Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-42
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.04.2018-01.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/7-8(1107-1108) հոդ.82, ապրիլ 1996
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
04 մարտի 1996 թ.

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները:

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Հիմնական հասկացություններ

 

1. Բժշկական օգնություն և սպասարկում՝ բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում:

2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ անկախ կազմակերպական-իրավական տեսակից, իրավական վիճակից և սեփականության ձևից, կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ:

3. Առողջապահական պետական նպատակային ծրագրեր` ամենամյա ծրագրեր, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և որոնց ֆինանսավորումն արտահայտված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում:

Առողջապահության պետական նպատակային ամենամյա ծրագիրը պետական բյուջեի նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով: Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են առողջապահության պետական նպատակային ծրագրերին համապատասխան:

4. Արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում` քաղաքացիների կողմից առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված բժշկական ծառայությունների, դեղերի և (կամ) բժշկական պարագաների դիմաց մասնակի փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Առողջապահության բնագավառ` ոլորտ, որտեղ իրականացվում է մարդու և հանրության առողջության պահպանմանը, ապահովմանն ու բարելավմանն ուղղված գործունեություն:

 6. Բուժաշխատող` առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաև մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում և նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունեցող, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ:

7. Պացիենտ` բժշկական օգնության և սպասարկման սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձ:

8. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն` բուժաշխատողի կողմից իր կրթությանը, որակավորմանը և մասնագիտական բնութագրին համապատասխան, իր իրավասության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին, չափորոշիչներին, կլինիկական ուղեցույցներին, պացիենտի վարման գործելակարգերին և իր աշխատանքային պարտականություններին համապատասխան աշխատանքների իրականացում:

9. Կլինիկական ուղեցույց՝ բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների կամ առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների մշակած և բուժաշխատողների համար նախատեսված փաստաթուղթ, որը ներառում է որոշակի հիվանդության կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարման ժամանակակից բժշկագիտության լավագույն փորձը և բավարարում է առողջության հետ կապված կոնկրետ խնդիր ունեցող պացիենտների կարիքները, որի նպատակն է աջակցել բուժաշխատողների կողմից կլինիկական կոնկրետ դեպքի համար որոշումներ կայացվելուն:

10. Պացիենտի վարման գործելակարգ՝ բուժաշխատողի կողմից հիվանդության կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարմանը՝ խորհրդատվությանը, ախտորոշմանը, բուժմանը ներկայացվող պարտադիր պահանջներ:

11. Գործունեության ընթացակարգ՝ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործընթացը նկարագրող փաստաթուղթ:

12. Մասնագիտական բնութագիր՝ առողջապահության բնագավառի բժշկական և ոչ բժշկական, ինչպես նաև նեղ մասնագիտություններից յուրաքանչյուրի ընդհանուր նկարագիրը, մասնագետի տեսական և գործնական գիտելիքների, աշխատանքային հմտությունների և ունակությունների, ինչպես նաև մասնագիտական իրավունքների, պարտականությունների և գործառույթների ծավալը սահմանող փաստաթուղթ:

13. Բժշկական փաստաթուղթ՝ բուժաշխատողի կողմից վարվող (լրացվող) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ձևի հաշվետվական կամ հաշվառման թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ, որը ներառում է պացիենտի առողջության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, դրան համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև պացիենտի առողջության պահպանման կամ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ բժշկական և ոչ բժշկական բնույթի տվյալներ:

14. Շարունակական մասնագիտական զարգացում՝ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց:

15. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ` ՇՄԶ հավաստագիր)` բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն, որը տրվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում` շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ (այսուհետ՝ ՇՄԶ կրեդիտներ) հավաքելու և վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

16. Վերապահումով հավաստագիր՝ բուժաշխատողի ոչ ինքնուրույն, հսկողության ներքո մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն, որը տրվում է չբավարարող աշխատանքային մասնագիտական ստաժը լրացնելու կամ չբավարարող շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտները լրացնելու կամ համապատասխան հաստատությունն ավարտելուց հետո սահմանված ժամանակահատվածում մասնագիտական գործունեություն չիրականացնելու դեպքում աշխատանքային ստաժը լրացնելու պայմանով:

17. Հավաստագրում` շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման և ՇՄԶ հավաստագրի տրամադրման (մերժման) ընթացակարգ:

18. Աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործում՝ բուժաշխատողի կողմից այլ բժշկական կազմակերպությունում կամ բուժաշխատողի աշխատանքային վայր հանդիսացող բժշկական կազմակերպությունում այլ բժշկական կազմակերպություններից հրավիրված մասնագետների մասնակցությամբ նոր գործնական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու գործընթաց:

(1-ին հոդվածը խմբ. 21.03.00 ՀՕ-43, փոփ. 23.10.02 ՀՕ-435-Ն, լրաց. 25.10.10 ՀՕ-155-Ն, խմբ., լրաց. 06.10.15 ՀՕ-113-Ն)

 

 

Հոդված 2.

Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակները

 

Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակներն են`

ա) առաջնային բժշկական օգնությունը` որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը երաշխավորվում է պետության կողմից.

բ) մասնագիտացված բժշկական օգնությունը` որպես ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ:

Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը և կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 2.1. Պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկումը

 

Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ՝ դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:

Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

(2.1-ին հոդվածը լրաց. 30.04.15 ՀՕ-26-Ն, փոփ. 06.10.15 ՀՕ-113-Ն)

 

Հոդված 3.

Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ձևերը
 

Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են`

հիվանդանոցային ձևով, երբ անհրաժեշտ է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, տևական հսկողություն և հատուկ խնամք.

արտահիվանդանոցային ձևով, երբ դրա իրականացման համար չեն պահանջվում հիվանդանոցային պայմաններ:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 4.

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մարդու իրավունքը
 

Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդ ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրների հաշվին:

Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

(4-րդ հոդվածը լրաց. 25.10.10 ՀՕ-155-Ն)

 

Հոդված 5.

Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս
 

Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի`

ա) ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին.

բ) ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում.

գ) պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.

դ) իրազեկ լինել իր հիվանդության մասին և համաձայնություն տալ բժշկական միջամտության համար.

ե) հրաժարվել բժշկական միջամտությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից.

զ) արժանանալ հարգալից վերաբերմունքի` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից:

 

Հոդված 6.

Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում հասցված վնասի փոխհատուցում ստանալու մարդու իրավունքը
 

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման ընթացքում իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալ փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 7.

Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը
 

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:

Մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը նրա կամքին հակառակ չի կարող հաղորդվել նրան կամ այլ անձանց, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից:

18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին:

(7-րդ հոդվածը փոփ. 06.10.15 ՀՕ-113-Ն)

Ներմուծեք նկարագրությունը_21506 (7-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով չեն ապահովում անչափահասների և անգործունակ ճանաչված անձանց պատշաճ մասնակցությունն իրենց նկատմամբ իրականացվող բժշկական միջամտություններին՝ չսահմանելով իրազեկված համաձայնություն ստանալու պահանջ, ինչպես նաև չեն ապահովում նշված անձանց՝ իրենց վերաբերյալ բժշկական տեղեկությունների մատչելիության իրավունքը, ճանաչվել է Սահմանադրության 25-րդ հոդվածին հակասող 30.01.20 ՍԴՈ-1504 որոշմամբ:

 Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 01.06.2020 թվականը:)

 

Հոդված 8.

Համաձայնություն բժշկական միջամտության համար
 

Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:

Բուժողի կամ բուժվողի պահանջով համաձայնությունը կարող է լինել նաև գրավոր:

18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտին, ինչպես նաև այն դեպքերում, երբ պացիենտի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, բժշկական միջամտության համար համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից:

Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով պացիենտի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:

(8-րդ հոդվածը փոփ. 06.10.15 ՀՕ-113-Ն)

Ներմուծեք նկարագրությունը_21506 (8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն այնքանով, որքանով չեն ապահովում անչափահասների և անգործունակ ճանաչված անձանց պատշաճ մասնակցությունն իրենց նկատմամբ իրականացվող բժշկական միջամտություններին՝ չսահմանելով իրազեկված համաձայնություն ստանալու պահանջ, ինչպես նաև չեն ապահովում նշված անձանց՝ իրենց վերաբերյալ բժշկական տեղեկությունների մատչելիության իրավունքը, ճանաչվել է Սահմանադրության 25-րդ հոդվածին հակասող 30.01.20 ՍԴՈ-1504 որոշմամբ:

 Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 01.06.2020 թվականը:)

 

Հոդված 9.

Մարդու վերարտադրողական իրավունքը
 

Յուրաքանչյուր զույգ կամ յուրաքանչյուր ոք իրավունք ունի`

ա) որոշել իր երեխաների թիվը և նրանց ծնվելու ժամկետները.

բ) անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով օգտվել ընտանիքի պլանավորման արդյունավետ և անվնաս միջոցներից ու մեթոդներից, դրանց վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:

գ) հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Հղիության արհեստական ընդհատումը և բժշկական ամլացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Յուրաքանչյուր ոք, ներառյալ դեռահասը, իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր սեռական առողջության պահպանման հարցերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, դրանց բարդությունների և հետևանքների մասին:

(9-րդ հոդվածը լրաց. 06.11.00 ՀՕ-110)

 

Հոդված 10.

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու երեխայի իրավունքը
 

Յուրաքանչյուր երեխա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում:

(10-րդ հոդվածը լրաց. 25.10.10 ՀՕ-155-Ն)

 

Հոդված 11.

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդու իրավունքը
 

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում և բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 12.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ազատությունից զրկված, ինչպես նաև ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով արգելանքի վերցված, ձերբակալված և կալանավորված, ինչպես նաև ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք իրավունք ունեն ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(12-րդ հոդվածը խմբ. 16.01.18 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 13.

Զինծառայողների և զորակոչիկների բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը
 

Զինծառայողները և զորակոչիկներն իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 14.

Արտակարգ իրավիճակներում տուժած մարդկանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները
 

Արտակարգ իրավիճակներում տուժած մարդիկ բժշկական օգնություն և սպասարկում են ստանում անվճար` պետության կողմից երաշխավորված կարգով:

 

Հոդված 15.

Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները

 

Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

 

Հոդված 16.

Բժշկական օգնության և սպասարկման իրականացումը առանց մարդու համաձայնության
 

Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 17.

Բժշկական միջամտությունից հրաժարվելը

 

Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն, բացի սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված դեպքերից:

Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը` հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում և հավաստվում պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից:

Ներմուծեք նկարագրությունը_21507 (17-րդ հոդվածը փոփ. 06.10.15 ՀՕ-113-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 18.

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքները

 

Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:

(մասն ուժը կորցրել է 06.10.15 ՀՕ-113-Ն)

(մասն ուժը կորցրել է 06.10.15 ՀՕ-113-Ն)

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

ա) միավորվել մասնագիտական միություններում և դրանց միջոցով մասնակցել առողջապահական պետական նպատակային և ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորմանը, բժշկական շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը և միության կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը.

բ) օրենքով սահմանված կարգով պաշտպանել իրենց համբավը.

գ) ապահովագրել իրենց մասնագիտական գործունեությունը:

(18-րդ հոդվածը փոփ., խմբ. 06.10.15 ՀՕ-113-Ն)

 

Հոդված 19.

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը
 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են`

ա) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից.

բ) ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին.

գ) յուրաքանչյուրին ապահովել նրան տրամադրվելիք բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի և պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը.

դ) յուրաքանչյուր մարդու կամ բժշկական օգնության համար այլ վճարողների պահանջով տրամադրել անհրաժեշտ տվյալներ պացիենտին ցուցաբերած բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների և այդ նպատակով կատարված ծախսերի մասին.

ե) ապահովել մարդու բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.

զ) ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

է) ապահովել հոգատար և հարգալից վերաբերմունք պացիենտների նկատմամբ.

ը) ունենալ պաշտոնական ինտերնետային կայք, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն ծառայությունների, գնացուցակի, բուժանձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև ապահովի հետադարձ կապի հնարավորություն մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ.

թ)

ժ) ապահովել գործունեության ընթացակարգով, պացիենտի վարման գործելակարգերով սահմանված պահանջների կատարման աշխատանքները.

ժա) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած օրինակելի ձևին համապատասխան հաստատել գործունեության ընթացակարգը:

Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաև մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնելու դեպքում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(19-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 06.10.15 ՀՕ-113-Ն)

(19-րդ հոդվածի 1-ի մասի «թ» ենթակետը 06.10.15 ՀՕ-113-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2021 թ.)

 

ԳԼՈՒԽ 3.1

(գլուխը լրաց. 06.10.15 ՀՕ-113-Ն)

 

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Հոդված 19.1.

Բուժաշխատողներին ներկայացվող պահանջները

 

1. Ըստ կրթության մակարդակի և առողջապահության բնագավառում իրականացվող գործունեության՝ բուժաշխատողները բաժանվում են խմբերի և համապատասխանաբար կոչվում են ավագ, միջին, կրտսեր բուժաշխատողներ:

2. Ավագ բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու որակավորում, մասնագիտացում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր:

3. Միջին բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որն ունի միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ու որակավորում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր:

4. Կրտսեր բուժաշխատողը առողջապահության բնագավառում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որին, կախված բժշկական օգնության և սպասարկման տեսակից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից կարող են ներկայացվել որոշակի գիտելիքների և հմտությունների տիրապետելու պահանջներ: Կրտսեր բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց չեն անցնում և ՇՄԶ հավաստագիր չեն ստանում:

5. Առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության, բժշկական և ոչ բժշկական մասնագիտությունների, ինչպես նաև նեղ մասնագիտությունների ցանկերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Սույն օրենքի իմաստով օտարերկրացի բուժաշխատողի մասնագիտական կարճաժամկետ գործունեություն է համարվում մուտքի վիզայով կամ առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետությունում օրացուցային 180 օր գտնվելու ընթացքում բժշկական մասնագիտական գործունեության իրականացումը:

7. Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձինք (ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում բժշկական մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի ճանաչման և սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի առկայության դեպքում:

8. Համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում ունեցող անձինք առողջապահության բնագավառում առաջին անգամ մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել համապատասխան մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության տված ավարտական փաստաթղթի հիման վրա սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունքը գրանցելու և հավաստագիր ստանալու դեպքում:

9. Սույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մասնագիտական գործունեության հավաստագրի հիման վրա անձը ինքնուրույն մասնագիտական գործունեություն կարող է իրականացնել, եթե մասնագիտական գործունեությունն սկսել է ոչ ուշ, քան համապատասխան հաստատությունն ավարտելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:

Եթե սույն մասով նախատեսված ժամանակահատվածում անձը չի իրականացնում մասնագիտական գործունեություն, ապա նա մասնագիտական գործունեությունը կարող է իրականացնել ստաժը լրացնելու պայմանով տրված վերապահումով հավաստագրի հիման վրա՝ համապատասխան մասնագետի հսկողության ներքո:

 

 Հոդված 19.2.

Բուժաշխատողների իրավունքները

 

1. Բուժաշխատողներն իրավունք ունեն`

1) ավագ և միջին բուժաշխատողները՝ օրենքով սահմանված կարգով իրենց կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան` իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնելու առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն, իսկ կրտսեր բուժաշխատողները՝ իրենց իրավասությունների շրջանակներում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն.

2) ապահովագրելու իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

3) ելնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի իրավիճակից՝ կայացնելու ապացուցողական բժշկությամբ հիմնավորված որոշումներ՝ լրացուցիչ միջամտություններ կատարելու համար, որոնք նախատեսված չեն համապատասխան կլինիկական ուղեցույցներով.

4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

5) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց մասնագիտական համբավը, պատիվը և արժանապատվությունը.

6) օրենքով սահմանված կարգով ստեղծելու միավորումներ կամ անդամակցելու դրանց.

7) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:

 

 Հոդված 19.3.

Բուժաշխատողների պարտականությունները

 

1. Բուժաշխատողները պարտավոր են`

1) առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով.

2) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն.

3) հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.

4) պացիենտին և (կամ) նրա օրինական ներկայացուցչին տեղյակ պահել իր առողջությանը վերաբերող հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկերի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների ու բուժման արդյունքների մասին.

5) բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս կիրառել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև արձանագրել բժշկական միջամտությունները.

7) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

9) իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.

 10) կատարել պացիենտի վարման գործելակարգերով սահմանված պահանջները՝ հաշվի առնելով կլինիկական ուղեցույցները: Պացիենտի վարման գործելակարգերը և կլինիկական ուղեցույցները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.

11) կատարել գործունեության ընթացակարգով սահմանված պահանջները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում: Գործունեության ընթացակարգի օրինակելի ձևը, ներառյալ ընթացակարգում ներառվող պարտադիր պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.

12) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

Ներմուծեք նկարագրությունը_21507

ԳԼՈՒԽ 3.2

(գլուխը լրաց. 06.10.15 ՀՕ-113-Ն)

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

 Հոդված 19.4.

Շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման գործընթացը

 

1. Շարունակական մասնագիտական զարգացումն իրականացվում է այդ գործընթացի անընդհատության և բազմաձևության սկզբունքների համակցմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի անընդհատությունն ապահովվում է յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով` այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների գնահատման հիման վրա: Շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների համար շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ:

3. Շարունակական մասնագիտական զարգացման բազմաձևությունն ապահովելու համար շարունակական մասնագիտական զարգացումը ներառում է հետևյալ տեսակները.

1) տեսական գիտելիքների զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտական, գիտագործնական գիտաժողովներին և համագումարներին մասնակցության և (կամ) իրականացման միջոցով.

2) գործնական հմտությունների զարգացում՝ աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործման, գիտագործնական միջոցառումներին մասնակցության և (կամ) իրականացման միջոցով.

3) ինքնակրթություն և ինքնազարգացում` հեռավար կամ առցանց դասընթացների մասնակցության և (կամ) իրականացման կամ գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման և (կամ) գործնական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման միջոցով:

4. Շարունակական մասնագիտական զարգացման գործունեությունը և շնորհվող ՇՄԶ կրեդիտները յուրաքանչյուր հնգամյա փուլում պետք է լրացվեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործունեության երեք տեսակներից և կազմեն`

1) ավագ բուժաշխատողների համար` առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագետների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետների, որոնց համար սահմանվում է առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ.

2) միջին բուժաշխատողների համար` առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագործների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետների, որոնց համար սահմանվում է առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:

5. Սույն հոդվածի 3-րդ մասում թվարկված շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների մասնակցության և (կամ) իրականացման համար կարող են տրամադրվել կրեդիտներ:

6. Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը սահմանում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման տեսակները առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով կարող են իրականացնել տեղական, օտարերկրյա և (կամ) միջազգային հետևյալ կազմակերպությունները.

1) օրենքով սահմանված կարգով բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները.

2) բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունները.

3) առողջապահական կամ բժշկական կազմակերպությունները.

4) առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ:

8. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակական մասնագիտական զարգացման առանձին տեսակներ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

 Հոդված 19.5.

Հավաստագրմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Շարունակական մասնագիտական զարգացման գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով:

2. ՇՄԶ հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով: ՇՄԶ հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ բուժաշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է հաջորդ հինգ տարիների համար՝ ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով:

3. ՇՄԶ հավաստագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների բավարարման և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու դեպքում:

4. ՇՄԶ հավաստագիրը (բացառությամբ վերապահումով հավաստագրի) տրվում է, եթե բուժաշխատողը լրացրել է սույն օրենքով սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը և վերջին հինգ տարում ունի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

5. Վերջին հինգ տարում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ չունենալու դեպքում տրվում է վերապահումով հավաստագիր` ոչ ինքնուրույն, հսկողության ներքո իրականացվող` չբավարարող աշխատանքային մասնագիտական ստաժը լրացնելու պայմանով, որի փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում տրվում է ՇՄԶ հավաստագիր:

6. Վերջին հինգ տարում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը չհավաքելու դեպքում տրվում է վերապահումով հավաստագիր` չբավարարող ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնելու պայմանով:

7. ՇՄԶ հավաստագիր չի տրվում, եթե բուժաշխատողը չի ապահովել սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված պահանջները:

8. ՇՄԶ հավաստագրի, այդ թվում` վերապահումով հավաստագրի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:

9. Հավաստագրումն իրականացնում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը (ՄԳՀԱԿ): Այդ նպատակով ՄԳՀԱԿ-ում լիազոր մարմնի սահմանած կարգով ստեղծվում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են բժշկական մասնագիտական հասարակական միավորումների, բժշկական ուսումնական հաստատությունների, բժշկական կազմակերպությունների և առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներ: Մասնագիտական հանձնաժողովների անհատական կազմը սահմանում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

10. ՄԳՀԱԿ-ն ՇՄԶ հավաստագրումը կազմակերպելու համար իրականացնում է՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեություն իրականացնող բուժաշխատողների գրանցումը.

2) առաջին անգամ մասնագիտական գործունեությունն սկսող բուժաշխատողների գրանցումը և հավաստագրի տրամադրումը.

3) ՇՄԶ կրեդիտների հիման վրա սահմանված կարգով ՇՄԶ հավաստագրի տրամադրումը.

4) ավագ և միջին բուժաշխատողների վերաբերյալ շտեմարանի վարումը, որտեղ առնվազն ներառվում է բուժաշխատողների անհատական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի), կրթության, որակավորման, մասնագիտացման, մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի վերաբերյալ տեղեկատվություն:

11. Հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը, հավաստագրերի և վերապահումով հավաստագրի ձևերը և տրամադրման կարգը, շտեմարանի ձևավորման և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

Հոդված 20.

Գործունեության առանձնակի տեսակներով զբաղվող մարդկանց պարտադիր բժշկական հետազոտումը
 

Առանձին մասնագիտությունների, ինչպես նաև առանձին ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով, նախքան նրանց աշխատանքի ընդունվելը և աշխատելու ընթացքում պարտավոր են պարբերաբար ենթարկվել բժշկական հետազոտման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գործատուները պարտավոր են հատուցել իրենց աշխատողների պարտադիր բժշկական հետազոտությունների անցկացման ծախսերը:

 

Հոդված 21.

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառումը և կենսաբժշկական հետազոտությունների անցկացումը

 

Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս թույլատրվում է նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառում և կենսաբժշկական հետազոտությունների անցկացում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Մարդկանց բուժման նպատակով նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառումը, ցանկացած կենսաբժշկական հետազոտություն կարող է իրականացվել միայն նրանց իրազեկված գրավոր համաձայնության դեպքում:

Մարդը իրավունք ունի հրաժարվել հետազոտությանը մասնակցելուց դրա ցանկացած փուլում:

 

Հոդված 22.

Բժշկական փորձաքննությունը

 

Մարդկանց առողջական վիճակի որոշման նպատակով հիվանդության, վնասվածքի, աշխատունակության կորստի և այլ դեպքերում կատարվում է բժշկական փորձաքննություն:

Բժշկական փորձաքննության ձևերն են`

- ժամանակավոր անաշխատունակության,

- բժշկասոցիալական,

- ռազմաբժշկական,

- դատաբժշկական,

- ախտաբանաանատոմիական:

Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը որոշում է մարդու աշխատանքից ժամանակավոր ազատման անհրաժեշտությունը և ժամկետները` պայմանավորված աշխատողի առողջական վիճակով, նրա ժամանակավոր կամ մշտապես այլ աշխատանքի փոխադրումը, ինչպես նաև մարդու բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման հարցը:

Բժշկասոցիալական փորձաքննությունը որոշում է մարդու աշխատունակության կորստի աստիճանը, հաշմանդամության խումբը և պատճառը, սահմանում է նրա բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման տեսակները, ծավալը և անցկացման ժամկետները, տալիս է երաշխավորություն աշխատանքի տեղավորման համար:

Ռազմաբժշկական փորձաքննությունը որոշում է զինվորական ծառայության անցնելու ենթակա քաղաքացիների, զինծառայողների, պահեստազորի զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված զինծայության պիտանիությունը, հաստատում է զինծառայողների և զինծառայությունից արձակվածների հիվանդությունների, վնասվածքների պատճառահետևանքային կապը զինծառայության հետ, սահմանում է բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման իրականացման տեսակները, ծավալը և ժամկետները:

Դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է իրավասու մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

Բժշկական փորձաքննության իրականացման, վիճելի դեպքերում կրկնական, լրացուցիչ, ինչպես նաև անկախ բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական փորձաքննության եզրակացության դատական կարգով գանգատարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ախտաբանաանատոմիական փորձաքննությունն իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի և այլ բժշկական մասնագետների մասնակցությամբ ախտաբանական հետազոտությունների արդյունքների և կլինիկական տվյալների համադրման և վերջնական ախտորոշման հաստատման նպատակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:

(22-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-90, լրաց. 03.10.11 ՀՕ-258-Ն)

 

Հոդված 23.

Էվթանազիայի արգելումը

 

Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Էվթանազիան` պացիենտի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով:

Այն անձինք, ովքեր պացիենտին գիտակցաբար դրդում են Էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(23-րդ հոդվածը փոփ. 06.10.15 ՀՕ-113-Ն)

 

Հոդված 24.  Ախտաբանաանատոմիական գործունեությունը

(վերնագիրը խմբ. 03.10.11 ՀՕ-258-Ն)

 

1. Ախտաբանաանատոմիական գործունեությունը բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որն իրականացվում է ախտաբանաանատոմիական հետազոտությունների, ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական փորձաքննության միջոցով:

2. Ախտաբանաանատոմիական հետազոտությունները հիվանդությունների ախտորոշման նպատակով համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում իրականացնում են որակավորում ունեցող մասնագետ-բժիշկները: Ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը և անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ախտաբանաանատոմիական հերձումները մահացած անձի մահվան պատճառը որոշելու և նրա հիվանդության ախտորոշումը ճշգրտելու նպատակով համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում իրականացնում են որակավորում ունեցող մասնագետ-բժիշկները: Ախտաբանաանատոմիական հերձումը կարող է իրականացվել, եթե մահվան դեպքը օրենսդրությամբ սահմանված դատաբժշկական փորձաքննության առարկա չէ: Ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ախտաբանաանատոմիական հերձումները կարող են չիրականացվել` հիմք ընդունելով մահացածի կյանքի օրոք հայտնած կամքը կամ նրա հարազատների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

5. Ախտաբանաանատոմիական հերձումները պարտադիր կարգով իրականացվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված որևիցե հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում.

2) վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության հիմնավորված կասկածի դեպքում.

3) նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը (վերիֆիկացիան).

4) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում.

5) հղիների, ծննդականների և ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքում.

6) այն դեպքում, երբ պացիենտը մահացել է բուժհաստատություն ընդունվելուց հետո` առաջին 24 ժամվա ընթացքում:

Պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 6. Մահվան կամ հիվանդության ախտորոշման վերաբերյալ ախտաբանաանատոմիական հետազոտության եզրակացությունը կցվում է մահացած անձի բժշկական փաստաթղթերին, իսկ դրա պահանջի դեպքում տրվում է նաև հարազատներին, օրինական ներկայացուցչին, ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը կամ դատարանին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(24-րդ հոդվածը խմբ. 03.10.11 ՀՕ-258-Ն, փոփ. 06.10.15 ՀՕ-113-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 25.

Բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրները

 

Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրներն են`

ա) հատկացումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

բ) ապահովագրական հատուցումները.

գ) մարդկանց անմիջական վճարումները.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեով նախատեսված հատկացումներով իրականացնում է առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման երաշխավորված ֆինանսավորում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին` անկախ դրանց կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից:

Բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն ապահովագրական հատուցումներով իրականացվում է կնքված ապահովագրական պայմանագրերի համաձայն:

Մարդկանց կողմից անմիջական վճարումներ կատարվում են, եթե մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծավալների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասամբ չի իրականացվում սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «դ» կետերում նշված աղբյուրներից:

Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների, դեղերի և (կամ) բժշկական պարագաների փոխհատուցման կարգը հաստատում է կառավարությունը:

(25-րդ հոդվածը լրաց. 25.10.10 ՀՕ-155-Ն)

 

ԳԼՈՒԽ 5.1

(գլուխը լրաց. 21.03.18 ՀՕ-164-Ն)

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 25.1. Բնակչության բժշկական օգնության և սպասարկման նկատմամբ պետական վերահսկողությունը

 

Բնակչության բժշկական օգնության և սպասարկման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

 

Հոդված 25.2. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 26.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան

4 ապրիլի 1996 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-42

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-373-Ն 18.11.2024, ՀՕ-42
28.02.2024, ՀՕ-115-Ն 27.09.2024, ՀՕ-42
22.05.2024, ՀՕ-245-Ն 20.06.2024, ՀՕ-42
11.04.2024, ՀՕ-164-Ն 17.05.2024, ՀՕ-42
11.04.2024, ՀՕ-155-Ն 08.05.2024, ՀՕ-42
07.02.2024, ՀՕ-49-Ն 14.03.2024, ՀՕ-42
25.10.2023, ՀՕ-338-Ն 01.01.2024, ՀՕ-42
16.11.2023, ՀՕ-359-Ն 01.12.2023, ՀՕ-42
25.10.2023, ՀՕ-325-Ն 27.11.2023, ՀՕ-42
25.10.2023, ՀՕ-321-Ն 17.11.2023, ՀՕ-42
12.07.2023, ՀՕ-270-Ն 17.08.2023, ՀՕ-42
12.07.2023, ՀՕ-271-Ն 17.08.2023, ՀՕ-42
08.12.2022, ՀՕ-537-Ն 02.01.2023, ՀՕ-42
04.03.2022, ՀՕ-54-Ն 01.01.2023, ՀՕ-42
07.12.2022, ՀՕ-516-Ն 01.01.2023, ՀՕ-42
26.10.2022, ՀՕ-388-Ն 24.11.2022, ՀՕ-42
06.07.2022, ՀՕ-304-Ն 22.10.2022, ՀՕ-42
07.07.2022, ՀՕ-291-Ն 29.07.2022, ՀՕ-42
09.06.2022, ՀՕ-208-Ն 01.07.2022, ՀՕ-42
04.03.2022, ՀՕ-45-Ն 21.03.2022, ՀՕ-42
04.06.2021, ՀՕ-262-Ն 28.06.2021, ՀՕ-42
16.07.2020, ՀՕ-379-Ն 07.08.2020, ՀՕ-42
06.05.2020, ՀՕ-268-Ն 30.05.2020, ՀՕ-42
13.04.2020, ՀՕ-193-Ն 14.04.2020, ՀՕ-42
31.03.2020, ՀՕ-162-Ն 01.04.2020, ՀՕ-42
21.03.2018, ՀՕ-164-Ն 07.04.2018, ՀՕ-42
16.01.2018, ՀՕ-72-Ն 10.02.2018, ՀՕ-42
06.10.2015, ՀՕ-113-Ն 04.05.2016, ՀՕ-42
30.04.2015, ՀՕ-26-Ն 28.05.2015, ՀՕ-42
03.10.2011, ՀՕ-258-Ն 05.11.2011, ՀՕ-42
25.10.2010, ՀՕ-155-Ն 01.03.2011, ՀՕ-42
23.10.2002, ՀՕ-435-Ն 28.11.2002, ՀՕ-42
06.11.2000, ՀՕ-110 08.12.2000, ՀՕ-42
11.10.2000, ՀՕ-90 15.11.2000, ՀՕ-42
21.03.2000, ՀՕ-43 08.05.2000, ՀՕ-42
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան