ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով»:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ազգային անվտանգության մարմիններում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետի «ա» ենթակետի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության» բառերով, իսկ «գ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,
բ. 2-րդ կետը «տեղակալներ» բառից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայության պետի տեղակալներ» բառերով.
2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը փոխարինել «վարչապետը» բառով.
3) 4-րդ մասի «հանրապետական գործադիր» բառերը հանել, իսկ «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «սպայական կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «զինվորական կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ» բառերով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին հոդվածով.
«Հոդված 4.1. |
Բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը |
1. Վարչապետը բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու առաջարկությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության հիման վրա:
2. Վարչապետի առաջարկությանը կցվում է բարձրագույն զինվորական կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության դեպքում՝ նաև միջնորդությունը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձին բարձրագույն զինվորական կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած ծառայողներին որպես խրախուսանք կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնի համար նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչում:»:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «ե» կետերում, 13-րդ հոդվածում» բառերը փոխարինել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական լիազոր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներին՝ Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
2) 3-րդ մասի «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասում «դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:
Հոդված 9. Օրենքի 31-րդ և 48-րդ հոդվածներում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերով:
Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հերթական արձակուրդը ծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երկու մասով:»:
Հոդված 12. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «ոչ լրիվ համապատասխանության» բառերը փոխարինել «անհամապատասխանության» բառով:
Հոդված 13. Օրենքի 52-րդ հոդվածից հանել «, ինչպես նաև նրա լիազորությունները» բառերը:
Հոդված 14. Օրենքի 54-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 54. |
Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսումը |
1. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել Կառավարության սահմանած կարգով և չափով:
2. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են պարգևատրվել պետական պարգևներով` օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-269-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|