ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում «գնումների բողոքարկման խորհուրդ», «խորհուրդ» և «խորհրդի անդամ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «գնումների հետ կապված բողոքներ քննող անձ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի «զ» ենթակետից հանել «կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից» բառերը:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «պաշտոնական» բառը, և մասը «գնումների բողոքարկման խորհուրդը» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 47-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձն անշահախնդիր և անկախ քննություն իրականացնող մարմին է, որը շահագրգռված չէ կոնկրետ գնումների գործընթացի արդյունքներով և իր պարտականությունների ու իրավունքների կատարման ժամանակ պաշտպանված է արտաքին ազդեցություններից: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բողոքներն ուսումնասիրում է պատշաճ մանրամասնությամբ և անաչառորեն: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս անկախ է գնման գործընթացի մասնակիցներից, այդ թվում` պատվիրատուներից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնյաներից և պարտավոր է ղեկավարվել բացառապես գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կիրառել այն:».
2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.
«7. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
8. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը պաշտոնավարում է հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 5. Օրենքի 48-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 48. | Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին ներկայացվող պահանջները |
1. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենտ) կամ իրավագիտություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին:
2. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի լիազորությունների իրականացման առավելագույն տարիքը 65-ն է:»:
Հոդված 6. Օրենքի 49-րդ հոդվածում`
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի հիման վրա և դրա պահանջների կատարման նպատակով լիազորված մարմինը հաստատում է գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության կարգը:»:
Հոդված 7. Օրենքի 50-րդ հոդվածում`
1) վերնագրի «Խորհուրդ բողոքարկելու» բառերը փոխարինել «Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին բողոք ներկայացնելու» բառերով.
2) 5-րդ մասի «խորհրդի» բառը փոխարինել «բողոքի քննության նպատակով հրավիրված» բառերով.
3) 6-րդ մասը «իրավապարտադիր է» բառերից հետո լրացնել «որը կարող է փոփոխվել կամ վերացվել, այդ թվում՝ մասնակի, միայն դատարանի կողմից» բառերով.
4) 7-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
5) 9-րդ մասը «տեղեկագրում» բառից հետո լրացնել «` նշելով հրապարակման ամսաթիվը» բառերով.
6) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը որոշում կայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում որոշումը հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում կայացված որոշումը սույն մասով սահմանված ժամկետում ուղարկվում է պատվիրատուին, լիազորված մարմին ու բողոքարկման ընթացակարգում ներգրավված կողմերին: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի որոշումն ուժի մեջ է մտնում այն տեղեկագրում հրապարակելուն, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` որոշումը պատվիրատուին, լիազորված մարմին ու բողոքարկման ընթացակարգում ներգրավված կողմերին ուղարկելուն հաջորդող օրը:»:
Հոդված 8. Օրենքի 51-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «բողոքարկման վերաբերյալ» բառերը փոխարինել «բողոքի քննության արդյունքներով» բառերով, «տեղեկագրում հրապարակման օրը ներառյալ» բառերը` «ուժի մեջ մտնելու օրը» բառերով.
2) 2-րդ մասի «այն կայացնելու օրվանից հաշված մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «այն կայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը» բառերով:
Հոդված 9. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գնումների բողոքարկման խորհրդի անդամների` խորհրդի անունից ընդունված որոշումները դատական կարգով բողոքարկվելու կամ այդ որոշումների հետևանքով անձանց պատճառված վնասների հատուցման պահանջով հայց հարուցվելու դեպքերում դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս խորհրդի անունից որոշում ընդունած խորհրդի անդամը:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գնումների բողոքարկման խորհրդի անդամների` խորհրդի անունից ընդունված որոշումները դատական կարգով կարող են բողոքարկվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-259-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|