Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-249-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2018-10.04.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.29/24(1382) Հոդ.442
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-10-րդ մասերով.

«4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) իրականացնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Կարգավորող մարմիններ) հետ համագործակցության սկզբունքի հիման վրա:

5. Կարգավորող մարմինները գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց առաջ դրանք ներկայացնում են Հանձնաժողով՝ կարծիքի:

6. Սույն հոդվածով նախատեսված ոլորտներում տնտեսական մրցակցության վերաբերյալ խնդիրների մասին Հանձնաժողովը տեղեկացնում է Կարգավորող մարմիններին:

7. Հանձնաժողովը, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի, ձեռնպահ է մնում տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված որևէ միջամտությունից, եթե Կարգավորող մարմինները Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում են, որ այդ հարցը, օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով, վերապահվում է Կարգավորող մարմիններին, և Կարգավորող մարմինները իրականացնում են օրենքով սահմանված գործառույթներ:

Հանձնաժողովը սույն հոդվածով սահմանված կարգով կարող է արտահայտել դիրքորոշում, իսկ վերջնական որոշումն ընդունում են Կարգավորող մարմինները:

8. Կարգավորող մարմինները ձեռնարկվող միջոցառումների ընթացքում Հանձնաժողովին օրենքով սահմանված շրջանակներում հնարավորություն են ընձեռում ներկայացնելու իր դիրքորոշումը: Կարգավորող մարմինները պարտադիր անդրադառնում են Հանձնաժողովի կողմից բարձրացված բոլոր հարցերին և արտահայտած դիրքորոշումներին՝ նշելով դրանք ընդունելու կամ չընդունելու հիմնավորումները:

Կարգավորող մարմիններն իրենց վերջնական դիրքորոշման կամ որոշման մեջ հիշատակում են Հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև այն չընդունելու դեպքում՝ դրա հիմնավորումները:

Սույն մասով սահմանված կարգով Հանձնաժողովի կողմից դիրքորոշում չներկայացվելու դեպքում Կարգավորող մարմինների որոշումները կամ դիրքորոշումները ընդունվում են առանց Հանձնաժողովի կարծիքի:

9. Սույն հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերով սահմանված ընթացակարգը չի կիրառվում այն բացառիկ դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նպատակ ունի կանխել ֆինանսական կայունությանն ու գների կայունությանն սպառնացող հնարավոր վտանգը կամ արձագանքել դրան, ֆինանսական կազմակերպությունը ճանաչում է անվճարունակ կամ սնանկության դիմում է ներկայացնում դատարան, իրականացնում է ֆինանսական կազմակերպության կամ դրա մասնակցի բաժնեմասի կամ բաժնետոմսի հարկադիր օտարում, իրականացնում է ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում, հարկադիր վաճառք կամ լուծարում:

Կարգավորող մարմինները սույն մասով նախատեսված որոշումներն ընդունելուց հետո այդ մասին տեղեկացնում են Հանձնաժողովին, եթե դրանք չեն պարունակում բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ:

10. Եթե Հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տեղեկացումը հիմնավոր չէ, ապա կարող է դիմել վարչապետին՝ հարցը Կառավարության հերթական նիստի օրակարգ ընդգրկելու միջնորդությամբ: Սույն մասով նախատեսված դեպքում Կառավարությունը անհատական իրավական ակտի ընդունմամբ որոշում է տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացված հարցով տնտեսական մրցակցության գործառույթներ իրականացնող իրավասու մարմնին:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ապրանքային շուկա» հասկացության «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով, նույն հասկացությունը «հնարավորություններով» բառից առաջ լրացնել «կամ այլ» բառերով, իսկ «նպատակահարմարությամբ» բառից հետո` «և դրա սահմաններից դուրս այդպիսի հնարավորությունների և նպատակահարմարության բացակայությամբ» բառերով.

2) «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունից հանել «, առևտրային ցանց» բառերը.

3) «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձ` տնտեսվարող սուբյեկտի միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամ կամ կազմակերպչական, կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար անձ.».

4) «առևտրային օբյեկտ» հասկացությունից հանել «վերջնական» բառը.

5) «առևտրային ցանց» հասկացության «առևտրային նշանի» բառերը փոխարինել «ապրանքային նշանի» բառերով.

6) «գնի չհիմնավորված պահպանում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«խտրական պայմաններ` ապրանքային շուկա մուտք գործելու, արտադրության, փոխանակման, սպառման, իրացման կամ ապրանքի այլ կերպ փոխանցման պայմաններ, որոնք տնտեսվարող սուբյեկտի կամ սպառողի համար ստեղծում են անհավասար մրցակցային պայմաններ կամ անհավասար դրություն այլ տնտեսվարող սուբյեկտի կամ սպառողի համեմատությամբ.

մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման հատկանիշներ` անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների քանակի կրճատում, ապրանքի գնի բարձրացում կամ իջեցում, որոնք կապված չեն ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների համապատասխան փոփոխությունների հետ, անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքային շուկայում ինքնուրույն գործողություններից հրաժարում, ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների սահմանում տնտեսվարող սուբյեկտների միջև հակամրցակցային համաձայնությունների արդյունքով, կամ այլ անձի կողմից տրված` նրանց համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներին համապատասխան, կամ անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցման արդյունքով, այլ հանգամանքներ, որոնք տնտեսվարող սուբյեկտի համար հնարավորություն են ստեղծում միակողմանիորեն ազդել ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաև պետական մարմինների և (կամ) դրանց պաշտոնատար անձանց կողմից ապրանքների կամ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջների սահմանումը.

տնտեսական գործունեության համակարգում՝ տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցում այն ֆիզիկական անձի, տնտեսվարող սուբյեկտի կամ պետական մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի կողմից, որը այդ տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկի հետ չի ընդգրկվում անձանց խմբում և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում, որում իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցումը.

ուղղակի վերահսկողություն՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորություն, որը դրսևորվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի գործառույթների իրականացման, իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները սահմանելու իրավունքի ձեռքբերման և (կամ) իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը կազմող բաժնետոմսերով (բաժնեմասերով) տրվող ձայների ընդհանուր թվի 50 տոկոսից ավելի ձայների տնօրինման միջոցով.

անուղղակի վերահսկողություն՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորությունն այնպիսի իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջոցով, որն ունի ուղղակի վերահսկողություն տվյալ իրավաբանական անձի նկատմամբ.».

7) «անձանց խումբ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

8) «վարչական (իրավական ակտի) կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում» հասկացության չորրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթն ստորագրելուց, կամ հասցեատիրոջ բացակայության պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված Հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am հասցեում և (կամ) իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություն հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը.»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին հոդվածով.

 

«Հոդված 4.1. Անձանց խումբը

 

1. Սույն օրենքի իմաստով անձանց խումբն իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ է, որոնց միջև փաստացի առկա է փոխկապվածություն կամ վերահսկողություն և որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը.

1) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին.

2) կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպություններում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին.

3) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

4) կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

5) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմինը և (կամ) կոլեգիալ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին և (կամ) ընտրվել է այդ կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին.

6) կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել են այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինները և (կամ) կոլեգիալ գործադիր մարմինների կազմերի կեսից ավելին և (կամ) ընտրվել է այդ կազմակերպությունների կառավարման մարմինների կազմերի կեսից ավելին.

7) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն առնվազն մեկ տարի իրականացնում է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի իրավասությունները.

8) կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն առնվազն մեկ տարի իրականացնում է կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների իրավասությունները.

9) կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միևնույն ֆիզիկական անձինք են.

10) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնց կողմից շահագործվող առևտրային օբյեկտները ընդհանուր կառավարման ներքո են կամ գործում են միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.

11) ֆիզիկական անձը, նրա ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը.

12) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնցից յուրաքանչյուրը սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով անձանց խումբ է կազմում միևնույն անձի հետ, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով տվյալ անձանցից որևէ մեկի հետ անձանց խումբ են կազմում.

13) կազմակերպությունը, ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձը, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով կազմում են անձանց խումբ, եթե այդ անձինք կազմակերպությունում իրենց մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) այդ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 2-րդ կետը «ձեռք բերող» բառերից հետո լրացնել «կամ հնարավոր իրացնող կամ ձեռք բերող» բառերով.

2) 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի`

ա. «վերաբերում են» բառը փոխարինել «կարող են մասնավորապես վերաբերել» բառերով,

բ. 6-րդ կետը «կրճատմանը» բառից հետո լրացնել «կամ դադարեցմանը» բառերով,

գ. 7-րդ կետը «(խեղաթյուրմանը)» բառից հետո լրացնել «կամ ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը» բառերով,

դ. 10-րդ կետը «որոնք» բառից հետո լրացնել «տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված չեն և անշահավետ են նրա համար կամ» բառերով,

ե. 11-րդ կետը «պայմանների» բառից հետո լրացնել «կամ վարքագծի» բառերով.

4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.

«10.1) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.».

5) 4-րդ մասից հանել «կամ խառը» բառերը, իսկ «վերաբերում են» բառը փոխարինել «կարող են մասնավորապես վերաբերել» բառերով.

6) 4-րդ մասի 5-րդ կետը «(որոնք)» բառից հետո լրացնել «տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված չէ (չեն) և անշահավետ է (են) նրա համար կամ» բառերով.

7) 4-րդ մասի 6-րդ կետը «պայմանների» բառից հետո լրացնել «կամ վարքագծի» բառերով.

8) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.».

9) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հակամրցակցային համաձայնություն չեն համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց համաձայնությունները, եթե այդ համաձայնության մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը համապատասխան ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը.

2) անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված համաձայնությունները, եթե այդ տնտեսվարող սուբյեկտներից մեկն ուղղակի կամ անուղղակի վերահսկողություն է սահմանել տնտեսվարող մյուս սուբյեկտի նկատմամբ, ինչպես նաև եթե այդ տնտեսվարող սուբյեկտները գտնվում են մեկ անձի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ, բացառությամբ այնպիսի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված համաձայնությունների, որոնք իրականացնում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնց միաժամանակ իրականացումն անձանց խմբում ընդգրկված մի քանի տնտեսվարող սուբյեկտի կողմից չի թույլատրվում օրենքով։»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

 

«Հոդված 5.1. Հակամրցակցային համաձայնությունների թույլատրման հիմքերը և կարգը

 

1. Որպես հակամրցակցային համաձայնություն որակման ենթակա ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունները Հանձնաժողովի որոշմամբ թույլատրվում են, եթե դրանցով տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ չեն սահմանվում այնպիսի սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ չեն այդ համաձայնությունների նպատակներն իրականացնելու համար և չեն ստեղծում համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակման, կանխման և (կամ) արգելման հնարավորություն, և եթե տնտեսվարող սուբյեկտներն ապացուցում են, որ նման համաձայնությունները նպաստում են կամ կարող են նպաստել՝

1) ապրանքների արտադրության (իրացման) կատարելագործմանը կամ տեխնիկական (տնտեսական) առաջընթացը խթանելուն կամ համաշխարհային ապրանքային շուկայում անդամ պետություններում արտադրված ապրանքների մրցունակության բարձրացմանը.

2) համապատասխան անձանց կողմից նման գործողությունների իրականացման արդյունքով ձեռք բերվող առավելությունների (օգուտների) համապատասխան մասի ստացմանն սպառողների կողմից։

2. Հանձնաժողովն իրավասու է տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունները որոշմամբ թույլատրելու հետ մեկտեղ սահմանելու պարտադիր կատարման ենթակա հանձնարարություններ և (կամ) պայմաններ:

3. Հանձնաժողովն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունը թույլատրելու վերաբերյալ որոշումը, եթե Հանձնաժողովի կողմից հետագայում ձեռք բերված ապացույցներով հաստատվի, որ այդ որոշումն ընդունվել է ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա, կամ եթե տնտեսվարող սուբյեկտը չի կատարել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հանձնարարությունները կամ չի պահպանել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները:»:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 5.2. Տնտեսական գործունեության համակարգում

 

Արգելվում է տնտեսական գործունեության այնպիսի համակարգումը, որը հանգեցնում է և (կամ) կարող է հանգեցնել`

1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների կիրառմանը կամ պահպանմանը.

2) աճուրդների, սակարկությունների, գնումների կամ մրցույթների ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների իրացման կամ ձեռքբերման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների կազմի.

4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը.

5) կոնկրետ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն.

6) ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը.

7) գնորդի` այն տնտեսվարող սուբյեկտի ապրանքը չվաճառելու պարտավորությանը, որը վաճառողի մրցակիցն է։ Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից՝ ապրանքային նշան կամ վաճառողի կամ արտադրողի անհատականացման այլ միջոց կրող ապրանքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ համաձայնության վրա.

8) այլ եղանակներով մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:»:

 

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Տնտեսվարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո գտնվում են չորս կամ ավելի առևտրային օբյեկտներ (առևտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը, կամ

2) տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առևտրային օբյեկտներ (առևտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:».

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» կետով.

«ա.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը կամ կիրառումը, որի հետևանքով ստեղծվում են կամ կարող են ստեղծվել անհավասար մրցակցային պայմաններ.».

2) «գ» կետը «կրճատումը» բառից հետո լրացնել «կամ դադարեցումը» բառերով, իսկ «փչացնելու,» բառը փոխարինել «փչացնելու կամ» բառերով.

3) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանումը կամ կիրառումն այլ հավասար պայմաններում.».

4) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ՝ առևտրի օբյեկտներին, իրենց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես և (կամ) տեխնոլոգիապես չհիմնավորված պայմաններ պարտադրելը.».

5) «զ» կետը «վերակազմակերպման» բառից հետո լրացնել «, լուծարման» բառով.

6) «թ» կետը «սահմանափակմանը» բառից հետո լրացնել «, կանխմանը կամ արգելմանը» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա-ժգ» կետերով.

«ժա) չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գների սահմանումը և (կամ) կիրառումը.

ժբ) ապրանք ձեռք բերողի կամ ձեռք բերել ցանկացողի հետ պայմանագիր կնքելուց տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված պատճառներով հրաժարվելը կամ խուսափելը համապատասխան ապրանքի արտադրության և (կամ) իրացման հնարավորության առկայության դեպքում.

ժգ) այլ պայմանների կամ վարքագծի սահմանումը կամ կիրառումը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 7.1. Չհիմնավորված բարձր գինը

 

1. Չհիմնավորված բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի սահմանած՝ ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը բարձր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից, և այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում այնպիսի ապրանքային շուկայում, որը համադրելի է` ըստ ապրանք ձեռք բերողների կամ իրացնողների կազմի, ապրանքաշրջանառության պայմանների, ապրանքային շուկայի հասանելիության պայմանների, պետական կարգավորման, այդ թվում՝ հարկման ու մաքսասակագնային կարգավորման (այսուհետ՝ համադրելի ապրանքային շուկա)` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Չհիմնավորված բարձր գին չի համարվում ապրանքի այն գինը, որը`

1) սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում.

2) սահմանվել է նորարարական գործունեության արդյունքով, այսինքն՝ այնպիսի գործունեության, որը հանգեցնում է նոր, փոխադարձ անփոխարինելի ապրանքի ստեղծմանը կամ նոր փոխադարձ փոխարինելի ապրանքի ստեղծմանը` դրա արտադրության ծախսերի կրճատման կամ որակի բարելավման դեպքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չհիմնավորված բարձր գնի որոշման ընթացքում Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ ապրանքի համաշխարհային շուկաներում սահմանված բորսայական և ոչ բորսայական գնի ցուցանիշները` ելնելով յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից:

 

Հոդված 7.2. Չհիմնավորված ցածր գինը

 

1. Չհիմնավորված ցածր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի սահմանած՝ ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը ցածր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից, և այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում համադրելի ապրանքային շուկայում` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Ապրանքի գինը չի համարվում չհիմնավորված ցածր, եթե՝

1) այն սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում.

2) այդ գնի սահմանումը չի հանգեցրել կամ չէր կարող հանգեցնել մրցակցության սահմանափակման` կապված ապրանքային շուկայում ապրանք իրացնողների և ձեռք բերողների հետ անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների քանակի կրճատման հետ:»:

 

Հոդված 10. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. 1-ին և 2-րդ կետերը «տնտեսվարող» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով,

բ. 3-րդ և 4-րդ կետերը «կողմից» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով,

գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի այլ տնտեսվարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:».

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում իրավահարաբերության մասնակից տնտեսվարող սուբյեկտները:».

3) 7-րդ մասի`

ա. 1-ին կետից հանել «գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջև» բառերը,

բ. 2-րդ կետից հանել «գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև» բառերը,

գ. 3-րդ կետից հանել «գործող տնտեսվարող սուբյեկտների միջև» բառերը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Համակենտրոնացում չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև:»:

 

Հոդված 11. Օրենքի 9-րդ հոդվածում 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում տնտեսվարող սուբյեկտի կողմից կարող է ներկայացվել նաև այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն:»

 

Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10. Համակենտրոնացման պետական կարգավորումը

 

1. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:

2. Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գնահատելիս հաշվի է առնում տնտեսական մրցակցությունը խոչընդոտելու, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնելու կամ գերիշխող դիրքն ամրապնդելու կամ մրցակցային պայմանների վատթարացման հանգամանքները:

3. Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլ է տալիս նաև այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտն ապացուցում է, որ տվյալ համակենտրոնացման արդյունքով ապրանքային շուկայում կապահովվեն մրցակցային պայմաններ:

4. Արգելվում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գործողության մեջ դնելը՝

1) մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը (չհայտարարագրված համակենտրոնացում).

2) Հանձնաժողովի կողմից համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում (արգելված համակենտրոնացում):

5. Հանձնաժողովի որոշմամբ արգելված գործողության մեջ դրված համակենտրոնացումը Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 13. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ձեռնարկատիրական գործունեության» բառերը փոխարինել «տնտեսվարող սուբյեկտի» բառերով, «օրենքին» բառից հետո լրացնել «, այլ օրենքներին, իրավական ակտերին» բառերով, իսկ «ճշմարտության,» բառը փոխարինել «ճշմարտության և (կամ)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Անբարեխիղճ մրցակցության գործողություններ են սույն օրենքի 12-15-րդ, 15.1-ին և 16-րդ հոդվածներում թվարկված դեպքերը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություններ:»:

 

Հոդված 14. Օրենքի 12-րդ հոդվածում 1-ին մասի «Ձեռնարկատիրական գործունեության» բառերը փոխարինել «Տնտեսվարող սուբյեկտի» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից, 14-րդ հոդվածի 1-ին մասից, 15-րդ հոդվածի 1-ին մասից, 16-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերից հանել «Ձեռնարկատիրական գործունեության» բառերը:

 

Հոդված 16. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «արտադրության» բառից հետո լրացնել «տարեթվի, ամսվա, օրվա» բառերով, «պայմանների վերաբերյալ» բառերից հետո՝ «հայերեն» բառով, «կազմել» բառից հետո՝ «իրացվող կամ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հասարակության մոլորեցման առկայության հարցը որոշում է Հանձնաժողովը:»:

 

Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

 

«Հոդված 15.1. Անտեղի համեմատությունների կատարումը

 

Տնտեսվարող սուբյեկտի կողմից անտեղի` ոչ կոռեկտ, անպատշաճ համեմատություն կատարելն իր կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների և այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների միջև համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:»:

 

Հոդված 18. Օրենքի 16.3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) այլ պետական մարմինների կամ տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հետ հակամրցակցային համաձայնությունները, այդ թվում` գործարքները, համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:»:

 

Հոդված 19. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը

 

1. Տնտեսական մրցակցության պաշտպանությունն իրականացնում է Հանձնաժողովը:

2. Հանձնաժողովն ինքնավար մարմին է:

3. Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը: Հանձնաժողովի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

4. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ գույքը:

5. Հանձնաժողովը ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:»:

 

Հոդված 20. Օրենքի 18-րդ հոդվածում 2-րդ մասից հանել «, հրատարակում է տեղեկագիր» բառերը:

 

Հոդված 21. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ա» կետի երրորդ պարբերության «հարուցելու» բառը փոխարինել «հարուցելու,» բառով.

2) «ա» կետի տասնմեկերորդ պարբերության «պետական» բառը փոխարինել «Հանձնաժողովի, պետական այլ» բառերով.

3) «է» կետը «գերիշխող դիրքի» բառերից հետո լրացնել «չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման,» բառերով:

 

Հոդված 22. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

 

«Հոդված 19.1. Որոշումները նոր ի հայտ եկած հանգամանքներով վերանայելը, ինչպես նաև որոշումների պարզաբանումը, գրասխալների, թվաբանական սխալների և վրիպակների ուղղումը

 

1. Հանձնաժողովի որոշումները կարող են վերանայվել նոր ի հայտ եկած հանգամանքներով՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ որոշման ընդունմանը նախորդած վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա:

2. Նոր ի հայտ եկած հանգամանքները հիմք են որոշման վերանայման համար, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել Հանձնաժողովին կամ վարույթի մասնակիցներին, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել վարույթի մասնակիցներին, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել Հանձնաժողով, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

3. Նոր ի հայտ եկած հանգամանքներով Հանձնաժողովի որոշման վերանայման համար դիմում կարող է ներկայացվել երեք ամսվա ընթացքում, սկսած այն պահից, երբ դիմում ներկայացնող անձն իմացել է կամ կարող էր իմանալ այդ հանգամանքների ի հայտ գալու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը Հանձնաժողովը կարող է վերականգնել դիմում ներկայացնող անձի միջնորդության հիման վրա, եթե այդ միջնորդությունը ներկայացվել է վեց ամսվա ընթացքում, սկսած այն պահից, երբ դիմումատուն իմացել կամ կարող էր իմանալ նոր հանգամանքների ի հայտ գալու մասին, և այդ միջնորդության մեջ նշված հանգամանքները Հանձնաժողովը ճանաչել է հարգելի:

5. Նոր ի հայտ եկած հանգամանքներով որոշման վերանայման համար ներկայացված դիմումը, բացի ընդհանուր վավերապայմաններից, պարունակում է նաև`

1) վերանայվող որոշման համարը, կայացման տարին, ամիսը և ամսաթիվը.

2) դիմումատուի պահանջը` նոր ի հայտ եկած հանգամանքների մատնանշմամբ.

3) նոր ի հայտ եկած հանգամանքների` գործի համար էական նշանակություն ունենալու վերաբերյալ հիմնավորումները:

Դիմումին կցվում են դիմումատուի տրամադրության տակ առկա բոլոր այն ապացույցները, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հարցի լուծման համար:

Նոր ի հայտ եկած հանգամանքների` գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հարցը լուծում է Հանձնաժողովը:

6. Հանձնաժողովը վերադարձնում է դիմումը, եթե չեն պահպանվել դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, կամ բաց է թողնվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, կամ այդ միջնորդությունը Հանձնաժողովը մերժել է:

7. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթին մասնակցող անձանց դիմումի հիման վրա իրավունք ունի պարզաբանել իր որոշումները, ուղղել դրանցում առկա գրասխալները, թվաբանական սխալներն ու վրիպակները առանց փոխելու որոշման բովանդակությունը:»:

 

Հոդված 23. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Հանձնաժողովի կազմավորման կարգը և անդամներին ներկայացվող պահանջները
1. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ և վեց անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ:

2. Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին վարչապետի առաջարկությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը, դիմում է վարչապետին` ներկայացնելով տվյալ պաշտոնի թեկնածուի համար անհրաժեշտ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ պաշտոնավարման ամբողջ` հինգ տարի ժամկետով նշանակվել սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված Հանձնաժողովի անդամ:

3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող (որից առնվազն երեք տարին` ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում) և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:

4. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:

5. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեության: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն:

6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Հանձնաժողովի անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով նշանակվում է Հանձնաժողովի նոր անդամ` պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

7. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հանձնաժողովի անդամներից մեկը, ապա նա պաշտոնավարում է մինչև իր՝ որպես Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

8. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը`

1) չի համապատասխանում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործության համար.

4) օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

5) ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:»:

 

Հոդված 24. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21. Հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարումը և դադարեցումը

 

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող հինգերորդ տարվա նույն օրը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) լրացել է նրա պաշտոնավարման առավելագույն տարիքը.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

3) նա, նախապես տեղեկացնելով վարչապետին, իր հրաժարականի մասին գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին.

4) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

5) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

6) նա մահացել է.

7) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե՝

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.

2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.

4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

5) նա չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները.

6) պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ նա նշանակման պահին չի համապատասխանել Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին:

4. Սույն հոդվածով նախատեսված հիմքերի վերաբերյալ Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը, գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:»:

 

Հոդված 25. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22. Հանձնաժողովի աշխատակազմը

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովը:

2. Աշխատակազմի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը և աշխատակազմի գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են Հանձնաժողովի որոշումներով: Աշխատակազմի աշխատակիցների թիվը համաձայնեցվում է վարչապետի հետ:

3. Հանձնաժողովի աշխատակազմի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:

 

Հոդված 26. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից մեկը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու կամ Հանձնաժողովի նախագահի հանձնարարության անհնարինության դեպքում` Հանձնաժողովի այն անդամը, որն ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում:»:

 

Հոդված 27. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 27. Տարեկան ծրագիրը և հաշվետվությունը

 

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի, ինչպես նաև սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի սահմանած անհրաժեշտ այլ դրույթների մասին:

2. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը համառոտ տեղեկատվություն է պարունակում Հանձնաժողովի գործունեության, ապրանքային շուկաների վերլուծության, տնտեսական մրցակցության պաշտպանության և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումների, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների իրականացման ընթացքի, իր գործունեության ֆինանսական հաշվետվության և այլ միջոցառումների վերաբերյալ:

3. Հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը և նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:»:

 

Հոդված 28. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել «և դեպքերում» բառերով, իսկ նույն մասի «15-ը» բառը փոխարինել «30-ը» բառով:

 

Հոդված 29. Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասում «սկսելուց առաջ» բառերը փոխարինել «իրականացնելուց հետո» բառերով, «կազմվում է» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի սահմանած ձևով» բառերով, իսկ «ներկայացուցիչները:» բառից հետո լրացնել «Դիտանցման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում դիտանցման արձանագրության մեջ:» նախադասությունով:

 

Հոդված 30. Օրենքի 30-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «հինգը» բառը փոխարինել «չորսը» բառով.

2) 9-րդ մասի «Հանձնաժողովի որոշումը» բառերը բոլոր տեղերում փոխարինել «Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը» բառերով, իսկ «Հանձնաժողովի որոշումն» բառերը՝ «Հանձնաժողովի ընդունած վարչական ակտն» բառերով.

3) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում սույն օրենքի խախտման փաստ չհայտնաբերվելու կամ վարչական ակտի ընդունումն անհնար դարձնող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ վարույթը կարճվում է:»:

 

Հոդված 31. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը,» բառերով, իսկ «(կամ)» բառից հետո՝ «տնտեսվարող սուբյեկտի» բառերով:

 

Հոդված 32. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև 10 տոկոսը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Տնտեսական գործունեության արգելված համակարգման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև 10 տոկոսը:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև 10 տոկոսը:».

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև 10 տոկոսը:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:».

6) 5-րդ մասի «մեկ» բառը բոլոր տեղերում փոխարինել «հինգ» բառով.

7) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Արգելված պետական օժանդակություն ստանալու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:».

8) 8-րդ մասի «երկու» բառը փոխարինել «հինգ« բառով:

 

Հոդված 33. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին և 36.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 36.1. Պատասխանատվության միջոցի կիրառումից ազատումը

 

1. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսվարող սուբյեկտը, մինչև տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցման մասին որոշման կայացումը կամ ստուգում կատարելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանի ընդունումը իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողով և կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար) և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու և (կամ) ստուգում կատարելու համար:

2. Տնտեսվարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է իր տնօրինության տակ եղող կամ իրեն հայտնի հետևյալ ապացույցները`

1) հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսվարող սուբյեկտների անվանումները և այլ տեղեկություններ.

2) հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսևորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տևողությունը, վայրը, այլ տվյալներ.

3) բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում.

4) հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ եղած այլ ապացույցներ:

3. Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետևյալ պայմանները կամ դրանցից որևէ մեկը`

1) տնտեսվարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար.

2) տեղեկատվություն ներկայացնելու պահից սկսած մինչև վարչական վարույթի ավարտը տնտեսվարող սուբյեկտը չի համագործակցում Հանձնաժողովի հետ` առանց վերապահումների և շարունակական հիմունքով: Այդ համագործակցությունը ենթադրում է, որ`

ա. տնտեսվարող սուբյեկտը ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը և ապացույցները, որոնք հայտնվում են իր տնօրինության տակ կամ հայտնի են դառնում իրեն, անհապաղ ներկայացնում է Հանձնաժողով,

բ. սահմանված ժամկետում պատասխանում է Հանձնաժողովի բոլոր հարցումներին, որոնք կարող են նպաստել ենթադրյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող փաստերի արձանագրմանը,

գ. ապահովում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտների գործող կամ հնարավորության դեպքում նախկին տնօրենների և աշխատակիցների բացատրություններ ներկայացնելու հնարավորությունը,

դ. չի ոչնչացնում, կեղծում և թաքցնում հակամրցակցային համաձայնությանը վերաբերող տեղեկություններն ու ապացույցները և

ե. չի բացահայտում ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ հայտարարության, դիմումի, տեղեկատվության կամ ապացույցների ներկայացման փաստը և բովանդակությունը մինչև Հանձնաժողովի կողմից ընդունված հակամրցակցային համաձայնության հնարավոր փաստի վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին որոշման ուժի մեջ մտնելը կամ Հանձնաժողովի համաձայնությամբ այլ դեպքերում:

4. Հակամրցակցային համաձայնության մասնակից միաժամանակ երկու և (կամ) ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված դիմումը Հանձնաժողովը թողնում է առանց քննության:

5. Պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննության կարգը սահմանում է Հանձնաժողովը:

 

Հոդված 36.2. Տուգանքի չափի նվազեցումը

 

1. Հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը բացահայտող տնտեսվարող սուբյեկտը, երբ չի բավարարվում սույն օրենքի 36.1-ին հոդվածի պայմանները, կարող է դիմում ներկայացնել տուգանքի չափի նվազեցման մասին:

2. Տուգանքի չափի նվազեցման համար տնտեսվարող սուբյեկտը պետք է ապացույց ներկայացնի Հանձնաժողով սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հնարավոր փաստի վերաբերյալ, որը էական նշանակություն կունենա իրավախախտումն ապացուցելու համար:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով հակամրցակցային համաձայնության մասին առաջինը հայտնած և այդ համաձայնության բացահայտման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչև 50 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երկրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչև 70 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչև 85 տոկոսը:

4. Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

5. Եթե տուգանքի չափի նվազեցման մասին դիմում ներկայացնելու պահին տնտեսվարող սուբյեկտը մեկ այլ հակամրցակցային համաձայնության մասնակից է և հայտնում է նաև այդ հակամրցակցային համաձայնության մասին, ապա այդ տնտեսվարող սուբյեկտը կարող է դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ տուգանքի վճարումից ամբողջովին ազատում ստանալու համար` սույն օրենքի 36.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 34. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 19-րդ, 23-26-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքի ուժով, որպես ինքնավար մարմին, Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, Ազգային ժողովը վարչապետի առաջարկությամբ սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է Հանձնաժողովի նախագահ և վեց անդամներին պաշտոնավարման հետևյալ ժամկետներով.

1) Հանձնաժողովի նախագահը՝ 5 տարի.

2) Հանձնաժողովի մեկ անդամը` 4 տարի.

3) Հանձնաժողովի երեք անդամը՝ 3 տարի.

4) Հանձնաժողովի մեկ անդամը՝ 2 տարի.

5) Հանձնաժողովի մեկ անդամը՝ 1 տարի:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այն անդամները, որոնք նշանակվել են մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ օրենքով սահմանված ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշանակումները կատարելը, մասնավորապես՝

1) Հանձնաժողովի գործող նախագահը՝ մինչև Հանձնաժողովի նոր նախագահի նշանակումը.

2) Հանձնաժողովի յուրաքանչյուր նոր անդամի նշանակմամբ դադարում են Հանձնաժողովի գործող վեց անդամից այն անդամի լիազորությունները, որը մյուս անդամներից ավելի շուտ է նշանակվել: Հանձնաժողովի գործող անդամի լիազորությունները դադարում են նաև այն դեպքում, եթե նա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նշանակվել է Հանձնաժողովի նախագահ կամ Հանձնաժողովի անդամ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 29

Երևան

ՀՕ-249-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.09.2019, ՀՕ-177-Ն 19.10.2019, ՀՕ-249-Ն
09.04.2019, ՀՕ-12-Ն 10.04.2019, ՀՕ-249-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան