Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-264-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.04.2018-17.10.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.457
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետական եկամուտների կոմիտեն աջակցում է մաքսային քաղաքականության մշակմանը և իրականացնում է վարչարարություն` Հայաստանի Հանրապետությանը վերապահված իրավասությունների շրջանակներում:»:

 

Հոդված 2. Օրենքում «վերադաս մաքսային մարմին» և «Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտե» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն են`

1) կոմիտեն.

2) կոմիտեի մաքսատները, այդ թվում՝ տարածաշրջանային և մասնագիտացված.

3) կոմիտեի մաքսային կետերը, այդ թվում՝ սահմանային և մասնագիտացված.».

2) 3-րդ մասի առաջին նախադասությունը հանել:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Մաքսային մարմինների լիազորությունները

 

1. Մաքսային մարմինները՝

1) ապահովում են մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացումը.

2) օժանդակում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի, արտաքին տնտեսական կապերի զարգացմանը.

3) վարում են արտաքին առևտրի մաքսային վիճակագրություն, փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրություն և հատուկ մաքսային վիճակագրություն.

4) ապահովում և վերահսկում են մաքսատուրքի, հարկերի, հակագնագցման, հատուկ և փոխհատուցման տուրքերի, մաքսավճարների հաշվարկման ճշտությունը և ժամանակին վճարումը, միջոցներ են ձեռնարկում չվճարված մաքսային վճարների վճարումն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու համար.

5) ապահովում են Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային սահմանով տեղափոխելու` օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը.

6) ապահովում են Միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված` արգելքների ու սահմանափակումների պահպանումը.

7) ապահովում են մաքսային մարմինների կողմից անձանց մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանն օժանդակությունը.

8) բացահայտում, կանխարգելում և կասեցնում են այն հանցագործություններն ու վարչական իրավախախտումները, որոնց նկատմամբ հսկողությունն օրենքով վերապահված է մաքսային մարմինների իրավասությանը, իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն, կատարում են անհետաձգելի քննչական գործողություններ, մաքսային գործի բնագավառում վարչական իրավախախտումների (մաքսային կանոնների խախտումների) գործերով իրականացնում են վարչական վարույթ, աջակցություն են ցուցաբերում կոռուպցիայի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում, հակազդում են Միության մաքսային սահմանով և (կամ) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող մտավոր սեփականության օբյեկտների, թմրանյութերի, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, զենքի ու զինամթերքի, մշակութային արժեքների և այլ առարկաների անօրինական շրջանառությանը.

9) աջակցում են պետական անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության, մարդու, կենդանիների ու բույսերի կյանքի ու առողջության պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների սպառողների շահերի պաշտպանության համար ձեռնարկվող միջոցների իրականացմանը.

10) հսկողություն են իրականացնում Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման հետ կապված արժութային գործարքների նկատմամբ` Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը և դրանց համապատասխան` արժութային կարգավորման հարցերով մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.

11) մաքսային կարգավորման միջոցների օգնությամբ պաշտպանում են հայրենական ապրանք արտադրողների շահերը, ապահովում են մաքսային մարմինների ռեսուրսների օպտիմալ օգտագործումը.

12) ապահովում են Միության մաքսային սահմանով Միության անդամ պետությունների արժույթի, արժեթղթերի և (կամ) արժութային արժեքների, ճանապարհային չեկերի տեղափոխման նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ հակազդեցության միջոցներ` Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան.

13) պարզաբանում են մաքսային իրավահարաբերությունների բնագավառում անձանց իրավունքներն ու պարտականությունները, օժանդակում են արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին ապրանքների և միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված մաքսային ձևակերպումների իրականացման գործում.

14) ապահովում են Հայաստանի Հանրապետության` մաքսային գործին առնչվող միջազգային պարտավորությունների կատարումը, համագործակցում են օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների, մաքսային գործի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ.

15) պետական մարմիններին, կազմակերպություններին և անձանց տեղեկություններ են տրամադրում մաքսային գործին առնչվող հարցերի վերաբերյալ.

16) իրականացնում են հետբացթողումային և կրկնակի մաքսային հսկողություն.

17) ապահովում են մաքսային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, օտարերկրյա պետությունների մաքսային ու այլ իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների ու քննարկումների կազմակերպումը, համատեղ համաձայնագրերի, պայմանագրերի, հուշագրերի և այլ նախագծերի պատրաստումը, միջազգային պայմանագրերի շրջանակներում մաքսային վարչարարությունը.

18) իրենց իրավասության սահմաններում համապատասխան միջոցառումներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման նպատակով.

19) օրենքով սահմանված կարգով իրականացնում են մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորումը և լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների ու դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

20) իրականացնում են մաքսային վարչարարության և մաքսային ընթացակարգերի մեթոդական ղեկավարումը.

21) ձեռնարկում են միջոցներ մաքսային մարմիններին վերապահված` Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դրույթների` անձանց կողմից պահպանումը ապահովելու նպատակով.

22) Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում պահանջում են փաստաթղթեր, տեղեկություններ.

23) ստուգում են մաքսային ձևակերպումներին մասնակցող անձանց անձը հաստատող փաստաթղթերը.

24) անձանցից պահանջում են մաքսային գործի բնագավառում օրենքով սահմանված գործողությունների իրականացման լիազորությունները հաստատող փաստաթղթեր.

25) իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ժամանակավոր պահպանության, բեռնման կամ այլ գործողությունների տեսագրում և ձայնագրում, կինոնկարահանում և լուսանկարահանում.

26) պետական մարմիններից, կազմակերպություններից և անձանցից ստանում են իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ` Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

27) օրենքով սահմանված դեպքերում և կարգով համապատասխան պետական մարմիններ ներկայացնում են հայտեր`

ա. մաքսատուրքի, հարկերի, մաքսավճարների, տոկոսների և տույժերի բռնագանձման վերաբերյալ,

բ. մաքսատուրքի, հարկերի, մաքսավճարների, տոկոսների և տույժերի վճարման նպատակով գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ,

գ. ապրանքները տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ,

դ. Միության մաքսային օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և այլ օրենսդրական ակտերով նախատեսված այլ դեպքերում.

28) կանգնեցնում են մաքսային հսկողության ենթակա տրանսպորտային միջոցը և իրականացնում ապրանքների և տրանսպորտային միջոցի զննում, եթե կասկածներ են առկա, որ այդ տրանսպորտային միջոցով կարող են իրականացվել ապրանքների ապօրինի փոխադրումներ.

29) իրենց իրավասության սահմաններում հսկողություն են իրականացնում անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, մաքսատուրքի, պետական տուրքի, այլ պարտադիր վճարների հաշվարկման, գանձման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «կառավարչական հիմնարկները» բառերը փոխարինել «մարմինները» բառով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-264-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան