքներն ամփոփվում են մինչև դրանց մասնավորեցման կամ լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը:

4. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն առևտրային կազմակերպությունները, որոնց կառավարումն իրականացվում է հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն կամ այլ պետություն-մասնավոր հատված համագործակցության պայմանագրերի հիման վրա, մինչև պայմանագրով սահմանված ժամկետների ավարտը կոմիտեին են ներկայացնում միայն տարեկան աուդիտի եզրակացությունը:

5. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկումների արդյունքների ամփոփումից հետո կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առևտրային կազմակերպությունների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ:

(33-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 34.

Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպություններում պետության նշանակած լիազոր ներկայացուցիչները

 

1. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարումը կոմիտեի առաջարկության հիման վրա կարող է իրականացվել պետության նշանակած լիազոր ներկայացուցիչների միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների որակավորման և հավաստագրերի տրամադրման գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:

3. Պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչն ընտրվում է մրցույթով` համապատասխան որակավորում և հավաստագիր ունեցող անձանցից:

4. Պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցչի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Պետական բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող առևտրային կազմակերպություններում պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների աշխատանքները ենթակա են գնահատման:

6. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպություններում պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների որակավորման և հավաստագրերի տրամադրման, դրանց ընտրության նպատակով մրցույթի անցկացման, ինչպես նաև աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը և գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է նշանակել պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչներ, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպություններում պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներից:

(34-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 35.

Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման պայմանները

 

1. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունները կարող են վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով և կարգով:

2. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունները կարող են միացվել կամ միաձուլվել ոչ պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությանը, եթե առկա է գործարքի նպատակահարմարությունը հիմնավորող գործարար ծրագիր, ընդ որում միացման կամ միաձուլման հետևանքով պետական մասնակցության չափը պետք է կազմի առնվազն 51 տոկոս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրականացվող պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերի:

3. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունները հիմնավորված ֆինանսական առողջացման տանող գործարար ծրագրերի առկայության դեպքում կարող են վերակազմակերպվել բաժանման կամ առանձնացման ճանապարհով:

 

Գ Լ ՈՒ Խ  XI

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 36.

Պետական գույքի կառավարման և պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը

 

1. Պետական գույքի կառավարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրության և գերատեսչական նորմատիվ պահանջների պահպանման, պետական և տարածքային կառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից պետական գույքի արդյունավետ կառավարմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների իրագործմամբ:

 

Հոդված 37.

Պետական գույքի կառավարման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը

 

1. Պետական գույքի կառավարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  XII

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 38.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 9

Երևան

ՀՕ-158-Ն