Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-187-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.04/55(721) Հոդ.1209
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.  Օրենքի կարգավորման ոլորտը

 

Սույն օրենքը կարգավորում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և զարգացման գործընթացներում ծագող իրավահարաբերությունները, ներառյալ՝ ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման, ուսուցման, տարածման, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց մասնակցության ընթացակարգերը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։

 

Հոդված 2.  Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենսդրությունը կարգավորվում է սույն օրենքով, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով և օրենսդրական ակտերով։

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը։

 

Հոդված 3.  Օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ոչ նյութական մշակութային ժառանգություն` հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթները, ավանդույթները, ծեսերը, պատկերացումներն ու արտահայտման ձևերը, գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև դրանց առնչող գործիքները, առարկաները, ստեղծագործությունները և մշակութային տարածքները որպես ոչ նյութական մշակութային ժառանգության նյութականացված կրիչներ.

2) ոչ նյութական մշակութային արժեքներ` ժողովրդական բանահյուսությանը, լեզվին, բարբառներին և խոսվածքներին, տեղանուններին, զինանշանային և ազգային այլ խորհրդանիշների բովանդակությանը, ավանդական արհեստներին, ազգային սովորույթներին, ավանդույթներին, տոներին, ծեսերին, հասարակական կենցաղին, վարվեցողության ձևերին և կանոններին, ժողովրդական արվեստին, տնտեսական գործունեությանը, կենսաապահովման մշակույթին, հավատալիքներին, պաշտամունքին, գիտական հետազոտությունների արդյունքներին և մեթոդներին, ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտներին վերաբերող գիտակրթական հաստատություններում, արխիվներում, գրադարաններում, իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ պահվող տեղեկույթ.

3) ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն` մշակութային տարածքներում ստեղծված ոչ նյութական մշակութային արժեքների պահպանությանն ուղղված գործողությունների ամբողջություն.

4) ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանություն` ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակությանն ուղղված գործողություններ, ներառյալ` այդ ժառանգության բացահայտումը, ուսումնասիրումը, նույնականացումը, փաստաթղթավորումը, ներկայացումը, կենցաղավարման պայմանների ապահովումը, դրանց նկատմամբ հարգանքը, իրավապաշտպանությունը, բարելավումը.

5) ոչ նյութական մշակութային ժառանգության օգտագործում` ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների վերականգնումը, տարածումը, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջոցով ուսուցումը և փոխանցումը հաջորդ սերունդներին.

6) մշակութային տարածքներ` այն տարածքները, որտեղ ոչ նյութական մշակութային ժառանգության կրողները ավանդաբար ստեղծել են ոչ նյութական մշակութային արժեքներ.

7) ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներ` այն անհատներն ու խմբերը, որոնք պահպանում են ոչ նյութական մշակութային արժեքները, նպաստում են դրանց օգտագործմանը, տարածմանն ու փոխանցմանը:

 

 Հոդված 4. Օրենքի գործողության ոլորտները

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հետևյալ ոլորտներում.

1) բանահյուսություն`

ա. լեզուն, բարբառները, խոսվածքները,

բ. բանավոր ավանդության բոլոր ձևերը և տեսակները.

2) ժողովրդական երաժշտարվեստ`

ա. ժողովրդական երգարվեստն իր տեսակներով,

բ. ժողովրդական նվագարանային երաժշտությունն իր տեսակներով.

3) ժողովրդական պարարվեստն իր տեսակներով.

4) ժողովրդական թատերախաղերը իրենց տեսակներով.

5) ժողովրդական տոներ.

6) մարդու կյանքի շրջափուլերի (ծնունդ, հասունություն, ամուսնություն, մահ) հետ կապված ժողովրդական սովորույթներ.

7) հասարակական, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ.

8) ազգային հավատալիքներ ու սովորույթներ.

9) ժողովրդական կենցաղն իր դրսևորման տարբեր ձևերով.

10) տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ (երկրագործություն, անասնապահություն, ձկնորսություն, որսորդություն, առևտուր և այլն).

11) բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ.

12) ազգային խոհանոց.

13) ազգային խաղեր.

14) ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ`

ա. ժողովրդական արհեստները և դրանց հետ կապված հմտությունները,

բ. ազգային տարազը,

գ. ժողովրդական ճարտարապետությունը, բնակարանը և կահկարասին:

 

Հոդված 5.  Օրենքի նպատակներն ու խնդիրները

 

1. Օրենքի նպատակներն են`

1) ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը, պահպանությունը և օգտագործումը.

2) ազգային և համամարդկային ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ հասարակության հոգածության և հարգանքի արմատավորումը.

3) ոչ նյութական մշակութային ժառանգության կիրառման ապահովումը.

4) ոչ նյութական մշակութային ժառանգության փոխանցումը սերունդներին.

5) միջազգային համագործակցության ապահովումը, Հայաստանի Հանրապետության ինտեգրումը համապատասխան միջազգային կառույցներին, միջազգային փորձի փոխանակման և տարածման խթանումը:

2. Սույն օրենքի խնդիրներն են`

1) ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը և դրա վերարտադրման գործընթացում հասարակության մասնակցության ապահովումը.

2) ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներդրման, պահպանության, պաշտպանության և օգտագործման ապահովումը.

3) ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանվող արժեքների ցանկի կազմման, դրանց կենսունակությունն ապահովող միջոցառումների ծրագրման, ներդրման և պահպանության ապահովումը.

4) անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի կազմման և դրանցում ներառված ժառանգության պաշտպանության ապահովումը.

5) ժամանակակից արվեստում ոչ նյութական մշակութային ժառանգության կիրառումը և փոխանցման ապահովումը կրթական ծրագրերով.

6) ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, գործառույթների սահմանումը.

7) պետական կառավարման և գիտակրթական կազմակերպությունների միջև ոչ նյութական մշակութային ժառանգության շուրջ համագործակցության, տեղեկույթի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման մեխանիզմների և ընթացակարգերի սահմանումը.

8) ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում` ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներին պետական աջակցության տրամադրման ձևերի և ընթացակարգերի սահմանումը.

9) միջազգային համագործակցության ուղղությունների և ընթացակարգերի սահմանումը:

 

Հոդված 6. Ոչ նյութական մշակութային ժառանգության պետական քաղաքականության սկզբունքները

 

Պետական քաղաքականության սկզբունքներն են`

1) ոչ նյութական մշակութային ժառանգության սահմանումը` որպես մշակութային գործունեության ռազմավարական կարևորության բնագավառ և պետության կողմից պահպանվող ու պաշտպանվող ազգային հարստություն.

2) ոչ նյութական մշակութային ժառանգության դերի կարևորումը ազգային ինքնության ու դիմագծի պահպանության, համահայկական մշակութային դաշտի ձևավորման գործում.

3) ոչ նյութական մշակութային ժառանգության դիտարկումը` որպես ազգային արժեհամակարգի և մշակույթի զարգացման հիմքերից մեկը.

4) ոչ նյութական մշակութային արժեքներին հաղորդակցվելու և համապատասխան ծառայություններից օգտվելու մատչելիությունը, միջազգային փոխանակումների ապահովումը և ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակումը, պահպանությունը և պաշտպանությունը օտարերկրյա պետություններում:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 7.  Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) իրականացնում է պետական միասնական քաղաքականությունը ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում.

2) հաստատում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, տարածման և օգտագործման տարեկան, եռամյա և հեռանկարային ծրագրերը, որոնց իրականացման համար անհրաժեշտ ծախսերն արտացոլվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծում.

3) հաստատում է ոչ նյութական մշակութային արժեքների և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության մշակութային արժեքների ցանկը.

4) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և հաստատում մշակութային տարածքների ցանկը.

5) հաստատում է ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության, տեղեկատվության փոխանակման կարգերը.

6) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ։

 

Հոդված 8.  Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

 

1. Կառավարության լիազորած պետական մարմինը`

1) մշակում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, պաշտպանությունը, տարածումն ու օգտագործումն ապահովող գերատեսչական և օրենսդրական ակտերի նախագծեր.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, տարածման տարեկան ծրագիրը.

3) միջոցներ է ձեռնարկում` բացահայտելու Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գտնվող ազգային ոչ նյութական մշակութային արժեքները և իրականացնում է այդ արժեքների հաշվառումն ու հրապարակումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ոչ նյութական մշակութային արժեքների և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը և դրանց կազմման չափորոշիչները.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում մշակութային տարածք ճանաչելու չափորոշիչները, ինչպես նաև մշակութային տարածքների ցանկը.

6) ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում ստեղծում է պետական տեղեկատվական միասնական համակարգ և ապահովում դրանից օգտվելու մատչելիությունը.

7) ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում կազմակերպում է աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով միջոցներ է ձեռնարկում՝ վերականգնելու ոչ նյութական մշակութային արժեքները.

9) նպաստում է մշակութային, գիտական և կրթական հաստատությունների (գիտահետազոտական կենտրոններ, թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ և այլն) ստեղծմանն ու զարգացմանը, ցուցաբերում է պետական աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ուսումնասիրման, հրատարակման և հանրահռչակման գործառույթներ իրագործող գիտական, մշակութային կազմակերպությունների և արշավախմբերի գործունեությանը.

10) նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության միջոցառումների` գիտաժողովների, սեմինարների, համերգների, ցուցահանդեսների, ծիսակարգերի և հանդիսությունների, ժողովրդական ավանդական տոների, մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված ժողովրդական սովորույթների, ազգային խաղերի կազմակերպմանը, ինչպես նաև ժողովրդական ավանդական տոների անցկացման ձևերի ներդրմանը.

11) կրթության ոլորտում լիազորված պետական մարմնի հետ համատեղ իրականացնում է ոչ նյութական մշակութային ժառանգությանն առնչվող կրթական ծրագրեր.

12) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

 

Հոդված 9.  Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների լիազորությունները

 

1. Պետական կառավարման տարածքային մարմինները`

1) ապահովում են մարզի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում.

2) օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում կազմակերպում են կառավարության լիազորած պետական մարմնի համապատասխան ծառայությունների, ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեություն ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում.

3) միջոցներ են ձեռնարկում մարզի տարածքում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և օգտագործման ուղղությամբ` դրանք համաձայնեցնելով կառավարության լիազորած պետական մարմնի հետ.

4) առաջարկություններ են ներկայացնում կառավարության լիազորած պետական մարմնին տեղական նշանակության ոչ նյութական մշակութային ժառանգության, ներառյալ` ժողովրդական ավանդական տոների, ծեսերի ու արարողությունների կազմակերպման և կիրառման վերաբերյալ:

 

 Հոդված 10. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինները որպես կամավոր լիազորություն`

1) աջակցում են համայնքի տարածքում գործող ազգային մշակութային խմբերի և համույթների գործունեությանը, ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության զարգացմանը.

2) կազմակերպում են տեղական նշանակության տոներ, ծեսեր և ծիսակատարություններ, ուխտագնացություններ.

3) նպաստում են մարդու կյանքի շրջափուլերի և բնության պահպանության հետ կապված ժողովրդական սովորույթների ներդրմանը.

4) ապահովում են համայնքի տարածքում բնակվող ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների մասին տեղեկույթը.

5) իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 11.  Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում

 

1. Պետական մշակութային քաղաքականությունը ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում կազմակերպվում է մշակութային, գիտական, հասարակական կազմակերպությունների հայտերի և ծրագրային առաջարկների հիման վրա, մշակույթի պահպանման, տարածման և օգտագործման պետական (տարեկան, եռամյա և հեռանկարային) ծրագրերով:

2. Ելնելով ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղությունների առանձնահատկություններից` կարող են նախատեսվել դրամաշնորհային ծրագրեր:

3. Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հայտեր և ծրագրային առաջարկներ կարող են ներկայացնել ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում գործող մշակութային, գիտական, կրթական և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև իրավաբանական այլ անձինք, որոնք իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում են մշակութային գործունեություն:

 

 Հոդված 12. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի օբյեկտները

 

1. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի օբյեկտներն են Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գտնվող ոչ նյութական մշակութային արժեքները, դրանց շրջապատող միջավայրը, ներառյալ` պատմամշակութային տարածքը:

 

Հոդված 13.  Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի սուբյեկտները

 

1. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի սուբյեկտներն են`

1) Հայաստանի Հանրապետությունը.

2) պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները.

3) մշակութային, գիտակրթական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, թանգարանները, գրադարանները, արխիվները.

4) ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման, նույնականացման, փաստաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման, ուսուցման, հաշվառման և հանրահռչակման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք.

5) ոչ նյութական մշակութային ժառանգության կրողները:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

 Հոդված 14. Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, տարածումը և օգտագործումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, տարածումը, օգտագործումը կարգավորվում են սույն օրենքով, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

 Հոդված 15.

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը

 

1. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում համագործակցության ուղղությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերով:

2. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

(15-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-234-Ն)

 

Հոդված 16.

Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը օտարերկրյա պետություններում

  

1. Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը օտարերկրյա պետություններում իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` տվյալ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետությունն աջակցում է օտարերկրյա պետություններում հայկական մշակութային հաստատություններին և կազմակերպություններին ազգային ոչ նյութական մշակութային արժեքների բացահայտման, ուսումնասիրման, հաշվառման, վերականգնման, հանրահռչակման և կիրառման գործում:

(16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-234-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 17.  Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի ֆինանսավորումը

 

1. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառը ֆինանսավորվում է`

1) պետական և համայնքային բյուջեների միջոցներով.

2) մշակութային, հասարակական և այլ կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով.

3) օրենքով չարգելվող այլ միջոցներով:

2. Պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական ոչ նյութական մշակութային արժեքների հաշվառմանը, ուսումնասիրմանը և դրանց պահպանությանը նպաստող այլ աշխատանքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 18.   Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

1. Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի պահանջները խախտողները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրում են պատասխանատվություն։

 

Հոդված 19.  Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

 Ս. Սարգսյան

 

2009 թ. հոկտեմբերի 28

Երևան

ՀՕ-187-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.03.2018, ՀՕ-234-Ն 30.03.2018, ՀՕ-187-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան