Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-1-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2018-09.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.14/2(301) Հոդ.5
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքը կարգավորում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպման և կարգավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում հեռահաղորդակցության որևէ կապի միջոցով շահումով խաղերի կազմակերպման գործունեության վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

3. Շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ և նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում, բացառությամբ թղթախաղերի տեսակների:

(1-ին հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-22-Ն, 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

շահումով խաղ` ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն, կամ որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների.

մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքեր (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ.

կենդանի խաղ` ցանկացած խաղ, որին բացի խաղացողից մասնակցում է նաև խաղարկողը, կամ որին միաժամանակ մասնակցելու հնարավորություն է ընձեռված մի քանի խաղացողների` առանց խաղարկողի մասնակցության (բացառությամբ մեքենայացված խաղերի).

խաղատների գործունեության կազմակերպում` խաղատանը շահումով խաղերի անցկացում.

խաղատուն` այն խաղասրահը, որտեղ անց է կացվում կենդանի խաղ (խաղեր).

խաղասրահ` շինության ներսում այն տարածքը, որտեղ կազմակերպվում և անց են կացվում շահումով խաղեր.

խաղարկող` խաղը անցկացնելու կամ դրա ելքը հավաստելու համար խաղացողի հետ կազմակերպչի անունից և նրա կողմից լիազորված խաղին փաստացի մասնակցող կամ դրա խաղարկությունն իրականացնող ֆիզիկական անձ.

խաղացող` շահումով խաղին մասնակցող ֆիզիկական անձ կամ անձինք (բացի խաղարկողից).

կազմակերպիչ՝ օրենքով սահմանված կարգով շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած և շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեություն իրականացնելու միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություն.

լիազոր մարմին` ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորում և վերահսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին.

ղեկավար պաշտոններ` կազմակերպչի գործադիր մարմնի ղեկավար (այսուհետ` Տնօրեն), խաղասրահի կառավարիչ, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ պատասխանատու աշխատակից.

խաղային ավտոմատ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատ կամ նման այլ սարքավորում, որը հնարավորություն է տալիս մեկ խաղացողի մասնակցելու շահումով խաղի: Եթե խաղային ավտոմատը հնարավորություն է տալիս մեկից ավելի խաղացողների մասնակցելու շահումով խաղի կամ խաղերի, ապա ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատների կամ նման այլ սարքավորումների քանակը հաշվարկվում է` ըստ ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատներով կամ նման այլ սարքավորումներով առավելագույն հնարավոր մասնակիցների քանակի.

նախասրահ` խաղասրահի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահ, որտեղ անցկացվում է հաճախորդների նույնականացում և տվյալների մուտքագրում տվյալների շտեմարան.

իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու.

միևնույն ընտանիքի անդամ` հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները.

նշանակալից մասնակցություն` կազմակերպչի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն:

Ինտերնետ շահումով խաղ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով՝ որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով՝ որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով՝ որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով` որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա՝ որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:

Ինտերնետ շահումով խաղերը համարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում, ունեն Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե, (Internet Protocol Address - համացանցային հաղորդակարգի հասցե) և տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» դոմենային տիրույթում.

շահումով խաղի գործունեության կազմակերպում` խաղասրահում խաղային ավտոմատների տեղադրում և շահագործում:

(2-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-22-Ն, խմբ., փոփ. 06.12.12 ՀՕ-231-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, խմբ., լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 3. «ԽԱՂԱՏՈՒՆ», «ԽԱՂԱՍՐԱՀ», «ինտերնետ շահումով խաղեր» և «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ» ԲԱՌԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

1. Խաղատան կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «խաղատուն», «խաղասրահ» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:

2. Շահումով խաղի կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «խաղասրահ» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:

3. Շահումով խաղի կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ չեն կարող օգտագործել «խաղատուն» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանությունները:

4. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներն իրենց անվանման կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «ինտերնետ շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:

5. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներն իրենց անվանման կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ չեն կարող օգտագործել «խաղատուն» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:

(3-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի,  ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 4. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:

(4-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 4.1. Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների կազմակերպիչների` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների, նրանց իրական շահառուների, ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հանդեպ կիրառվող պահանջները

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

1. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը`

1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

4) նախկինում պատճառ է հանդիսացել խաղատան, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը.

5) չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն).

 6) այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի` շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց:

2. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն իրավաբանական անձը`

1) որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ Տնօրենը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին և պահանջներին.

2) որը գտնվում է սնանկացման վարույթում.

3) որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել խաղատան, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը.

4) որի շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց.

5) որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):

3. Ղեկավար պաշտոններ չի կարող զբաղեցնել այն անձը, որը կամ որի հետ փոխկապակցված անձը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նշված անձ:

(4.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 4.2. Փոխկապակցված անձինք

 

1. Սույն օրենքի իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

1) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քսան և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան՝ հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները.

2) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակից(ներ)ը (բաժնետեր(եր)ը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության, հանձնարարության պայմանագրերի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

3) նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.

4) նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

2. Ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է`

1) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի քսան տոկոսից ավելին տնօրինող մասնակից.

2) օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.

3) տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ:

(4.2-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 4.3. Կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը և ղեկավար պաշտոններ զբաղեցնելը

 

1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով կազմակերպչի կանոնադրական կապիտալում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն լիազոր մարմնում սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված արգելքների բացակայության ստուգում անցնելուց հետո` լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա:

2. Անձը ղեկավար պաշտոնում նշանակվելուց հետո պարտավոր է եռամսյա ժամկետում անցնել սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված արգելքների բացակայության ստուգում և ստանալ լիազոր մարմնի դրական եզրակացությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգում անցնելու համար կազմակերպչի միջնորդությամբ անձը լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով տեղեկություններ և փաստաթղթեր:

4. Լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրելու կամ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված համապատասխանության ստուգման ժամկետը չերկարաձգելու դեպքում դրական եզրակացությունը համարվում է տրված:

Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է կազմակերպիչը:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգման արդյունքում լիազոր մարմինը տալիս է բացասական եզրակացություն, եթե առկա են սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված հիմքերը, կամ լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

Սույն մասով սահմանված մերժման որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։

(4.3-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 5. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպումը` եկամուտ (շահույթ) ստանալու նպատակով սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ յուրաքանչյուրը համապատասխանաբար շահումով խաղի իր ենթատեսակի իրականացման համար նախատեսված շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի իրականացման համար սարքավորումների տեղադրումն ու շահագործումն է կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության համար այլ կերպ հնարավորության ստեղծումն է:

(5-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 6. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆը ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

1. Խաղային ավտոմատի շահագործումից, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 90 տոկոս:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել խաղային ավտոմատների, ինտերնետ շահումով խաղերի խաղային ծրագրերի սերտիֆիկացման և կոդավորման մեխանիզմների, ինչպես նաև խաղային ավտոմատներում տեխնիկական սարքի առկայության և կիրառման պահանջ, որը հնարավորություն կտա լիազոր մարմնին ճշտելու խաղերի ընթացակարգը և պահանջների պահպանման ճշտությունը:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օգտագործվող ծրագրերը պետք է համապատասխանեն 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին:

2. Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչը`

ա) խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).

բ) ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.

բ1) ապահովում է լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ կամ խաղասրահներ.

բ2) նախասրահում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.

գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

դ) արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.

ե) պատահականությամբ չպայմանավորված շահումներով խաղեր կազմակերպելիս նախօրոք տեղեկացնում և դրա մասին բացատրում է խաղացողներին.

զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.

է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն կանխիկ հայկական դրամով, բանկային քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային փաստաթղթերով.

ը) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.

թ) խաղասրահում կազմակերպվող խաղերի կանոնները փակցնում է խաղասրահում, տեսանելի տեղում (բացառությամբ այն խաղային ավտոմատների, որոնք իրենց վրա պարունակում են շահումների տարբերակներ).

ժ) շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր կողմից սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.

ժա) ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

ժբ) Տնօրենի բացակայության դեպքում ապահովում է Տնօրենին փոխարինող` ղեկավար պաշտոն զբաղեցնող լիազոր անձի ներկայություն խաղասրահում.

ժգ) պարտավոր է չիրականացնել շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, այդ թվում՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, բացառությամբ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:

2.1. Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպիչը`

ա) մինչև ինտերնետ շահումով խաղին մասնակցելու հնարավորության տրամադրումը իրականացնում է հաճախորդների նույնականացում և տվյալների մուտքագրում (գրանցում)՝ քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց ինտերնետ շահումով խաղին մասնակցելը բացառելու նպատակով, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.

ա1) իրականացնում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.

բ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).

բ1) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն կանոնակարգում նշված կազմակերպչի ինտերնետային էջի (կայքի) հասցեի միջոցով.

բ2) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.

բ3) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում ապահովում է լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ կամ խաղասրահներ.

բ4) նախասրահում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.

գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

դ) ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերում ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ.

ե) ինտերնետ շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.

ե1) կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ համապատասխան ինտերնետ շահումով խաղի կազմակերպման կանոնակարգի անբաժանելի մասը.

ե2) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում կազմակերպվող խաղերի կանոնները նաև փակցվում են խաղասրահում՝ տեսանելի տեղում.

զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.

զ1) շահումը փոխանցում է հայկական դրամով՝ փոխանցելով խաղացողի բանկային հաշվին, բանկային քարտին կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային միջոցներին.

զ2) արգելվում է շահումը փոխանցել այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված վճարները, ինչպես նաև արգելվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը և շահումների տրամադրումը կանխիկ գումարով.

է) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.

ը) ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

թ) ապահովում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

ժ) ապահովում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

ժա) Տնօրենի բացակայության դեպքում ապահովում է Տնօրենին փոխարինող` ղեկավար պաշտոն զբաղեցնող լիազոր անձի ներկայությունը խաղասրահում:

3. Խաղատուն կամ շահումով խաղ, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում:

2014 թվականի հունվարի 1-ից հետո`

ա) խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում.

բ) խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում.

գ) խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան:

Ընդ որում, սույն կետով սահմանված մեկ ներդրումային ծրագրի շրջանակներում միայն ներդրման վայրում կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) մեկ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ ինչպես միանձնյա ներդրողի, այնպես էլ համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնության դեպքում:

(6-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-26-Ն, 25.12.06 ՀՕ-22-Ն, փոփ. 26.05.08 ՀՕ-88-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-231-Ն, փոփ., խմբ. 23.12.13 ՀՕ-134-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, լրաց., փոփ. 28.09.16 ՀՕ-149-Ն, խմբ. 17.11.17 ՀՕ-199-Ն)

(6-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-108-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 28.08.2018 թվականին:)

 

Հոդված 6.1. Մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակելու կարգը

(6.1-ին հոդվածը 07.02.18 ՀՕ-108-Ն օրենքի 2-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 28.08.2018 թվականին:)

 

Հոդված 7. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

1. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն`

ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.

բ) հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

գ) իրականացվող շահումով խաղերի տեսակները (մեքենայացված և/կամ կենդանի) և քանակը.

դ) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.

ե) խաղի անցկացման կարգը.

զ) շահումի տարբերակները.

է) շահումները վճարելու վայրը.

ը) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.

թ) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:

1.1. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն`

ա) հայտատուի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

բ) հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինտերնետային էջի (կայքի) հասցեն.

գ) տեղեկատվություն շահագործվող ծրագրերի վերաբերյալ.

դ) իրականացվող շահումով խաղերի տեսակները և քանակը.

ե) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.

զ) խաղի անցկացման կարգը.

է) շահումի տարբերակները.

ը) մասնակցության համար նախատեսված վճարների ընդունման կարգը.

թ) շահումները վճարելու կարգը (վայրը).

ժ) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.

ժա) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:

1.2. Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) պետք է առնվազն նշված լինեն՝

ա) կազմակերպչի անվանումը.

բ) գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

գ) լիցենզիայի համարը.

դ) իրականացվող շահումով խաղերի տեսակները և քանակը.

ե) քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց ինտերնետ շահումով խաղերին մասնակցելը արգելվում է.

զ) խաղերի նկարագրերը, անցկացման կարգերը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը.

է) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.

ը) շահումի տարբերակները.

թ) մասնակցության համար նախատեսված վճարների ընդունման կարգը.

ժ) շահումները վճարելու կարգը.

ժա) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.

ժբ) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:

Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ համապատասխան ինտերնետ շահումով խաղի կազմակերպման կանոնակարգի անբաժանելի մասը:

2. Շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում տվյալ վայրում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:

3. Շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխություններն ու լրացումները կազմակերպիչը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից:

Լիազոր մարմինը 15-օրյա՝ շահումով խաղի կազմակերպման դեպքում և 30-օրյա՝ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման դեպքում ժամկետում ընդունում է որոշում` կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է կազմակերպչին:

Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փոփոխություններին և լրացումներին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք`

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին.

բ) կվտանգեն խաղացողների շահերը.

գ) հակասում են սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ 5-րդ մասի հիման վրա սահմանված կանոններին:

5. Նույն տեսակի կենդանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նույն կանոնները, ընդ որում, կազմակերպիչն ազատ է քայլերի մեծության ընտրության հարցում:

(7-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 8. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

1. Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգերով:

1.1. Շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիան տրամադրվում է հայտը լիազոր մարմին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է հայտատուն:

2. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.

բ) լիցենզիայի հայտատուն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

գ) շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վտանգել խաղացողների շահերը, կամ հակասում են 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ 5-րդ մասի հիման վրա սահմանված կանոններին.

գ1) մասնակիցը հանդիսանում է սույն օրենքի 4.1-ին հոդվածով սահմանված անձ, կամ 4.3-րդ հոդվածով սահմանված ուսումնասիրություններից պարզվում է, որ հիմնավոր կասկածներ կան ներդրվող դրամական միջոցների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու վերաբերյալ.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու որոշումն ընդունելու դեպքում լիցենզիան հայտատուին է տրամադրվում օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:

4. Եթե վերապահումով լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո այդ որոշման մեջ նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում մեկամսյա ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը որպես լիցենզիան հանձնելու պայման հայտատուից հայտարարագիր է պահանջում առ այն, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու հայտին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:

5. Եթե վերոհիշյալ հայտարարագիրը չի ներկայացվում, կամ հայտատուն հայտնում է, որ հայտին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրավական ուժը, և չի ներկայացվում այդ փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ, ապա լիազոր մարմինը որոշում է կայացնում լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին:

6. Շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիան իրավունք չի տալիս կենդանի շահումով խաղ կազմակերպել: Խաղատան լիցենզիան իրավունք է տալիս նույն խաղասրահում սույն օրենքի պահանջների պահպանմամբ կազմակերպել ցանկացած շահումով խաղ:

7. Ինտերնետ շահումով խաղերի (բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի) կազմակերպման նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:

(8-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-22-Ն, փոփ. 06.12.12 ՀՕ-231-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, լրաց., խմբ. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 9. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, և ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

1. Շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով և դրա արդյունքներով, սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում, կիրառում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:

Լիազոր մարմինն իրականացնում է շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն՝ տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

2. Շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմնին սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ուսումնասիրության միջոցով:

(9-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 10. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի և ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

1. Շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն, որի ներկայացման կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը լիազոր մարմին է ներկայացնում թերթի մեկ օրինակը:

(10-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-229-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-122-Ն, լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 11. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները`

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի գործողության դադարեցում:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» և 2.1-ին մասի «զ1» կետերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ2» և 2.1-ին մասի «ա1» և «բ4» կետերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

(11-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-80-Ն, փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, փոփ. 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 12. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ

 

1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով լիազոր մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը և այդ մասին նախազգուշացնում է կազմակերպչին:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

3. Նախազգուշացումը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը`

ա) թույլ է տվել սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ու հրապարակման կարգի խախտում.

բ) չի ապահովել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «գ», «թ» կամ 2.1-ին մասի «բ2», «գ», «ե2» կետերում նշված պահանջներից որևէ մեկը:

(12-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-80-Ն, 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 13. ՏՈՒԳԱՆՔԸ

 

1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազոր մարմնի կողմից: Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն չափը` յուրաքանչյուր խաղային ավտոմատի համար (ինտերնետ շահումով խաղերի դեպքում՝ յուրաքանչյուր խաղի)` երկու հարյուր հազար դրամի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով կամ 2.1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը` առաջին անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ միլիոն դրամ, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` տասը միլիոն դրամ.

բ1) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կամ 2.1-ին մասի «ժ» կետերի պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ.

գ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված պահանջը` երեք հարյուր հազար դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կամ 2.1-ին մասի «զ» կամ «զ2» կետերով սահմանված պահանջը` երկու հարյուր հազար դրամի չափով.

ե) սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` հարյուր հազար հայկական դրամի չափով.

զ) խախտել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ մասերով պահանջը` հինգ հարյուր հազար դրամի չափով.

է) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կամ 2.1-ին մասի «ե» կետերով պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար դրամ.

ը) առանց լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջների), ինչը չէր կարող հիմք հանդիսանալ լիցենզիա ստանալու հայտի մերժմանը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամ.

թ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել և այդ մասին լիազոր մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո` երկու տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` հարյուր հազար դրամը չգերազանցող չափով:

(13-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, լրաց., փոփ. 28.09.16 ՀՕ-149-Ն, փոփ. 07.02.18 ՀՕ-121-Ն)

(13-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-108-Ն օրենքի 3-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 28.08.2018 թվականին:)

 

Հոդված 14. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`

ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 4.1-ին և 4.3-րդ հոդվածներով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ1» կամ «ը» կամ «ժբ» կամ 2.1-ին մասի «բ» կամ «բ3» կամ «է» կամ «ժա» կետերով սահմանված պահանջները.

բ) եթե կազմակերպիչն ունի հարկային կամ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(14-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-122-Ն, 28.09.16 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 15. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է`

ա) եթե կազմակերպիչը սույն օրենքի 10-րդ հոդվածում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով նախատեսված խախտումների.

գ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

գ1) եթե կազմակերպիչն առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում չորրորդ անգամ խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով կամ 2.1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում.

ե) կազմակերպչի դիմումի համաձայն:

2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

(15-րդ հոդվածը լրաց. 07.02.18 ՀՕ-121-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 16. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված լիցենզիաները` սույն օրենքի պահանջների պահպանմամբ, ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

3. Սույն օրենքով կազմակերպիչների պարտականությունների մեղմացում նախատեսող դրույթները հետադարձ ուժ չունեն:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-102 օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2004 թ. հունվարի 7
Երևան
ՀՕ-1-Ն