Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-307-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.500
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7.

Ռազմարդյունաբերության կոմիտեն

 

1. Ռազմարդյունաբերության կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

2. Ռազմարդյունաբերության կոմիտեն`

1) մասնակցում է`

ա. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության ծրագրերի նախագծերի մշակմանը,

բ. ռազմական կարիքների համար պետական պատվերի և դրա ձևավորման կարգի նախագծերի մշակմանը,

գ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգի նախագծերի մշակմանը,

դ. ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդների, դրանց կիրառման մեխանիզմների և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգի նախագծերի մշակմանը,

ե. պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգի նախագծի մշակմանը,

զ. պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող, նյութական արժեքների ցանկի մշակման և վարման կարգի նախագծի մշակմանը,

է. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգի նախագծի մշակմանը,

ը. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգի նախագծի մշակմանը,

թ. ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների նախագծի մշակմանը,

ժ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգի նախագծի մշակմանը,

ժա. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկի նախագծի մշակմանը,

Ժբ. գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգի նախագծի մշակմանը,

ժգ. յուրաքանչյուր պետական պայմանագրի արդյունքների ֆինանսատնտեսական գործունեության առանձին հաշվառման կարգի նախագծի մշակմանը.

2) իրականացնում է`

ա. ՌԱՀ-ի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարումը,

բ. ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարումը,

գ. ՌԱՀ-ի ոլորտային ծրագրերը,

դ. ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը,

ե. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը,

զ. ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագիր կնքած կազմակերպության գրանցումը ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում դիմումն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում,

է. կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության աշխատանքների և առաջադրանքների կատարումը,

ը. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների միջև համագործակցության կազմակերպումը,

թ. ռազմարդյունաբերական կլաստերների ստեղծումը,

ժ. ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծումը,

ժա. ռազմական արտադրանքի որակի հսկողությունը,

ժբ. ռազմարդյունաբերական բնագավառի միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումը,

ժգ. ռազմատեխնիկական համագործակցությունը,

ժդ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարումը,

Ժե. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերը,

Ժզ. զենքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը,

ժէ. 50% և ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կառավարումը:»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության վերաբերյալ Կառավարության, վարչապետի և Անվտանգության խորհրդի որոշումները:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-307-Ն