Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-291-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2018-01.06.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.484
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական արարողակարգի նպատակները, պետական արարողակարգի միջոցառումներն ու ընթացակարգերը, Հայաստանի Հանրապետությունում արարողակարգային ավագությունը, արարողակարգային միջոցառումների ֆինանսավորման կարգը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության կարգավիճակը, խնդիրները, լիազորությունները, ինչպես նաև կարգավորում է պետական արարողակարգի հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պետական արարողակարգ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների շրջանակներում կիրառվող համընդհանուր կանոնների, ազգային ավանդույթների և պայմանականությունների ամբողջություն.

2) արարողակարգային ավագություն՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ավագությունը, որով որոշվում է ներպետական և միջազգային բնույթի միջոցառումների ժամանակ պետական յուրաքանչյուր մարմնի և դրա ներկայացուցչի ներկայության աստիճանակարգությունը.

3) բարձրաստիճան պատվիրակություններ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների և նրանց լիազորած պաշտոնատար անձանց գլխավորած և այլ պատվիրակություններ.

4) դիվանագիտական անձնակազմ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմ, որոնց վրա տարածվում են Վիեննայի դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիաներով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը.

5) փոխադարձության սկզբունք՝ միջազգային իրավունքի սկզբունք, որի համաձայն՝ պետությունները արարողակարգային միջոցառումների և արարողակարգային ընթացակարգերի առումով միմյանց նկատմամբ ցուցաբերում են նույնաբովանդակ վերաբերմունք, ապահովում են համանման պայմաններ և հնարավորություններ:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հոդված 3. Պետական արարողակարգի նպատակները

 

1. Պետական արարողակարգի նպատակն է ապահովել միասնական արարողակարգային գործելակերպ և ընթացակարգ, արարողակարգային կանոնների միասնական կիրառում Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերություններում:

 

ԳԼՈՒԽ 3

 

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 4. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունները Հայաստանի Հանրապետություն

 

1. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցելություններն են պետական, պաշտոնական, աշխատանքային, մասնավոր, անձնական հյուրի կարգավիճակով և տարանցիկ այցերը:

2. Պետական այցն օտարերկրյա պետությունների կամ կառավարությունների ղեկավարների քաղաքական բովանդակությամբ բացառիկ նշանակություն ունեցող այցելությունն է, որի կազմակերպման արարողակարգային միջոցառումներին տրվում է ընդգծված հանդիսավորություն, և ապահովվում է հայկական կողմի բարձր մակարդակի մասնակցություն:

3. Պաշտոնական այցն օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված այցելությունն է, որը պետական այցից տարբերվում է քաղաքական բովանդակությամբ, մասնակցության ձևաչափով և արարողակարգային միջոցառումների մակարդակով:

4. Աշխատանքային այցն օտարերկրյա պետությունների պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց որոշակի նպատակով այցելությունն է, մասնավորապես բանակցություններին, խորհրդակցություններին, միջազգային համաժողովներին կամ նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցելու, աշխատանքային հանդիպումներ անցկացնելու, ազգային ցուցահանդեսների բացման նպատակով կազմակերպվող այցերը:

5. Մասնավոր այցն օտարերկրյա պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է Հայաստանի Հանրապետություն՝ հանգստյան, բուժման, ինչպես նաև տվյալ պետության դեսպանի հրավերով կամ զբոսաշրջության նպատակով:

6. Անձնական հյուրի կարգավիճակով այցը պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է, որի ընթացքում կարող է նախատեսվել մասնավոր ծրագիր՝ առանց որևէ արարողակարգային միջոցառման:

7. Տարանցիկ այցը պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի կարճատև այցելությունն է Հայաստանի Հանրապետություն՝ երրորդ երկիր մեկնելու նպատակով:

 

Հոդված 5. Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավատարմագրերի և հետկանչագրերի ընդունումը

 

1. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերն ու հետկանչագրերն ընդունում է Հայաստանի Հանրապետության նախագահը:

2. Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող՝ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերի հանձնման ժամկետները որոշվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին՝ փոխհամաձայնությամբ:

3. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ոչ ռեզիդենտ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերի հանձնումը յուրաքանչյուր տարվա ընթացքում տեղի է ունենում չորս անգամ:

 

Հոդված 6. Պաշտոնական ուղերձները և հեռագրերը

 

1. Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի կողմից օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ուղերձներ և հեռագրեր են ուղարկվում՝

1) ազգային տոների առթիվ.

2) օտարերկրյա պետությունների, կառավարությունների և խորհրդարանների ղեկավարների ընտրության կամ նշանակման կապակցությամբ.

3) քաղաքական կարևոր նշանակության միջազգային պայմանագրերի կնքման հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ՝ յուրաքանչյուր հինգերորդ տարում.

4) դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարեդարձի առթիվ՝ առաջինը՝ հինգերորդ տարում, այնուհետև՝ յուրաքանչյուր հինգերորդ կամ տասներորդ տարում.

5) այլ առիթներով:

2. Ամանորի շնորհավորական հեռագրերը և ուղերձները կարող են փոխանցվել սեփական հայեցողությամբ և ի պատասխան ստացված շնորհավորանքների:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ուղերձներ և հեռագրեր ուղարկելու առաջարկությունը և դրանց նախագծերը ներկայացնում է արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:

 

Հոդված 7. Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները և բանակցությունները

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները և բանակցությունները կազմակերպվում են Պետական արարողակարգի ծառայության միջոցով:

2. Գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ Կառավարության սահմանած կարգով, ինչպես նաև Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմերի ղեկավարները՝ այդ մարմինների ղեկավարների սահմանած կարգով 15-օրյա ժամկետում արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմին են ներկայացնում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած իրենց հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվություն:

 

ԳԼՈՒԽ 4

 

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 8. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների և դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը

 

1. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերը ներառում են բարձրաստիճան պատվիրակությունների՝ օդանավակայանում դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու, կեցության, տրանսպորտային և կազմակերպատեխնիկական ապահովման ծախսերը:

3. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի և դրանց հետ կապված միջոցառումների ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ ձևաչափով.

 

օտարերկրյա պետության կամ կառավարության ղեկավարի պետական այց՝

ղեկավար (ամուսին) և մինչև 10 ուղեկցող անձ

օտարերկրյա պետության, կառավարության և խորհրդարանի ղեկավարի պաշտոնական այց

ղեկավար (ամուսին) և մինչև 8 ուղեկցող անձ

օտարերկրյա պետության, կառավարության և խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այց

ղեկավար (ամուսին) և մինչև 6 ուղեկցող անձ

օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնական այց

ղեկավար և մինչև 4 ուղեկցող անձ

օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի աշխատանքային այց

ղեկավար և մինչև 2 ուղեկցող անձ

միջազգային կազմակերպության ղեկավարի այց

ղեկավար և մինչև 4 ուղեկցող անձ

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսավորման ձևաչափը կարող է փոփոխվել՝ ելնելով փոխադարձության սկզբունքից՝ պետական արարողակարգի ծառայության առաջարկությամբ՝ վարչապետի որոշմամբ:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա՝ վարչապետի որոշմամբ:

6․ Օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ներկայացուցչական ծախսերը ֆինանսավորվում են Հանրապետության նախագահի, Կառավարության, Ազգային ժողովի աշխատակազմերի համար նախատեսված միջոցներից:

 

Հոդված 9. Այլ այցելությունների և դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող միջազգային բնույթի միջոցառումներին մասնակցելու նպատակով, ինչպես նաև պետական այլ մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորման ձևաչափը սահմանվում է վարչապետի որոշմամբ և իրականացվում է պետական բյուջեի՝ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից՝ համապատասխան պետական մարմնի ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 5

 

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՎԱԳՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 10. Արարողակարգային ավագությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է հետևյալ արարողակարգային ավագությունը.

1) Հանրապետության նախագահ.

2) վարչապետ.

3) Ազգային ժողովի նախագահ.

4) Սահմանադրական դատարանի նախագահ.

5) Բարձրագույն դատական խորհրդի նախագահ.

6) առաջին փոխվարչապետ.

7) փոխվարչապետներ՝ տվյալ պաշտոնում պաշտոնավարման տևողության, իսկ նույն տևողության դեպքում՝ տարիքով ավագության հերթականությամբ.

8) Անվտանգության խորհրդի քարտուղար.

9) Երևանի քաղաքապետ.

10) Անվտանգության խորհրդի անդամներ.

11) Ազգային ժողովի փոխնախագահներ՝ տվյալ պաշտոնում պաշտոնավարման տևողության, իսկ նույն տևողության դեպքում՝ տարիքով ավագության հերթականությամբ.

12) նախարարներ՝ օրենքով սահմանված հերթականությամբ.

13) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարներ՝ օրենքով սահմանված հերթականությամբ.

14) Ազգային ժողովի պատգամավորներ.

15) Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարներ՝ Սահմանադրությամբ ամրագրված հերթականությամբ.

16) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար.

17) վարչապետի աշխատակազմի ղեկավար.

18) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար:

2. Միջոցառումներին Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցության դեպքում, որպես կանոն, նա հաջորդում է ավագությամբ առաջին պաշտոնատար անձին:

3. Միջոցառումներին Հանրապետության պաշտոնաթող նախագահի և այլ հատուկ հյուրերի մասնակցության դեպքում նրանց արարողակարգային ավագությունը որոշվում է պետական արարողակարգի ծառայության ղեկավարի կողմից՝ յուրաքանչյուր միջոցառման համար առանձին:

4. Օտարերկրյա պետություններ այցերի ժամանակ այդ պետությունում հավատարմագրված՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավարը ավագությամբ հաջորդում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարին, եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-11-րդ կետերով սահմանված պաշտոնատար այլ անձինք չեն մասնակցում միջոցառմանը։

5. Պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ հիմնական հյուրից հետո տվյալ մարմնի ղեկավարն ավագությամբ երկրորդն է:

 

ԳԼՈՒԽ 6

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

Հոդված 11. Պետական արարողակարգային ընթացակարգերը

 

1. Օտարերկրյա պետության ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության Նախագահի հետ, այցելություն Ազգային ժողով և բանակցություններ վարչապետի հետ:

2. Օտարերկրյա կառավարության ղեկավարի պետական կամ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ վարչապետի հետ և այցելություն Ազգային ժողով:

3. Օտարերկրյա պետության խորհրդարանի ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում և ըստ անհրաժեշտության՝ հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

4. Հայաստանի Հանրապետություն պետական այցերի ժամանակ Հանրապետության նախագահի անունից տրվող պաշտոնական ճաշին նախատեսվում է վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և Հանրապետության նախագահի հրավիրած այլ պաշտոնատար անձանց մասնակցությունը:

5. Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին:

6. Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում միջազգային պայմանագրերի ստորագրումը, որպես կանոն, տեղի է ունենում վարչապետի ներկայությամբ:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ պաշտոնական արարողություններն անցկացվում են Հանրապետության նախագահի և վարչապետի մասնակցությամբ միջոցառումներին կամ Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների այցելությունների ժամանակ:

8. Պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ ընդունելության կազմակերպման այլ դեպքերը և կարգը սահմանվում են վարչապետի որոշմամբ:

9. Օդային փոխադրամիջոցով Հայաստանի Հանրապետություն այցելող բարձրաստիճան պատվիրակությունների դիմավորման և ճանապարհման արարողակարգային ընթացակարգերը, որպես կանոն, տեղի են ունենում նրանց վայրէջքի օդանավակայանում, իսկ վերգետնյա փոխադրամիջոցներով ժամանող պատվիրակություններինը՝ նրանց ընդունող պետական մարմնի նստավայրում։

10. Հանրապետության նախագահը կամ վարչապետը, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար կամ ելնելով փոխադարձության սկզբունքից:

11. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը:

12. Պետական արարողակարգի միջոցառումների հատուկ ամսաթվեր են՝

1) ապրիլի 24՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ անփոփոխ արարողակարգով.

2) մայիսի 9՝ Հաղթանակի և խաղաղության տոն.

3) մայիսի 28՝ Հանրապետության տոն.

4) սեպտեմբերի 21՝ Անկախության տոն՝ անփոփոխ արարողակարգով:

 

Հոդված 12. Պետական արարողակարգի ընթացակարգերի կիրառման առանձնահատկությունները

 

1. Հանրապետության նախագահի ներկայությամբ զինվորական պատիվները տրվում են նրան, բացառությամբ երբ վարչապետն է զինված ուժերի գերագույն հրամանատարը:

2. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ վարչապետի հետ հանդիպումների արարողակարգային ընթացակարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։

3․ Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Ազգային ժողով այցելությունների արարողակարգային ընթացակարգերը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

4. Օտարերկրյա պետություններ մեկնելիս Հանրապետության նախագահին օդանավակայանում ճանապարհում և դիմավորում են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի տեղակալը, պետական արարողակարգի ծառայության ղեկավարը և քաղաքացիական ավիացիայի բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը:

5. Օտարերկրյա պետություններ մեկնելիս վարչապետին օդանավակայանում ճանապարհում և դիմավորում են Անվտանգության խորհրդի անդամները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական արարողակարգի ծառայության ղեկավարը և քաղաքացիական ավիացիայի բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը:

6. Օտարերկրյա պետություններ մեկնող՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունների և այցեր նախապատրաստող (առաջավոր) խմբերի կազմում ընդգրկվում են պետական պահպանության ծառայության աշխատակիցները և, որպես կանոն, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացուցիչները:

 

Հոդված 13. Պետական խորհրդանիշների օգտագործումը

 

1. Արարողակարգային միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները՝ պետական դրոշը և օրհներգը, օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 14. Հանրապետության նախագահի խորհրդանշանը

 

1. Հանրապետության նախագահի խորհրդանշանը փոխանցվում է Հանրապետության նորընտիր նախագահին՝ պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ:

 

ԳԼՈՒԽ 7

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 15. Պետական արարողակարգի ծառայությունը

 

1. Պետական արարողակարգն իրականացնում է Պետական արարողակարգի ծառայությունը:

2. Պետական արարողակարգի ծառայության կարգավիճակը և կազմավորման կարգը սահմանվում են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով:

3. Պետական արարողակարգի ծառայության ծառայողների՝ ծառայության անցնելու, ծառայության ընթացքի, ծառայությունից ազատվելու հարաբերությունները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:

 

ԳԼՈՒԽ 8

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 16. Պետական արարողակարգի ծառայության խնդիրները

 

1. Պետական արարողակարգի ծառայության խնդիրներն են՝

1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում միասնական արարողակարգային գործելակերպ՝ համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ․

2) լինել մշտական աշխատանքային կապի մեջ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների հետ՝ արարողակարգային հարցերով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով.

3) պահպանել գործնական կապեր Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ պետական արարողակարգի ծառայության լիազորությունների շրջանակում.

4) ուսումնասիրել միջազգային արարողակարգային գործելակերպը՝ պետական արարողակարգի ծառայության գործունեությունը և գործելակերպը բարելավելու նպատակով։

 

Հոդված 17. Պետական արարողակարգի ծառայության լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությունը՝

1) աջակցում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների արարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու իրականացմանը․

2) աջակցում է Հանրապետության նախագահի աշխատակազմի, Կառավարության, Ազգային ժողովի, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը․

3) աջակցում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու իրականացմանը․

4) աջակցում է Կառավարության անդամների ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի իրականացմանը․

5) աջակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի իրականացմանը.

6) նախապատրաստում ու իրականացում է Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պատվիրակությունների այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերը․

7) աջակցում է օտարերկրյա պետությունների կառավարությունների, խորհրդարանների, պետական այլ մարմինների պաշտոնական պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը․

8) ըստ անհրաժեշտության՝ աջակցում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների և այդ մարմինների ղեկավարների՝ օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի և միջոցառումների նախապատրաստմանը և իրականացմանը․

9) ըստ անհրաժեշտության՝ աջակցում է Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների և այդ մարմինների ղեկավարների՝ օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի և միջոցառումների նախապատրաստմանը և իրականացմանը․

10) կազմակերպում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման և առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը․

11) ապահովում է դիվանագիտական անձնակազմի մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումներին.

12) նախապատրաստում և իրականացնում է հատուկ դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերը․

13) ապահովում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների և դիվանագիտական անձնակազմի հավատարմագրման, պարտականությունների ստանձնման և առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը․

14) հետևում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի կողմից դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաների դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանմանը․

15) իրականացնում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ դիվանագիտական արարողակարգային գրագրություն, նրանց բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ընթացիկ աշխատանքներ և անհրաժեշտ միջոցառումներ․

16) կազմակերպում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային և արարողակարգային հանդիպումները․

17) մշակում և սահմանված կարգով Կառավարություն է ներկայացնում արարողակարգային միջոցառումների ընթացակարգերը և ծիսակարգերը, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, Հանրապետության տոնի և Հաղթանակի և խաղաղության տոնի և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով, եթե այդ միջոցառումների իրականացման համար հատուկ պետական հանձնաժողով չի ստեղծվում.

18) իրականացնում է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին սույն օրենքի պահանջներին և Հայաստանի Հանրապետությունում գործող արարողակարգային կանոններին ծանոթացնելու նպատակով:

2. Սույն հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնելիս Պետական արարողակարգի ծառայությունն անմիջականորեն համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց իրավասու ստորաբաժանումների կամ պաշտոնատար անձանց հետ:

 

ԳԼՈՒԽ 9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

  

2018 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-291-Ն