Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-160-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.28/23(1381) Հոդ.353
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին

 

«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի տեքստը «արյան» բառից առաջ լրացնել «մարդու» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) արյան դոնոր` 18 տարին լրացած, արյունատվության հակացուցում չունեցող, անհատույց, կամավոր հիմունքներով կամ բժշկական կազմակերպության կողմից արյունատվությունից առաջ և հետո դոնորին օրգանիզմի կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման, ճանապարհածախսի փոխհատուցման համար դրամական փոխհատուցմամբ արյուն կամ դրա բաղադրամասեր կամովին հանձնող անձ.».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորություն (այսուհետ՝ դոնորություն)` արյան և դրա բաղադրամասերի շրջանառության բնագավառում իրականացվող գործընթաց, որը ներառում է դոնորների ընտրություն, դոնորական արյան հավաքում, հետազոտում, դոնորական արյան բաղադրամասերի ստացում, պահպանում, տեղափոխում և տրամադրում այլ կազմակերպությունների.».

3) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) արյան ազգային ծառայություն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և ոչ բժշկական կազմակերպությունների ցանց` անկախ կազմակերպական-իրավական ձևից, որոնք ընդգրկված են մարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկման բժշկական օգնության և սպասարկման, արյան պատրաստուկների արտադրության գործընթացում.».

5) 6-րդ կետը «փոխներարկումը» բառից առաջ լրացնել «ընտրությունը և» բառերով.

6) 10-րդ կետը «բարդությունների» բառից հետո լրացնել «վերաբերյալ էլեկտրոնային» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) արյան պետական պաշար՝ արյան բաղադրամասերի, ինչպես նաև արյան հավաքման, հետազոտման, պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ սարքավորումների, պարագաների և նյութերի մշտապես պահպանվող և թարմացվող նվազագույն ծավալ:»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «օրենքով» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 2-րդ և 8-րդ գլուխների վերնագրերում «ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ» բառը փոխարինել «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգի հաստատումը:»:

 

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման կարգի հաստատումը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-18-րդ կետերով.

«15) արյան և դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման կարգի հաստատումը.

16) փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի հաստատումը.

17) արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի հաստատումը.

18) արյունատվությունից առաջ և հետո դոնորին սննդի և ճանապարհածախսի հատուցման տրամադրման կարգի հաստատումը:»:

 

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արյան ռեեստրում դոնորների վերաբերյալ գրանցված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և առանց դոնորի համաձայնության կարող են տրամադրվել արյան դոնորությամբ և փոխներարկմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություններին օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:».

2) 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը «արյան» բառից հետո լրացնել «և դրա բաղադրամասերի» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «կառավարության սահմանած կարգով» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ընկերքից արյունը ստացվում է, և դրանից արյան բաղադրամասերն անջատվում են լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան:»:

 

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «դոնացիայի» բառը փոխարինել «դոնորության» բառով:

 

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դոնորի բժշկական հետազոտումը արյունատվությունից առաջ իրականացվում է անվճար: Արյունատվությունից հետո պահանջի դեպքում նրան տրվում է արյունատվությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով արյան դոնորներին արյունատվությունից առաջ և հետո պարտադիր տրամադրվում է սնունդ, իսկ փոխհատուցվող արյան դոնորներին՝ համապատասխանաբար նաև դրամական փոխհատուցում:»:

 

Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 2-րդ և 7-րդ մասերի «հիվանդի» բառը փոխարինել «ռեցիպիենտի» բառով.

2) 4-րդ մասի «կանխարգելելով» բառը փոխարինել «նվազեցնելով» բառով:

 

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Փոխներարկումային փոխազդեցությունների և բարդությունների նվազեցման նպատակով փոխներարկումից առաջ կատարվում է փոխներարկվող արյան բաղադրամասի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտություն՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:».

2) 4-րդ մասի «կառավարությունը» բառը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) անձի ախտորոշումը ճշտելու նպատակով:»:

 

Հոդված 18. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 32. Արյան ազգային ծառայությունը

 

1. Արյան ազգային ծառայությունը ներառում է`

1) արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները.

2) փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները.

3) արյան պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները:

2. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններն իրականացնում են`

1) արյան պետական պաշարների ստեղծում, պահպանում և նորացում` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նպատակով կնքված պայմանագրերի հիման վրա.

2) արյան ռեեստրում տվյալների մուտքագրում` էլեկտրոնային եղանակով.

3) անհատույց կամավոր դոնորության քարոզչության միջոցառումների իրականացում:

3. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններում անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության հիման վրա հավաքված արյան բաղադրամասերը ներառվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի հիման վրա ստեղծվող արյան պետական պաշարների մեջ: Սույն դրույթը չի տարածվում որևէ կոնկրետ ռեցիպիենտի համար մեկ այլ անձի կողմից իրականացվող անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության դեպքերի վրա:»:

 

Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 20. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «կազմակերպություն կամ դրա ստորաբաժանումներ» բառերը փոխարինել «կազմակերպություններն» բառով.

2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 21. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «կազմակերպություն կամ դրա ստորաբաժանումներ» բառերը փոխարինել «կազմակերպություններն» բառով.

2) 3-րդ կետից հանել «կամ դրանց ստորաբաժանումներին» բառերը:

 

Հոդված 22. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Այն բժշկական կազմակերպությունները, որոնք չունեն արյան փորձանմուշների հետազոտություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա, հետազոտության նպատակով դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը պայմանագրային հիմունքներով կազմակերպում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այլ բժշկական կազմակերպություններում:».

2) 3-րդ մասի «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:

 

Հոդված 23. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:

 

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 28

Երևան

ՀՕ-160-Ն